Շնորհակալություն Աստծուն
Որքան ավելի լավ կլիներ, եթե բոլորը կարողանային ավելի լավ ճանաչել Աստծո նախախնամությունն ու սերը, և երախտագիտություն հայտնեին Նրան:
Սիրելի եղբայրներ և քույրեր, շնորհակալություն ձեր հաստատող աջակցության և ձեր նվիրվածության համար: Մենք մեր երախտագիտությունն ու սերն ենք հայտնում ձեզանից յուրաքանչյուրին:
Վերջերս, Քույր Նելսոնը և ես զմայլվում էինք փոքր ակվարիումում լողացող տրոպիկական ձկների գեղեցկությամբ: Վառ գույներով, տարբեր նախշերով և չափսերի ձկներն այս ու այն կողմ էին լողում: Ես հարցրեցի այնտեղ գտնվող աշխատողին. «Ո՞վ է կերակրում այս գեղեցիկ ձկներին»:
Նա ասաց. «Ես»:
Ապա ես հարցրեցի. «Նրանք երբևէ շնորհակալություն հայտնե՞լ են ձեզ»:
Նա պատասխանեց. «Դեռ ոչ»:
Ես մտածեցի ինձ ծանոթ մարդկանց մասին, ովքեր մոռացության են մատնել իրենց Արարչին և իրենց իսկական «կյանքի հացին»:1 Նրանք օրեցօր ապրում են Աստծուց և իրենց հանդեպ ունեցած Նրա մեծահոգությունից անտեղյակ:
Որքան ավելի լավ կլիներ, եթե բոլորը կարողանային ավելի լավ ճանաչել Աստծո նախախնամությունն ու սերը, և երախտագիտություն հայտնեին Նրան: Ամմոնն ուսուցանել է. «Եկեք գոհություն հայտնենք [Աստծուն], քանզի նա արդարություն է գործում հավիտյանս»:2 Մեր երախտագիտության աստիճանը Նրա հանդեպ մեր սիրո չափն է:
Աստված մեր հոգիների Հայրն է:3 Նա ունի փառավոր, մսից և ոսկորից կատարյալ մարմին:4 Նախքան ծնվելը մենք ապրել ենք երկնքում՝ Նրա հետ:5 Իսկ երբ Նա ֆիզիկապես ստեղծեց մեզ, մենք արարվեցինք Աստծո պատկերով և յուրաքանչյուրն անձնական մարմին ստացավ:6
Մտածեք մեր ֆիզիկական սնուցման մասին: Դա իսկապես երկնքից ուղարկված է: Կարիքները, ինչպիսիք են՝ օդը, սնունդը և ջուրը, տրվում են են մեզ՝ որպես սիրող Երկնային Հոր կողմից պարգևներ: Երկիրը ստեղծվել է ապահովելու համար մահկանացու կյանքի մեր կարճատև գոյությունը:7 Մենք ծնվել ենք աճելու, սիրելու, ամուսնանալու և ընտանիք կազմելու ունակությամբ:
Ամուսնությունը և ընտանիքը կարգված են Աստծուց: Ընտանիքն ամենակարևոր սոցիալական միավորն է ժամանակի և հավերժության մեջ: Աստծո երջանկության մեծ ծրագրի ներքո՝ ընտանիքները կարող են կնքվել տաճարներում և պատրաստվել վերադառնալու և հավետ բնակվելու Նրա սուրբ ներկայությամբ: Դա է հավերժական կյանքը: Այն իրագործում է մարդկային հոգու ամենանվիրական ցանկությունը՝ ընտանիքի սիրելի անդամների հետ անվերջ ընկերակցություն վայելելու բնական փափագը:
Մենք Նրա աստվածային նպատակի մասն ենք. «Սա է իմ գործը և իմ փառքը,- ասել է Նա,- իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:8 Այդ նպատակին հասնելու համար, «Աստված այնպես սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուավ. որ ամեն նորան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»:9 Դա Աստծո սիրո գերագույն դրսևորումն էր: «Որովհետև Աստուած իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատե, այլ որ աշխարհքը նորանով փրկուի»:10
Աստծո հավերժական ծրագրի առանցքում Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի առաքելությունն է:11 Նա եկավ փրկագնելու Աստծո զավակներին:12 Տիրոջ Քավության շնորհիվ հարությունը (կամ անմահությունը) իրականություն դարձավ:13 Քավության շնորհիվ հավերժական կյանքը հնարավոր դարձավ բոլոր արժանավորների համար: Հիսուսն այսպես բացատրեց.
«Ես եմ հարությունը և կյանքը. ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի:
Եվ ամեն ով որ կենդանի է և ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ»:14
Շնորհակալություն Աստծուն՝ Տիրոջ Քավության և հարության Նրա պարգևի համար, Զատկի այս վեհ խորհրդի համար:
Ֆիզիկական պարգևներ
Մեր Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին:15 Նա յուրաքանչյուրին օրհնել է ֆիզիկական և հոգևոր պարգևներով: Թույլ տվեք խոսել դրանց մասին: Երբ երգում եք «Աստծո զավակն եմ», մտածեք Նրա կողմից ձեզ տրված ֆիզիկական մարմնի պարգևի մասին: Ձեր մարմնի բազմաթիվ զարմանահրաշ հատկանիշները խոսում են ձեր իսկ «աստվածային էության»16 մասին:
Ձեր մարմնի յուրաքանչյուր օրգան հրաշալի պարգև է Աստծուց: Յուրաքանչյուր աչք ունի ինքնաֆոկուսացվող ոսպնյակներ: Նյարդերը և մկանները կառավարում են երկու աչքերը՝ եռաչափ պատկեր ստանալու համար: Աչքերը կապված են ուղեղի հետ, որը գրանցում է տեսած պատկերները:
Ձեր սիրտը հրաշալի պոմպ է:17 Այն ունի չորս նուրբ փականներ, որոնք ուղղորդում են արյան հոսքը: Այդ փականները բացվում և փակվում են օրվա մեջ 100000, իսկ տարվա մեջ 36 միլիոն անգամ: Եթե հիվանդության պատճառով փոփոխություն չկրեն, դրանք կարող են այդպիսի ծանրաբեռնվածությամբ աշխատել գրեթե անսահման ժամանակով:
Մտածեք մարմնի պաշտպանական համակարգի մասին: Այն վնասվելուց պաշտպանելու համար, ցավ է զգում: Վարակին ի պատասխան այն հակամարմիններ է ստեղծում: Մաշկը պաշտպանիչ դեր է կատարում: Այն նախազգուշացնում է վնասվածքներ ստանալուց, որոնք կարող են առաջանալ անչափ բարձր կամ ցածր ջերմությունից:
Մարմինը նորացնում է իր հին բջիջները և կարգավորում իր իսկ կենսական բաղադրիչների մակարդակները: Մարմինը բժշկում է իր կտրվածքները, կապտուկները և կոտրված ոսկորները: Վերարտադրողական ունակությունը մեկ այլ սուրբ պարգև է Աստծուց:
Մենք պետք է հիշենք, որ կատարյալ մարմին չի պահանջվում աստվածային ճակատագրին հասնելու համար: Իրականում, ամենահաճելի հոգիներից շատերը բնակվում են փխրուն կամ անկատար մարմիններում: Հաճախ մեծ հոգևոր ուժ են զարգացնում ֆիզիկական թերություն ունեցող մարդիկ, որովհետև նրանց կյանքը լի է դժվարություններով:
Նա, ով ուսումնասիրում է մարդկային մարմնի աշխատանքը, անկասկած «տեսել է Աստծուն իր վեհափառությամբ և զորությամբ շարժվելիս»:18 Քանի որ մարմինը կառավարվում է աստվածային օրենքով, ցանկացած բուժում գալիս է այն օրենքին հնազանդվելոու արդյունքում, որի վրա հիմնված է այդ օրհնությունը:19
Դեռևս ոմանք թյուրիմացաբար մտածում են, որ այդ հրաշալի ֆիզիկական հատկանիշներն առաջացել են պատահաբար կամ ինչ-որ տեղ հզոր պայթյունի արդյունքում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Կարո՞ղ է արդյոք տպագրատանը տեղի ունեցած պայթյունի արդյունքում բառարան ստեղծվել»: Սակայն դա առավել անհավանական է: Բայց եթե այդպես լիներ, այն չէր կարող կպցնել իր իսկ պատռված էջերը կամ վերարտադրել իր նոր խմբագրությունները:
Եթե մարմնի բնականոն ընթացքը, պաշտպանությունը, վերականգնումը, կարգավորումը և ռեգեներացիան շարունակվեր անսահման, այստեղ կյանքը կտևեր հավիտյան: Մենք կմնայինք այստեղ՝ երկրի վրա: Ի ողորմածություն մեզ, մեր Արարիչը ապահովել է ծերացման և այլ պրոցեսներ, որոնք, ի վերջո, հանգեցնում են մեր ֆիզիկական մահվան: Ինչպես ծնունդը, մահը կյանքի մասն է: Սուրբ գրությունն ուսուցանում է, որ «անհրաժեշտ չէր, որ մարդը ձերբազատվեր այս ժամանակավոր մահից, քանզի դա կկործաներ երջանկության մեծ ծրագիրը»:20 Դարպասի միջով, որը մենք կոչում ենք մահ, Աստծո մոտ վերադառնալը ուրախություն է նրանց համար, ովքեր սիրում են Նրան և պատրաստ են հանդիպելու Նրան:21 Ի վերջո, ժամանակը կգա, երբ յուրաքանչյուր «հոգի ու մարմին պիտի վերամիավորվեն նորից՝ իր կատարյալ ձևով. և վերջավորություն ու հոդ պետք է վերականգնվեն իրենց բնական կառուցվածքով»22, որպեսզի երբեք այլևս չբաժանվեն: Շնորհակալություն Աստծուն այդ ֆիզիկական պարգևների համար:
Հոգևոր պարգևներ
Կարևոր է այն, որ մարմինը ծառայում է որպես հավերժական հոգու խորան: Մեր հոգիները գոյություն են ունեցել նախամահկանացու թագավորությունում23 և կշարունակեն ապրել մարմնի մահանալուց հետո:24 Հոգին մարմնին կյանք է տալիս և անհատականություն:25 Այս և հաջորդ կյանքում, հոգին և մարմինը միավորվելով միասին դառնում են աստվածային արժեքով կենդանի հոգի:
Քանի որ մարդու հոգին շատ կարևոր է, դրա զարգացումը հավերժական նշանակություն ունի: Այն զորանում է, երբ մենք խոնարհ աղոթքով հաղորդակցվում ենք մեր սիրող Երկնային Հոր հետ:26
Հատկանիշները, ըստ որոնց մենք պետք է մի օր դատվենք, հոգևոր են:27 Դրանցից են՝ սերը, առաքինությունը, շիտակությունը, կարեկցանքը և մյուսներին ծառայելը:28 Ձեր հոգին, մարմնի մեջ բնակվելով, ձեր մարմնի հետ միասին կարող է զարգացնել և դրսևորել այդ հատկանիշներն այնպիսի եղանակներով, որոնք կարևոր են ձեր հավերժական առաջընթացի համար:29 Հոգևոր առաջընթաց ձեռք է բերվում հավատքի, ապաշխարության, մկրտության, Սուրբ Հոգու պարգևի և մինչև վերջ համբերելու միջոցով, ներառյալ օժտումը և սուրբ տաճարի կնքման ծեսերը:30
Ճիշտ ինչպես մարմինն է պահանջում ամենօրյա սնունդ գոյատևելու համար, հոգին ևս սնուցման կարիք ունի: Հոգին սնվում է հավերժական ճշմարտությամբ: Անցյալ տարի մենք նշեցինք Աստվածաշնչի Ջեյմս թագավորի թարգմանության 400-ամյակը: Եվ մենք արդեն մոտ 200 տարի է ունենք Մորմոնի Գիրքը: Այն ամբողջությամբ կամ որպես ընտրանի թարգմանվել է 107 լեզուներով: Այս և այլ արժեքավոր սուրբ գրությունների շնորհիվ մենք գիտենք, որ Աստված մեր Հավերժական Հայրն է, և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեր Փրկիչն ու Քավիչն է: Շնորհակալություն Աստծուն այս հոգևոր պարգևների համար:
Ավետարանի պարգևներ
Մենք գիտենք, որ տարբեր տնտեսությունների մարգարեները, ինչպիսիք են՝ Ադամը, Նոյը, Մովսես և Աբրահամը, բոլորն ուսուցանում էին մեր Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի աստվածության մասին: Ներկայիս տնտեսությունը բացվեց Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի կողմից, երբ Նրանք հայտնվեցին Մարգարե Ջոզեֆ Սմիթին 1820թ.: Եկեղեցին կազմակերպվեց 1830թ.: Այժմ, 182 տարի անց, մենք գտնվում ենք ավետարանը «ամեն ցեղի, ազգի, լեզվի և ժողովրդի»31 տանելու ուխտի տակ: Դա անելիս և՛ տվողները և՛ ստացողները կօրհնվեն:
Մենք պատասխանատվություն ենք կրում ուսուցանելու Նրա զավակներին և նրանց մեջ արթնացնելու Աստծո մասին գիտակցությունը: Հնում Բենիամին թագավորն ասել է.
«Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը, և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. …
… Հավատացե՛ք, որ դուք պետք է ապաշխարեք ձեր մեղքերից և թողնեք դրանք և խոնարհեցնեք ձեզ՝ Աստծո առաջ. և սրտի անկեղծությամբ խնդրեք, որ նա ների ձեզ. և այժմ, եթե դուք հավատում եք բոլոր այս բաներին, տեսեք, որ դուք անեք դրանք»:32
Աստված նույնն է երեկ, այսօր և հավիտյան, իսկ մենք՝ ոչ: Ամեն օր, մեր խնդիրն է՝ օգտվել Քավության զորությունից, որպեսզի իսկապես փոխվենք, դառնալով ավելի Քրիստոսանման, և արժանանանք վեհացման պարգևին և հավերժ ապրենք Աստծո, Հիսուս Քրիստոսի և մեր ընտանիքների հետ:33 Շնորհակալություն Աստծուն այդ զորությունների, արտոնությունների և ավետարանի պարգևների համար:
Ես վկայում եմ, որ Նա ապրում է, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ սա Նրա Եկեղեցին է, վերականգնված այս վերջին օրերին, իրականացնելու իր աստվածային նպատակը: Մենք այսօր առաջնորդվում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կողմից, որին սիրում և հաստատում ենք մեր ողջ սրտով, ինչպես նաև հաստատում ենք նրա խորհրդականներին և Տասներկու Առաքյալներին, որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ: Ես այս ամենի մասին վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: