Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 121


Բաժին 121

Աղոթք և մարգարեություններ՝ գրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի կողմից, մինչ նա բանտարկյալ էր Լիբերթիի բանտում, Միսսուրի, գրանցված 1839-ի մարտի 20-ի ամսաթվով (History of the Church, 3.289–300): Մարգարեն և մի քանի գործընկերներ ամիսներով բանտում էին գտնվում: Գործադիր պաշտոնյաներին և դատական մարմիններին ուղղված նրանց խնդրագրերն ու գանգատներն այլևս սփոփանք չէին բերում:

1–6՝ Մարգարեն աղաչում է Տիրոջը տառապող Սրբերի համար. 7–10՝ Տերը խաղաղություն է խոսում նրա հետ. 11–17՝ Անիծյալ են բոլոր նրանք, ովքեր կեղծ բացականչություններ են անում այն մասին, թե Տիրոջ ժողովուրդն օրինազանցել է. 18–25՝ Նրանք քահանայության իրավունք չեն ունենա և կնզովվեն. 26–32՝ Փառահեղ հայտնություններ են խոստացվում նրանց, ովքեր քաջաբար համբերում են. 33–40՝ Ինչո՞ւ են շատերը կանչված և քչերն ընտրված. 41–46՝ Քահանայությունը պետք է օգտագործվի միայն արդարությամբ:

1 Ո՜վ Աստված, ո՞րտեղ ես դու: Եվ ո՞րտեղ է տաղավարը, որ ծածկում է քո թաքնված տեղը:

2 Որքա՞ն պիտի քո ձեռքը ետ պահվի, և քո աչքը, այո՛, քո մաքուր աչքը հավերժական երկինքներից նայի քո ժողովրդի և քո ծառաների հանդեպ անարդարություններին, և քո ականջը թափանցեն նրանց աղաղակները:

3 Այո, ո՜վ Տեր, որքա՞ն պիտի նրանք կրեն այս անարդարություններն ու անօրինական ճնշումները, մինչև սիրտդ փափկի նրանց հանդեպ և աղիքներդ կարեկցանքից գալարվեն նրանց հանդեպ:

4 Ո՜վ Ամենազոր Տեր Աստված, արարիչ երկնքի, երկրի և ծովերի, և բոլոր բաների, որ նրանցում են, և դո՛ւ, որ հսկում և հպատակեցնում ես դևին, և Շեոլի խավար ու մթագին տիրապետությունը,– պարզիր ձեռքդ. թող քո աչքը խոցի. թող քո տաղավարը վեր բարձրացվի. թող քո թաքնված տեղն այլևս ծածկված չլինի. թող ականջդ հակվի. թող քո սիրտը փափկի և աղիքներդ կարեկցանքից գալարվեն մեր հանդեպ:

5 Թող քո բարկությունը բռնկվի մեր թշնամիների դեմ. և սրտիդ կատաղությամբ, քո սրով, վրեժ առ մեր հանդեպ կատարված անարդարությունների համար:

6 Հիշիր քո տառապող սրբերին, ո՜վ մեր Աստված. և ծառաներդ հավիտյան կցնծան քո անունով:

7 Որդի՛ս, խաղաղություն քո հոգուն. քո ձախորդություններն ու քո չարչարանքները կտևեն միայն մի փոքր պահ.

8 Եվ հետո, եթե դու լավ համբերես, Աստված քեզ վեր կբարձրացնի. դու կհաղթես քո բոլոր թշնամիներին:

9 Ընկերներդ կանգնած են կողքիդ, և նրանք կրկին կողջունեն քեզ ջերմ սրտերով ու բարյացակամ ձեռքերով:

10 Դու դեռևս Հոբի պես չես. քո ընկերները չեն հակառակվել քեզ, ոչ էլ մեղադրում են քեզ օրինազանցության մեջ, ինչպես վարվեցին Հոբի հետ:

11 Իսկ նրանք, ովքեր մեղադրում են քեզ օրինազանցության մեջ, նրանց հույսը պիտի կորչի, և նրանց հեռանկարները պիտի հալվեն, ինչպես եղյամն է հալվում ծագող արևի այրող ճառագայթներից.

12 Եվ նաև Աստված դրել է իր ձեռքը և կնիքը, որ փոխի ժամերն ու եղանակները և կուրացնի նրանց մտքերը, որպեսզի նրանք չկարողանան հասկանալ նրա զարմանալի գործերը. որպեսզի նրանց ևս փորձի և բռնի իրենց իսկ նենգության մեջ.

13 Եվ քանի որ նրանց սրտերն ապականված են, այն բաները, որոնք նրանք կամենում են բերել ուրիշների վրա և սիրում են ուրիշներին տառապանք պատճառել, որպեսզի գա իրենց վրա մինչև վերջին աստիճանը.

14 Որպեսզի նրանք ևս հուսախաբվեն, և նրանց հույսը կտրվի.

15 Եվ ոչ շատ տարիներ անց, որպեսզի նրանք և նրանց ժառանգները սրբվեն երկնքի տակից, ասում է Աստված, որպեսզի նրանցից ոչ ոք չմնա պատի մոտ կանգնելու:

16 Անիծված են բոլոր նրանք, ովքեր կրունկ կբարձրացնեն իմ օծյալների դեմ, ասում է Տերը, և կբացականչեն, թե նրանք մեղանչել են, երբ նրանք չեն մեղանչել իմ առաջ, ասում է Տերը, այլ արել են այն, ինչը հաճելի էր իմ աչքին, և ինչը ես էի պատվիրել նրանց:

17 Բայց նրանք, ովքեր բացականչում են՝ օրինազանցությո՜ւն, անում են այդ, որովհետև մեղքի ծառաներն են, և ինքնին անհնազանդության զավակներ են:

18 Եվ նրանք, ովքեր կեղծ երդում են տալիս իմ ծառաների դեմ, որպեսզի բերեն նրանց գերության և մահվան,–

19 Վա՛յ նրանց. որովհետև նրանք վիրավորել են իմ փոքրերին, նրանք պիտի կտրվեն իմ տան արարողություններից:

20 Նրանց զամբյուղը չի լցվի, նրանց տներն ու ամբարները կկորչեն, և նրանք կարհամարհվեն նրանց կողմից, ովքեր քծնում էին իրենց:

21 Սերնդե-սերունդ, ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանցից հետո իրենց ժառանգները քահանայության իրավունք չեն ունենա:

22 Ավելի լավ կլիներ նրանց համար, որ մի ջաղացի քար կախվեր նրանց պարանոցից, և նրանք խեղդվեին ծովի անդունդում:

23 Վա՜յ բոլոր նրանց, ովքեր անհանգստացնում են իմ ժողովրդին, և քշում ու սպանում և վկայում են նրա դեմ, ասում է Զորաց Տերը. իժերի սերունդը չի խուսափելու դժոխքի նզովքից:

24 Ահա, իմ աչքերը տեսնում են և գիտեն բոլոր նրանց գործերը, և իր ժամանակին ես սրընթաց դատաստան ունեմ պահած, նրանց բոլորի համար.

25 Քանզի նշանակված ժամանակ կա ամեն մարդու համար՝ ըստ կատարած գործերի:

26 Աստված ձեզ գիտելիք կտա իր Սուրբ Հոգու միջոցով, այո, Սուրբ Հոգու անասելի պարգևով, որը հայտնի չի դարձվել աշխարհի սկզբից մինչև հիմա.

27 Որին մեր նախահայրերը փափագող ակնկալիքով սպասել են, որ հայտնի դարձվի վերջին ժամանակներում, որին ուղղվել էին նրանց մտքերը, հրեշտակների միջոցով, որը պահվել էր նրանց փառքի լիության համար.

28 Դա կլինի մի ժամանակ, երբ ոչինչ ետ չի պահվի, լինի մեկ Աստված, թե շատ աստվածներ, նրանք պիտի հայտնվեն:

29 Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները, պիտի հայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի:

30 Եվ նաև, եթե կան հաստատված սահմաններ երկնքի կամ ծովերի կամ ցամաքի կամ արևի, լուսնի կամ աստղերի համար,–

31 Դրանց բոլոր պտույտների ժամանակները, բոլոր նշանակված օրերը, ամիսները և տարիները, և նրանց օրերի, ամիսների ու տարիների բոլոր օրերը, և նրանց բոլոր փառքերը, օրենքները և հաստատված ժամանակները, պիտի հայտնի դարձվեն ժամանակների լրության տնտեսության օրերին,–

32 Համաձայն նրա, ինչը կարգվել էր բոլոր մյուս աստվածների Հավերժական Աստծո Խորհրդում, նախքան այս աշխարհի լինելը, որ պետք է պահպանվեր մինչև նրա ավարտն ու վերջը, երբ ամեն մարդ պիտի մտնի նրա հավերժական ներկայությունը և նրա անմահ հանգիստը:

33 Որքա՞ն կարող են հոսող ջրերն անմաքուր մնալ: Ի՞նչ զորություն պիտի ետ պահի երկինքները: Ինչպես մարդը կարող է պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի որոշված ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ կարող է խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիք թափելիս:

34 Ահա, շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված: Իսկ ինչո՞ւ նրանք ընտրված չեն:

35 Որովհետև նրանց սրտերն այնքան շատ են դրված այս աշխարհի բաների վրա և տենչում են մարդկանց գովասանքները, որ նրանք չեն սովորում այս մեկ դասը,–

36 Որ քահանայության իրավունքներն անբաժանորեն կապված են երկնքի զորությունների հետ, և որ երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա:

37 Որ դրանք կարող են շնորհվել մեզ, ճշմարիտ է. բայց երբ մենք ձգտում ենք քողարկել մեր մեղքերը կամ գոհացնել մեր հպարտությունը, մեր ունայն փառասիրությունը կամ իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում մարդկանց զավակների հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով, ահա, երկինքները ետ են քաշվում. Տիրոջ Հոգին տրտմում է. և երբ այն ետ է քաշվում, Ամե՛ն այդ մարդու քահանայությանը կամ իշխանությանը:

38 Ահա, մինչ նա կգիտակցի, նա թողնված է մենակ, որ քացի տա խթանին, հալածի սրբերին և կռվի Աստծո դեմ:

39 Մենք տխուր փորձառությամբ սովորել ենք, որ գրեթե բոլոր մարդկանց բնությունն ու հակվածությունն է՝ հենց որ նրանք ստանում են մի փոքր լիազորություն, ինչպես իրենք ենթադրում են, նրանք անմիջապես սկսում են անիրավ իշխանություն գործադրել:

40 Ուստի շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված:

41 Ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող և չպետք է պահպանվի քահանայության շնորհիվ. միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով.

42 Բարությամբ և մաքուր գիտելիքով, որոնք անչափ մեծացնում են հոգին՝ առանց կեղծավորության ու առանց նենգության,–

43 Ժամանակին խստությամբ հանդիմանելով, երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի.

44 Որպեսզի նա իմանա, որ քո հավատարմությունն ավելի ամուր է, քան մահվան կապանքները:

45 Նաև թող քո որովայնը գթությամբ լցված լինի բոլոր մարդկանց հանդեպ և հավատքի ընտանիքի հանդեպ, և թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար. այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ. և քահանայության վարդապետությունը կիջնի քո հոգու վրա, ինչպես ցողը երկնքից:

46 Սուրբ Հոգին կլինի քո մշտական ընկերը, և քո գավազանը կլինի արդարության ու ճշմարտության անփոփոխ գավազան. և քո տիրապետությունը կլինի հավիտենական տիրապետություն և առանց հարկադրանքի կհոսի դեպի քեզ հավիտյանս հավիտենից: