Քահանայության ծառայության ինչու հարցը
Ավետարանի ինչուն և քահանյության ինչուն հասկանալը կօգնի մեզ տեսնել այդ ամենի աստվածային նպատակը:
Ես ուրախ եմ քահանայության եղբայրների հետ հանդիպելու այս հրաշալի առիթով և հրճվում եմ ձեզ հետ Հիսուս Քրիստոսի ավետարանի հրաշքով և գեղեցկությամբ: Ես գովաբանում եմ ձեզ ձեր հավատքի, ձեր լավ գործերի և ձեր անսասան արդարակեցության համար:
Մենք ունենք ընդհանուր մի բան, որ մենք բոլորս ստացել ենք՝ Աստծո քահանայության կարգումը նրանցից, ում վստահված է սուրբ քահանյության իշխանություն և զորություն: Սա փոքր օրհնություն չէ: Սա սրբազան պարտականություն է:
Ինչո՞ւ-ի զորությունը
Վերջերս ես մտածում էի երկու կարևոր կոչումների մասին, որոնք ես ստացել եմ որպես քահանայություն կրող Եկեղեցում:
Այդ կոչումներից առաջինը եկավ, երբ ես սարկավագ էի: Ես հաճախում էի իմ ընտանիքի հետ Եկեղեցու Ֆրանկֆուրտի ճյուղը Գերմանիայում: Մենք օրհնված էինք շատ լավ մարդկանցով մեր փոքրիկ ճյուղում: Մեկը մեր ճյուղի նախագահ Եղբայր Լանդշուլցն էր: Ես շատ էի հիանում նրանով, չնայած նա միշտ բավականին լուրջ էր թվում, շատ պաշտոնական և մեծամասամբ մուգ կոստյում էր կրում: Հիշում եմ, երբ պատանի էի, կատակում էի ընկերներիս հետ, թե որքան հնաոճ տեսք ուներ մեր ճյուղի նախագահը:
Այժմ ծիծաղս գալիս է, երբ մտածում եմ այդ մասին, որովհետև շատ հնարավոր է, որ այսօր Եկեղեցու երիտասարդությունը տեսնում է ինձ ճիշտ նույն ձևով:
Մի կիրակի Նախագահ Լանդշուլցը հարցրեց թե կարո՞ղ էր խոսել ինձ հետ: Իմ առաջին միտքն էր. «Ի՞նչ սխալ բան եմ արել»: Միտքս սլացավ շատ բաների վրայով, որ ես հավանական է արել էի, որը կարող է ոգեշնչել էր ճյուղի նախագահ և սարկավագ այդ խոսակցությունը:
Նախագահ Լանդշուլցը հրավիրեց ինձ մի փոքրիկ դասասենյակ՝ մեր աղոթատունը ճյուղի նախագահի գրասենյակ չուներ, և այնտեղ նա առաջարկեց ինձ ծառայել որպես սարկավագների քվորումի նախագահ:
«Սա կարևոր կոչում է»,- ասաց նա, և հետո ժամանակ հատկացրեց և նկարագրեց, թե ինչու: Նա բացատրեց, թե ինչ էին նա և Տերը ակնկալում ինձանից, և թե ինչպես ես կարող էի օգնություն ստանալ:
Ես շատ բան չեմ հիշում նրանից, ինչ նա ասաց, բայց ես լավ եմ հիշում, թե ինչպես էի զգում ինձ: Մի սրբազան, աստվածային Հոգի լցրեց սիրտս, երբ նա խոսում էր: Ես զգացի, որ սա Փրկչի Եկեղեցին էր: Եվ ես զգացի, որ նրա առաջարկած կոչումը ոգեշնչված էր Սուրբ Հոգու կողմից: Ես հիշում եմ՝ դուրս գալով այդ փոքրիկ դասասենյակից, ես զգում էի մի քիչ ավելի բարձրահասակ, քան նախկինում էի:
Դա տեղի է ունեցել մոտ 60 տարի առաջ, և ես դեռ գանձի պես պահում եմ վստահության և սիրո այդ զգացումները:
Երբ ետ եմ նայում այդ փորձառությանը ես փորձում եմ հիշել, թե քանի սարկավագ կային մեր ճյուղում այդ ժամանակ: Որքան հիշում եմ կարծես երկուսն էին: Սակայն սա կարող է վիթխարի չափազանցություն լինել:
Բայց իսկապես նշանակություն չուներ արդյոք մեկ սարկավագ կար, թե տասներկու, ես ինձ մեծարված էի զգում և ուզում էի ծառայել իմ ունակությունների լավագույնով և չհիասթափեցնել իմ ճյուղի նախագահին կամ Տիրոջը:
Այժմ ես գիտակցում եմ, որ ճյուղի նախագահը կարող էր պարզապես կատարել այդ գործը, երբ նա կանչեց ինձ այդ կոչմանը, առանց ինձ հետ առանձին զրուցելու: Նա ուղղակի կարող էր դա ասել ինձ միջանցքում կամ մեր քահանայության ժողովում, որ ես սարկավագների քվորումի նոր նախագահն էի:
Դրա փոխարեն, նա ինձ ժամանակ տրամադրեց և օգնեց հասկանալ ոչ միայն իմ հանձնարարության և նոր պարտականության ինչ հարցը, բայց առավել կարևոր էր՝ ինչու հարցը:
Դա մի բան էր, որ ես երբեք չեմ մոռանա:
Այս պատմության նպատակը պարզապես նկարագրելը չէ, թե ինչպես կոչումներ տալ (չնայած ինձ համար դա ճիշտ ձևով անելու մի հրաշալի օրինակ է): Սա դաս է քահանայության ղեկավարության հիմնավորող զորության մասին, որն արթնացնում է հոգին և ոգեշնչում գործերի:
Մենք պետք է անընդհատ հիշեցվենք այն հավերժական պատճառների մասին, որոնք գտնվում են այն բաների ետևում, որոնք մեզ պատվիրվում է անել: Ավետարանի հիմնական սկզբունքները պետք է մաս լինեն մեր կյանքի հյուսվածքում, եթե նույնիսկ դա նշանակում է կրկին և կրկին սովորել: Դա չի նշանակում, որ այդ գործընթացը պետք է լինի մեխանիկական կամ ձանձրալի: Ընդհակառակը, երբ մենք ուսուցանում ենք հիմնական սկզբունքները մեր տներում կամ եկեղեցում, թող ավետարանի խանդավառության բոցը և վկայության կրակը լույս, ջերմություն և ուրախություն բերի նրանց սրտերին, ում մենք ուսուցանում ենք:
Սկսած ամենանոր ձեռնադրված սարկավագից մինչև ամենաավագ քահանայապետը, մենք ունենք ցուցակներ, թե ինչ մենք կարող ենք և պետք է անենք մեր քահանայության պարտականություններում: Ինչ-ը կարևոր է մեր աշխատանքում և մենք պետք է հետենք դրան: Բայց քահանայութան ծառայության ինչու հարցում է, որ մենք հայտնաբերում ենք քահանայության կրակը, խանդավառությունը ու զորությունը:
Քահանայության ծառայության ինչը ուսուցանում է մեզ ինչ անել: Ինչուն ոգեշնչում է մեր հոգին:
Ինչը տեղեկացնում է, իսկ ինչուն վերափոխում է:
«Լավ» բաներ անելու առատություն
Մեկ այլ քահանայության կոչում, որի մասին ես մտածում եմ, տրվեց ինձ շատ տարիներ հետո, երբ ես ունեի իմ սեփական ընտանիքը: Մենք ետ էինք տեղափոխվել Ֆրանկֆուրտ, Գերմանիա, և ես հենց նոր էի առաջ քաշվել աշխատանքի վայրում, որը կպահանջեր հսկայական ժամանակ և ուշադրություն: Իմ կյանքի այս զբաղված ժամանակահատվածում Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը ինձ կանչեց ծառայելու որպես ցցի նախագահ:
Նրա հետ հարցազրույցի ժամանակ շատ սրընթաց մտքեր էին անցնում գլխովս, որոնցից քիչ տեղ չէր զբաղեցնում հանգիստ չտվող այն միտքը, որ ես գուցե չունենայի այնքան ժամանակ, որ կպահանջեր այս կոչումը: Չնայած ես մեծ պատիվ էի համարում այդ կոչումը, ես մի պահ կասկածեցի, թե արդյոք կարող էի ընդունել այն: Բայց դա միայն մի անցողիկ միտք էր, որովհետև ես գիտեի, որ Երեց Վիրթլինը կանչված էր Աստծո կողմից, և որ նա անում էր Տիրոջ աշխատանքը: Ի՞նչ կարող էի անել, բացի այն ընդունելուց:
Կան դեպքեր, երբ մենք պետք է հավատքով քայլ կատարենք դեպի խավարը, վստահ լինելով, որ Աստված ամուր գետնին կդնի մեր ոտքը, երբ անենք դա: Եվ այսպիսով, ես ուրախությամբ ընդունեցի, իմանալով, որ Աստված հոգ կտաներ:
Այս հանձնարարոության վաղ օրերին, որպես ցից մենք արտոնություն ունեինք ուսուցում ստանալ Եկեղեցու որոշ մեծագույն ուսուցիչներից և առաջնորդներից, այնպիսի մարդկանցից, ինչպես Երեց Ռասսել Մ. Նելսոնը և նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը, որոնք եկել էին մեր տարածք: Նրանց ուսուցումները նման էին երկնքից իջնող ցողի և ոգեշնչում էին մեզ համար: Ես դեռ պահում եմ այն գրառումները, որոնք կատարել եմ այդ նիստերի ժամանակ: Այս Եղբայրները տվեցին մեզ խորաթափանցություն, թե ինչ էր նշանակում հաստատել Աստծո թագավորությունը՝ կառուցելով անձնական վկայություններ և զորացնելով ընտանիքները: Նրանք օգնեցին մեզ տեսնել, թե ինչպես կիրառել ավետարանական ճշմարտությունը և սկզբունքները մեր առանձնահատուկ հանգամանքներում և մեր առանձնահատուկ պահերի համար: Այլ կերպ ասած, ոգեշնչված առաջնորդներն օգնեցին մեզ տեսնել ավետարանի ինչուն, և ապա մենք ծալեցինք մեր թևքերն ու անցանք գործի:
Շատ չանցած մենք հասկացանք, որ կային բազմաթիվ բաներ, որոնք ցցի նախագահությունը կարող էր անել, փաստորեն, եթե մենք չդնեինք ոգեշնչված առաջնահերթություններ, մենք կարող է բաց թողնեինք կարևոր բաներ անելը: Սկսեցին հայտնվել միմյանց հետ մրցակցող առաջնահերթություններ, շեղելով մեր կիզակետը այն պատկերացումից, որի վերաբերյալ Եղբայրները կիսվել էին մեզ հետ: Կային բազմաթիվ «լավ» բաներ անելու, բայց դրանցից ոչ բոլորն էին, որ ամենակարևորն էին:
Մենք սովորեցինք մի կարևոր դաս՝ փաստը, որ ինչ-որ բան լավ է, ոչ միշտ է բավականաչափ պատճառ՝ պահանջելու մեր ժամանակն ու միջոցները: Մեր գործողությունները, նախաձեռնություններն ու ծրագրերը պետք է ոգեշնչվեն և հիմնավորվեն մեր քահանայության ծառայության ինչուների վրա և ոչ թե որևէ ցուցադրական միտումով կամ պահի թելադրանքով: Հակառակ դեպքում դրանք կարող են շեղել մեր ջանքերը, սպառել մեր էներգիան և մեզ թակարդել մեր իսկ նախասիրություններով՝ հոգևոր կամ աշխարհիկ, որոնք հետևորդ լինելու առանցքում չեն:
Եղբայրներ, մենք բոլորս գիտենք, որ ինքնակարգապահություն է պահանջվում այն բաների վրա կենտրոնացած մնալու համար, որոնք Աստծո և մերձավորի հանդեպ մեր սերը մեծացնելու մեծագույն ուժն ունեն, զորացնելու ամուսնությունները, ամրացնելու ընտանիքները և կառուցելու Աստծո թագավորությունը երկրի վրա: Շատ ճյուղերով և առատ տերևներով պտղատու ծառի նման մեր կյանքերը կանոնավորապես էտվելու կարիք ունեն՝ ապահովելու, որ մեր էնեգիան և մեր ժամանակը ծախսենք մեր իսկական նպատակն իրականացնելու վրա, որպեսզի «առաջ բերենք բարի պտուղ»:1
Դուք մենակ չեք
Այսպիսով, ինչպե՞ս իմանանք, թե ինչ ընտրենք: Մենք յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք դա ինքներս որոշելու: Այնուամենայնիվ, մեզ պատվիրված է ջանասիրաբար ուսումնասիրել սուրբ գրությունները, ուշադրություն դարձնել մարգարեների խոսքերին և դարձնել դա հավատքով լի, լուրջ, նվիրված աղոթքի հարց:
Եղբայրներ, Աստված հավատարիմ է: Սուրբ Հոգու միջոցով նա կխոսի մեր մտքերի և սրտերի հետ այն ուղու վերաբերյալ, որին մենք պետք է հետևենք մեր կյանքի յուրաքանչյուր ժամանակահատվածի ընթացքում:
Եթե մեր սրտերը մաքուր են, եթե մենք փնտրում ենք ոչ թե մեր, այլ Ամենազոր Աստծո փառքը, եթե մենք ձգտում ենք անել Նրա կամքը, եթե մենք ցանկանում ենք օրհնել մեր ընտանիքի և մեր մերձավորի կյանքը, մենք չենք թողվի քայլելու մենակ: Ինչպես Նախագահ Մոնսոնն է հաճախ հիշեցրել մեզ. «Երբ մենք Տիրոջ հանձնարարությունն ենք կատարում, մենք լիազորված ենք Տիրոջ օգնությունը ստանալու»:2
Ձեր Երկնային Հայրը «կգնա ձեր առջևից: [Նա] կլինի ձեր աջ կողմում և ձեր ձախ կողմում և [Նրա] Հոգին կլինի ձեր սրտերում, և [Նրա] հրեշտակները կլինեն ձեր շուրջը, ձեզ վեր բարձրացնելու»:3
Գործելու զորությունը
Իմ սիրելի եղբայրներ, քահանայության ծառայության համար աստվածային օրհնությունները ակտիվացվում են մեր տքնաջան ջանքերի միջոցով, մեր զոհաբերելու պատրաստակամությամբ և մեր ցանկության միջոցով՝ անելու այն, ինչ ճիշտ է: Եկեք լինենք ներգործող, ոչ թե ներգործվող: Քարոզելը հրաշալի է, բայց քարոզները, որոնք չեն տանում դեպի գործեր, նման են առանց ջերմության կրակների կամ ջրի, որը չի կարող հագեցնել ծարավը:
Վարդապետության կիրառման միջոցով է, որ ավետարանի մաքրագործող բոցն աճում է և քահանայության զորությունը լցնում մեր հոգիները խանդավառությամբ:
Թոմաս Էդիսոնը, այն մարդը, որը ողողեց աշխարհը իր հնարած բոցավառվող էլեկտարական լամպի լույսով, ասաց որ «գաղափարի արժեքը գտնվում է դրա օգտագործման մեջ»:4 Նմանապես ավետարանական վարդապետությունը դառնում է ավելի թանկարժեք, երբ այն դրվում է գործածության մեջ:
Մենք չպետք է թույլ տանք, որ քահանայության վարդապետությունները քնած մնան մեր սրտերում և չկիրառված մեր կյանքերում: Եթե կա ամուսնություն կամ ընտանիք, որին պետք է փրկել, գուցե նույնիսկ մեր սեփականը, եկեք ուղղակի չսպասենք ու տեսնենք: Ավելի շուտ եկեք շնորհակալություն հայտնենք Աստծուն երջանկության ծրագրի համար, որը ներառում է՝ հավատք, ապաշխարություն, ներում և նոր սկզբնավորումներ: Քահանայության վարդապետությունը կիրառելը մեզ կորակավորի որպես ամուսիններ, հայրեր և որդիներ, ովքեր հասկանում են քահանայության ինչուն և նրա զորությունը՝ ետ խլելու և ապահովելու հավերժական ընտանիքների գեղեցկությունն ու սրբությունը:
Գերագույն համաժողովը միշտ էլ լավ ժամանակ է ինչպես լսելու, այնպես էլ կատարելու համար: Ուստի եկեք «խոսքը անող լինենք, և ոչ միայն լսողներ»:5 Եղբայրներ, ես կոչ եմ անում ձեզ մտածել խոսքերի մասին, որոնք ասվում ենք Աստծո ծառաների կողմից այս շաբաթավերջին: Ապա իջնել ծնկի և խնդրել Աստծուն, մեր Երկնային Հորը՝ լուսավորել ձեր միտքը և հպվել ձեր սրտին: Խնդրեք Նրան, որ լուսավորի ձեր միտքը և հպվի ձեր սրտին: Աղերսեք Աստծուն առաջնորդության համար ձեր ամենօրյա կյանքում, եկեղեցական ձեր պարտականություններում և ներկայիս ձեր առանձնահատուկ մարտահրավերներում: Հետևեք Հոգու հուշումներին, մի հետաձգեք: Եթե դուք անեք այս բոլորը, ես խոստանում եմ, որ Տերը չի թողնի ձեզ, որ միայնակ քայլեք:
Շարունակեք համբերությամբ
Մենք գիտենք, որ չնայած մեր լավագույն մտադրություններին, գործերը միշտ չէ որ ծրագրի համաձայն են գնում: Մենք սխալներ ենք կատարում կյանքում և մեր քահանայության ծառայությունում: Երբեմն մենք սայթաքում ենք և թերանում:
Երբ Տերը խորհուրդ է տալիս «համբերությամբ շարունակեք, մինչև որ [դուք] կատարյալ դարձվեք»,6 Նա հաշվի է առնում, որ դա պահանջում է ժամանակ և հաստատակամություն: Ավետարանի ինչուն և քահանյության ինչուն հասկանալը կօգնի մեզ տեսնել այդ ամենի աստվածային նպատակը: Այն կտա մեզ հիմնավորում և ուժ՝ անելու ճիշտ բաներ, նույնիսկ երբ դրանք դժվար են: Ավետարանի հիմնական սկզբունքներով ապրելու վրա կենտրոնացած մնալը, կօրհնի մեզ պարզությամբ, իմաստությամբ և ուղղորդմամբ:
«Արդյոք չպե՞տք է մենք շարունակենք այս մեծ գործը»:7 Այո, եղբայրներ, մենք կշարունակենք:
Առաջնորդվելով Սուրբ Հոգու կողմից, մենք կսովորենք մեր սխալներից: Եթե մենք սայթաքենք, մենք վեր կկենանք: Եթե մենք երերանք, մենք կշարունակենք առաջ գնալ: Մենք երբեք չենք սասանվի, մենք երբեք չենք հանձնվի:
Որպես Աստծո քահանայության հավիտենական հզոր եղբայրություն՝ մենք կկանգնենք միասին, ուս ուսի, կենտրոնացած Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի սկզբունքների վրա և երախտագիտությամբ ծառայելով մեր Աստծուն և մերձավորին՝ նվիրվածությամբ ու սիրով:
Աստված ապրում է
Իմ սիրելի եղբայրներ, ես վկայում եմ ձեզ այսօր, որ Հայր Աստվածը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսն ապրում են: Նրանք իրական են: Նրանք այնտեղ են:
Դուք մենակ չեք: Ձեր Երկնային Հայրը հոգ է տանում ձեր մասին և ցանկանում է օրհնել և բարձրացնել ձեզ արդարակեցության մեջ:
Համոզված եղեք, որ Աստված խոսում է մարդկության հետ մեր ժամանակներում: Նա կխոսի ձեզ հետ:
Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսել էր այն, ինչ ասաց, որ տեսել էր: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին վերականգվել է երկրի վրա Ամենազոր Աստծո զորությամբ և իշխանությամբ:
Իմ աղոթքն է, որ մենք՝ որպես Նրա քահանայության կրողներ, ընդմիշտ մնանք ներդաշնակության մեջ քահանայության ծառայության ինչու հարցի հետ և օգտագործենք վերականգված ավետարանի սկզբունքները՝ վերափոխելու համար մեր կյանքը և նրանց կյանքը, ում մենք ծառայում ենք:
Երբ մենք այդպես անենք, Քավության անսահման զորությունը կսրբագործի, կմաքրագործի և կզտի մեր հոգիներն ու բնավորությունները, մինչև մենք դառնանք այն մարդիկ, որը կանխորոշված ենք դառնալ: Սրա մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: