Ուսում փնտրեք. դուք աշխատանք ունեք կատարելու
Օրհնեք ձեր երեխաներին և ձեր ապագա տունը, սովորելով որքան կարող եք այժմ:
Իմ սիրելի երիտասարդ կանայք, որքան շատ ենք մենք սիրում յուրաքանչյուրիդ: Մենք տեսնում ենք, ինչպես եք դուք քաջությամբ բարձրանում և շողում մի աշխարհում, որտեղ մեծ մարտահրավերները ուղեկցում են մեր հնարավորություններին: Սա կարող է հարց առաջացնել ձեզ մոտ. «Ի՞նչ է պահել ինձ համար ապագան»: Ես հավաստիացնում եմ ձեզ, որ որպես Աստծո առաքինի դուստր ձեր ապագան պայծառ է: Դուք ապրում եք մի ժամանակ, երբ ավետարանի ճշմարտությունները վերականգվել են և այդ ճշմարտությունները կարելի է գտնել սուրբ գրքերում: Մկրտության ժամանակ դուք ստացել եք Սուրբ Հոգու պարգևը և Սուրբ Հոգին կուսուցանի ձեզ ճշմարտությունը և կպատրաստի կյանքի դժվարություններին:
Աստված տվել է ձեզ բարոյական ընտրության ազատություն և հնարավորություն սովորելու Երկրի վրա, և Նա աշխատանք ունի ձեզ համար: Այդ աշխատանքը կատարելու համար դուք անձնական պատասխանատվություն եք կրում՝ ուսում փնտրելու: Ձեր ապագայի բանալին, ձեր «հույսի պայծառ շողը»1 կարող եք գտնել Երիտասարդներին զորացնելու համար նոր գրքույկում՝ կրթության չափանիշի և Երիտասարդ Կանանց գիտելիքի արժեքի բաժիններում:
«Կրթությունը … կբացի հնարավորության դռները»:2 Հետևելով Տիրոջ խրատին՝ «ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով»,3 դուք ոչ միայն գիտելիք կստանաք ձեր ուսումից, այլ նաև լրացուցիչ լույս, եթե սովորեք հավատքով:
Ուսում փնտրեք, սովորելով ջանասիրաբար: Դժվար կարողանաք սովորելուն այնքան ժամանակ տրամադրել, որքան կարող եք տրամադրել այժմ: Նախագահ Գորդոն Բ. Հինքլին իմաստուն խորհուրդ է տվել Եկեղեցու երիտասարդներին. «Դպրոցական տարիներին ձևավորած ձեր ուսման սովորույթները մեծապես կազդեն ողջ կյանքում գիտելիքի ձեր որոնման ընթացքի վրա»:4 «Դուք պետք է ստանաք այն ողջ կրթությունը, որը հնարավոր է ձեզ համար: … Զոհաբերեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք աշխատանք կատարել [այս] աշխարհում: … Վարժեցրեք ձեր ուղեղը և ձեռքերը, որպեսզի բարի ազդեցություն գործեք ձեր կյանքի ընթացքում»:5
Հատուկ դիմելով կանանց, Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն ասել է. «Հաճախ ապագան անհայտ է, հետևաբար, ճիշտ կլիներ, եթե մենք պատրաստվեինք անորոշություններին: … Ես կոչ եմ անում ձեզ կրթություն ստանալ և ձեռք բերել շուկայական հմտություններ, որպեսզի, եթե նման իրավիճակ առաջանա, դուք պատրաստ լինեք դրանք կիրառելու»:6
Երիտասարդ կանայք, հետևեք այս իմաստուն և ոգեշնչված մարգարեների խորհրդին: Եղեք լավ ուսանող: Բարձրացեք և շողացեք ձեր դպրոցներում՝ ձեր աշխատասիրությամբ, ազնվությամբ և շիտակությամբ: Եթե դուք պայքարում եք կամ հուսահատված եք դպրոցում ձեր առաջադիմության առումով, օգնություն խնդրեք ծնողներից, ուսուցիչներից և Եկեղեցու անդամներից: Երբեք մի հանձնվեք:
Կազմեք այն ամենի ցանկը, որը ցանկանում եք սովորել, ապա «կիսվեք ձեր կրթության նպատակներով ձեր ընտանիքի, ընկերների և ղեկավարների հետ, որպեսզի նրանք կարողանան աջակցել և խրախուսել ձեզ»:7 Սա Անձնական Զարգացման ուղին է:
Տեխնոլոգիաների հետ մեկտեղ դուք ականատես եք լինում գիտելիքի պոռթկմանը: Դուք շարունակ ռմբակոծվում եք ձայներով, տեսանյութերով և սոցիալական ցանցերով: Ընտրություն կատարեք և թույլ մի տվեք, որ տեղեկատվության այս հեղեղը շեղի ձեզ կամ դանդաղեցնի ձեր առաջընթացը: Բարձրացեք, երիտասարդ կանայք: Դուք եք որոշում ձեր նպատակները: Դուք եք որոշում, թե ինչ է մտնում ձեր միտքը և սիրտը:
Ամենակարևոր գիտելիքը դուք ստանում եք դասարանից դուրս: Շրջապատեք ձեզ օրինակելի կանանցով, ովքեր կարող են ձեզ ուսուցանել տնարարության, երաժշտության, արվեստի, ընտանեկան պատմության, սպորտային, գրելու և խոսելու հմտություններ: Ծանոթացեք նրանց հետ և խնդրեք ավագ ընկեր լինել ձեզ համար: Երբ որևէ նոր բան եք սովորում, ուսուցանեք դա Միացյալի ժամին կամ դարձեք դաստիարակ այլ երիտասարդ կանանց համար՝ ձեր Պատվավոր Մեղվի պահանջների շրջանակում:
Իմ հիանալի մայրիկից բացի ես կյանքում շատ դաստիարակներ եմ ունեցել: Առաջին անգամ դաստիարակման ընթացքի հետ ես ծանոթացա ինը տարեկան հասակում: Երեխաների խմբի իմ ուսուցիչը ինձ սովորեցրեց ասեղնագործել «Ես կբերեմ ավետարանի լույսը իմ տուն» նկարը, որը կախված էր իմ սենյակում իմ դեռահաս տարիներին: Ուսուցիչս ուղղություն տվեց, ուղղեց ինձ և միշտ խրախուսում էր: Հետո ես ունեցա այլ դաստիարակներ: Մեր ծխի երկու հիանալի կարուհիներ սովորեցրեցին ինձ կարել: Նրանց ուղղորդության, համբերատարության և խրախուսման շնորհիվ ես 14 տարեկանում մասնակցեցի զգեստ կարելու մրցույթի և մրցանակի արժանացա: Այդ գործընթացը էլ ավելի մեծացրեց սովորելու և այլ բնագավառներում հիանալի արդյունքների հասնելու իմ ցանկությունը:
Գիտելիք ձեռք բերելը մեծապես կվարձատրվի, երբ դուք մայր դառնաք: «Մոր կրթության մակարդակը խոր ազդեցություն ունի կրթության գծով նրա երեխաների ընտրությունների վրա»:8 Մոր կրթությունը տալիս է «բանալի, որը կանգնեցնում է աղքատության ցիկլը»,9 որովհետև «կրթված կինը … միտված է. ծնունդ տալու ավելի առողջ երեխաների, ունենալ ավելի առողջ երեխաներ, լինել ավելի վստահ, ճկուն և ունենա ավելի ամուր մտածելակերպ և դատողություն»:10
«Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» փաստաթուղթը մեզ ուսուցանում է, որ «մայրերի հիմնական պարտականությունը իրենց երեխաներին մեծացնելն է»:11 Ձեր երեխաներին կրթությամբ ապահովելը այս գործի մասն է կազմում և ձեր սուրբ պարտականությունն է: Ինչպես քաջ մարտիկները, որոնք ուսուցանվեցին իրենց մայրերի կողմից,12 դուք կլինեք ձեր երեխայի ամենակարևոր ուսուցիչը, այնպես որ ուշադիր եղեք ձեր ուսման ընտրության մեջ: Օրհնեք ձեր երեխաներին և ձեր ապագա տունը, սովորելով որքան կարող եք այժմ:
Ուսում փնտրեք հավատքով: Մենք սովորում ենք հավատքով, երբ ջանասիրությամբ հոգևոր գիտելիք ենք ստանում աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և հնազանդության միջոցով, և երբ փնտրում ենք Սուրբ Հոգու առաջնորդությունը, որը վկայում է բոլոր ճշմարտության մասին: Եթե դուք կատարեք գիտելիք ստանալու ձեր մասը, Սուրբ Հոգին կլուսավորի ձեր միտքը: Եթե դուք աշխատեք ձեզ արժանի պահել, Սուրբ Հոգին ուղղություն կտա և լույս կավելացնի ուսման ձեր ընթացքին:
Երբ ես երիտասարդ էի, պարտքով վերցրել էի դահուկներ, որոնք շատ երկար էին, կոշիկները մեծ, և ընկերուհիս ինձ սովորեցնում էր դահուկավարել: Մենք դուրս եկանք գարնանային մի սքանչելի օր՝ պայծառ արև, կատարյալ ձյուն և անամպ կապույտ երկինք: Սովորելու ընթացքում կտրուկ վայր իջնող լանջերի վախը տեղի էր տալիս ոգևորությանը: Եվ թեև ես մի քանի անգամ այդ երկար դահուկներով վար էի ընկնում, վեր էի կենում և շարունակում: Ես սկսեցի սիրել այդ սպորտաձևը:
Շուտով ես հասկացա, որ ոչ բոլոր օրերը և եղանակային պայմաններն էին կատարյալ դահուկավարման համար: Այն օրերին, երբ երկինքը ամպած էր, մենք դահուկավարում էինք հարթ լույսի պայմաններում: Դա առաջանում է, երբ արևի լույսը ցրվում է ամպերի կողմից: Ճերմակ ձյանը նայելիս խորության զգացողությունը վերանում է և դժվար է դառնում դատել լանջի թեքության մասին կամ տեսնել բլրի բարձր մասերը:
Երիտասարդ կանայք, մի գուցե դուք նայեք ձեր ապագային, ինչպես ես էի նայում այդ թեք լանջերին: Երբեմն դուք կմտածեք, որ ապրում եք հարթ լույսի մեջ, չեք տեսնում այն, ինչ ձեր առջևում է: Հավատքով սովորելը ձեզ վստահություն կպարգևի և կօգնի գտնել ճանապարհը անորոշության պահերին:
Մատթեոս 25-րդ գլխում տաս կույսերի առակը մեզ ուսուցանում է, որ հոգևոր պատրաստվածությունը կենսական է և պետք է ձեռք բերվի անհատապես: Դուք կհիշեք, որ բոլոր տաս կույսերը հրավիրված էին ուղեկցելու փեսային հարսանյաց խնջույքին, սակայն միայն հինգ իմաստուն կույսերն էին պատրաստված, ունենալով յուղ իրենց լապտերում:
«Բայց հիմարներն ասեցին իմաստուններին. Տվեք մեզ ձեր յուղիցը, որովհետև մեր լապտերները հանգչում են:
Իմաստուններն էլ պատասխանեցին և ասեցին. Մի գուցե մեզ և ձեզ բավական չլինի. Բայց ավելի լավ գնացեք ծախողների մոտ և գնեցեք ձեզ համար:
Եվ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկավ, և պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, և դուռն փակվեցավ»:13
Կարող եք մտածել, թե եսասիրություն էր, որ հինգ իմաստուն կույսերը չկիսվեցին իրենց յուղով, սակայն այլապես հնարավոր չէր: Հոգևոր պատրաստվածությունը պետք է ձեռք բերվի անհատապես, կաթիլ առ կաթիլ և չի կարող բաժանվել ուրիշներին:
Այժմ ժամանակն է ձեզ համար ջանասիրաբար նվիրվել ձեր հոգևոր գիտելիքի աճին, կաթիլ առ կաթիլ՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և հնազանդության միջոցով: Այժմ է ժամանակը կրթություն ստանալու համար՝ կաթիլ առ կաթիլ: Յուրաքանչյուր առաքինի միտք և արարք նույնպես յուղ է ավելացնում ձեր լապտերում, որակելով ձեզ Սուրբ Հոգու՝ մեր աստվածային ուսուցչի առաջնորդությանը:
Սուրբ Հոգին կառաջնորդի ձեզ այս մահկանացու ձեր ճամփորդության ընթացքում, անգամ, երբ դուք ձեզ զգում եք հարթ լույսի մեջ, չիմանալով, թե ինչ է ձեզ սպասում առջևում: Դուք չպետք է վախենաք: Եթե մնաք այն ուղու վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք, Սուրբ Հոգին կուղղորդի ձեզ ձեր որոշումները կայացնելիս և սովորելիս:
Ես վկայում եմ իմ անձնական փորձից, որ, եթե դուք ուսում փնտրեք ոչ միայն ուսումնասիրությամբ, այլ նաև հավատքով, դուք կառաջնորդվեք այն ամենում, ինչի կարիքը «Տերն ունի, որ անեք և իմանաք»:14
Ես իմ հայրապետական օրհնությունը ստացա, երբ երիտասարդ աղջիկ էի, և ինձ խորհուրդ տրվեց լավ կրթություն ստանալ և կյանքի վաղ տարիներին սովորել այն արժանիքների մասին, որոնք կապված են տնարարության և ընտանիք պահելու հետ: Ես շատ էի ցանկանում ունենալ ընտանիքի օրհնությունը, սակայն այդ օրհնությունը ինձ տրվեց միայն 37 տարեկանում, երբ ես վերջապես ամուսնացա: Ամուսինս դրանից մի քանի տարի առաջ այրի էր դարձել, և այն օրը, երբ մենք կնքվեցինք տաճարում, ես անսպասելիորեն օրհնվեցի ոչ միայն ամուսնով, այլ նաև չորս երեխաներից բաղկացած ընտանիք:
Դրանիք առաջ երկար ժամանակ ես զգում էի, թե դահուկավարում էի հարթ լույսի մեջ, հարցնելով. «Ի՞նչ է ինձ համար պահում ապագան»: Ես աշխատում էի հետևել իմ հայրապետական օրհնության հորդորներին: Ես ջանասիրաբար սովորում էի դպրոցի ուսուցչուհի դառնալու համար և շարունակեցի իմ կրթությունը, դառնալով տարրական դպրոցի տնօրեն: Ես աղոթում էի իմ Երկնային Հորը և հայցում էի Սուրբ Հոգու առաջնորդությունը: Ես հավատարմորեն իմ մեջ պահում էի մարգարեների խոստումը, որն ինձ հավաստիացնում էր, որ եթե ես «մնամ ճշմարիտ և հավատարիմ, պահել իմ ուխտերը, ծառայեմ Աստծուն, սիրոմ իմ Երկնային Հորը և Տեր Հիսուս Քրիստոսին, ես երբեք չեմ զրկվի որևէ հավերժական օրհնությունից, որ մեր Երկնային Հայրը ունի Իր հավատարիմ զավկաների համար»:15
Ես գիտեմ, որ իմ կրթությունը պատրաստել է ինձ կյանքի համար, որի մասին ես պատկերացում անգամ չունեի, երբ երիտասարդ կին էի: Ես կարծում էի, որ սովորում եմ՝ դպրոցում և իմ ապագա երեխաներին ուսուցանելու համար, սակայն ես չգիտեի, որ Տերը պատրաստում էր ինձ նաև անգլերեն ուսուցանելուն Մոնղոլիայում, երբ միսիայում էինք ամուսնուս հետ, և ուսուցանելուն Եկեղեցու երիտասարդ կանանց աշխարհով մեկ, կամ ուսուցանելուն իմ թոռներին գիտելիքի արժեքի մասին՝ բոլոր այն հիանալի օրհնությունները, որոնք ես երբեք չէի պատկերացրել:
Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ձեզ: Նա մեծապես վստահում է ձեզ և աշխատանք ունի, որը միայն դուք կարող եք անել: Ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ դուք պատրաստված կլինեք այդ մեծ աշխատանքին, եթե ուսում փնտրեք ուսումնասիրելով և հավատքով: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: