Գլուխ 3
Փրկության ծրագիրը
«Մեր Երկնային Հայրը կազմեց փրկության մի ծրագիր իր հոգեղեն զավակների համար… հնարավորություն տալու նրանց զարգանալու և առաջընթաց ապրելու համար մինչև նրանք ձեռք բերեն հավերժական կյանք»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
1901թ. ապրիլի 29-ին Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի 18 տարեկան քույրը՝ Ալիսը մահացավ երկարատև հիվանդությունից հետո: Ջոզեֆը հենց նոր վերջացնում էր լիաժամկետ միսիան Անգլիայում: Ալիսի մահվան առնչությամբ նրա արձագանքը բացահայտեց նրա սերն իր ընտանիքի հանդեպ և նրա վկայությունը փրկության ծրագրի վերաբերյալ: «Սա սոսկալի հարված էր մեզ բոլորիս, – գրել է նա իր օրագրում: – Ես չէի հասկանում նրա հիվանդության լրջությունը, չնայած գիտեի, որ նա հիվանդ էր: Ես լիովին ակնկալում էի նրան կրկին տեսնել մնացած ընտանիքի հետ մի քանի շաբաթ հետո, բայց Աստծո կամքը թող լինի: Հենց այսպիսի ժամանակներում է, երբ մեզ ներկայացրած ավետարանի հույսերը ամենաողջունելին են: Մենք բոլորս կրկին կհանդիպենք մյուս կողմում՝ վայելելու միմյանց ներկայության հաճույքներն ու օրհնությունները և կհասկանանք մեր Երկնային Հոր գորովագութ ողորմությունները: Թող որ ես միշտ քայլեմ ճշմարտության արահետում և պատվեմ այն անունը, որ կրում եմ, որպեսզի հանդիպումները իմ ազգականների հետ լինեն ինձ համար իսկապես ամենաքաղցրը և հարատևը, սա իմ խոնարհ աղոթքն է»:1
Որպես Առաքյալ, իսկ հետագայում որպես Եկեղեցու Նախագահ ծառայելիս Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն անընդհատ վկայում էր այն հույսի մասին, որը գալիս է ավետարանը հասկանալուց: Նա ուսուցանել է. «Մենք ունենք փրկության ծրագիրը, մենք սպասավորում ենք ավետարանը և ավետարանը աշխարհի միակ հույսն է, միակ ուղին, որ կարող է բերել խաղաղություն երկրի վրա և ուղղել այն անիրավությունները, որոնք գոյություն ունեն բոլոր ազգերի մեջ»:2
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Նախամահկանացու հոգևոր աշխարհում մենք ուրախացանք, իմանալով Երկնային Հոր փրկության ծրագրի մասին:
Մենք բոլորս մեր Երկնային Հոր ընտանիքի անդամներն ենք: Մենք ապրում էինք և բնակվում Նրա հետ նախքան այս երկրի հիմնադրումը: Մենք տեսնում էինք Նրա դեմքը, զգում Նրա սերը և լսում նրա ուսմունքները և Նա կարգեց օրենքներ, որոնցով մենք կարող ենք զարգանալ և առաջադիմել ու ձեռք բերել մեր սեփական հավերժական ընտանիքի միավորները:3
Մեր Երկնային Հայրը հիմնադրել է իր հոգեղեն զավակների համար փրկության ծրագիր: Այս ծրագիրը նախատեսված է նրանց հնարավոություն տալու զարգանալ և առաջ ընթանալ, մինչև որ նրանք ձեռք բերեն հավերժական կյանք, որն անվանումն է այնպիսի կյանքի, որով ապրում է Երկնային Հայրը: Այս ծրագիրը պետք է հնարավորություն տա Աստծո զավակներին դառնալ իր նման և ունենալ այն ուժն ու իմաստությունն ու գիտությունը, որ Ինքն ունի:4
Թանկագին Մարգարիտից սովորում ենք, որ խորհուրդ էր տեղի ունեցել երկնքում, երբ Տերը կանչեց իր առջև իր զավակների ոգիները և նրանց ներկայացրեց մի ծրագիր, ըստ որի նրանք պետք է ներքև գային, որպեսզի այս երկրի վրա ճաշակեին մահկանացու կյանք և ֆիզիկական մարմիններ ունենային, անցնեին մահկանացու կյանքի փորձարկումը և ապա գնային ավելի բարձր վեհացման՝ հարության միջոցով, որը պետք է առաջ գար Նրա Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի քավությամբ [տես Մովսես 4.1–2, Աբրահամ 3.22–28]: Մահկանացու կյանքով անցնելու և երկրային կյանքի բոլոր անկայունություններից ճաշակելու միտքը, որոնց ընթացքում նրանք ձեռք կբերեին փորձառություններ տառապանքի, ցավի, վշտի, գայթակղության և չարչարանքի, ինչպես նաև կյանքի հաճույքների միջոցով այս ժամանակավոր գոյության ընթացքում և ապա, եթե հավատարիմ լինեին, անցնելով առաջ՝ հարության միջոցով դեպի հավերժական կյանք Աստծո արքայությունում, Նրան նման լինելու համար [տես Ա Հովհաննես Գ.2], լցրեց նրանց ուրախության ոգով, և նրանք «բացականչեցին ուրախությունից» [տես Հոբ ԼԸ.4–7]: Այս մահկանացու կյանքում ձեռք բերված փորձառությունն ու գիտելիքը, նրանք չէին կարող ստանալ որևէ այլ կերպ, իսկ ֆիզիկական մարմին ստանալը կարևոր էր նրանց վեհացման համար:5
2
Ադամի և Եվայի անկումը Երկնային Հոր ծրագրի մի մասն էր:
Փրկության ծրագիրը, կամ օրենքների ժողովածուն, որը հայտնի է որպես Հիսուս Քրիստոսի ավետարան, ընդունվել էր երկնքում, նախքան աշխարհի հիմնադրումը: Այնտեղ նշանակվեց, որ Ադամը մեր հայրը պետք է գար այս աշխարհ և կանգներ ողջ մարդկության ընտանիքի գլխին: Այս մեծ ծրագրի մասն էր, որ նա պետք է ճաշակեր արգելված պտղից և անկում ապրեր, դրանով տառապանք և մահ բերելով աշխարհ, այսինքն իր զավակների վերջնական բարիքի համար:6
Անկումը մարդու մահկանացու փորձարկման էական մասն է կազմում…. Եթե Ադամն ու Եվան չճաշակեին, մահկանացու կյանքի մեծ պարգևը չէր գա նրանց: Բացի այդ, նրանք հետնորդներ չէին ունենա և Տիրոջ կողմից նրանց տրված մեծ պատվիրանը չէր իրագործվի:7
Ադամի անկումը իրականություն դարձրեց մահկանացու կյանքի բոլոր անկայունությունները: Այն բերեց ցավ, այն բերեց վիշտ, այն բերեց մահ, բայց մենք չպետք է աչքից բաց թողնենք այն փաստը, որ այն նաև բերեց օրհնություններ… Այն բերեց գիտության և հասկացողության ու մահկանացու կյանքի օրհնությունը:8
3
Հիսուս Քրիստոսը Իրեն զոհ մատուցեց փրկելու մեզ Անկումից և մեր մեղքերից:
Ադամի օրինազանցությունը բերեց այս երկու մահերը, հոգևոր և ֆիզիկական՝ մարդը վտարված լինելով Աստծո ներկայությունից, և դառնալով մահկանացու և ենթակա մարմնի բոլոր անկատարություններին: Որպեսզի ետ բերվի կրկին, պետք է լինի խախտված օրենքի փոխհատուցում: Արդարադատությունն է պահանջում այդ:9
Խիստ բնական է և արդար, որ նա, ով գործում է սխալը, պետք է վճարի տուգանքը՝ քավի իր գործած սխալը: Ուստի, երբ Ադամը օրինազանցեց օրենքը, արդարադատությունը պահանջեց, որ նա և ոչ թե ուրիշ մեկը պետք է պատասխաներ մեղքի համար և վճարեր տուգանքը իր կյանքով: Բայց Ադամը խախտելով օրենքը, ինքը դարձավ անեծքին ենթակա և, լինելով անեծքի տակ, չէր կարող քավել կամ հետարկել իր արածը: Ոչ էլ նրա երեխաները կարող էին դա անել, քանի որ նրանք ևս անեծքի տակ էին և պահանջվում էր մեկը, ով ենթակա չէր անեծքին՝ քավելու այդ սկզբնական մեղքը: Բացի այդ, քանի որ մենք բոլորս անեծքի տակ էինք, մենք ևս անզոր էինք քավելու մեր անձնական մեղքերի համար: Այդ պատճառով անհրաժեշտ դարձավ Հոր համար ուղարկել Իր Միածին Որդուն, որը զերծ էր մեղքից, քավելու մեր մեղքերի համար ինչպես նաև Ադամի օրինազանցությունը, որը արդարադատությունը պահանջում էր, որ պետք է արվեր: Ուստի Նա Իրեն զոհաբերություն մատուցեց մեղքերի համար և խաչի վրա Իր մահվան միջոցով Իր վրա վերցրեց ինչպես Ադամի օրինազանցությունը, այնպես էլ մեր անձնական մեղքերը, դրանով քավելով մեզ անկումից և մեր մեղքերից՝ ապաշխարության պայմանով:10
Մեր պարտականությունն է ուսուցանել Հիսուս Քրիստոսի առաքելությունը: Ինչո՞ւ Նա եկավ: Ի՞նչ արեց մեզ համար: Ինչպե՞ս մենք օգտվեցինք: Ի՞նչ գին վճարեց նա այդ անելու համար: Ինչո՞ւ նա վճարեց իր կյանքի գնով, այո ավելի քան իր կյանքը: Բացի խաչին գամվելուց էլ ի՞նչ նա արեց: Ինչո՞ւ նա գամվեց խաչին: Նա գամվեց խաչին, որ իր արյունը հեղվի քավելու մեզ այդ ամենասոսկալի տուգանքից, որ երբևէ կարող էր գալ՝ վտարում Աստծո ներկայությունից: Նա մահացավ խաչի վրա՝ մեզ կրկին ետ բերելու համար, մեր մարմիններն ու հոգիները վերամիավորելու համար: Նա մեզ տվեց այդ արտոնությունը: Եթե միայն մենք հավատանք նրան և պահենք Նրա պատվիրանները, Նա մահացավ մեզ համար, որպեսզի մենք ստանանք մեր մեղքերին թողություն և չկանչվենք վճարելու տուգանքը: Նա վճարեց գինը: …
… Ոչ մի մարդ չէր կարող անել այն, ինչ նա արեց մեզ համար: Նա ստիպված չէր մահանալ, նա կարող էր հրաժարվել: Նա դա կամավոր արեց: Նա արեց դա, որովհետև դա պատվիրան էր Իր Հորից: Նա գիտեր, թե ինչ տառապանք էր լինելու, և այնուամենայնիվ, մեր հանդեպ Իր սիրո պատճառով Նա հոժար էր անել դա: …
Գամերի խրվելը Փրչկչի ձեռքերին և ոտքերին Նրա տառապանքների նվազագույն մասն էր: Կարծում եմ մեզ մոտ սովորույթ է դառնում զգալը կամ մտածելը, որ Նրա մեծ տառապանքը խաչին գամվելն էր և այնտեղ կախված թողվելը: Դե, աշխարհի պատմության այդ ժամանակահատվածում հազարավոր մարդիկ տառապեցին այդ ձևով: Այդպիսով, Նրա տառապանքը, ինչ վերաբերում է խաչին, ավելին չէր քան այլ մարդկանց տառապանքը, ովքեր այդ ձևով խաչվել էին: Ապա ո՞րն էր Նրա մեծ տառապանքը: Կկամենայի, որ մենք այս փաստը տպավորեինք այս Եկեղեցու յուրաքանչյուր անդամի մտքում՝ Նրա մեծագույն տառապանքը տեղի ունեցավ նախքան Նրա խաչ բարձրանալը: Դա տեղի ունեցավ Գեթսեմանիի պարտեզում, այսպես են սուրբ գրությունները պատմում մեզ, որ արյունը հոսում էր Նրա մարմնի բոլոր ծակոտիներից, և իր հոգու ուժեղ տվայտանքի մեջ, Նա աղաղակեց դեպի Իր Հայրը: Դա նրա ձեռքերի և ոտքերի մեջ խրվող գամերը չէին: Արդ մի հարցրեք ինձ, թե ինչպես դա տեղի ունեցավ, որովհետև ես չգիտեմ: Ոչ ոք չգիտի: Այն ամենը, ինչ մենք գիտենք, այն է, որ ինչ-որ ձևով նա իր վրա վերցրեց այդ ծայրահեղ պատիժը: Նա Իր վրա վերցրեց մեր օրինազանցությունները և վճարեց գինը՝ տանջանքի գինը:
Մտածեք Փրկչի մասին, որը տարավ յուրաքանչյուր անձնավորության տանջանքի միացյալ բեռը ինչ–որ ձևով, որը ես ասում եմ, ես չեմ կարողանում հասկանալ, ես ուղղակի ընդունում եմ, որ այն ստիպեց Նրան տառապել ցավի հոգևարքից, որի հետ համեմատած գամերի խրվելը Նրա ձեռքերի և ոտքերի մեջ շատ փոքր մի բան էր: Իր չարչարանքի մեջ Նա աղաղակեց դեպի Իր Հայրը.«Եթե կամիս այս բաժակը անցրու ինձանից», բայց այն չէր կարող անցնել [տես Մատթեոս ԻԶ.42, Մարկոս ԺԴ.36, Ղուկաս ԻԲ.42]: Թույլ տվեք կարդալ ուղղակի մեկ կամ երկու խոսք այստեղ, թե ինչ է Տերն ասում այդ կապակցությամբ.
«Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.
Բայց եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.
Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե՛ մարմնով, թե՛ հոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,–
Այնուամենայնիվ, փա՛ռք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար» (ՎևՈւ 19.16–19):
Երբ ես կարդում եմ սա, այն խոնարհեցնում է ինձ: Նրա սերը մարդկության, աշխարհի հանդեպ այնքան մեծ էր, որ նա հոժար էր կրել բեռը, որը ոչ մի մահկանացու մարդ չէր կարող տանել և վճարել սոսկալի մի գին, որը ոչ մի մարդ երբևէ չէր կարող վճարել, որպեսզի մենք կարողանայինք ազատվել:11
Աստծո Որդին [ասաց]. «Ես ներքև կգնամ և կվճարեմ գինը: Ես կլինեմ Քավիչ և կփրկագնեմ մարդկանց Ադամի օրինազանցությունից: Ես ինձ վրա կվերցնեմ աշխարհի մեղքերը և կփրկագնեմ կամ կփրկեմ ամեն հոգու իր իսկ մեղքերից, ովքեր կապաշխարեն»:12
Թույլ տվեք օրինակ բերել. Մի մարդ քայլում էր ճանապարհի երկայնքով և այնպես պատահեց, որ նա ընկավ մի փոս՝ այնքան խորը և մութ, որից չկարողացավ վեր մագլցել և վերգտնել իր ազատությունը: Ինչպես կարող էր նա փրկվել իր դժվարին կացությունից: Չէր կարող որևէ ճիգեր գործադրելով իր իսկ կողմից, քանի որ ոչ մի միջոց չկար փոսից ազատվելու: Նա օգնություն կանչեց և ինչ-որ բարի տրամադրված հոգի, լսելով նրա օգնություն աղերսող աղաղակները, շտապեց նրան օգնության՝ մի սանդուղք իջեցնելով, տվեց նրան հնարավորություն, որի միջոցով նա կրկին կարողացավ երկրի երես մագլցել: Սա ճշգրտորեն այն կացությունն էր, որի մեջ հայտնվել էր Ադամը և նրա սերունդը, երբ նա ճաշակեց արգելված պտղից: Բոլորը միասին լինելով փոսում, ոչ ոք չէր կարող հասնել մակերեսին և սփոփել մյուսներին: Փոսը Տիրոջ ներկայությունից վտարվածությունն էր և ժամանակավոր մահը, մարմնի քայքայումը: Եվ բոլորը ենթակա լինելով մահվան, ոչ ոք չէր կարող միջոցներ ապահովել ազատման համար:13
Փրկիչը մոտենում է, այդ փոսից դուրս լինելով և իջեցնում է սանդուղքը: Նա իջնում է փոսը և մեզ համար հնարավոր դարձնում՝ օգտագործել սանդուղքը ազատվելու համար:14
Իր անսահման ողորմածությամբ Հայրը լսում է իր զավակների աղաղակները և ուղարկում իր Միածին Որդուն, որը ենթակա չէր մահվան, ոչ էլ մեղքի, ապահովելու ազատվելու միջոց: Սա նա արեց իր անսահման քավության և հավիտենական ավետարանի միջոցով:15
Մեր սրտերի երախտագիտությունը պետք է լցվի դուրս թափվելով սիրով և հնազանդությամբ [Փրկչի] մեծ և գորովալից ողորմածության համար: Նրա համար, ինչ Նա արել է, մենք երբեք չպետք է Նրան մոռանանք: Նա գնել է մեզ Իր մեծ տառապանքի և խաչի վրա Իր արյան հեղման զոհաբերության գնով:16
4
Կառուցելով Հիսուս Քրիստոսի Քավության հիմքի վրա, մենք գործում ենք մեր փրկությունը մահկանացու կյանքի ընթացքում:
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը առաջադիմության և փրկության այս մեծ ծրագրի կենտրոնական դեմքն է:17
Քավության հիմքի վրա կառուցված՝ փրկության ծրագիրը բաղկացած է հետևյալ բաներից.
Առաջինը՝ մենք պետք է հավատք ունենանք առ Տեր Հիսուս Քրիստոս, մենք պետք է ընդունենք Նրան որպես Աստծո Որդի, մենք պետք է դնենք մեր վստահությունը Նրա վրա, ապավինենք Նրա խոսքին և փափագենք ձեռք բերել այն օրհնությունները, որոնք գալիս են Նրա օրենքներին հնազանդվելուց:
Երկրորդը՝ մենք պետք է ապաշխարենք մեր մեղքերից, մենք պետք է թողնենք աշխարհը, մենք պետք է որոշենք մեր սրտերում առանց վերապահումների, որ մենք կապրենք բարեպաշտորեն և շիտակ կյանքով:
Երրորդ՝ մենք պետք է մկրտվենք ջրում պաշտոնական սպասավորողի ձեռքերի ներքո, ով իշխանություն ունի կապելու երկրի վրա և կնքելու երկնքում, մենք պետք է այս սրբազան արարողության միջոցով մտնենք ուխտի մեջ՝ ծառայելու Տիրոջը և պահելու Նրա պատվիրանները:
Չորրորդ՝ մենք պետք է ստանանք Սուրբ Հոգու պարգևը, մենք պետք է կրկին ծնվենք, մենք պետք է մեղքը և անօրինությունը կարծես թե կրակով կիզենք մեր հոգիների միջից, մենք պետք է ձեռք բերենք նոր արարում Սուրբ Հոգու զորությամբ:
Հինգերորդ՝ մենք պետք է համբերենք մինչև վերջ, մենք պետք է պահենք պատվիրանները մկրտությունից հետո, մենք պետք է գործենք մեր փրկությունը ահով ու դողով Տիրոջ առաջին, մենք պետք է այնպես ապրենք, որ ձեռք բերենք բարեպաշտության հատկանիշներ և դառնանք այնպիսի մարդիկ, ովքեր կարող են վայելել սելեստիալ արքայության փառքը և հրաշքները:18
Այժմ ես վկայում եմ, որ այս օրենքները, որոնց մարդիկ պետք է հնազանդվեն փրկություն ձեռք բերելու համար և որը կազմում է Հիսուս Քրիստոսի ավետարանը, հայտնի է դարձվել այս օրերում մարգարեներին և առաքյալներին, և որ դրանք այժմ սպասավորվում են Նրա եկեղեցու կողմից, որը Նա կրկին հաստատել է երկրի վրա:19
Մենք բոլորս այստեղ ենք այս մահկանացու աշխարհում ստուգվելու համար: Մենք ուղարկվել ենք այստեղ հիմնականում ձեռք բերելու խորաններ [մարմիններ] մեր հավերժական հոգիների համար, երկրորդը փորձության միջոցով ստուգվելու՝ ունենալու ձախորդություն, ինչպես նաև ուրախության և երջանկության առատություն, որը կարելի է ձեռք բերել ավետարանի հավերժական սկզբունքներին հնազանդության սրբազան ուխտի միջոցով: Մահկանացու կյանքը, ինչպես Լեքին է տեղեկացրել իր զավակներին, «փորձնական վիճակ է» (2 Նեփի 2.21): Սա է այն տեղը, որտեղ մենք պետք է փորձվենք և ստուգվենք՝ տեսնելու, թե արդյոք, երբ մեր Հավերժական Հոր ներկայությունից հեռացված ենք, բայց դեռ ուսուցանվում ենք հավերժական կյանքի ուղով, սիրում և հարգում ե՞նք Նրան և հավատարի՞մ ենք Նրա Սիրելի Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:20
Մենք եկել ենք այստեղ ստուգվելու և ապացուցվելու, շփման մեջ մտնելով ինչպես չարի, այնպես էլ բարու հետ… Հայրը թույլ է տալիս սատանային և նրա զորքին գայթակղել մեզ, բայց Տիրոջ Հոգու առաջնորդության և հայտնությամբ տրված պատվիրանների միջոցով մենք պատրաստվում ենք կատարել մեր ընտրությունները: Եթե մենք չարիք ենք գործում, մեզ խոստացվել է, որ մենք կպատժվենք, եթե մենք բարիք ենք գործում, մենք կստանանք արդարակեցության հավերժական պարգևը:21
Այս մահկանացու փորձարկումը սեղմ ժամանակահատված է, ուղղակի մի կարճ ակնթարթ, կապելով անցյալ հավերժությունը ապագա հավերժության հետ: Այնուամենայնիվ, դա վիթխարի կարևորություն ունեցող ժամանակահատված է: Այս կյանքը մեր հավերժական գոյության ամենակենսական ժամանակահատվածն է:22
5
Բոլոր մարդիկ կստանան հարության օրհնությունը Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով:
Մենք եկել ենք այս աշխարհ մահանալու: Դա հասկացվել է նախքան այստեղ գալը: Դա ծրագրի մի մասն է, բոլորը քննարկված և պատրաստված՝ մարդկանց երկրի վրա դնելուց շատ առաջ…. Մենք պատրաստ էինք և հոժար կատարելու այդ ճանապարհորդությունը հոգևոր աշխարհում Աստծո ներկայությունից դեպի մահկանացու աշխարհ, այստեղ տանելու բոլորը, ինչ վերաբերում է այս կյանքին, դրա հաճույքներն ու ցավերը և մահանալ, իսկ մահը ճիշտ նույնքան կարևոր է, որքան ծնունդը:23
Չնայած այն փաստին, որ մարմինը կրկին տարալուծվում է, ֆիզիկական մահը, կամ մահկանացու մարդու մահը հոգու և մարմնական խորանի մշտական առանձնացում չէ, այլ միայն ժամանակավոր առանձնացում է, որը կդադարի հարության օրը, երբ մարմինը առաջ կկանչվի փոշուց կրկին ապրելու՝ կառավարվելով հոգու կողմից: Այս օրհնությունը գալիս է բոլոր մարդկանց Քրիստոսի քավության միջոցով, անկախ նրանց բարությունից կամ ամբարշտությունից, երբ մականացու վիճակում էին: Պողոսն ասել է, որ պետք է լինի հարություն՝ ինչպես արդարների, այնպես էլ անարդարների (Գործք ԻԴ.15), և Փրկիչն ասել է, որ բոլորը, ովքեր գերեզմաններում են, պետք է լսեն Նրա ձայնը և դուրս գան. «նրանք, որ բարի են գործել՝ դէպի կեանքի յարութիւնը, եւ նորանք որ չար են արել՝ դէպի դատաստանի յարութիւնը» (Հովհաննես Ե.29):24
Յուրաքանչյուր մարմնի ամեն մի հիմնական մաս կրկին կվերականգվի իր ճիշտ տեղում հարության ժամանակ, անկախ նրանից թե ինչ կպատահի մարմնի հետ մահվան ժամանակ: Լինի դա կրակով այրվելը, թե շնաձուկներին բաժին դառնալը, նշանակություն չունի: Դրա ամեն մի հիմնական մասը կրկին կվերականգվի իր ճիշտ տեղում:25
Հոգիները չեն կարող կատարելագործվել առանց մսից և ոսկորներից կազմված մարմնի: Այս մարմինը և դրա հոգին բերվում են անմահության և փրկության օրհնությունների հարության միջոցով: Հարությունից հետո չի կարող կրկին առանձնացում լինել, մարմինը և հոգին դառնում են անքակտելիորեն կապված, որպեսզի մարդ ստանա ուրախության լիություն: Ոչ մի այլ ուղով, բացի այս կյանքում ծնվելուց և հարություն առնելուց, հոգիները չեն կարող դառնալ հավերժական Հոր նման:26
6
Հավատարիմները կժառանգեն հավերժական կյանք իրենց ընտանիքների հետ միասին Երկնային Հոր ներկայության մեջ:
Որոշ մարդիկ ժառանգում են հարստություն իրենց հայրերի աշխատասիրության շնորհիվ: Որոշ մարդիկ ժառանգության միջոցով բարձրացվում են աշխարհիկ գահեր, իշխանություն և դիրք իրենց ընկերների մեջ: Ոմանք ձգտում են աշխարհիկ գիտության ժառանգության և հայտնի են դառնում իրենց իսկ ջանասիրությամբ և հետևողականությամբ, բայց կա մի ժառանգություն, որն ավելին արժե քան բոլորը, դա հավերժական վեհացման ժառանգությունն է:
Սուրբ գրություններն ասում են, որ հավերժական կյանքը, որը մեր Երկնային Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին պատկանող կյանքն է, Աստծո մեծագույն պարգևն է [տես ՎևՈՒ 14.7]: Միայն նրանք կստանան այն, ովքեր մաքրվել են բոլոր մեղքերից: Այն խոստացված է նրանց «ովքեր հաղթում են հավատքով և կնքվում են խոստումի Սուրբ Հոգով, որը Հայրը թափում է բոլոր նրանց վրա, ովքեր արդար են և հավատարիմ: Այդ նրանք են, ովքեր Անդրանիկի եկեղեցուց են: Այդ նրանք են, ում ձեռքն է Հայրը հանձնել բոլոր բաները» [ՎևՈՒ 76.53–55, տես նաև հատված 52]:27
Փրկության այս ծրագիրը ընտանիքակենտրոն է… [Այն] նախատեսված է հնարավորություն տալու մեզ ստեղծել մեր իսկ հավերժական ընտանեկան միավորները:28
Նրանք ովքեր ստանում են վեհացում սելեստիալ արքայությունում, կունենան «սերունդների հավերժական շարունակություն»: Նրանք կապրեն ընտանեկան փոխհարաբերություններում:29
Մենք ուսուցանվել ենք Հիսուս Քրիստոսի ավետարանում, որ ընտանեկան կազմակերպությունը կլինի, ինչ վերաբերում է սելեստիալ վեհացմանը, այնպիսին, որն ամբողջական է, հոր և մոր և երեխաների կազմակերպությունը մեկ սերունդը կապված հաջորդ սերնդի հոր և մոր և երեխաների հետ և այդպես ընդլայնվելով և տարածվելով մինչև ժամանակի վերջը:30
Հավերժական ժառանգության այս փառահեղ օրհնությունները… չեն գա, մինչև որ չլինի պատրաստակամություն պատվիրանները պահելու և անգամ, կարիքի դեպքում, Քրիստոսի հետ տառապելու… : Այլ խոսքով ասած, հավերժական կյանքի— Աստծո մեծագույն պարգևի— թեկնածուներից ակնկալվում է դնել ամեն ինչը, որ նրանք ունեն խորանին, եթե պահանջվի, քանի որ նույնիսկ այն ժամանակ, եթե նրանցից պահանջվի վայր դնել իրենց կյանքը հանուն Նրա գործի, նրանք երբեք չեն կարող վճարել Նրան այն առատ օրհնությունների համար, որոնք ստացվել են և խոստացվել հիմնված Նրա օրենքների և պատվիրանների հնազանդության վրա:31
Երբ մենք դուրս եկանք աշխարհից և ստացանք ավետարանի լրիվությունը, մենք դարձանք սելեստիալ փառքի թեկնածուներ. ո՛չ, մենք ավելին ենք քան թեկնածուներ, եթե հավատարիմ լինենք, քանի որ Տերը տվել է մեզ հավաստիացում, որ մեր հավատարմության միջոցով, մենք կմտնենք սելեստիալ արքայություն: …
… Եկեք այնպես ապրենք, որ համոզված լինենք մեր տեղի համար, այսպես մենք կիմանանք մեր ապրած կյանքի միջոցով, որ մենք կմտնենք Նրա ներկայությունը և կբնակվենք Նրա հետ, ստանալով օրհնությունների լրիվությունը, որ նրանց խոստացվել է: Ո՞վ Վերջին Օրերի Սրբերից կբավարարվի որևէ բանով, որը պակաս կլինի փրկության լրիվությունից, որը խոստացվել է մեզ… Անհրաժեշտ է, որ մեր համեստությամբ և ապաշխարության ոգով, առաջ և առաջ շարժվենք, պահելով պատվիրանները մինչև վերջ, քանի որ մեր հույսը և մեր նպատակը հավերժական կյանքն է և դա կյանք է Հոր և Որդու ներկայությամբ, «Եվ սա է յաւիտենական կեանքը», ասել է Տերը, «որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. Եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» [Հովհաննես ԺԷ.3]:32
Ես այժմ կանգնած եմ, այսպես կոչված կյանքի վերջալույսում, գիտակցելով, որ ոչ շատ հեռու ապագայում ես կկանչվեմ հաշիվ տալու իմ մահկանացու կյանքի տնտեսության վերաբերյալ: …
Ես համոզված եմ, որ մենք բոլորս սիրում ենք Տիրոջը: Ես գիտեմ, որ նա ապրում է և ես անհամբեր սպասում եմ այն օրվանը, երբ ես կտեսնեմ Նրա դեմքը և հուսով եմ կլսեմ Նրա ձայնը ինձ ասելիս. «Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը» (Մատթ. ԻԵ.34):
Եվ ես աղոթում եմ, որ սա լինի մեր բոլորիս երջանիկ ճակատագիրը, մեր իսկ ուրույն ժամանակին:33
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Երբ դուք կարդաք «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» օրագրի արձանագրությունը, մտածեք մի ժամանակի մասին, երբ դուք սփոփանք եք գտել փրկության ծրագրի ձեր վկայությունում: Ինչպե՞ս կարող եք օգնել ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ ստանալ այդպիսի սփոփանք:
-
Ինչպե՞ս կարող են Նախագահ Սմիթի ուսմունքները՝ երկնքում տեղի ունեցած խորհրդի վերաբերյալ, օգնել մեզ, երբ մենք փորձությունների ենք դիմակայում (տես բաժին 1):
-
Նախագահ Սմիթը ուսուցանել է, որ «մենք չպետք է աչքից բաց թողնենք այն փաստը, որ [Ադամի և Եվայի անկումը] բերեց օրհնություններ» (բաժին 2): Ինչո՞ւ է ձեր կարծիքով կարևոր հիշել այս ճշմարտությունը: Որո՞նք են այն մի քանի օրհնությունները, որոնք դուք ստացել եք Անկման արդյունքում:
-
Բաժին 3–ում, ինչպե՞ս է փոսն ընկած մարդու մասին Նախագահ Սմիթի օրինակը՝ կապված մեր կյանքի հետ: Մտածեք, թե ինչպես է Փրկիչը ազատել ձեզ Իր Քավության միջոցով:
-
Ի՞նչ են Նախագահ Սմիթի խոսքերը բաժին 4-ում ակնարկում երկրի վրա մեր կյանքի մասին: Տերն ի՞նչ է տվել մեզ՝ օգնելու այս փորձարկման ժամանակը ապահով անցնելու համար:
-
Ինչպե՞ս կարող եք դուք օգնել որևէ մեկին հասկանալ Նախագահ Սմիթի հայտարարությունը բաժին 5–ում, որ «մահը ճիշտ նույնքան կարևոր է, որքան ծնունդը»: Ինչպե՞ս է հարության վարդապետությունն ազդել ձեր կյանքի վրա:
-
Ի՞նչ ուղիներով է աշխարհիկ հարստությունը տարբեր «հավերժական ժառանգությունից», որը մենք կարող ենք ստանալ փրկության ծրագրի միջոցով (տես բաժին 6): Ինչպե՞ս կարող է այս տարբերությունների ըմբռնումն օգնել մեզ նախապատրաստվել հավերժական կյանքի համար:
Առնչվող սուրբ գրություններ
Հոբ ԼԸ.4–7, 2 Նեփի 2.15–29; 9.5–27, Ալմա 12.20–35; ՎևՈՒ 19.16–19; Մովսես 5.10–12
Օգնություն ուսուցչին
«Սուրբ գրություններից և վերջին օրերի մարգարեների խոսքերը ուսուցանելիս մեզ օգնելու համար, Եկեղեցին լույս է ընծայել դասագրքեր և այլ նյութեր: Բացատրությունների և այլ տեղեկատվական նյութերի կարիք չկա» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում: A Resource Guide for Gospel Teaching [1999], 52):