2012
Միայն արդարության սկզբունքների հիման վրա
Մայիս 2012


Միայն արդարության սկզբունքների հիման վրա

Երեց Լարի Ե. Վիլսոն

Իմաստուն ծնողները պատրաստում են իրենց երեխաներին ինքնուրույն ապրելուն: Նրանք աճելու հնարավորություններ են տալիս, երբ երեխաները ձեռք են բերում հոգևոր հասունություն՝ ճիշտ ձևով գործադրելու իրենց ազատ կամքը:

Մեր ամուսնությունից մոտ մեկ ամիս անց կնոջս հետ երկար ճամփորդություն էինք կատարում մեքենայով: Նա վարում էր, իսկ ես փորձում էի հանգստանալ: Ասացի փորձում էի, որովհետև այդ մայրուղու վրա դրված էին արագաչափեր, իսկ կինս մի փոքր սովորություն ուներ այդ օրերին արագ վարել: Ես ասացի. «Դու շատ արագ ես վարում, դանդաղեցրու»:

Նոր ամուսնացած կինս մտքում մտածեց. «Ես 10 տարի է մեքենա եմ վարում, և իմ վարորդական ուսուցչից բացի ոչ ոք ինձ չի ասել, ինչպես պետք է վարեմ»: Եվ նա պատասխանեց. «Ի՞նչ իրավունք ունես ինձ ասելու, թե ինչպես վարեմ»:

Ճիշտն ասած, նրա հարցն ինձ հանկարծակիի բերեց: Այնպես որ, որպես ամուսնացած տղամարդ փորձելով ստանձնել իմ նոր պարտականությունները, ես ասացի. «Չգիտեմ, որովհետև ես քո ամուսինն եմ և քահանայություն եմ կրում»:

Եղբայրներ, ուղղակի մի արագ խորհուրդ՝ եթե նման իրավիճակում հայտնվեք, դա ճիշտ պատասխանը չէ: Եվ ես ուրախ եմ ասելու, դա միակ դեպքն էր, որ ես այդպիսի սխալ գործեցի:

Վարդապետություն և Ուխտերը բացատրում են, որ տանը կամ այլ տեղում քահանայությունն օգտագործելու իրավունքն ուղղակիորեն կապված է մեր արդարակեցության հետ. «Երկնքի զորությունները չեն կարող կառավարվել, ոչ էլ գործածվել, բացի միայն արդարության սկզբունքների հիման վրա»:1 Այն շարունակում է ասելով, որ մենք կորցնում ենք այդ զորությունը, երբ «իշխանություն, տիրապետություն կամ էլ հարկադրանք ենք գործադրում [մյուսների] հոգիների վրա, անիրավության որևէ աստիճանով»:2

Այս սուրբ գրությունն ասում է, որ մենք պետք է առաջնորդվենք «արդարության սկզբունքներով»: Նման սկզբունքները վերաբերվում են բոլոր ղեկավարներին Եկեղեցում, ինչպես նաև բոլոր հայրերին և մայրերին իրենց տներում:3 Մենք կորցնում ենք Տիրոջ Հոգին ունենալու իրավունքը և Աստծուց ստացած իշխանությունը, երբ անարդար իշխանություն ենք գործադրում մեկ ուրիշի հանդեպ:4 Մենք կարող ենք մտածել, որ նման վերաբերմունքը «վերահսկվող» անձի բարիքի համար է: Սակայն մենք իրավացի չենք, երբ փորձում ենք հարկադրել մեկին արդարակյաց լինել, երբ նա կարող է և պետք է գործադրի իր բարոյական ազատ կամքը: Երբ մեկ ուրիշ անձնավորության համար անհրաժեշտ է անփոփոխ սահմաններ դնել, այդ սահմաններ դնելը պետք է արվի սիրող համբերատարությամբ և հավերժական սկզբունքներ ուսուցանելով:

Մենք պարզապես չենք կարող մյուսներին ստիպել ճիշտ գործել: Սուրբ գրությունները հստակեցնում են, որ դա Աստծո ուղին չէ: Հարկադրանքը զայրույթ է առաջացնում: Այն անվստահություն է հաղորդում և մարդիկ իրենց զգում են անընդունակ: Սովորելու հնարավորությունները չեզոքանում են, երբ վերահսկող անձինք գոռոզաբար համարում են, թե իրենք բոլոր ճիշտ պատասխաններն ունեն մյուսների համար: Սուրբ գրություններն ասում են, որ «գրեթե բոլոր մարդկանց բնությունն ու հակվածությունն է» անիրավ իշխանություն գործադրել,5 այնպես որ մենք պետք է իմանանք, որ դա թակարդ է, որի մեջ հեշտ է ընկնել: Կանայք նույնպես կարող են անիրավ իշխանություն գործադրել, թեև սուրբ գրություններն այդ խնդիրը կապում են հիմնականում տղամարդկանց հետ:

Անիրավ իշխանությունը հաճախ ուղեկցվում է մշտական քննադատությամբ և առանց գնահատանք կամ սեր արտահայտելու: Մյուս կողմը զգում է, որ երբեք չի գոհացնի նման ղեկավարին կամ ծնողին, և որ իրենք միշտ թերանում են: Իմաստուն ծնողը պետք է որոշի, թե երբ է երեխան պատրաստ սկսել իր կյանքի որոշակի ոլորտներում իր որոշումները կայացնել՝ ինքնուրույն գործադրելով իր ազատ կամքը: Բայց եթե ծնողներն են միայն որոշում կայացնողը և դա դիտում են որպես իրենց «իրավունք», նրանք խիստ սահմանափակում են իրենց երեխաների աճն ու զարգացումը:

Մեր երեխաները ժամանակավորապես են մեր տանն ապրում: Եթե սպասում ենք, մինչև նրանք հեռանան մեր տնից, և միայն այդ ժամանակ թողնենք, որ գործադրեն իրենց բարոյական ազատ կամքը, ուրեմն մենք շատ ենք սպասել: Նրանք միանգամից չեն զարգացնի իմաստուն որոշումներ կայացնելու ունակություն, եթե մեզ հետ ապրելու ընթացքում երբեք ազատ չեն եղել կարևոր որոշումներ կայացնելիս: Նման երեխաները հաճախ կամ ապստամբում են այդ հարկադրանքի դեմ կամ ընդունակ չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու:

Իմաստուն ծնողները պատրաստում են իրենց երեխաներին ինքնուրույն ապրելուն: Նրանք աճելու հնարավորություններ են տալիս, երբ երեխաները ձեռք են բերում հոգևոր հասունություն՝ ճիշտ ձևով գործադրելու իրենց ազատ կամքը: Դա նաև նշանակում է, որ երեխաները երբեմն սխալներ կկատարեն և դասեր կքաղեն այդ սխալներից:

Մեր ընտանիքը փորձառություն ունեցավ, որը մեզ սովորեցրեց ինչպես օգնել երեխաներին զարգացնել որոշումներ կայացնելու ունակությունը: Մեր դուստրը՝ Մերին, դպրոցում լավագույն ֆուտբոլ խաղացողն էր: Մի տարի նրան թիմը հասավ առաջնությանը, և ցավոք սրտի խաղը նշանակված էր կիրակի օրը: Լինելով դեռահաս Մերիին տարիներ շարունակ ուսուցանվել էր, որ Կիրակին ոչ թե զվարճանքի, այլ հանգստյան և հոգևոր զորացման օր է: Սակայն նա խաղին մասնակցելու ճնշում էր զգում իր մարզիչների ու թիմակիցների կողմից, և ինքն էլ չէր ցանկանում թողնել իր թիմին:

Նա հարցրեց մեզ, թե ինչ պետք է աներ: Կինս և ես կարող էինք հեշտորեն կայացնել այդ որոշումը նրա փոխարեն: Սակայն, աղոթքով քննարկելուց հետո մենք որոշեցինք, որ այս դեպքում մեր դուստրը պատրաստ էր հոգևոր պատասխանատվություն կրել իր որոշման համար: Մենք նրա հետ միասին մի քանի սուրբ գրություններ ընթերցեցինք և խրախուսեցինք Մերիին աղոթել և մտածել այդ մասին:

Մի քանի օր անց նա հայտնեց Կիրակի օրվա խաղին մասնակցելու իր որոշման մասին: Ի՞նչ կարող էինք մենք անել: Քննարկումից և Հոգուց հաստատում ստանալուց հետո, մենք պահեցինք մեր խոստումը և թույլ տվեցինք նրան, որ կատարեր խաղալու իր որոշումը: Խաղից հետո, Մերին դանդաղ քայլերով մոտենալով իրեն սպասող մորը, ասաց. «Օ՜, մայրիկ, սոսկալի զգացում էր: Ես երբեք չէի ցանկանա կրկին նման զգացում ունենալ: Ես այլևս Կիրակի օրը չեմ խաղա»: Եվ այդպես էլ արեց:

Այժմ Մերին ինքնուրույն յուրացրել էր Կիրակին պահելու սկզբունքը: Եթե մենք նրան ստիպեինք չխաղալ, նրան կզրկեինք Հոգով սովորելու թանկ ու զորեղ փորձառությունից:

Ինչպես տեսնում եք, որպեսզի օգնենք երեխաներին ճիշտ գործադրել իրենց ազատ կամքը, պետք է ուսուցանենք նրանց աղոթել և ստանալ իրենց աղոթքների պատասխանները: Նաև պետք է ուսուցանել հնազանդվելու արժեքի և նպատակի, ինչպես նաև ավետարանի այլ հիմնական սկզբունքների մասին:6

Մեր երեխաներին մեծացնելիս մենք որոշեցինք, որ մեր ամենակարևոր նպատակը պետք է լինի՝ օգնել մեր երեխաներին իրենց կապը հաստատել երկնքի հետ: Մենք գիտեինք, որ ի վերջո նրանք պետք է կախված լինեին Տիրոջից, ոչ թե՝ մեզանից: Բրիգամ Յանգն ասել է. «Եթե ես տարբերակում դնեի մարդկանց զավակներից պահանջվող բոլոր պարտականությունների մեջ, … առաջինը և ամենակարևորը ես համարում եմ Տիրոջը, մեր Աստծուն, փնտրելը, մինչև որ մենք կբացենք հաղորդակցման ուղին երկնքից երկիր՝ Աստծուց մինչև մեր հոգիները»:7

Մերին ստացել էր իր աղոթքների պատասխանները նախկինում այլ իրավիճակների համար, և մենք վստահեցինք, որ մեր դուստրն իր կյանքում զարգացնում էր երկնքի հետ հաղորդակցման այս ուղին: Ուստի, նա ինչ-որ դրական բան սովորեց իր փորձից և պատրաստվեց ավելի լավ որոշումներ կայացնել ապագայում: Առանց Հոգու հետ կապի, երեխաները, ինչպես նաև ծնողները, իրենց ազատ կամքը գործադրելու անվան տակ կարող են նպատակահարմար դարձնել տարատեսակ սխալ որոշումներ: Սուրբ գրության խոստումն է, որ «նրանք, ովքեր իմաստուն են … և վերցրել են Սուրբ Հոգին որպես իրենց ուղեկից … չեն խաբվել»:8

Անիրավ իշխանության լրացուցիչ և ողբերգական կողմնակի հետևանքը կարող է լինել Աստծո սիրո հանդեպ վստահության կորուստը: Ես ճանաչել եմ մարդկանց, ովքեր հպատակվել են պահանջկոտ և վերահսկող ղեկավարներին կամ ծնողներին, և նրանց համար դժվար է եղել զգալ իրենց Երկնային Հոր սերը, որը կաջակցեր և կառաջնորդեր իրենց արդարակեցության ուղով:

Եթե ուզում ենք օգնել մեր ղեկավարության ներքո գտնվողներին հաստատել անչափ կարևոր կապը երկնքի հետ, մենք պետք է լինենք բարի ծնող կամ ղեկավար, որի մասին ասվում է Վարդապետություն և Ուխտեր 121 բաժնում: Մենք պետք է գործենք «միայն համոզումով, երկայնամտությամբ, մեղմությամբ և հեզությամբ և անկեղծ սիրով»:9 Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է. «Ամենակարևոր օգնությունը, որ կարող ենք տալ երիտասարդներին, … թույլ տալ, որ նրանք զգան մեր վստահությունը, որ նրանք գտնվում են Աստծո տուն տանող ուղու վրա, և որ նրանք կարող են դա հաղթահարել»:10

Քանի որ քննարկեցինք, թե ինչպիսի սկզբունքներով պետք է առաջնորդվենք Եկեղեցում և տանը, թույլ տվեք վերջում Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի կենսագրությունից մի օրինակ բերել: Մոնսոնների դուստրը՝ Էնն Դիբը ասում է, որ մինչ օրս, երբ նա մտնում է իր հայրական տուն, հայրը այսպես է դիմավորում. «Օ՜, տես ով է եկել: Որքան ուրախ ենք, և որքան գեղեցիկ ես դու»: Նա շարունակում է ասելով. «Ծնողներս միշտ ինձ հաճոյախոսում են, կարևոր չէ, թե ինչպիսի տեսք ունեմ կամ ինչ եմ անում: … Երբ այցելում եմ ծնողներիս, ես գիտեմ, որ սիրված եմ, ինձ հաճոյախոսում են, ինձ ջերմորեն են ընդունում, ես տանն եմ»:11

Եղբայրներ և քույրեր, սա Տիրոջ ուղին է: Անգամ եթե անցյալում ձեզ վատ են վերաբերվել, ես գիտեմ, որ Տերը ցանկանում է, որ դուք գաք Նրա մոտ:12 Բոլորը սիրված են: Բոլորն ընդունված են: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: