2012
Պատրաստակամ և արժանի լինել ծառայելու
Մայիս 2012


Պատրաստակամ և արժանի լինել ծառայելու

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Հրաշքներ ամենուր կարելի է գտնել, երբ քահանայությունը հասկացվում է, դրա զորությունը հարգվում և պատշաճ ձևով օգտագործվում է, և հավատք է գործադրվում:

Իմ սիրելի եղբայրներ, որքան հաճելի է կրկին ձեզ հետ հանդիպելը: Երբ գալիս եմ քահանայության գերագույն ժողովին, ես խորհում եմ Աստծո ազնվազարմ ղեկավարների ուսմունքների շուրջ, որոնք ասվել են Եկեղեցու քահանայության գերագույն ժողովներին: Շատերը գնացել են ստանալու իրենց հավերժական վարձքը, սակայն իրենց փայլուն մտքից, հոգու խորքից և բարի սրտից բխած խոսքերով ոգեշնչված ուղղություն են տվել մեզ: Այս երեկո ես կկիսվեմ քահանայության վերաբերյալ նրանց ուսմունքներով:

Մարգարե Ջոզեֆ Սմիթն ասել է. «Քահանայությունը հավերժական սկզբունք է, և գոյություն է ունեցել Աստծո հետ հավերժությունից հավերժություն, առանց օրերի սկզբի և տարիների վերջի»:1

Նախագահ Վիլֆորդ Վուդրուֆի խոսքերից մենք սովորում ենք. «Սուրբ Քահանայությունն այն կապուղին է, որով Աստված հաղորդակցվում է և գործում է մարդու հետ Երկրի վրա. և երկնային սուրհանդակները, որոնք այցելել են Երկիր հաղորդակցվելու մարդու հետ, մարդիկ են, ովքեր կրել և պատվել են քահանայությունը, երբ մարմին են ունեցել. և այն ամենը, ինչ Աստված կատարել է մարդու փրկության համար, մարդու Երկիր գալուց մինչև աշխարհի փրկագնումը, եղել է և կլինի հավիտենական քահանայության զորությամբ»:2

Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը պարզաբանել է. «Քահանայությունը … Աստծո զորությունն է տրված մարդուն, ըստ որի մարդիկ կարող են Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով գործել Երկրի վրա մարդկային ընտանիքի փրկության համար, և գործել ոչ թե ձևական, այլ օրինական իշխանությամբ, փոխ չառնելով այն անցած գնացած սերունդներից, այլ իշխանությամբ՝ տրված այս օրերին, ծառայող հրեշտակների և հոգիների միջոցով, ուղղակիորեն Ամենազոր Աստծո ներկայությունից»:3

Եվ վերջապես Նախագահ Ջոն Թեյլորն ասել է. «Ի՞նչ է քահանայությունը … Դա Աստծո կառավարությունն է՝ թե երկրի վրա, և թե երկնքում, քանզի այդ զորությամբ, միջոցով կամ սկզբունքով են բոլոր բաները կառավարվում երկրի վրա և երկնքում, և այդ զորությամբ է ամեն ինչ պահվում և հաստատվում: Այն կառավարում, ուղղորդում և հաստատում է ամեն ինչ, և գործ ունի այն ամենի հետ, ինչը առնչվում է Աստծուն և ճշմարտությանը»:4

Որքան օրհնված ենք մենք այստեղ այս վերջին օրերին, երբ Աստծո քահանայությունը երկրի վրա է: Որքան արտոնված ենք մենք, որ քահանայություն ենք կրում: Քահանայությունը ոչ այնքան պարգև է, որքան ծառայելու հանձնառություն, բարձրացնելու արտոնություն և մյուսների կյանքերն օրհնելու հնարավորություն:

Այդ հնարավորությունների հետ գալիս են պատասխանատվություններ և պարտականություններ: Ես սիրում և փայփայում եմ պարտականություն ազնվազարմ բառը և այն ամենը, ինչ այն ենթադրում է:

12 տարեկանում սարկավագ կարգվելուց ի վեր, անցած 72 տարիների ընթացքում, ունենալով տարբեր պաշտոններ, ես հաճախել եմ քահանայության ժողովների տարբեր վայրերում: Ժամանակն իհարկե առաջ է գնում: Պարտականությունը քայլում է դրան համաչափ: Պարտականությունը երբեք ոչ նվազում, ոչ էլ անհետանում է: Աղետալի հակամարտությունները գալիս և գնում են, սակայն մարդկանց հոգիների համար մղվող պատերազմն անդադար շարունակվում է: Շեփորի կանչի նման լսվում է Տիրոջ խոսքը, ուղղված ձեզ, ինձ և քահանայություն կրողներին ամենուր. «Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է»:5

Պարտականության կանչ եկել է Ադամին, Նոյին, Աբրահամին, Մովսեսին, Սամուելին, Դավիթին: Այն եկավ Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրա իրավահաջորդներից յուրաքանչյուրին: Պարտականության կանչ եկավ պատանի Նեփիին, երբ իր հոր Լեքիի միջոցով, Տիրոջ կողմից նա հրահանգվեց իր եղբայրների հետ միասին վերադառնալ Երուսաղեմ և վերցնել պղնձե թիթեղները Լաբանից: Նեփիի եղբայրները տրտնջացին, ասելով որ իրենցից դժվար բան է պահանջվում: Ի՞նչ պատասխանեց Նեփին: Նա ասաց. «Ես կգնամ ու կանեմ այն բաները, որոնք Տերը պատվիրել է, քանզի գիտեմ, որ Տերը չի տալիս պատվիրաններ մարդկանց զավակներին՝ առանց ուղի պատրաստելու նրանց համար, որպեսզի նրանք կարողանան իրագործել այն, ինչ նա պատվիրել է իրենց»:6

Երբ այդ նույն կանչը գա ձեզ և ինձ, ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը: Արդյո՞ք Լամանի և Լեմուելի պես կտրտնջանք և կասենք. «Դժվար բան է պահանջվում մեզանից»7, թե Նեփիի նման յուրաքանչյուրս կհայտարարի. «Ես կգնամ ու կանեմ»: Պատրաստակամ կլինե՞նք ծառայելու և հնազանդվելու:

Երբեմն Աստծո իմաստությունը թվում է անմտություն կամ պարզապես շատ դժվար բան, սակայն ամենաարժեքավոր ու մեծագույն դասերից մեկը, որ կարող ենք սովորել մահկանացու կյանքում այն է, որ երբ Աստված խոսում է և մարդը հնազանդվում է, այդ մարդը միշտ ճիշտ կլինի:

Երբ մտածում եմ պարտականություն բառի մասին, թե ինչպես այդ պարտականությունը կատարելը կհարստացնի մեր և մյուսների կյանքը, ես հիշում եմ հայտնի բանաստեղծի խոսքերը.

Ես քնեցի և երազում տեսա,

որ կյանքը ուրախություն է:

Ես արթնացա և տեսա,

որ կյանքը պարտականություն է:

Ես գործեցի և ահա,-

Պարտականությունը ուրախություն դարձավ:8

Ռոբերտ Լուի Սթիվենսոնը դա այլ կերպ է ձևակերպել: Նա ասել է. «Ես գիտեմ, թե ինչ է հաճույքը, քանզի լավ աշխատանք եմ կատարել»:9

Կատարելով մեր պարտականությունները և գործադրելով մեր քահանայությունը, մենք իսկական ուրախություն կգտնենք: Մենք բավարարվածություն կզգանք ավարտին հասցնելով մեր առաջադրանքները:

Մենք ուսուցանվել ենք որոշակի պարտականություններ կապված քահանայության հետ, որը մենք կրում ենք, և Ահարոնյան, և Մելքիսեդեկյան Քահանայության հետ կապված: Ես հորդորում եմ ձեզ՝ մտածեք այդ պարտականությունների մասին և ապա ձեր ուժերի սահմանում արեք ամեն ինչ դրանք իրագործելու համար: Դրա համար ամեն ոք պետք է արժանի լինի: Եկեք ունենանք պատրաստ, մաքուր և հոժարակամ ձեռքեր, որպեսզի կարողանանք տալ այն, ինչ Երկնային Հայրը ցանկանում է, որ մարդիկ ստանան Իրենից: Եթե մենք արժանի չենք, հնարավոր է կորցնենք քահանայության զորությունը, և եթե կորցնենք այն, ուրեմն կորցրել ենք վեհացման էությունը: Եկեք արժանի լինենք ծառայելու:

Եկեղեցու մեծագույն ուսուցիչներից մեկը՝ Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել է. «Մարդը քահանայություն ստանալով դառնում է Տիրոջ գործակալը: Նա պետք է իր կանչին վերաբերվի որպես Տիրոջ կողմից տրված հանձնարարություն»:10

Երկրորդ Համաշխարհայինի տարիներին՝ 1944թ. սկզբին, քահանայության հետ կապված մի դեպք տեղի ունեցավ, երբ Միացյալ Նահանգների ծովայինները գրավում էին Կվաջալին Աթոլը, որը Մարշալյան կղզիների մի մասն է և գտնվում է Խաղաղ օվկիանոսում Ավստրալիայի և Հավայիի մեջտեղում: Տեղի ունեցածի մասին պատմել է մի թղթակից, ոչ Եկեղեցու անդամ, որը աշխատում էր Հավայիի թերթի համար: 1944թ. իր հոդվածում նա գրել է հետևյալ դեպքի մասին: Նա պատմում է, որ ինքը մյուս թղթակիցների հետ գտնվում էր հարձակվողների երկրորդ գծի վրա, Կվաջալին Աթոլի մոտ գտնվող ծովայինների ետևում: Առաջանալով նրանք նկատեցին, որ մի երիտասարդ ծովային երեսնիվար լողում է ջրում, ակնհայտորեն ծանր վիրավոր: Նրա շուրջը ջուրը իր արյան գույնով էր ներկվել: Ապա նրանք մեկ այլ ծովային նկատեցին, որը շարժվում էր իր վիրավոր ընկերոջ կողմը: Երկրորդ ծովայինը նույնպես վիրավոր էր՝ ձախ ձեռքն անօգնական կախված կողքից: Նա բարձրացրեց ջրի վրա լողացող ընկերոջ գլուխը, որպեսզի նա չխեղդվեր, և խուճապահար օգնություն կանչեց: Թղթակիցները կրկին նայելով տղային, որին նա պահում էր, բացականչեցին. «Տղաս, մենք ոչինչ չենք կարող անել նրա համար»:

«Ապա, - գրում է թղթակիցը,- ես տեսա մի բան, որ նախկինում չէի տեսել: Այդ տղան, որն ինքն էլ ծանր վիրավոր էր, լողաց դեպի ափը իր ընկերոջ ասես անկենդան մարմինը քաշելով: Նա ընկերոջ գլուխը դրեց իր ծնկներին: Ինչպիսի տեսարան էր դա՝ երկու մահացու վիրավորված տղաներ, երկուսն էլ … մաքուր, հրաշալի տեսքով երիտասարդներ, անգամ այդ սոսկալի իրավիճակում: Այդ տղան գլուխը խոնարհելով մյուսի վրա ասաց. «Հրամայում եմ քեզ, Հիսուս Քրիստոսի անունով և քահանայության զորությամբ, որ կենդանի մնաս, մինչև բժշկական օգնություն կկանչեմ»: Թղթակիցն ավարտել էր իր հոդվածը այսպես. «Մենք երեքս [երկու ծովայինները և ես], հիվանդանցում ենք: Բժիշկները չգիտեն … [ինչպես են նրանք կենդանի մնացել], բայց ես գիտեմ»:11

Հրաշքներ ամենուր կարելի է գտնել, երբ քահանայությունը հասկացվում է, դրա զորությունը հարգվում և պատշաճ ձևով օգտագործվում է, և հավատք է գործադրվում: Երբ կասկածը փոխարինվում է հավատքով, երբ անձնուրաց ծառայությունը դուրս է մղում եսասեր պայքարը, Աստծո զորությունը իրականացնում է Իր նպատակները:

Պարտականության կանչը կարող է գալ անաղմուկ, երբ մենք՝ քահանայություն կրողներս արձագանքում ենք մեր ստացած հանձնարարություններին: Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթը, այդ համեստ, սակայն արդյունավետ առաջնորդը, հայտարարել է. «Ձեր պարտականությունն է՝ նախևառաջ իմանալ, ինչ է Տերը ցանկանում, ապա, Նրա սուրբ քահանայության իշխանությամբ և զորությամբ, մեծարել ձեր կոչումը ձեր ընկերների ներկայությամբ, որ մարդիկ ուրախությամբ ցանկանան հետևել ձեզ»:12

Նման պարտականության, ճիշտ է ոչ այնքան տպավորիչ կանչ, որը սակայն օգնեց փրկել հոգի, ես ստացա 1950թ., երբ նոր էի կանչել որպես եպիսկոպոս: Իմ պատասխանատվությունները որպես եպիսկոպոս շատ էին և տարբեր, և ես փորձում էի իմ կարողության սահմանում անել ինձանից պահանջվող ամեն ինչ: Այդ ժամանակ Միացյալ Նահանգները ներգրավված էր մեկ այլ պատերազմում: Քանի որ մեր անդամներից շատերը ծառայում էին զինված ուժերում, Եկեղեցու գլխավոր վարչությունից մի հանձնարարություն եկավ բոլոր եպիսկոպոսներին՝ յուրաքանչյուր զինծառայողի համար բաժանորդագրվել Church News և Improvement Era, ամսագիրը: Նաև խնդրանք, որպեսզի յուրաքանչյուր եպիսկոպոս ամեն ամիս անձնական նամակ գրի իր ծխի յուրաքանչյուր զինծառայողի: Մեր ծուխն ուներ 23 զինծառայող: Քահանայության քվորումները, ջանքեր ներդրեցին գումար տրամադրելով թերթի և ամսագրի բաժանորդագրությունների համար: Ես ստանձնեցի հանձնարարությունը, այսինքն՝ ամեն ամիս 23 անձնական նամակ գրելու պարտականությունը: Այսքան տարիներ անց ես դեռ պահում եմ իմ գրած շատ նամակների պատճեները և ստացած պատասխանները: Այդ նամակները վերընթերցելիս արցունքներն անարգել հոսում են: Ուրախություն է կրկին իմանալը, որ զինվորը խոստանում է ավետարանով ապրել, նավաստին որոշում է իր ընտանիքի հետ հավատքը պահել:

Մի երեկո ես 23 նամակների կապոցը տվեցի ծխի մի քրոջ, որի առաջադրանքն էր նամակներն ուղարկել և պահել մշտական փոփոխվող հասցեների ցուցակը: Նա մի ծրարի նայելով՝ ժպիտով հարցրեց. «Եպիսկոպոս, դուք երբևէ չեք հուսահատվո՞ւմ: Եվս մեկ նամակ Եղբայր Բրայսոնին, սա 17-րդ նամակն է ուղարկում եք առանց նրանից պատասխան ստանալու»:

Ես ասացի. «Դե, մի գուցե այս անգամ կպատասխանի»: Այնպես ստացվեց, որ այդ ամիս նրանից նամակ ստացա: Առաջին անգամ էր նա իմ նամակին պատասխանում: Նրա պատասխանը հիշատակ է, գանձ: Նա ծառայում էր հեռավոր ափամերձ վայրում, մեկուսի, տան կարոտ, միայնակ: Նա գրել էր. «Թանկագին եպիսկոպոս, ես նամակ գրելուց լավ չեմ»: (Ես դա կարող էի ասել դա նրան մի քանի ամիս առաջ:) Նա շարունակում էր. «Շնորհակալություն Church News-ի և ամսագրերի համար, բայց ամենաշատը շնորհակալություն անձնական նամակների համար: Ես կյանքի նոր էջ եմ շրջել: Ես կարգվել եմ որպես Ահարոնյան Քահանայության քահանա: Սիրտս ուրախությամբ լի է: Ես երջանիկ մարդ եմ»:

Եղբայր Բրայսոնից ավելի երջանիկ էր նրա եպիսկոպոսը: Ես սովորեցի, ինչպես կյանքում կիրառել հետևյալ ասացվածքը. «Արա քո պարտականությունը: Արա որքան կարող ես, մնացածը թող Տիրոջը»:13

Տարիներ անց, երբ հաճախեցի Սոլթ Լեյքի Քոթընվուդ ցից, որի նախագահը Ջեյմս Ի. Ֆաուստն էր, ես պատմեցի այդ պատմությունը, որ խրախուսեի ավելի մեծ ուշադրություն ցուցաբերել մեր զինծառայողների հանդեպ: Հանդիպումից հետո, մի բարետես երիտասարդ մոտեցավ ինձ: Նա սեղմեց ձեռքս, ասելով. «Եպիսկոպոս Մոնսոն, դուք ինձ հիշո՞ւմ եք»:

Ես հանկարծ հասկացա, թե ով էր նա: «Եղբայր Բրայսոն,- բացականչեցի ես,- ինչպե՞ս ես, ի՞նչ ես անում Եկեղեցում»:

Ջերմորեն և ակնհայտ հպարտությամբ նա պատասխանեց. «Հրաշալի եմ, ես ծառայում եմ իմ երեցների քվորումի նախագահությունում: Կրկին շնորհակալություն ձեր մտահոգության և ձեր ուղարկած անձնական նամակների համար: Դրանք շատ թանկ են ինձ համար»:

Եղբայրներ, աշխարհը մեր օգնության կարիքն ունի: Արդյո՞ք անում ենք այն ամենը, ինչ պետք է: Հիշո՞ւմ ենք Նախագահ Ջոն Թեյլորի խոսքերը. «Եթե դուք չեք մեծարում ձեր կոչումները, Աստված պատասխանատվության կկանչի նրանց համար, ում կարող էիք փրկել, եթե ձեր պարտականությունը կատարեիք»:14 Կան ոտքեր, որ կարող ենք ամրացնել, ձեռքեր, որ կարող ենք բռնել, մտքեր, որ կարող ենք խրախուսել, սրտեր, որ կարող ենք ոգեշնչել և հոգիներ, որ կարող ենք փրկել: Հավերժության օրհնությունները սպասում են ձեզ: Դուք արտոնություն ունեք լինելու ոչ թե հանդիսատես, այլ մասնակից քահանայության ծառայության բեմի վրա: Եկեք լսենք Հակոբոսի ոգեշնչող հիշեցումը. «Բայց խոսքը անող եղեք, և ոչ միայն լսողներ՝ ձեր անձերը խաբելով»:15

Եկեք սովորենք մեր պարտականությունը և խորհենք դրա շուրջ: Եկեք պատրաստակամ և արժանի լինենք ծառայելու: Եկեք մեր պարտականությունները կատարելիս հետևենք Վարդապետի քայլերին: Երբ դուք և ես քայլենք Հիսուսի ճանապարհով, մենք կհայտնագործենք, որ Նա ավելին է, քան Բեթլեհեմի մանուկը, քան հյուսնի որդին, երբևէ ապրած ամենամեծ ուսուցիչը: Մենք կճանաչենք Նրան որպես Աստծո Որդի, մեր Փրկիչ և մեր Քավիչ: Երբ Նրան տրվեց պարտականության կանչը, Նա պատասխանեց. «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան»:16 Թող որ մենք անենք նմանապես, ես աղոթում եմ Նրա սուրբ անունով՝ Հիսուս Քրիստոսի՝ Տիրոջ անունով, ամեն:

Հղումներ

  1. Teachings of Presidents of the Church: Joseph Smith (2007), 104.

  2. Teachings of Presidents of the Church: Wilford Woodruff (2004), 38.

  3. Joseph F. Smith, Gospel Doctrine, 5th ed. (1939), 139–40; emphasis added.

  4. Teachings of Presidents of the Church: John Taylor (2001), 119.

  5. Վարդապետություն և Ուխտեր 107.99; շեշտադրումն ավելացված է:

  6. 1 Նեփի 3.7, տես նաև հատվածներ 1–5:

  7. Տես 1 Նեփի 3.5:

  8. Rabindranath Tagore, in William Jay Jacobs, Mother Teresa: Helping the Poor (1991), 42.

  9. Robert Louis Stevenson, in Elbert Hubbard II, comp., The Note Book of Elbert Hubbard: Mottoes, Epigrams, Short Essays, Passages, Orphic Sayings and Preachments (1927), 55.

  10. Stand Ye in Holy Places: Selected Sermons and Writings of President Harold B. Lee (1976), 255.

  11. In Ernest Eberhard Jr., “Giving Our Young Men the Proper Priesthood Perspective,” typescript, July 19, 1971, 4–5, Church History Library.

  12. George Albert Smith, in Conference Report, Apr. 1942, 14.

  13. Henry Wadsworth Longfellow, “The Legend Beautiful,” in The Complete Poetical Works of Longfellow (1893), 258.

  14. Teachings: John Taylor, 164.

  15. Հակոբոս Ա.22:

  16. Մովսես 4.2: