Բարձունքներ, որ պետք է հաղթահարել
Եթե հավատք ունենք առ Հիսուս Քրիստոս, ինչպես դժվար ժամանակները, այնպես էլ հեշտ ժամանակները կյանքում կարող են օրհնություն լինել:
Ես լսել եմ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալին համաժողովի նիստին խնդրելիս, որ Աստված իրեն բարձունքներ տա, որ հաղթահարի: Նա ասաց. «Մեր առջևում մեծ մարտահրավերներ կան, հսկայական հնարավորություններ: Ես ընդունում եմ այդ հուզիչ հեռանկարը և ցանկություն եմ զգում Տիրոջն ասելու, խոնարհաբար. «Տուր ինձ այդ բարձունքը, տուր ինձ այդ մարտահրավերները»:1
Սիրտս թռթռում էր, գիտենալով, որ այդ մարտահրավերներից ու ձախորդություններից մի քանիսը նա արդեն տեսել էր: Ես ցանկություն էի զգում ավելի շատ նմանվել իրեն՝ Աստծո քաջարի ծառային: Այդպես, երբ մի գիշեր ես աղոթում էի, որպեսզի իմ քաջությունը փորձելու համար մի ստուգարք ունենամ: Ես վառ հիշողություն ունեմ այդ օրվա մասին: Երեկոյան ես ծնկի իջա իմ ննջասենյակում հավատքով, որից սիրտս ուզում էր պոռթկալ:
Մեկ երկու օր չանցած իմ աղոթքները պատասխանվեցին: Իմ կյանքի ամենադժվար փորձությունն անակնկալի բերեց և խոնարհեցրեց ինձ: Այն ինձ կրկնակի դաս եղավ: Առաջինը, ես հստակ ապացույց ունեի, որ Աստված լսել և պատասխանել է հավատքի իմ աղոթքին: Իսկ երկրորդը, ես սկսեցի գրել ուսուցողական մի ձեռնարկ, որը դեռևս շարունակում եմ, որպեսզի սովորեմ, թե ինչո՞ւ էի այդ երեկո այդպես համոզված, որ ձախորդությունից կգա մի օրհնություն, որն ուրիշ այլ գնով հնարավոր չէր լինի փոխհատուցել:
Ձախորդությունը, որ ինձ պատահեց վաղուց անցած այդ օրը, այժմ չնչին է թվում, նրա համեմատ, ինչ եկել է դրանից հետո՝ ինձ և իմ հարազատներին: Ձեզանից շատերն այժմ անցնում են ֆիզիկական, մտավոր և հուզական փորձություններ, որոնք ձեզ ստիպում են բացականչել, ինչպես Աստծո մի մեծ և հավատարիմ ծառա, որին լավ ճանաչել եմ: Նրա բուժքույրը սլել էր նրան իր ցավի մահճակալից բացականչելիս. «Ողջ կյանքս փորձել եմ լավը լինել, ինչո՞ւ է սա ինձ հետ պատահել»:
Գիտեք, թե Տերն այդ հարցին ինչպես պատասխանեց Ջոզեֆ Սմիթին, երբ բանտախուցում էր.
«Եվ եթե քեզ գցեն հորը կամ մարդասպանների ձեռքը, և մահվան դատավճիռն անցնի վրայովդ. եթե քեզ գցեն ջրանդունդը. եթե բարձրացող ալիքը դավ նյութի քո դեմ. եթե կատաղի քամիները դառնան քո թշնամին. եթե երկինքները մթնեն, և բոլոր տարրերը համախմբվեն՝ ճանապարհը խոչընդոտելու. և այդ ամենից բացի, եթե դժոխքի ծնոտները լայն բացեն երախը, որպեսզի քեզ կուլ տան, իմացիր, որդիս, որ այս բոլոր բաները փորձառություն կտան քեզ և կլինեն քո օգտի համար:
Մարդու Որդին իջել է այդ ամենից ցած: Մի՞թե դու ավելի մեծ ես, քան նա:
Հետևաբար, շարունակիր ճանապարհդ, և քահանայությունը կմնա քեզ հետ. քանզի նրանց սահմանները հաստատված են՝ նրանք չեն կարող անցնել այն: Քո օրերը հայտնի են, և քո տարիները չեն կրճատվի. հետևաբար, մի վախեցիր նրանից, ինչ կարող է անել մարդը, քանզի Աստված քեզ հետ կլինի հավիտյանս հավիտենից»:2
Ինձ թվում է չկա ավելի լավ պատասխան այն հարցին, թե ինչու են փորձությունները գալիս և թե ինչպես պետք է մենք արձագանքենք, քան հենց Իր Տիրոջ խոսքերը, որը մեզ համար անցել է ավելի սարսափելի փորձություններով, քան կարող ենք պատկերացնել:
Դուք հիշում եք նրա խոսքերը, երբ նա խորհուրդ տվեց, որ մենք պետք է իրեն հավատալով, ապաշխարենք.
«Հետևաբար, ես պատվիրում եմ քեզ՝ ապաշխարել,– ապաշխարիր, չլինի թե քեզ զարկեմ իմ բերանի գավազանով և իմ ցասումով և իմ բարկությամբ, և քո տառապանքները լինեն դառը,– որքան դառը, դու չգիտես, որքան սուր, դու չգիտես, այո, որքան ծանր՝ տանելու, դու չգիտես:
Քանզի ահա, ես՝ Աստվածս, տառապել եմ այս բաները բոլորի համար, որպեսզի նրանք չտառապեն, եթե ապաշխարեն.
Բայց, եթե չապաշխարեն, նրանք պետք է տառապեն, ճիշտ ինչպես ես.
Տառապանք, որը ստիպեց ինձ, նույնիսկ Աստծուս, բոլորից մեծագույնիս, ցավից դողալ և արյունահոսել ամեն մի ծակոտիից և տառապել՝ թե մարմնով, թե ոգով,– և ես ցանկացա, որ գուցե չխմեմ դառը բաժակը և ընկրկեմ,–
Այնուամենայնիվ, փառք լինի Հորը, և ես ճաշակեցի ու ավարտեցի իմ նախապատրաստությունները մարդկանց զավակների համար»:3
Ես և դուք հավատք ունենք, որ փորձությունների միջով անցնելու և վեր բարձրանալու ուղին հավատալն է, որ կա «բալասան Գաղաադում»,4 և որ Տերը խոստացել է. «Չեմ լքի քեզ»:5 Դա այն է, ինչ մեզ ուսուցանեց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, որպեսզի օգնի մեզ և նրանց, ում մենք ճառայում ենք, միայնակ և հոգնեցուցիչ թվացող փորձությունների ժամանակ:6
Սակայն Նախագահ Մոնսոնը նաև իմաստուն ձևով ուսուցանել է, որ այդ խոստումների իրականության մեջ ժամանակ է պահանջվում, որ հավատքի հիմքը ձևավորվի: Ինձ պես դուք էլ հնարավոր է տեսած լինեք այդ հիմքի կարիքը ինչ-որ մեկի մահճակալի մոտ, որ պատրաստվում է դադարել մինչև վերջ համբերելու պայքարը: Եթե հավատքի հիմքը չի ձևավորվում մեր սրտում, ապա համբերելու ուժը կփշրվի:
Այսօրվա իմ նպատակն է նկարագրել այն, ինչ ես գիտեմ նրա մասին, թե ինչպես մենք կարող ենք դնել այդ անսասան հիմքը: Ես դա անում եմ մեծ խոնարհությամբ՝ երկու նպատակով: Նախ՝ այն, ինչ կասեմ, կարող է հուսալքել նրանց, ովքեր մաքառում են մեծ ձախորդությունների հետևանքով և զգում են, որ իրենց հավատքի հիմքը փշրվում է: Եվ երկրորդը՝ ես գիտեմ, որ իմ առջև երբևէ հայտնի ավելի մեծ ստուգարքներ են ընկած մինչև կյանքի վերջը: Ուստի, դեղատոմսը, որ առաջարկում եմ ձեզ, դեռևս պետք է ապացուցվի իմ անձնական կյանքում մինչև վերջ իմ համբերելով:
Երիտասարդ տարիքում ես աշխատում էի մի կապալառուի հետ, որը նոր առաձնատների համար հենարաններ ու հիմքեր էր կառուցում: Ամռան շոգին ծանր աշխատանք էր հողն այնպիսի տեսքով փորել, որը հնարավորություն կտար բետոնե հենարան կառուցել: Մեքենաներ չկային: Մենք աշխատում էինք քլունգով ու բահով: Շենքերի համար դիմացկուն հենարաններ կառուցելն այդ ժամանակ ծանր աշխատանք էր:
Այն պահանջում էր համբերություն: Հենարանի բետոնը լցնելուց հետո մենք սպասում էինք մինչև կարծրանա: Չնայած, որ շատ էինք ցանկանում, որ աշխատանքն արագ ընթանա, նախքան եզրապատերը հեռացնելը մենք նաև սպասում էինք, որ հիմքի բետոնը նույնպես կարծրանա:
Եվ նոր շինարարի համար ավելի տպավորիչ էր եզրապատերի ներսում մետաղյա ամրանների հոգնեցուցիչ և ժամանակատար աշխատանքը, որը պատրաստի հիմքին ամրություն էր տալիս:
Նմանատիպ ձևով, մեր հավատքի հիմքի համար պետք է զգուշությամբ հիմք նախապատրաստվի, որը կդիմանա յուրաքանչյուրիս կյանքում փչող փոթորիկներին: Հավատքի հիմքի այդ ամուր ելակետը անձնական շիտակությունն է:
Հետևողականորեն ճիշտը ընտրելը, ամեն անգամ, երբ մեր առջև ընտրություն է ծառանում, մեր հավատքի տակ ամուր հիմք է կառուցում: Այն կարող է սկսել մանկությունից, քանի որ յուրաքանչյուր հոգի ծնվելուց ստացել է Քրիստոսի Հոգու ազատ պարգևը: Հոգու շնորհիվ մենք կարող ենք իմանալ, երբ անում ենք մի բան, որը ճիշտ է Աստծո առաջ, և երբ անում ենք մի բան, որը սխալ է Նրա աչքին:
Այդ ընտրությունները, որոնք շատ օրեր կարող են հարյուրավոր լինել, ամուր հիմք են նախապատրաստում, որի վրա կառուցվում է մեր հավատքի շինությունը: Մետաղական շրջանակը, որի շուրջ լցվում է մեր հավատքի էությունը, Հիսուս Քրիստոսի ավետարանն է, իր բոլոր ուխտերով, արարողություններով և սկզբունքներով:
Տևական հավատքի բանալիներից մեկը անհրաժեշտ բուժիչ ժամանակը ճիշտ գնահատելն է: Ահա թե ինչու ես իմաստուն չէի, որ այդքան շուտ իմ կյանքում աղոթում էի, որ ինձ տրվի ավելի մեծ բարձունքներ և ավելի մեծ ստուգարքներ, որ հաղթահարեմ:
Այդ բուժումը չի գալիս ինքնաբերաբար, ժամանակի հետ, այլ ժամանակ է պահանջում: Տարիք առնելը միայն հարցը չի լուծում: Լուծումը Աստծուն և մերձավորներին ծառայելն է՝ հետևողականորեն, սրտով և հոգով լի, որը ճշմարտության վկայությունը վերածում է անկոտրում հոգևոր ուժի:
Այժմ ցանկանում եմ քաջալերել նրանց, ովքեր դժվար փորձությունների մեջ են, ովքեր զգացում ունեն, թե անախորժությունների հարձակումների ներքո իրենց հավատքը մարում է: Անախորժությունն իրենով կարող է ամրապնդվելու և, ի վերջո, անսասան հավատք ձեռք բերելու ձեր ուղին լինել: Մորմոնի Գրքում Մորմոնի որդի Մորոնին մեզ պատմել է, թե ինչպես կարող է այդ օրհնությունն իրականանալ: Նա ուսուցանում է պարզ և քաղցր ճշմարտությունը, որ հավատքի մի ոստի վրա աշխատելն անգամ Աստծուն թույլ է տալիս աճեցնել այն.
«Եվ այժմ, ես՝ Մորոնիս, կկամենայի որոշ բան խոսել այս բաների վերաբերյալ. ես կկամենայի ցույց տալ աշխարհին, որ հավատքը բաներ են, որոնց համար հույս ունենք և չենք տեսնում. ուստի, մի վիճեք, եթե դուք չեք տեսնում, քանզի նախքան ձեր հավատքի փորձությունը, դուք վկայություն չեք ստանում:
Քանզի հավատքով էր, որ Քրիստոսն իրեն ցույց տվեց մեր հայրերին մեռելներից հարություն առնելուց հետո. և նա իրեն ցույց չտվեց նրանց, մինչև նրանք հավատք չունեցան առ նա. ուստի, անպայման անհրաժեշտ էր, որ ոմանք հավատք ունենային առ նա, քանի որ նա իրեն ցույց չէր տվել աշխարհին:
Բայց մարդկանց հավատքի պատճառով նա իրեն ցույց տվեց աշխարհին, և փառավորեց Հոր անունը, և պատրաստեց մի ուղի, որպեսզի դրա միջոցով մյուսները երկնային պարգևի ճաշակողներ լինեին, որպեսզի նրանք հուսային այն բաների համար, որոնք նրանք չէին տեսել:
Ուստի, դուք նույնպես կարող եք հույս ունենալ և այդ պարգևի ճաշակողներ լինել, եթե միայն հավատք ունենաք»:7
Հավատքի այդ մասնիկը, որը ամենաարժեքավորն է, և որը դուք պետք է պահպանեք և օգտագործեք ինչ աստիճանի, որ կարող եք, հավատքն է առ Տեր Հիսուս Քրիստոս: Մորոնին ուսուցանել է այդ հավատքի ուժի մասին հետևյալ ձևով. «Եվ ոչ էլ երբևէ որևէ մեկը հրաշքներ է գործել, նախքան իր հավատքը. ուստի, նրանք առաջինը հավատացին Աստծո Որդուն»:8
Ես զրուցել եմ մի կնոջ հետ, որը ստացել էր աներևակայելի կորուստներին դիմանալու բավականաչափ ուժի հրաշքը պարզապես կարողանալով անվերջ կրկնել այս խոսքերը. «Գիտեմ, Քավիչս ապրում է»:9 Այդ հավատքը և վկայության այդ խոսքերը դեռևս այնտեղ է՝ մշուշում, որը ստվերել է, սակայն չի ջնջել նրա մանկության հիշողությունները:
Ինձ ապշեցրել է մեկ այլ կին, որը ներել էր մի մարդու, որը տարիներ շարունակ իրեն վատություն էր արել: Ես զարմացած հարցրեցի, թե ինչու է նա ընտրել ներել և մոռանալ տարիների ոխակալ վիրավորանքը:
Նա հանգիստ ասաց. «Դա ամենադժվար բանն էր, որ երբևէ ես արել եմ, սակայն ես պարզապես զգում էի, որ պետք է անեմ դա: Այնպես որ ներեցի»: Նրա հավատքը, որ եթե ների ուրիշներին, ապա Փրկիչը կների իրեն, նրան նախապատրաստեց խաղաղության զգացումով և հույսով, երբ իր չապաշխարած թշնամուն ներելուց մի քանի ամիս անց նա դիմավորեց մահվանը:
Նա հարցրեց ինձ. «Երբ գնամ երկինք, ինչպիսի՞ն կլինի այն»:
Ես ասացի. «Տեսնելով հավատք գործադրելու և ներելու քո ունակությունը, պարզապես գիտեմ, որ դա կլինի հրաշալի տունդարձ»:
Մեկ այլ քաջալերանքի խոսք ունեմ նրանց համար, ովքեր մտահոգված են, թե արդյոք նրանց հավատքն առ Հիսուս Քրիստոս բավական կլինի, որպեսզի նրանք լավ համբերեն մինչև վերջ: Ես օրհնված եմ եղել ճանաչելու ձեզանից ոմանց, ովքեր հիմա լսում են, երբ դուք երիտասարդ էիք, կենսունակ, որ ձեզ ավելի շատ էր տրված, քան ձեր շրջապատի մարդկանցից շատերին, այնուամենայնիվ, դուք ընտրեցիք անել այն, ինչ Փրկիչը կաներ: Ձեր առատությունից դուք գտաք ուղիներ՝ օգնելու և հոգալու նրանց մասին, ում դուք այլ դեպքում կանտեսեիք, բարձրից կնայեիք ձեր կյանքում:
Երբ ծանր փորձությունները գան, լավ համբերելու հավատքը տեղում կլինի, որը ձևավորվել է աննկատ, այն ժամանակ, երբ գործել եք Քրիստոսի մաքուր սիրով՝ ծառայելով և ներելով մյուսներին, ինչպես որ Փրկիչը կաներ: Դուք հավատքի հիմք եք կառուցել սիրելով, ինչպես Փրկիչը սիրեց, և Նրա համար ծառայելով: Նրա հանդեպ ձեր հավատքն առաջնորդեց գթության գործերի, որը հույս կբերի ձեզ:
Հավատքի հիմքը ամրացնելը երբեք ուշ չէ: Միշտ էլ ժամանակ կա: Փրկչի հանդեպ հավատքով դուք կարող եք ապաշխարել և ներում խնդրել: Կա մեկը, ում կարող եք ներել: Կա մեկը, ում կարող եք շնորհակալություն հայտնել: Կա մեկը, ում կարող եք ծառայել և բարձրացնել: Դուք կարող եք դա անել, որտեղ էլ լինեք և որքան էլ միայնակ կամ մեկուսի զգաք:
Ես չեմ կարող խոստանալ, որ այս կյանքում ձեր ձախորդությունները կվերջանան: Ես չեմ կարող ձեզ հավաստիացնել, որ ձեր փորձությունները ձեզ փոքր կթվան: Կյանքի փորձությունների բնութագիրներից մեկն այն է, որ նրանք կարծես դանդաղեցնում են ժամանակը, իսկ հետո, կարծես, գրեթե կանգնեցնում:
Դրա համար կան պատճառներ: Այդ պատճառներն իմանալը կարող է շատ մխիթարություն չտան, բայց ձեզ կարող են համբերության զգացում պարգևել: Այդ պատճառները գալիս են այս մեկ փաստից. Իրենց կատարյալ սիրուց ելնելով, Երկնային Հայրը և Փրկիչը ցանկանում են, որ դուք պատրաստ լինեք Նրանց հետ ընտանիքներով հավերժ ապրելու: Այնտեղ կարող են լինել միայն նրանք, ովքեր կատարելապես մաքրվել են Հիսուս Քրիստոսի Քավությամբ:
Իմ մայրը մոտ տաս տարի պայքարել է քաղցկեղի դեմ: Նրա փորձությունների թվում էին բուժումները, վիրահատությունները և, ի վերջո, մահճակալին գամվելը:
Հիշում եմ, թե ինչպես հայրս ասաց, երբ նայում էր մայրիկիս վերջին շունչը տալիս. «Փոքրիկ աղջիկը գնաց տուն հանգստանալու»:
Նրա թաղման խոսնակներից մեկը Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն էր: Հարգանքի տուրքի խոսքերից մեկը, որ հիշում եմ, մոտավորապես այսպես էր. «Ձեզանից ոմանք գուցե մտածեն, որ Միլդրեդն այդքան ժամանակ տառապեց, որովհետև ինչ-որ սխալ էր կատարել, որի համար պետք է չարչարվեր»: Ապա նա ասաց. «Ո՛չ, դա այն պատճառով էր, որ Աստված պարզապես ցանկանում էր նրան մի քիչ էլ հղկելով լավացնել»: Ես հիշում եմ այդ ժամանակ մտածեցի. «Եթե այդքան լավ կինը այդքան հղկվելու կարիք ուներ, ի՞նչ է ինձ սպասվում»:
Եթե հավատք ունենք առ Հիսուս Քրիստոս, ինչպես դժվար ժամանակները, այնպես էլ հեշտ ժամանակները կյանքում կարող են օրհնություն լինել: Բոլոր պայմաններում մենք կարող ենք ընտրել ճիշտը Հոգու առաջնորդությամբ: Մենք ունենք Հիսուս Քրիստոսի ավետարանը, որը եթե ընտրենք, կձևավորի և կառաջնորդի մեր կյանքը: Եվ մարգարեների հետ, որոնք հայտնում են փրկության ծրագրում մեր տեղը, մենք կարող ենք ապրել կատարյալ հույսով և խաղաղության զգացումով: Եվ մենք երբեք կարիք չունենք մտածելու, եր միայնակ ենք կամ սիրված չենք Տիրոջ ծառայության մեջ: Մենք կարող ենք զգալ Աստծո սերը դրա համար: Փրկիչը մեզ խոստացել է, որ հրեշտակները կլինեն մեր ձախ կողմում և մեր աջ կողմում, որպեսզի մեզ բարձրացնեն:10 Եվ Նա միշտ հավատարիմ է իր խոսքին:
Ես վկայում եմ, որ Հայր Աստվածն ապրում է, և որ Նրա Սիրելի Որդին մեր Քավիչն է: Սուրբ Հոգին հաստատում է ճշմարտությունը այս համաժողովի ժամանակ և կրկին կհաստատի, եթե դուք փնտրեք, երբ լսեք, և ավելի ուշ, երբ դուք ուսումնասիրեք այստեղ գտնվող Տիրոջ լիազորված ծառաների ուղերձները: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը Տիրոջ մարգարեն է ողջ աշխարհի համար: Տերը հոգում է ձեր մասին: Հայր Աստվածն ապրում է: Նրա Սիրելի Որդին, Հիսուս Քրիստոսը, մեր Քավիչն է: Նրա սերը հաստատուն է: Ես վկայում եմ այդ մասին Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: