Հասնել իրական աճի
Հոգիներ փրկելը այն աշխատանքն է, որ Փրկիչը կանչել է մեզ բոլորիս անել:
Վերջին ամիսներին ավելի շատ ուշադրություն է դարձվում Եկեղեցում իրական աճ ապահովելու անհրաժեշտությանը, բերելով բոլորին, ովքեր կընդունեն և կպահեն ուխտերը և փրկագնող արարողությունները և կապրեն սրտի հզոր փոփոխությամբ, որը նկարագրել էր Ալման (տես Ալմա 5.14): Եկեղեցում իրական աճ ունենալու ամենաիմաստուն և կարևոր եղանակներից մեկը մկրտվածներին օգնության հասնելն ու փրկելն է, ովքեր գտնվում են քիչ-ակտիվ վիճակում, առանց օրհնություններ և փրկագնող արարողություններ ստանալու: Անկախ տնային կամ այցելող ուսուցիչ, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչ, եպիսկոպոս, հայր, մայր կամ Բարձրագույն Իշխանավոր
Մի կիրակի առավոտ, մոտավորապես 30 տարի առաջ, մինչ ես ծառայում էի ցցի նախագահությունում, մենք հեռախոսազանգ ստացանք մեր հավատարիմ եպիսկոպոսներից մեկից: Նա բացատրեց, որ իր ծուխը այնքան արագ էր աճել, որ նա այլևս չէր կարողանում կարևոր կոչումներ տալ բոլոր արժանի անդամներին: Նրա խնդրանքն էր մեզ, որ մենք կիսեինք ծուխը: Մինչ սպասում էինք նման պաշտոնական թույլտվության, մենք որոշեցինք որպես ցցի նախագահություն այցելել ծուխ և կանչել այդ բոլոր հրաշալի, արժանի եղբայրներին և քույրերին որպես ցցի միսիոներներ:
Երրորդ մարդը, ում ես այցելեցի, մի երիտասարդ ուսանողուհի էր, որ հաճախում էր տեղի համալսարանը: Մի քանի րոպե զրուցելուց հետո, ես տվեցի նրան կոչում՝ ծառայելու որպես միսիոներ: Մի քանի րոպե լռություն տիրեց: Այնուհետև նա ասաց. «Նախագահ, դուք չգիտե՞ք, որ ես ոչ ակտիվ եմ Եկեղեցում»:
Մի քանի րոպե լռելուց հետո ես ասացի. «Ոչ, ես չգիտեի, որ դուք ոչ ակտիվ եք»:
Նա պատասխանեց. «Ես ոչ ակտիվ եմ եղել Եկեղեցում տարիներ շարունակ»: Այնուհետև նա ասաց. «Չգիտե՞ք, որ երբ դուք ոչ ակտիվ եք լինում, դա այդքան էլ հեշտ չէ վերադառնալ»:
Ես պատասխանեցի. «Ոչ: Ձեր ճյուղը սկսում է ծառայությունը ժամը 9.00: Դուք գալիս եք աղոթատուն և դուք մեզ հետ եք»:
Նա պատասխանեց. «Ոչ, դա այդքան էլ հեշտ չէ: Դուք անհանգստանում եք շատ բաների համար: Ձեզ անհանգստացնում է, թե արդյոք ինչ-որ մեկը կողջունի ձեզ կամ եթե դուք մենակ կնստեք և կանտեսվեք ժողովների ժամանակ: Եվ դուք անհանգստանում եք, թե արդյոք դուք կնդունվեք և ովքեր կլինեն ձեր նոր ընկերները»:
Մինչ արցունքները գլորվում էին նրա այտերի վրայով, նա շարունակեց. «Ես գիտեմ, որ իմ հայրն ու մայրը տարիներ շարունակ աղոթել են իմ համար, որ ես վերադառնամ Եկեղեցի»: Այնուհետև, ևս մի րոպե լռությունից հետո, նա ասաց. «Վերջին երեք ամիսների ընթացքում ես աղոթում էի, որ գտնեի քաջություն, ուժ և ճանապարհ ակտիվության վերադառնալու համար»: Հետո նա հարցրեց. «Նախագահ, ի՞նչ եք կարծում, այս կոչումը կարո՞ղ է այդ աղոթքների պատասխանը լինել»:
Իմ աչքերը սկսեցին լցվել և ես պատասխանեցի. «Ես կարծում եմ, որ Տերը պատասխանեց ձեր աղոթքներին»:
Նա ոչ միայն ընդունեց կոչումը, այլ դարձավ հրաշալի միսիոներ: Եվ ես վստահ եմ, որ նա մեծ ուրախություն բերեց ոչ միայն ինքն իրեն, այլ նաև իր ծնողներին և հավանաբար ընտանիքի այլ անդամներին:
Մի քանի բաներ կան, որ ես սովորեցի այս և նմանատիպ հարցազրույցներից.
-
Ես սովորել եմ կամ հիշեցվել, որ բազում քիչ-ակտիվ անդամներ ունեն սիրած էակներ, ովքեր ամեն օր իրենց ծնկների վրա աղոթքով խնդրում են Տիրոջը օգնել փրկել իրենց սիրելիին:
-
Ես սովորեցի, որ այդքան էլ հեշտ չէր կամ հարմար քիչ-ակտիվ անդամի համար պարզապես քայլել ու ետ գալ Եկեղեցի: Նրանք օգնության կարիք ունեն: Նրանք աջակցության կարիք ունեն: Նրանք ընկերակցության կարիք ունեն:
-
Ես սովորեցի նաև, որ մենք ունենք քիչ-ակտիվ անդամներ, ովքեր փորձում են և կամենում գտնել ակտիվ դառնալու ուղին:
-
Ես սովորեցի, որ մի շարք քիչ-ակտիվ անդամներ կոչումներ կկրեն, եթե խնդրենք նրանց:
-
Ես սովորեցի, որ քիչ-ակտիվ անդամը արժանի է, որ վերաբերվենք նրան որպես հավասարի և դիտենք նրան որպես սիրող Աստծո որդի կամ դուստր:
Տարիներ շարունակ ես խորհել եմ, թե ինչպես կանցներ այս հարցազրույցը, եթե ես նրան մոտենայի որպես Եկեղեցու քիչ-ակտիվ անդամի: Ես թողնում եմ, որ դուք որոշեք, թե ինչ կարող էր պատահել:
Մի շարք քիչ-ակտիվ անդամների կյանքում մի պահ է գալիս, երբ ինչ-որ մի բան դրդում է նրանց պատրաստ լինել վերադառնալու լրիվ ակտիվության Հիսուս Քրիստոսի վերականգնված Եկեղեցում: Դրա պատճառը կարող է լինել նոր ծնված երեխան: Կարող է լինել մահը: Դա կարող է լինել որոշակի աստիճանի հուսահատության կամ կարիքի մեջ լինելը: Դա կարող է լինել Տիրոջը հղված սիրած մեկի աղոթքների պատասխանը: Կամ դա կարող է այնքան հասարակ լինել, ինչպես ընդամենը խնդրելը: Շատերը կարող են և կկատարեն այդ փոփոխությունը, եթե նրանց վերաբերվեն որպես Աստծո արժեքավոր որդու կամ դստեր:
Վերաակտիվացումը միշտ եղել է Տիրոջ աշխատանքի կարևոր մասը: Չնայած օգնության հասնելը յուրաքանչյուր անդամի պարտականությունն է, Ահարոնյան և Մելքիսեդեկյան Քահանայություն կրողների պարտականությունն է առաջնորդել ուրիշներին այս աշխատանքում: Ի վերջո դա այն է, ինչ իրենից ներկայացնում է քահանայության ծառայությունը՝ բերել բոլոր մարդկանց առ Տիրոջ վեհացնող ուխտերը, պարգևելով խաղաղություն, երջանկություն և ինքնարժեք:
Մորմոնի Գրքից ձեր ուսումնասիրության ժամանակ դուք կվերհիշեք, երբ Ալմա Կրտսերը իմացավ, որ Զորամացիները հեռացել էին Եկեղեցուց, նա կազմավորեց վերաակտիվացնող խումբ այդ մարդկանց փրկելու համար: Մինչ նրանք կատարում էին իրենց հանձնարարությունը, Ալման աղերսում էր Տիրոջն այս խոսքերով.
«Ո՜վ Տեր, խնդրում եմ շնորհիր մեզ, որ մենք կարողանանք հաջողություն ունենալ՝ նրանց կրկին Քրիստոսով դեպի քեզ բերելու:
Ահա, ո՜վ Տեր, նրանց հոգիներն արժեքավոր են, և նրանցից շատերը մեր եղբայրներն են. հետևաբար, ո՜վ Տեր, տուր մեզ զորություն և իմաստություն, որ կարողանանք մեր այս եղբայրներին կրկին բերել քեզ մոտ» (Ալմա 31.34–35, ընդգծումներն ավելացված են):
Մի քանի ամիս առաջ նորադարձների և քիչ-ակտիվ անդամների հանդիպման ժամանակ վերաակտիվացված իմ տարիքի մի ջենտելմեն մոտեցավ ինձ և ասաց. «Ես քիչ-ակտիվ եմ եղել իմ կյանքի մեծ մասը: Ես հեռացա Եկեղեցուց իմ կյանքի վաղ շրջանում: Սակայն ես վերադարձել եմ այժմ, և ես աշխատում եմ տաճարում իմ կնոջ հետ»:
Որպեսզի օգնեի նրան իմանալ, որ ամեն ինչ լավ էր, ես այսպիսի պատասխան տվեցի. «Ամեն ինչ լավ է, քանի որ ամեն բան լավ ավարտ ունեցավ»:
Նա պատասխանեց. «Ոչ, ամեն բան լավ չէ: Ես վերադարձել եմ Եկեղեցի, սակայն ես կորցրել եմ իմ բոլոր երեխաներին և թոռներին: Եվ այժմ ես ականատես եմ լինում իմ ծոռների կորստին՝ բոլորը դուրս են Եկեղեցուց: Ամեն բան լավ չէ»:
Մեր ընտանիքում մենք ունենք մի նախնի, ով միացել էր Եկեղեցուն Եվրոպայում Եկեղեցու վաղ շրջանում: Տղաներից մեկը դարձել էր ոչ ակտիվ: Քույր Էդգլին ու ես փորձել ենք գտնել այս ոչ ակտիվ նախնիի ժառանգներին:
Իմ կնոջ և ինձ համար հեշտ էր եզրակացնել, որ հաջորդ վեց սերունդների ընթացքում կատարելով հավանական ենթադրություններ, կարող էր լինել մինչև 3000 ընտանիքի անդամների կորուստ: Այժմ պատկերացրեք ևս երկու սերունդներ: Կորուստը տեսականորեն կհասնի մեր Երկնային Հոր 20000–30000 զավակների:
Օգնության հասնելու պարտականությունը հիմնված է Եկեղեցու ամենահիմնական վարդապետություններից մեկի վրա:
«Հիշեք, հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում.
Քանզի, ահա, Տերը՝ քո Քավիչը, մարմնի մեջ մահ տարավ. ուստի նա տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր մարդիկ կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ: …
Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում» (ՎևՈՒ 18.10–11, 15, ընդգծումներն ավելացված են):
Իմ կյանքի ընթացքում ես արտոնություն եմ ունեցել օգնելու մի քանի քիչ-ակտիվ անդամների: Այժմ, երբ ես օգնում եմ մի հոգու վերադառնալ Եկեղեցի, ես չեմ պատկերացնում մեկ հոգու: Ես տեսնում եմ վեց, յոթ կամ ավելի սերունդներ՝ հազարավոր հոգիներ: Եվ այդ ժամանակ ես մտածում եմ այս սուրբ գրության մասին. «Ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքան մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում» (ՎևՈՒ 18.15):
Իր Առաքյալներին Տերն ասել է. «Հունձքը շատ է, բայց մշակները քիչ» (Մատթեոս Թ.37): Մշակները չպիտի քիչ լինեն: Մենք ունենք հազարավոր հմուտ, արժանի քահանայություն կրողներ և Եկեղեցու միլիոնավոր նվիրված անդամներ աշխարհի բոլոր մասերում: Մենք ունենք խորհուրդներ, քահանայության քվորումներ, Սփոփող Միություն և այլ կազմակերպություններ, որոնք բոլորը գործում են փրկելու պարտավորությամբ: Հոգիներ փրկելն այն աշխատանքն է, որն անելու համար մեզ բոլորիս կանչել է Տերը:
Իմ մեջբերումներում ես անդրադարձա Ալմայի և նրա զուգընկերների ասած աղոթքին, երբ նրանք գնում էին փրկելու զորամացիներին: Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ մոտավորապես 500 ամերիկացի զինվորներ և համախոհ տեղացիներ գերի էին պահվում ճամբարներում: Նրանց տառապանքների պատճառով և նրանց ապահովության համար անհանգստանալով մոտ 100 ամերիկացի կամավոր զինվորներ ընտրվեցին այս բանտարկյալներին փրկելու համար: Կամավորների հավաքվելուց հետո ավագ սպան նրանց հրահանգներ տվեց. «Այս երեկո, ով մարդիկ, դուք կհանդիպեք ձեր հոգևոր առաջնորդների հետ, դուք ծնկի եկեք, և դուք երդվեք Աստծուն, որ քանի դեռ դուք կենդանի եք, դուք թույլ չեք տա այս մարդկանցից մեկը տառապի ևս մեկ րոպե» (տես Hampton Sides, Ghost Soldiers: The Forgotten Epic Story of World War II’s Most Dramatic Mission [2001], 28–29): Այս հաջողված փրկությունը փրկություն էր ֆիզիկական և ժամանակավոր տառապանքից: Մի՞թե մենք պետք է լինենք ավելի քիչ անվեհեր մեր ջանքերում, երբ փրկում ենք նրանց, ում տառապանքները հոգևոր և հավերժական են: Մի՞թե մենք պետք է ավելի քիչ նվիրված լինենք Տիրոջը:
Ամփոփելով ասեմ, որ Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցու անդամների մեր պարտավորությունը բխում է այն փաստից, որ Տերը տառապեց մեզանից յուրաքանչյուրի համար՝ոչ անդամի, քիչ-ակտիվ անդամի, անգամ մեղավորի և մեր իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար: Ես կարծում եմ, մենք կարող ենք հազարավորների բերել դեպի ուրախություն, խաղաղություն և ավետարանի քաղցրություն, և հարյուրավոր հազարների և նույնիսկ միլիոնների նրանց հաջորդ սերունդներում: Ես հավատում եմ, որ մենք հաջողության կհասնենք, քանի որ սա Տիրոջ Եկեղեցին է, և մեր քահանայության և անդամության շնորհիվ մենք կանչված ենք հաջողություն ունենալու: Ես բերում եմ այդ վկայությունը ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: