Վեր կացեք և շողացեք
Վեր կենալու և շողալու լավագույն ճանապարհներից մեկը Աստծո պատվիրաններին վստահորեն հնազանդվելն է:
Ինձ համար պատիվ է այս երեկո լինել ձեզ հետ: Ամեն հունվար ես անհամբեր սպասում եմ Միացյալ նոր թեմայի հայտարարությանը: Սակայն, ես միշտ ժամանակ եմ տրամադրում գնահատելու, թե ինչպես եմ յուրացրել անցած տարվա թեմայի դասերը:
Մի պահ եկեք վերանայենք վերջին թեմաները. «Թող առաքինությունը զարդարի քո մտքերն անդադար»,1 «Եղեք հաստատուն և անխախտ, միշտ հարուստ լինելով բարի գործերով»,2 «Օրինակ եղիր հավատացեալներին»,3 «Զորացիր և քաջ եղիր»4 և հավատո տասներեքերորդ հանգանակը. «Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն»:5
Ամբողջ տարվա ընթացքում այս սուրբ գրությունները ուսումնասիրելը և դրանց վրա կենտրոնանալը թույլ է տվել, որ դրանք դառնան մեր սրտերի, մեր հոգիների և մեր վկայությունների մասը Հուսով ենք, որ դուք կշարունակեք հետևել այդ ցուցումներին, մինչ մենք կանցնենք 2012թ. Միացյալի թեմային, որը գտնվում է Վարդապետություն և Ուխտերում:
115-րդ բաժնի խորագիրը բացատրում է, որ 1838 թվականն էր, Ֆար Վեստ, Միսսուրի: Ջոզեֆ Սմիթին հայտնի դարձվեց «Աստծո կամքն այդ վայրի կառուցման և Տիրոջ տան վերաբերյալ»: Մարգարեն լավատես էր և ոգևորված: Տող 5-ում մենք գտնում ենք այս տարվա թեման. «Ճշմարիտ ասում եմ ձեզ բոլորիդ. Վեր կացեք և շողացեք, որպեսզի ձեր լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:
Ի՞նչ եք դուք մտածում, երբ լսում եք վեր կացեք բառը: Անձամբ ես մտածում եմ ձեր՝ Եկեղեցու ազնվագույն երիտասարդների մասին: Ես պատկերացնում եմ ձեզ, թե ինչպես եք ամեն առավոտ պարտաճանաչ վեր կենում ձեր անկողիններից վաղ առավոտյան սեմինարիայի համար: Ես տեսնում եմ, ինչպես եք դուք հավատարմորեն վեր կենում՝ ձեր ամենօրյա աղոթքների համար ծնկի իջնելուց հետո: Ես մտածում եմ ձեր մասին, երբ դուք քաջությամբ վեր եք կենում՝ ձեր վկայությամբ կիսվելու և ձեր չափանիշները պաշտպանելու համար: Ինձ ոգեշնչում են ավետարանին ձեր նվիրումը և ձեր լավ օրինակները: Ձեզանից շատերն արդեն ընդունել են այս հրավերը՝ վեր կենալ և շողալ, և ձեր լույսը խրախուսում է մյուսներին անել նույնը:
Վեր կենալու և շողալու լավագույն ճանապարհներից մեկը Աստծո պատվիրաններին վստահորեն հնազանդվելն է: Մենք սովորում ենք այդ պատվիրանների մասին սուրբ գրություններում, ժամանակակից մարգարեներից և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի էջերից: Յուրաքանչյուրդ պետք է ունենաք ձեր օրինակը: Իմ սեփական օրինակում ես օղակի մեջ եմ վերցրել համար և ձեր բառերը, ինչպես ինձ սովորեցրեց անել իմ հարգելի մի ընկեր: Այս հասարակ ձևը հիշեցնում է ինձ, որ այս չափանիշները ընդհանուր ուղեցույցներ չեն՝ դրանք հատուկ ինձ համար են: Հուսով եմ, որ դուք ժամանակ կգտնեք և օղակի մեջ կվերցնեք ձեր գրքույկների մեջ այդ բառերը, կարդացեք այն սկզբից մինչև վերջ և զգացեք, ինչպես է Հոգին վկայում, որ այս չափանիշները նաև ձեզ համար են:
Ոմանք կփորձեն անտեսել կամ մերժել Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում գտնվող չափանիշները: Նրանք կարող են նայել գրքույկին և ասել. «Տես, մայրիկ, գիրքը չի ասում ոչինչ [ընթացիկ ամսագիրը]»: Կամ նրանք կարող են արդարացնել իրենց. «Այն, ինչ ես անում եմ, այդքան էլ վատ չէ: Ես, անկասկած, այդքան վատը չեմ, ինչպես [ընկերոջ կամ ծանոթի անունը]»:
Նախագահ Հարոլդ Բ. Լին ուսուցանել է. «Աստծո բոլոր պատվիրաններից ամենակարևորն այն է, որը դուք դժվարանում եք պահել այսօր»: 6Բենիամին թագավորը բացատրել է. «Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել, քանզի կան զանազան ուղիներ և միջոցներ, նույնիսկ այնքան շատ, որ ես չեմ կարող թվել դրանք»:7 Եթե դուք դժվարանում եք պահել այս չափանիշները և պատվիրանները, ես խրախուսում եմ ձեզ օգնություն փնտրել ավետարանում: Կարդացեք ձեր սուրբ գրությունները: Ժամանակ գտեք LDS.org Եկեղեցու պաշտոնական կայք էջը ուսումնասիրելու և ձեր հարցերի պատասխանները գտնելու համար: Խոսեք ձեր ծնողների, Եկեղեցու ձեր ղեկավարների և նրանց հետ, ովքեր, ապրելով ավետարանով, պայծառ շողում են: Աղոթեք: Ձեր սիրտը թափեք ձեր Երկնային Հոր առաջ, որը սիրում է ձեզ: Ամեն օր օգտվեք ապաշխարության պարգևից: Ծառայեք մյուսներին: Եվ ամենակարևորը, լսեք և հնազանդվեք Սուրբ Հոգու հուշումներին:
Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը մեզ բոլորիս խրախուսում է այս խոսքերով. «Իմ երիտասարդ ընկերներ, եղեք ամուր: … Դուք գիտեք, ինչն է ճիշտը և ինչն է սխալ, և ոչ մի քողարկում, որքան էլ որ հրապուրիչ լինի, չի կարող փոխել դա: … Եթե ձեր այսպես կոչված ընկերները կոչ են անում ձեզ անել մի բան, որը, դուք գիտեք, որ սխալ է, ապա միայն դուք պետք է ճիշտը պաշտպանեք, եթե անգամ միայնակ եք այդ հարցում»:8
Երկնային Հայրը չի ուզում, որ մենք նայենք աշխարհին և հետևենք դրա անընդմեջ փոփոխվող միտումներին: Նա ցանկանում է, որ մենք նայենք Իրեն և հետևենք Իր անփոփոխ առաջնորդությանը: Նա ցանկանում է, որ մենք ապրենք ավետարանով և տանենք մյուսներին դեպի այն, սահմանելով բարձր չափանիշ:
Սուրբ գրությունները բազմաթիվ մեծ օրինակներ են տրամադրում այդ գաղափարը պարզաբանելու համար: Հին Կտակարանի Դատավորաց գրքում մենք սովորում ենք Սամփսոնի մասին: Սամփսոնը մեծ ներուժով էր ծնվել: Նրա մորը խոստում էր տրվել. «Նա սկսելու է Իսրայելին ազատել Փղշտացիների ձեռքիցը»:9 Սակայն մեծանալով, Սամփսոնը ավելի շատ նայում էր աշխարհի գայթակղություններին, քան Աստծո ուղղորդությանը: Նա ընտրություններ էր կատարում, որոնք ոչ թե ճիշտ էին, այլ որովհետև դրանք «[նրան] հաճելի էին»:10 «Եվ իջավ»11, ինչ վերաբերում է Սամփսոնի ճամփորդութուններին, արարքներին և ընտրություններին: Վեր կենալու և շողալու փոխարեն՝ իր մեծ ներուժը իրագործելու համար, Սամփսոնը տրվեց աշխարհին, կորցրեց իր աստվածատուր զորությունը և մահացավ ողբերգական վաղաժամ մահով:
Մյուս կողմից, սուրբ գրությունները տալիս են Դանիելի օրինակը: Դանիելը նույնպես ծնվել էր մեծ ներուժով: Դանիելի գրքում, գլուխ 6-ում մենք կարդում ենք. «Դանիելը նախապատիվ եղավ հրամանատարներից և կուսակալներից, որովհետև նորանում գերազանց հոգի կար»:12 Երբ աշխարհիկ փորձությունները բաժին ընկան Դանիելին, նա չնայեց ներքև՝ աշխարհին, այլ վեր կացավ և նայեց երկնքին: Թագավորի աշխարհիկ հրամանին հետևելու փոխարեն, ըստ որի մինչև 30 օր ոչ ոք չպետք է աղոթեր ոչ ոքի, բացի թագավորից, Դանիելը «գնաց իր տունը, և իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը երեք անգամ նա ծունկի վրա էր գալիս և աղոթք էր անում և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ այդպես էր անում:13
Դանիելը չէր վախենում վեր կենալ և շողալ, հետևելով Աստծո պատվիրաններին: Թեև ճշմարտությունը պաշտպանելու համար նա անհանգիստ գիշեր անցկացրեց առյուծների գուբում, նա պաշտպանված և օրհնված էր իր հնազանդության շնորհիվ: Երբ հաջորդ առավոտյան Դարեհ թագավորը Դանիելին հանեց առյուծների գուբից, նա հրաման արձակեց այն մասին, որ բոլորը այսուհետ պետք է վախենային Դանիելի Աստծուց և հետևեին Դանիելի հավատարիմ օրինակին: Իսկապես, Դանիելը մեզ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում չափանիշ լինել ազգերի համար և երբեք չիջեցնել մեր չափանիշները աշխարհիկ գայթակղությունների առաջ կանգնելիս:
Ես օրհնվել եմ, լսելով ժամանակակից երիտասարդների բազմաթիվ օրինակների մասին՝ ձեզ նման երիտասարդների, ովքեր չեն վախենում վեր կենալ և շողալ և թույլ տալ, որ իրենց լույսը չափանիշ լինի իրենց հասակակիցների մոտ: Ջոաննան Եկեղեցու միակ երեք անդամներից մեկն էր ավագ դպրոցում և միակ երիտասարդ կինը իր ծխում: Նա ինքն իր և Տիրոջ առաջ պարտավորվել էր երբեք վատ խոսելաձև չօգտագործել: Երբ դպրոցական մի ծրագրում նա պետք է զուգընկեր լիներ մի պատանու հետ, որը նման պարտավորություն չուներ, նա չիջեցրեց իր չափանիշները: Նա խնդրեց նրան հարգել և պատվել իր արժեքները: Ժամանակի ընթացքում, բազմաթիվ մեղմ և ոչ այդքան մեղմ ակնարկների արդյունքում, նրա ընկերը նոր սովորույթներ հիմնեց և սկսեց ավելի մաքուր խոսելաձև օգտագործել: Շատերը նկատեցին տարբերությունը, ներառյալ նրա հայրը, որը շնորհակալություն հայտնեց Ջոաննային իր որդու կյանքում լավ ազդեցություն գործելու համար:14
Վերջերս Ֆիլիպիններում մի հանձնարարության ժամանակ ես հանդիպեցի Քերինին, որը կիսվեց իր փորձառությամբ, որն ունեցել էր, երբ Դափնի էր և սովորում էր բակալավրի աստիճանի համար հյուրանոցային և ռետորանային կառավարման գծով: Ուսուցիչը պահանջեց, որ յուրաքանչյուր ուսանող սովորի պատրաստել և համտեսել զանազան ըմպելիքներ, որոնք կմատուցվեն իրենց ռեստորաններում: Որոշ ըմպելիքներ ալկոհոլ էին պարունակում և Քերինը գիտեր, որ դրանք համտեսելը Տիրոջ պատվիրաններին դեմ էր: Կանգնելով լուրջ հետևանքների առջև, Քերինը խիզախ գտնվեց վեր կենալու և շողալու. նա չհամտեսեց ըմպելիքները:
Քերինը պատմեց. «Ուսուցիչս մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչու ես չեմ ըմպում: Նա ասաց. «Օրիորդ Քերին, ինչպե՞ս դուք կարող եք իմանալ համը և փոխանցել այս կարևոր տեղեկությունը, եթե անգամ չեք համտեսում խմիչքները»: Ես նրան ասացի, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ եմ և մենք՝ անդամներս չենք խմում այն, ինչը վնաս է մեզ համար: Ինչ էլ, որ նա ակնկալեր ինձանից, անգամ եթե դա նշանակեր չանցնող գնահատական, ես կհասկանայի, սակայն ես երբեք չէի հրաժարվի իմ անձնական չափանիշներով ապրելուց»:
Շաբաթներ անցան և ավելին ոչինչ չասվեց այդ օրվա մասին: Կիսամյակի վերջում Քերինը գիտեր, որ իր ավարտական գնահատականը պետք է արտացոլեր իր խմիչքները փորձելու իր մերժումը: Նա չէր համարձակվում նայել իր գնահատականին, սակայն երբ հայացք գցեց, տեսավ, որ ստացել էր ամենաբարձր գնահատականը դասարանում:
Նա ասաց. «Այս փորձառությունից ես սովորեցի, որ Աստված … անկասկած կօրհնի մեզ, եթե մենք հետևենք Իրեն: Ես գիտեմ նաև, որ եթե անգամ ես ցածր գնահատական ստանայի, չէի զղջա իմ արածի համար: Ես գիտեմ, որ երբեք չեմ ընկնի Տիրոջ աչքում, եթե ընտրեմ անել այն, ինչը գիտեմ, որ ճիշտ է»:15
Թանկագին երիտասարդ կանայք, ձեզանից յուրաքաչյուրը ծնվել է մեծ ներուժով: Դուք Երկնային Հոր սիրելի դուստրերն եք: Նա ճանաչում և սիրում է ձեզ: Նա հրավիրում է ձեզ «վեր կենալ և շողալ», և խոստանում է, որ կաջակցի և կօրհնի ձեզ: Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուրդ խիզախություն գտնեք և ընդունեք Նրա հրավերը և ստանաք Նրա խոստումները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: