2012
Ազատման զորությունը
Մայիս 2012


Ազատման զորությունը

Երեց Լ. Թոմ Փերի

Մենք կարող ենք ազատվել չար ուղիներից և ամբարշտությունից՝ դառնալով դեպի սուրբ գրությունների ուսմունքները:

Ես մի շատ լավ ընկեր ունեմ, որը յուրաքանչյուր գերագույն համաժողովի ինձ մի նոր փողկապ է ուղարկում, որ կրեմ նիստերի ընթացքում: Նա հրաշալի ճաշակ ունի, այդպես չէ՞:

Իմ երիտասարդ ընկերը մի քանի դժվար մարտակոչ ունի: Դրանք ինչ-որ ձևով նրան սահմանփակում են, բայց մյուս կողմերից նա արտասովոր է: Օրինակ՝ նրա համարձակությունը որպես միսիոներ կարելի է համեմատել Մոսիայի որդիների հետ: Նրա հավատքի պարզությունն է, որ նրա համոզմունքները դարձնում է աներևակայելիորեն ամուր և հաստատուն: Կարծում եմ, որ Սքոթի մտքի համար աներևակայելի է, որ բոլորը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ չեն և բոլորը չեն կարդացել Մորմոնի Գիրքը և դրա ճշմարտացիության վերաբերյալ չունեն վկայություն:

Թույլ տվեք մի դեպք պատմել Սքոթի կյանքից, երբ նա առաջին անգամ էր միայնակ ինքնաթիռով թռիչք կատարում՝ այցելելու իր եղբորը: Մի հարևան, որը մոտ էր նստած, լսեց Սքոթի խոսակցությունը իր կողքի մարդու հետ.

«Ողջույն, իմ անունը Սքոթ է: Ի՞նչ է ձեր անունը»:

Նրա կողքի նստածն ասաց իր անունը:

«Ինչո՞վ եք զբաղվում»:

«Ես ճարտարագետ եմ»:

«Դա լավ է: Որտե՞ղ եք ապրում»:

«Լաս Վեգասում»:

«Մենք այնտեղ տաճար ունենք: Դուք գիտե՞ք, թե որտեղ է Մորմոնների տաճարը»:

«Այո, այն գեղեցիկ շենք է»:

«Դուք Մորմո՞ն եք»:

«Ոչ»:

«Դե, դուք պետք է լինեք: Դա հիանալի կրոն է: Դուք կարդացե՞լ եք Մորմոնի Գիրքը»:

«Ոչ»:

«Դե, դուք պետք է կարդաք դա: Այն հրաշալի գիրք է»:

Ես Սքոթի հետ ողջ սրտով համաձայն եմ, Մորմոնի Գիրքը հրաշալի գիրք է: Մարգարե Ջոզեֆ Սմիթի խոսքերը մեջբերված Մորմոնի Գրքի նախաբանի էջից, միշտ ինձ մոտ արձագանք են գտել. «Ես ասացի եղբայրներին, որ Մորմոնի Գիրքն ամենաճիշտն է երկրի վրա եղած բոլոր գրքերից և մեր կրոնի պորտաքարն է, և ապրելով ըստ դրա ցուցումների, մարդ ավելի շատ կմոտենա Աստծուն, քան ըստ որևէ այլ գրքի ցուցումների»:

Այս տարի մեր Կիրակնօրյա Դպրոցի դասերին մենք ուսումնասիրում ենք Մորմոնի Գիրքը: Երբ մենք պատրաստվում ենք և մասնակցում, թող որ մենք դրդվենք հետևելու Սքոթի համարձակ օրինակին՝ կիսվելով մեր սիրով այս առանձնահատուկ սուրբ գրության մասին նրանց հետ, ովքեր մեր հավատքից չեն:

Մորմոնի Գրքի մի գերիշխող թեմա արտահայտվում է 1 Նեփի առաջին գլխի վերջին հատվածում: Նեփին գրել է. «Բայց ահա, ես՝ Նեփիս, ցույց կտամ ձեզ, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները բոլոր նրանց վրա են, ում նա ընտրել է, նրանց հավատքի շնորհիվ. դարձնելու նրանց հզոր՝ մինչև իսկ ի զորությունն ազատ[ման]» (1 Նեփի 1.20):

Ես ուզում եմ խոսել, թե ինչպես Մորոմոնի Գիրքը, որը Տիրոջ գորովագութ ողորմությունն է՝ պահված այս վերջին օրերին, ազատում է մեզ ուսուցանելով մեզ մաքուր և «ամենաճիշտ» ձևով Քրիստոսի վարդապետությունը:

Մորմոնի Գրքի պատմություններից շատերը ազատվելու պատմություններ են: Լեքիի մեկնումը անապատ իր ընտանիքի հետ Երուսաղեմի կործանումից ազատման մասին էր: Հարեդացիների պատմությունը ազատման պատմություն է, ինչպես Մուղեկացների պատմությունն էր: Ալմա Կրտսերը ազատվեց մեղքից: Հելամանի պատանի ռազմիկները ազատվեցին ճակատամարտում: Նեփին և Լեքին ազատվեցին բանտից: Ազատման թեման ակնհայտ է ողջ Մորմոնի Գրքով մեկ:

Մորմոնի Գրքում կան երկու պատմություններ, որոնք շատ նման են և ուսուցանում են կարևոր դաս: Առաջինը Մոսիայի գրքից է, որը սկսվում է 19-րդ գլխից: Այստեղ մենք իմանում ենք, որ թագավոր Լիմքին ապրում էր Նեփիի երկրում: Լամանացիները պատերազմ էին սանձազերծել Լիմքիի ժողովրդի դեմ: Պատերազմի արդյունքում Լամանացիները թույլ տվեցին թագավոր Լիմքիին կառավարել իր ժողովրդին, բայց նրանք պետք է գերության մեջ լինեին իրենցից: Դա շատ տհաճ խաղաղություն էր: (Տես Մոսիա 19–20:)

Երբ Լիմքիի ժողովուրդը հոգնեց Լամանացիների բռնություններից, նրանք համոզեցին իրենց թագավորին գնալ Լամանացիների դեմ ճակատամարտի: Երեք անգամ Լիմքիի ժողովուրդը պարտվեց: Ծանր բեռներ դրվեցին նրանց վրա: Ի վերջո, նրանք խոնարհեցրին իրենց և զորությամբ աղաղակեցին առ Տերը, որ Նա իրենց ազատեր: (Տես Մոսիա 21.1–14:) 21 գլխի 15 հատվածը պատմում է մեզ Տիրոջ պատասխանի մասին. «Եվ արդ, Տերը դանդաղ էր նրանց աղաղակը լսելիս՝ նրանց անօրինությունների պատճառով, այնուամենայնիվ, Տերը լսեց նրանց աղաղակները և սկսեց փափկացնել Լամանացիների սրտերը, այնպես որ նրանք սկսեցին թեթևացնել նրանց բեռները. Սակայն Տերը հարմար չէր տեսնում նրանց ճորտությունից ազատել»:

Շուտով Ամմոնը և տղամարդկանց մի փոքր խումբ Զարահեմլայից եկան և Գեդեոնի՝ Լիմքիի ժողովրդի առաջնորդներից մեկի հետ, նրանք ծրագիր մշակեցին, որը հաջողվեց, և նրանք փախան Լամանացիների բռնություններից: Տերը դանդաղ էր նրանց աղաղակները լսելիս: Ինչո՞ւ: Նրանց անօրինությունների պատճառով:

Երկրորդ պատմությունը շատ կողմերից նման է, բայց նաև տարբեր: Պատմությունը արձանագրված է Մոսիա 24 գլխում:

Ալման և նրա ժողովուրդը բնակություն էին հաստատել Էլամի երկրում, երբ Լամանացիների մի բանակ մտավ երկրի սահմաններից ներս: Նրանք հանդիպեցին և գտան խաղաղ լուծում: (Տես Մոսիա 23.25–29:) Շուտով Լամանացիների առաջնորդները սկսեցին իրենց կամքը թելադրել Ալմայի ժողովրդի վրա և կրելու ծանր բեռներ դրեցին նրանց վրա (տես Մոսիա 24.8): 13 հատվածում մենք կարդում ենք. «Եվ եղավ այնպես, որ Տիրոջ ձայնը եկավ նրանց իրենց չարչարանքների մեջ՝ ասելով. Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ. Եւ ես կուխտեմ իմ ժողովրդի հետ ու կազատեմ նրանց ճորտությունից»:

Ալմայի ժողովուրդը ազատվեց Լամանացիների ձեռքից և ապահով ճանապարհ ընկան ետ՝ միանալու Զարահեմլայի ժողովրդի հետ:

Ո՞րն էր տարբերությունը Ալմայի և թագավոր Լիմքիի ժողովրդի միջև: Ակնհայտորեն կային մի քանի տարբերություններ՝ Ալմայի ժողովուրդը խաղաղասեր էր և ավելի արդարակյաց, նրանք արդեն մկրտվել էին և մտել ուխտի մեջ Տիրոջ հետ, նրանք խոնարհեցրել էին իրենց Տիրոջ առջև, նույնիսկ նախքան իրենց չարչարանքների սկսվելը: Բոլոր այս տարբերությունները նպատակահարմար դարձրեց և արդարացի, որ Տերը հրաշագործ ձևով նրանց արագ ազատեր այն ձեռքերից, ովքեր պահում էին նրանց ճորտության մեջ: Այս սուրբ գրությունները մեզ ուսուցանում են Տիրոջ ազատման զորության մասին:

Մարգարեությունները, որոնք կանխագուշակում են Հիսուս Քրիստոսի կյանքն ու առաքելությունը, խոստանում են մեզ այն ազատումը, որ Նա է ապահովում: Նրա Քավությունն ու Հարությունը մեզ բոլորիս ապահովում են փախուստ ֆիզիկական մահից և, եթե ապաշխարենք, փախուստ հոգևոր մահից, իր հետ բերելով հավերժական կյանքի օրհնությունները: Քավության և Հարության խոստումները, ֆիզիկական և հոգևոր մահից ազատումի խոստումները հայտարարվել էր Աստծո կողմից Մովսեսին, երբ Նա ասաց. «Քանզի ահա սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը» (Մովսես 1.39):

Ի հակադրություն սուրբ գրությունների գեղեցիկ ծրագրված հավատալիքների, մենք տեսնում ենք, թե ինչպես են աշխարհիկության հակադիր ուժերը զբաղված մարտակոչեր նետելով սուրբ գրությունների բազմադարյան հավատալիքներին՝ գրություններ, որոնք տվել են մեզ առաջնորդություն, այս բազմաթիվ դարերի ընթացքում կյանքի մեր վարքի համար՝ սահմանելով հավերժական արժեքներ և չափանիշներ: Այդ աշխարհիկ ուժերը հայտարարում են, որ Աստվածաշնչի ուսմունքները կեղծ են, իսկ Տիրոջ ուսմունքները՝ հնացած: Այդ ձայները գոչում են, որ յուրաքանչյուր ոք պետք է ազատություն ունենա սահմանելու իր չափանիշները, դրանք փորձում են փոխել հավատացյալների իրավունքները, ի հակառակ նրա, ինչ սովորեցվում են սուրբ գրություններում և մարգարեների խոսքերում:

Ինչպիսի օրհնություն է ունենալ մեր Տիրոջ և Փրկչի առաքելության պատմությունը Մորմոնի Գրքում ավելացնելու մի երկրորդ վկայություն այն վարդապետությանը, որը հայտարարվում է Աստվածաշնչում: Կարծում եմ պատասխանը գտնվում է 1 Նեփի 13 գլխում: Նեփին գրում է. «Եվ հրեշտակը խոսեց ինձ հետ ասելով. Այս վերջին հիշատակարնները, որոնք դու տեսար հեթանոսների մոտ, կհաստատեն առաջինի ճշմարտացիությունը, որոնք Գառան տասներկու առաքյալներինն են, հայտնի կդարձնեն պարզ ու արժեքավոր բաներ, որոնք հանվել են դրանցից. և հայտնի կդարձնեն բոլոր ցեղերին, լեզուներին ու ժողովուրդներին, որ Աստծո Գառը՝ Հավերժական Հոր Որդին է և աշխարհի Փրկիչը. և որ բոլոր մարդիկ պետք է գան դեպի նա, այլապես նրանք չեն կարող փրկվել» (հատված 40):

Ո՛չ Աստվածաշունչը, ո՛չ էլ Մորմոնի Գիրքը առանձին բավարար չեն: Երկուսն էլ անհրաժեշտ են մեզ ուսուցանելու և սովորելու Քրիստոսի լրիվ և ամբողջական վարդապետությունը: Մյուսի կարիքը չի նվազեցնում նրանցից և ոչ մեկին: Երկուսն էլ՝ թե՛ Աստվածաշունչը և թե՛ Մորմոնի Գիրքը անհրաժեշտ են մեր փրկության և վեհացման համար: Ինչպես Էզրա Թաֆթ Բենսոնն է զորավոր ձևով ուսուցանել. «Երբ Աստվածաշունչն ու Մորոմնի Գիրքն օգտագործվում են միասին, կործանում են կեղծ վարդապետությունները» (“A New Witness for Christ,” Ensign, Nov. 1984, 8):

Ես ցանկանում եմ եզրափակել՝ նշելով երկու պատմություն, մեկը Հին Կտակարանից, մյուսը Մորմոնի Գրքից, ցույց տալու թե գրքերը որքան ներդաշնակ են աշխատում միասին:

Աբրահամի պատմությունը սկսվում է Աբրահամի ազատումով Քաղդեացիների կռապաշտությունից (տես Ծննդոց ԺԱ.27–31, Աբրահամ 2.1–4): Նա և նրա կինը՝ Սառան հետագայում ազատվեցին իրենց վշտից և խոստում ստացան, որ նրանց սերնդով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն (տես Ծննդոց ԺԸ.18):

Հին Կտակարանը պարունակում է Աբրահամի պատմությունը, թե ինչպես նա իր հետ Եգիպտոսից դուրս հանեց Ղովտին՝ իր եղբոր որդուն: Հողի ընտրությունը իրեն տրված լինելով, Ղովտն ընտրեց Հորդանանի հովիտը, և նա խփեց իր վրանը դեպի Սոդոմ՝ մեծ ամբարշտության քաղաքը: (Տես Ծննդոց ԺԳ.1–12:) Հետագայում Ղովտի խնդիրների մեծ մասը, որ նրան պատահեցին իր կյանքում, իսկ դրանք շատ էին, կարելի է վերագրել նրա վաղ կատարած որոշմանը՝ իր վրանի դուռը այնպիսի դիրքում դնելը, որ դեպի Սոդոմը նայեր:

Աբրահամը՝ հավատարիմների հայրը, կյանքն այլ կերպ ապրեց: Իհարկե, կային մեծ մարտահրավերներ, բայց այն օրհնված կյանք էր: Մենք չգիտենք, թե Աբրահամի վրանի դուռը որ ուղղությամբ էր նայում, բայց կա մի համոզիչ ակնարկ Ծննդոց ԺԳ գլխի վերջին հատվածում. «Եվ Աբրամը չվեց, եւ եկավ եւ բնակվեց Մամբրեի կաղնիների մեջ, որ Քեբրոնումն է. Եւ այնտեղ սեղան շինեց Եհովայի համար» (Ծննդոց ԺԳ.18):

Չնայած ես չգիտեմ, անձամբ հավատացած եմ, որ Աբրահամի վրանը նայում էր դեպի զոհասեղանը, որը նա կառուցել էր Տիրոջ համար: Ինչպես եմ հանգում այդ եզրակացությանը: Դա այն պատճառով է, որ ես գիտեմ Մորմոնի Գրքի պատմությունը Բենիամին թագավորի մասին, որը ցուցումներ տվեց իր ժողովրդին, երբ նրանք հավաքվեցին լսելու նրա վերջին ելույթն իր ժողովրդին: Թագավոր Բենիամինը հրահանգեց նրանց իրենց վրանները դնել մի դիրքում, որպեսզի դրանց դռները նայեին դեպի տաճարը (տես Մոսիա 2.1–6):

Մենք կարող ենք ազատվել չար ուղիներից և ամբարշտությունից՝ դառնալով դեպի սուրբ գրությունների ուսմունքները: Փրկիչը Մեծ Ազատարարն է, քանզի Նա ազատում է մեզ մահից և մեղքից (տես Հռովմայեցիս ԺԱ.26; 2 Նեփի 9.12):

Ես հայտարարում եմ, որ Հիսուսը Քրիստոսն է, և մենք կարող ենք Նրան ավելի մոտենալ կարդալով Մորմոնի Գիրքը: Մորմոնի Գիրքը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Մեր Փրկչի մասին առաջին վկայություններն են՝ Հին և Նոր Կտակարանները, կամ Աստվածաշունչը:

Եկեք կրկին հիշենք իմ ընկեր Սքոթի նկարագրությունը Մորմոնի Գրքի մասին: «Այն հրաշալի Գիրք է»: Ես վկայում եմ ձեզ, որ Մորմոնի Գրքի մեծությունը հիմնականում պայմանավորված է Սուրբ Աստվածաշնչի հետ դրա ներդաշնակությամբ. Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: