Գլուխ 24
Վերջին Օրերի Սուրբ Կանանց աշխատանքը. «Անձնազոհ նվիրում այս փառահեղ գործին»
«Սահման չկա այն բարիքին, որ մեր քույրերը կարող են անել»:
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից
1963թ. հոկտեմբերի 2-ին Սփոփող Միության գերագույն ժողովում Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն ասել է. «Մենք՝ Եկեղեցու Եղբայրներս, պատվում ենք և հարգում մեր հիանալի քույրերին այս փառահեղ գործին նրանց անձնազոհ նվիրվածության համար»:1
Կատարելով այս հայտարարությունը՝ Նախագահ Սմիթը խոսում էր տարիների փորձից: Նա կյանքը անցկացրել էր : հավատարիմ Վերջին օրերի Սուրբ Կանանց կողքին: Այդ ծառայությունը սկսվել էր 1880–ականների վերջում, երբ նա մոտ 10 տարեկան էր: Այդ ժամանակ Վերջին Օրերի Սուրբ կանանց խրախուսվեց կրթություն ձեռք բերել բժշկության և առողջապահության ասպարեզում: Նրա մայրը՝ Ջուլինա Լ. Սմիթը հետևեց այդ խորհրդին և ստացավ կրթություն՝ ծառայելու որպես մանկաբարձուհի: Մայրը հաճախ էր արթնացնում նրան կեսգիշերին, որպեսզի նա ձիակառքը վարեր դեպի այն տունը, որտեղ մանկիկ պիտի ծնվեր: Իր մորն այս ձևով ծառայելով՝ երիտասարդ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը տեսել էր Եկեղեցու կանանց ուժի և կարեկցանքի օրինակը:2 Հետագայում Քույր Սմիթը ծառայեց որպես Սփոփող Միության գերագույն նախագահության խորհրդական:
Նախագահ Սմիթը մեծ հարգանք ուներ Սփոփող Միության հանդեպ, որը, ըստ նրա խոսքերի, «երկրի վրա Աստծո թագավորության կենսական մասն է կազմում»:3 Նրա երկրորդ կինը՝ Էթելը, 21 տարի ծառայեց որպես Սփոփող Միության գերագույն հանձնախմբի անդամ: Քույր Էմի Բրաուն Լիմանը, որը ծառայում էր Էթելի հետ հանձնախմբում, իսկ հետագայում ծառայեց որպես Սփոփող Միության գերագույն նախագահ, ասել է. «Քույր Սմիթը ամենափայլուն կանանցից էր, որ երբևէ ճանաչել եմ: Ողջ հանձնախմբում ես նրան էի համարում լավագույն գրողն ու խոսողը»:4Այս պաշտոնում Էթելը հաճախում էր ցցի համաժողովներին՝ հրահանգավորելով տեղի Սփոփող Միության քույրերին: Նա և Նախագահ Սմիթը որոշ Եկեղեցական հանձնարարությունների միասին էին գնում և նրանք հաճախ էին երկուսով կիսում ամբիոնը՝ անդամներին ուսուցանելու համար:5
Էթելի մահից հետո, Նախագահ Սմիթը ամուսնացավ Ջեսսի Էվանսի հետ: Ջեսսին ուղեկցում էր նրան ամեն անգամ, երբ նա ճանապարհորդում էր՝ ուսուցանելու Սրբերին: Նա գեղեցիկ երգեցիկ ձայն ուներ և Նախագահ Սմիթը միշտ ցանկանում էր, որ նա երգեր ժողովներում, որոնց նրանք մասնակցում էին: Երեց Ֆրենսիս Մ. Գիբբոնսը, որը ծառայում էր որպես քարտուղար Առաջին Նախագահությունում, հիշում է. «Երբ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթն էր նախագահում, նա կամենում էր, որ կինը երգ կատարեր՝ հենց միայն այն պատճառով, որ նա երբեք չէր հոգնում նրա երգելուց: Բացի դրանից, այնուամենայնիվ, նրա լավ մշակված կոնտրալտո ձայնը, սրբազան հիմներ երգելով, հոգևոր հատուկ զգացողություն էր հաղորդում ժողովներին՝ ոգեշնչելով ունկնդիրներին, և բարձրացնելով իր իսկ ունակությունները խոսվող խոսքը հաղորդելիս: Հետագայում, իր կնոջ հետևողական և կատակախառը պնդումներից հետո, Ջոզեֆը ժամանակ առ ժամանակ միանում էր Ջեսսիին զուգերգ կատարելու, միախառնելով իր գեղեցիկ բարիտոնը նրա ձայնին: Այդպիսի առիթների դեպքում, նրանք, սովորաբար, նստում էին միասին դաշնամուրի աթոռին, մինչ Ջեսսիին նվագակցում էր, չափավորելով իր սովորական, լիակոկորդ ձայնը, որպեսզի չխլացներ իր ամուսնու երգեցողությունը»:6
Որպես Եկեղեցու Նախագահ՝ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը կանոնավորապես աշխատում էր Քույր Բելե Ս. Սփաֆորդի՝ Սփոփող Միության գերագույն նախագահի հետ: Հետագայում քույր Սփաֆորդը խոսել է նրա հետ աշխատելու իր փորձառության մասին. «Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթը՝ ժողովրդի հանդեպ մեղմություն և մեծ սեր ունեցող անձնավորություն էր և ամեն անգամ ցուցաբերում էր Եկեղեցու կանանց աշխատանքի խորը գիտակցություն, և նա փոխանցում էր այդ Սփոփող Միության նախագահությանը անհամար դեպքերում և տարբեր ձևերով, բացելով մեր տեսադաշտը և ուղղորդելով մեր ուղիները»:7
Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի ուսմունքները
1
Սուրբ գրքերը պատմում են հավատարիմ կանանց մասին, ովքեր պարտականություններ են ունեցել Տիրոջ Եկեղեցում:
Մենք կարող ենք կարդալ Թանկագին Մարգարիտում, որ Ադամի և Եվայի վրա անկման հետևանքները բերվելուց հետո, Եվան քարոզեց հետևյալ խոսքը: Այն հակիրճ է, բայց զարմանալիորեն իմաստալի.
«… Եթե չլիներ մեր օրինազանցությունը, մենք երբեք սերունդ չէինք ունենա, և երբեք չէինք գիտենա բարին և չարը, և մեր փրկագնման ուրախությունը, և հավերժական կյանքը, որն Աստված տալիս է բոլոր հնազանդներին [Մովսես 5.11]:
«Եվ Ադամն ու Եվան օրհնեցին Աստծո անունը, և նրանք բոլոր բաները հայտնի դարձրեցին իրենց որդիներին ու դուստրերին» [Մովսես 5.12, շեղագիրն ավելացված է]:
Մենք սրանից սովորում ենք, որ Եվան, ինչպես Ադամը, հայտնություն և պատվիրան ստացավ ուսուցանել իրենց երեխաներին հավերժական կյանքի ուղիները:8
Մենք կարդում ենք, որ վաղ օրերում Իսրայելի կանայք ակտիվ էին և կատարում էին պարտականություններ [տես Ելից ԺԵ.20, Դատավորաց Դ–Ե]:9
Նոր կտակարնում մենք կարդում ենք մեծ թվով հավատարիմ կանանց մասին, ովքեր որոնում էին և տալիս խորհուրդ: Նրանցից շատերը հետևում էին Տիրոջը և ծառայում Նրան [տես Ղուկաս Ը.1–3, Ժ.38–42]:10
2
Վերջին օրերին Սփոփող Միության քույրերը կենսական դեր են կատարում Հիսուս Քրիստոսի վերականգված Եկեղեցում:
1842թ. մարտի 17-ին Մարգարե Ջոզեֆ Սմիթը հանդիպեց Նավուի Եկեղեցու մի քանի քույրերի հետ և նրանց կազմակերպեց մի միության մեջ, որին տրվեց «Նավույի Կանանց Սփոփող Միություն» անունը… Չի կարող լինել որևէ կասկած, որ այս կազմակերպությունը հայտնությամբ էր ստեղծվել: Այս ճշմարտությունը բազմաթիվ անգամներ դրսևորվել է տարիների ընթացքում և այսօր նրա արժեքը և անհրաժեշտությունը մեծապես ակնհայտ է:11
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին, անկասկած, լիովին չէր կազմավորվի, եթե այս սքանչելի կազմակերպությունը գոյություն չունենար… Այս վերականգնումը լիակատար չէր լինի առանց Սփոփող Միության, որում քույրերը կարողանում են իրականացնել աստվածայնորեն նշանակված ծառայությունը, որն այնքան կարևոր էր Եկեղեցու բարօրության համար:12
«Նավուի Կանանց Սփոփող Միությունը» կազմավորվեց Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից Երեց Ջոն Թեյլորի օգնությամբ: Տերը հայտնել էր, որ Եկեղեցու կանայք պետք է կազմավորվեին որպես միություն, քանի որ նրանց համար կարևոր աշխատանք կար անելու՝ օգնելու «առաջ տանել և հաստատել Սիոնի գործը» [ՎևՈւ 6.6]: Քույրերի այս աշխատանքը հիմնականում պետք է բոլոր բաներում ի օգուտ լիներ մի տեղի համար սելեստիալ արքայությունում: Նրանց նաև պարտականություն է տրված օգնել ողորմածության և սփոփանքի գործին դժբախտության և տառապանքի մեջ գտնվող աղքատներին, հիվանդներին և չարչարվածներին ողջ Եկեղեցում: Այդ կազմակերպության ստեղծումից ի վեր բոլոր տարիների ընթացքում այս միության քույրերը հավատարիմ են եղել իրենց կոչմանը և իրենց փառավոր են արել այդ աշխատանքին իրենց հավատարմությամբ: Ոչ մի հանձնարարություն շատ դժվար չի եղել, ոչ մի պարտականություն չի անտեսվել և նրանց ծառայությունների միջոցով հազարավորներ են օրհնվել:13
Սփոփող Միությունն… աճել է՝ դառնալով ուժ Եկեղեցում: Բացարձակապես անհրաժեշտ է՝ մենք խոսում ենք դրա մասին որպես օժանդակ կազմակերպություն, որը նշանակում է օգնող կազմակերպություն, բայց Սփոփող Միությունն ավելին է, քան դա: Այն անհրաժեշտություն է:14
Ես ցանականում եմ գովաբանել այս մեծ կազմակերպության քույրերին, նրանց ազնվության և հավատարմության համար, որը դրսևորվել է անընդհատ՝ սկսած Նավուի օրերից:15
Տերը գոհ է ձեր աշխատանքից: Դուք ձեր ծառայության միջոցով օգնել եք կառուցել և զորացնել Աստծո թագավորությունը: Սփոփող միության աշխատանքը ճիշտ նույնքան անհրաժեշտ է Եկեղեցում, որքան, ես կասեի, Քահանայության քվորումներինը: Արդ, ոմանք երևի այնպես զգան, որ ես չափից ավելի ուժեղ եմ արտահայտվում, բայց իմ կարծիքով աշխատանքը, որ դուք, կամ մեր հիանալի քույրերն են անում, գտնում է իր տեղը և ճիշտ նույնքան կարևոր է այս թագավորության կառուցման, նրա զորացման, այն տարածելու, հիմք դնելու համար, որի վրա մենք բոլորս կարող ենք կառուցել, ճիշտ նույնքան, որքան եղբայրների համար է, ովքեր կրում են Աստծո Քահանայությունը: Մենք չենք կարող գործել առանց ձեզ:16
[Սփոփող Միության քույրերը] աշխարհում մեծագույն կանանց կազմակերպության անդամներն են, կազմակերպություն, որը Աստծո թագավորության կենսական մասն է կազմում երկրի վրա և այնպես է նախագծված և գործում, որ այն օգնում է իր հավատարիմ անդամներին ձեռք բերել հավերժական կյանք մեր Հոր արքայությունում: …
Սփոփող Միությունը հիմնադրվել է ոգեշնչման ոգով, առաջնորդվել է այդ ոգով [սկզբից ի վեր] և մեր անհամար հիանալի քույրերի սրտերում սերմանել այն ցանկությունները արդարակեցության, որը գոհացուցիչ է եղել Տիրոջ համար:17
3
Սփոփող Միության քույրերն օգնում են հոգալ Աստծո զավակների ֆիզիկական և հոգևոր բարօրության մասին:
Տերն Իր իմաստությամբ կանչել է մեր քույրերին օժանդակելու Քահանայությանը: Նրանց կարեկցանքի, սրտի նրբազգացության և բարության շնորհիվ Տերը համարում է [կանանց] և տալիս նրանց պարտականություններ և պարտավորություններ՝ լինելու ծառաներ կարիքավորներին ու չարչարվածներին: Նա նշել է ուղին, որին նրանք պիտի հետևեն, և Նա տվել է նրանց այս մեծ կազմակերպությունը, որտեղ նրանք իշխանություն ունեն ծառայելու ծխի եպիսկոպոսների ղեկավարության ներքո և լինելու ներդաշնակության մեջ ծխի եպիսկոպոսների հետ, հոգ տանելով մեր ժողովրդի կարիքների համար՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես:
Եվ Տերը կարող է կանչել մեր քույրերին գնալ տները և սփոփել կարիքավորներին, օգնել և Տժանդակել չարչարվածին, ծնկի գալ և աղոթել նրանց հետ, և Տերն ականջ կդնի քույրերի աղոթքներին, երբ դրանք մատուցվում են անկեղծորեն հիվանդների համար, ճիշտ ինչպես Նա լսում է Եկեղեցու երեցների աղոթքները:18
Ափոփող Միության նպատակներն ու պարտականությունները բազմաթիվ են… Հայրս՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն [ասել է]. «Սա մի կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մարգարե Ջոզեֆ Սմիթի կողմից: Ուստի, դա Եկեղեցու ամենահին օժանդակ կազմակերպությունն է և այն առաջնակարգ կարևորություն ունի: Այն չի առնչվում միայն աղքատների կարիքներին, այլ նրա պարտականության մի մասն է կազմում՝ և ավելի մեծ մասը նաև, հոգալ Սիոնի մայրերի և դուստրերի հոգևոր բարօրության ու փրկության մասին, հետևելու, որ ոչ ոք չանտեսվի, այլ որ բոլորը պահպանված լինեն դժբախտության, աղետի, խավարի ուժերի և այն չարիքների դեմ, որոնք սպառնում են նրանց աշխարհում: Սփոփող Միության պարտականությունն է հոգ տանել իրենց իսկ հոգևոր բարօրությանը և Եկեղեցու բոլոր կին անդամներին»:19
Սփոփող Միության պարտականությունն է ոչ միայն հոգալ նրանց մասին, ովքեր Սփոփող Միության անդամ են, այլ նրանց աշխատանքը պիտի տարածվի այդ սահմաններից այն կողմ: Որտեղ էլ որ ինչ-որ մեկը դժբախտության մեջ լինի, դժվարությունների մեջ, օգնության կարիք ունենա, հիվանդ կամ չարչարված լինի, մենք դիմում ենք Սփոփող Միությանը… Նրանք կարող են կատարել մեծ և սքանչելի աշխատանք՝ քաջալերելով կամակորներին, օգնելով նրանց, ետ բերելով նրանց գործունեության, օգնելով նրանց հաղթահարել իրենց թուլությունները կամ մեղքերն ու թերությունները, և բերելով նրանց ճշմարտության իմացությանը: Ես ասում եմ չկա սահման այն բարիքին, որ մեր քույրերը կարող են անել:
… Ես չգիտեմ, թե ինչ կանեին ցցի նախագահները և ծխի եպիսկոպոսները, եթե նրանք չունենային Սփոփող Միության այս հիանալի քույրերին, որոնց կարող են վստահել, որոնց կարող են դիմել ծառայության համար, շատ անգամներ հաղթահարելով իրավիճակները, որոնք շատ նուրբ մոտեցում են պահանջում, այսինքն՝ մեր եղբայրների համար, բայց որոնք մեր քույրերը կարող են կատարել մեծագույն արտոնությամբ: Սքանչելի կլիներ, եթե Եկեղեցու բոլոր անդամները կատարյալ լինեին: Եթե դա այդպես լիներ, մենք բոլորս ավելի քիչ պատասխանատվություն կունենայինք՝ ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, բայց այդ ժամանակը չի եկել: Մենք ունենք անդամներ մեր քույրերի մեջ, ովքեր խրախուսանքի կարիք ունեն, մի փոքր կարիք օգնության՝ ինչպես հոգեպես, այնպես էլ ֆիզիկապես, և ոչ ոք չի կարող դա անել ավելի լավ, քան մեր քույրերը, ովքեր պատկանում են այս մեծ և սքանչելի կազմակերպությանը:
Այս աշխատանքի մեջ քույրերը կարող են օգնություն ցույց տալ՝ խրախուսելով և օգնելով կամակորներին, անտարբերներին, անփույթներին, ճիշտ ինչպես Քահանայության եղբայրներն են կանչվում անելու այդ՝ կամակորների, անփույթների և անտարբերների հետ եղբայրների մեջ: Մենք բոլորս պետք է աշխատենք արդարություն գործել և ձգտենք ետ բերել ակտիվության նրանց, ովքեր շեղվել են և անտեսել Եկեղեցու պարտականությունները:20
Դժվարագույն պայմաններում նրա համեստ սկզբնավորումից ի վեր, երբ Եկեղեցու անդամակցությունը փոքր էր, մենք տեսել ենք այս Միության աճը… Բարիքի չափըը, որն իրականացվել է, հոգ տանելով աղքատների համար, խնամելով հիվանդներին և չարչարվածներին և նրանց, ովքեր ֆիզիկական, մտավոր կամ հոգևոր կարիքներ ունեին, երբեք ճշգրիտ չի իմացվի… Բոլոր այս բաներն իրականացվել են սիրո ոգով՝ համաձայն Հիսուս Քրիստոսի ավետարանի իսկական ոգու:21
4
Տերն ակնկալում է, որ կանայք լույս և ճշմարտություն կփնտրեն, որպեսզի կարողանան արժանանալ սելեստիալ փառքին:
Ավետարանը ճիշտ նույնքան նշանակություն ունի մեր քույրերի համար, որքան որ եղբայրների համար: Նրանք ճիշտ նույնքան մտահոգված են դրանով, որքան որ եղբայրները: Եվ երբ Տերն ասաց Մարգարե Ջոզեֆ Սմիթին «Քննեք այս պատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն» [ՎևՈՒ 1.37] Նա չսահմանափակեց պատվիրանը Եկեղեցու արական սեռին պատկանող անդամներով… Ճիշտ նույնքան կարևոր է, որ մեր քույրերը հասկանան Փրկության ծրագիրը, որքան որ տղամարդիկ: Ճիշտ նույնքան կարևոր է, որ նրանք պահեն պատվիրանները: Ոչ մի կին չի փրկվի Աստծո արքայությունում առանց մկրտության մեղքերի թողության համար և ձեռնադրմամբ Սուրբ Հոգու պարգևը ստանալու համար:
…Երբ Տերն ասաց, որ ոչ մի անձնավորություն չի կարող փրկվել անգիտության մեջ [տես ՎևՈւ 131.6], կարծում եմ, Նա ի նկատի ուներ նաև կանանց, ինչպես որ տղամարդկանց և, կարծում եմ, եկեղեցու կանայք սուրբ գրություններն ուսումնասիրելու պարտականության տակ են:22
Տերը պահանջում է կանանցից, ինչպես նաև Եկեղեցու տղամարդկանցից, որ նրանք իմանան Իր աստվածային կամքը և ունենան մնայուն վկայություն իրենց սրտերում Աստծո արքայությունում փրկության բացահայտված ճշմարտության վերաբերյալ: Տերը հայտնի չի դարձրել Մորմոնի Գիրքը միայն նրանց օգտի համար, ովքեր Քահանայություն են կրում, այլ յուրաքանչյուր հոգու համար, ով որոնում է ճշմարտությունը՝ արական և իգական սեռի համար հավասարապես:23
Տերը սպասում է քույրերից արժանանալ վկայության ճշմարտության վերաբերյալ՝ հասկանալու Եկեղեցու վարդապետությունները, ճիշտ ինչպես Նա սպասում է նրանցից, ովքեր Քահանայություն են կրում: Եթե մենք հասնելու ենք վեհացման, որը մենք հուսով ենք ձեռք բերել, անհրաժեշտ է, որ մենք նախապատրաստվենք գիտելիքով, հավատքով, աղոթքով: Եվ երբ Տերն ասել է.«Սակայն առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» [Մատթեոս Զ.33, 3 Նեփի 13.33]: Նա չէր խոսում միայն տղամարդկանց մի խմբի հետ, այլ խառը բազմության հետ:24
Յուրաքանչյուր կին, որ մկրտվել է Եկեղեցում, երեցների ձեռքերը դրվել են նրա գլխին Սուրբ Հոգու պարգևի համար, որպեսզի նա կարողանա ունենալ այդ Հոգու առաջնորդությունը ողջ ճշմարտության մեջ: Տիրոջ կամքն է, որ ոչ մեկը առանց աստվածային առաջնորդության չմնա, որը նրանց կբացահայտի ճշմարտությունը և հնարավորություն կտա զանազանելու լույսը խավարից և այսպիսով, կամրացվի և կզորացվի դիմադրելու բոլոր կեղծ վարդապետություններին, տեսություններին և հասկացություններին, որոնք այնքան գերակշռում են այսօր աշխարհում:25
Մեր քույրերը ճիշտ նույնքան Սուրբ Հոգու ոգեշնչման իրավունքն ունեն իրենց կարիքների համար, որքան որ տղամարդիկ ամեն ինչում: Նրանք մարգարեության պարգևի իրավունքն ունեն այն հարցերի վերաբերյալ, որոնք նրանց համար կարևոր է իմանալ… Երբ նրանք աղոթում են, նրանք պետք է լրջորեն աղոթեն, սպասելով իրենց աղոթքների պատասխանին: Տերը կլսի նրանց, եթե նրանք անկեղծ են, ճշմարիտ, ճիշտ նույն ձևով ինչպես Նա կլսի եղբայրներին:26
Տերը խոստացել է բոլորին՝ թե՛ արական և թե՛ իգական սեռի ներկայացուցիչներին նույն ձևով՝ Սուրբ Հոգու պարգևը՝ հավատարմության, համեստության և իսկական ապաշխարության պայմանով: Նրանցից պահանջվում է ուսումանսիրել և իմանալ ավետարանի ճշմարտությունները և նախապատրաստվել ուսումնասիրությամբ, հավատքով և հնազանդությամբ բոլոր պատվիրաններին, փնտրել լույս և ճշմարտություն, որպեսզի նրանք սելեստիալ փառքի իրավունքն ունենան:27
5
Քահանայության միջոցով Աստված առաջարկում է Իր դուստրերին ամեն հոգևոր պարգև և օրհնություն, որոնք կարող են ձեռք բերվել Իր որդիների կողմից:
Կարծում եմ, բոլորս գիտենք, որ քահանայության օրհնությունները չեն սահմանափակվում միայն տղամարդկանցով: Այս օրհնությունները նաև թափվում են… Եկեղեցու բոլոր հավատարիմ կանանց վրա: Այս հիանալի քույրերը կարող են նախապատրաստվել՝ պահելով պատվիրանները և ծառայելով Եկեղեցում, Տիրոջ տան օրհնությունների համար: Տերն առաջարկում է Իր դուստրերին ամեն հոգևոր պարգև և օրհնություն, որոնք կարող են ձեռք բերվել Իր որդիների կողմից, քանի որ ոչ տղամարդն է առանց կնոջ, ոչ էլ կինն է առանց տղամարդու Տերումը [տես Ա Կորնթացիս ԺԱ.11]:28
Բոլորս տեղյակ ենք, որ Տերն ասաց Աբրահամին, որ նա լինելու էր հայր բազմաթիվ ազգերի և նրա սերունդը թվով նման կլինի երկնքի աստղերին և ինչպես ավազը ծովափին, բայց մենք պետք է աչքից բաց չթողնենք այն, որ նույն խոստումը տրվեց Սարրային:
«Եւ Աստուած ասեց Աբրահամին. Քո կնոջ Սարայի անունը Սարա չասես, այլ Սարրայ է նորա անունը: Եւ նորան կօրհնեմ, նաեւ նորանից մի որդի կտամ քեզ. Եւ կօրհնեմ նորան, և նա ազգեր կլինի. ժողովուրդների թագավորներ կլինին նորանից» [Ծննդոց ԺԷ.15–16]:29
Տերը, խոսելով քահանայության և քահանայության զորության մասին և Եկեղեցու արարողությունների մասին, որոնք մենք ստանում ենք քահանայության միջոցով, ասել է հետևյալը. «Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները»:
… Թույլ տվեք կրկին կարդալ այն. «Եվ այս մեծագույն քահանայությունը սպասավորում է ավետարանը և կրում է արքայության խորհուրդների բանալիները, այսինքն՝ Աստծո գիտության բանալիները: Հետևաբար, նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը: Եվ առանց նրա արարողությունների և քահանայության իշխանության, աստվածայնության զորությունը չի բացահայտվում մարդկանց՝ մարմնում, քանզի առանց դրա, ոչ ոք չի կարող տեսնել Աստծո, այսինքն՝ Հոր երեսը, և ապրել» [ՎևՈՒ 84.19–21]:
Երբ մենք կարդում ենք այս բնույթի բաներ, դա պարտավոր է յուրաքանչյուր մարդու մեջ, ով կրում է քահանայություն, ուրախանալ մտածելով, որ մենք ունենք այդ մեծ իշխանությունը, որի միջոցով կարող ենք ճանաչել Աստծուն: Ոչ միայն քահանայություն կրող տղամարդիկ գիտեն այդ մեծ ճշմարտությունը, այլ այդ քահանայության շնորհիվ և դրա արարողությունների միջոցով, Եկեղեցու յուրաքանչյուր անդամ, տղամարդ և կին նույն ձևով, կարող են ճանաչել Աստծուն:30
Ուսումնասիրության և ուսուցանման առաջարկներ
Հարցեր
-
Ի՞նչ կարող ենք սովորել «Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի կյանքից» բաժնում նկարագրվող փորձառությունից: Ինչպիսի՞ նմանատիպ փորձառություններ եք դուք ունեցել:
-
Նախագահ Սմիթը խոսել է տարբեր դարերի կանանց մասին, ովքեր կատարել են կարևոր պարտականություններ Աստծո թագավորությունում (տես բաժին 1): Ըստ ձեր նկատառումների՝ կանայք ինչպե՞ս են ներդրում անում իրենց ընտանիքների և Եկեղեցու զորացման գործին:
-
Ինչպե՞ս եք նկատել, որ Սփոփող Միության ծառայությունը «կարևոր է Եկեղեցու բարօրության համար» (տես բաժին 2): Ի՞նչ ուղիներով են Սփոփող Միության քույրերը և քահանայություն կրողները աշխատում միասին՝ կառուցելու Աստծո թագավորությունը:
-
Ի՞նչ ուղիներով է Սփոփող Միությունը հոգ տանում Վերջին Օրերի Սուրբ կանանց հոգևոր բարօրության համար: Ինչպե՞ս են Սփոփող Միության քույրերը իրենց ազդեցությունը տարածում իրենց կազմակերպությունից այն կողմ: (Որոշ օրինակների համար, տես բաժին 3:)
-
Նախագահ Սմիթը շեշտել է, որ բոլոր կանայք և տղամարդիկ պետք է հասկանան ավետարանի վարդապետությունները, զորացնեն իրենց վկայությունները և ստանան հայտնություն (տես բաժին 4): Ինչո՞ւ եք կարծում, որ կարևոր է մեզ բոլորիս համար ձգտել այդ պարգևներին:
-
Նախագահ Սմիթն ուսուցանել է, որ քահանայության օրհնությունները «թափվում են… Եկեղեցու բոլոր հավատարիմ կանանց վրա» (բաժին 5): Ինչո՞ւ կանայք քահանայության օրհնությունների կարիքն ունեն իրենց պարտականությունները կատարելու համար տանը և Եկեղեցում: Կանանց հոգևոր պարգևներ ստանալու ի՞նչ օրինակներ եք տեսել:
Առնչվող սուրբ գրություններ
Օգնություն ուսուցչին
«Հաճախ օգտակար է սկսել մտածել մոտակա դասի մասին նախորդ դասը ուսուցանելուց անմիջապես հետո: Դուք, հավանաբար, ամենալավը կարող եք տեղյակ լինել նրանց կարիքների և հետաքրքրությունների մասին, ում ուսուցանում եք, անմիջապես նրանց հետ շփվելուց հետո» (Ուսուցում. չկա ավելի մեծ կոչում [1999], 97):