Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 43


Բաժին 43

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1831թ. փետրվարին (History of the Church, 1.154–156): Այդ ժամանակ Եկեղեցու որոշ անդամների անհանգստացնում էին մարդիկ, որոնք կեղծ հայտարարություններ էին անում, որպես հայտնողներ: Մարգարեն հարցրեց Տիրոջը և ստացավ հետևյալ հաղորդակցությունը՝ ուղղված Եկեղեցու երեցներին: Առաջին մասը վերաբերում է Եկեղեցու կառավարմանը. վերջին մասը պարունակում է մի զգուշացում, որը երեցները պետք է հանձնեն երկրի ազգերին:

1–7՝ Հայտնություններն ու պատվիրանները գալիս են միայն մեկի միջոցով, ով նշանակված է. 8–14՝ Սրբերը սրբագործվում են՝ Տիրոջ առաջ ամենայն սրբությամբ վարվելով. 15–22՝ Երեցներն ուղարկվում են՝ ապաշխարություն աղաղակելու և մարդկանց նախապատրաստելու Տիրոջ մեծ օրվա համար. 23–28՝ Տերը կանչում է մարդկանց իր սեփական ձայնով և բնության ուժերի միջոցով. 29–35՝ Հազարամյակը, և Սատանային կապելը, գալու է:

1 Օ՜, լսե՛ք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, և ականջ դրեք այն խոսքերին, որ պիտի ասեմ ձեզ:

2 Քանզի ահա, ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք պատվիրան եք ստացել եկեղեցու օրենքի համար, նրա միջոցով, ում ես նշանակել եմ իմ ձեռքից պատվիրաններ և հայտնություններ ստանալու ձեզ համար:

3 Եվ սա իմացեք հաստատապես,– որ ուրիշ ոչ մեկը նշանակված չէ պատվիրաններ ու հայտնություններ ստանալու ձեզ համար, քանի դեռ նա չի վերցվել, քանի դեռ նա մնում է ինձանում:

4 Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ ոչ ոք չի նշանակվի այս պարգևին, եթե դա չլինի նրա միջոցով. քանզի եթե դա վերցվի նրանից, նա զորություն չի ունենա, բացի իր տեղը մեկ ուրիշին նշանակելուց:

5 Եվ դա օրենք պիտի լինի ձեզ համար, որ դուք որպես հայտնություն և պատվիրան չընդունեք ոչ ոքի ուսմունքները, ովքեր կգան ձեզ մոտ.

6 Եվ սա ես ձեզ տալիս եմ, որպեսզի դուք չխաբվեք, որ կարողանաք իմանալ, որ նրանք ինձանից չեն:

7 Քանզի ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նա, ով կարգված է իմ կողմից, պիտի մտնի դռնով և կարգվի, ինչպես ձեզ ասել եմ նախկինում, որ ուսուցանի այն հայտնությունները, որոնք դուք ստացել եք և պիտի ստանաք նրա միջոցով, ում ես նշանակել եմ:

8 Եվ այժմ, ահա, ես ձեզ տալիս եմ մի պատվիրան, որ երբ ժողովվում եք միասին, դուք պետք է հրահանգեք և շենացնեք միմյանց, որ կարողանաք իմանալ՝ ինչպես գործել և ղեկավարել իմ եկեղեցին, ինչպես գործել իմ օրենքի կետերի և պատվիրանների վերաբերյալ, որոնք ես տվել եմ:

9 Եվ այդպե՛ս դուք պիտի հրահանգված լինեք իմ եկեղեցու օրենքի մեջ, և սրբագործվեք նրանով, ինչ ստացել եք, և դուք պետք է ինքներդ ձեզ պարտավորեցնեք՝ ամենայն սրբությամբ վարվել իմ առաջ,–

10 Որ, որքան որ դուք այդպես վարվեք, փառք պիտի ավելանա արքայությանը, որ դուք ստացել եք: Որքան որ դուք այդպես չվարվեք, ձեզանից կվերցվի նույնիսկ այն, ինչը դուք ստացել եք:

11 Մաքրեք անօրինությունը, որ ձեր մեջ է. սրբացրեք ձեզ իմ առաջ.

12 Եվ եթե դուք փափագում եք արքայության փառքերը, նշանակեք իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին և հավատքի աղոթքով նեցուկ եղեք նրան իմ առաջ:

13 Եվ բացի այդ, ես ասում եմ ձեզ, որ եթե դուք փափագում եք արքայության խորհուրդները, ապահովեք նրան մթերքով ու հագուստով և ինչի կարիք որ ունի, որ նա իրագործի աշխատանքը, որը ես պատվիրել եմ նրան.

14 Եվ եթե դուք չանեք այդ, նա պիտի մնա նրանց համար, ովքեր ընդունեցին նրան, որ ես կարողանամ մի անարատ ժողովուրդ պահպանել իմ առաջ:

15 Կրկին ասում եմ ես. Ակա՛նջ դրեք, իմ եկեղեցո՛ւ երեցներ, ում ես նշանակել եմ. Դուք առաջ եք ուղարկվել ոչ թե ուսուցանվելու, այլ ուսուցանելու մարդկանց զավակներին այն բաները, որոնք ես դրել եմ ձեր ձեռքում՝ իմ Հոգու զորությամբ.

16 Եվ դուք պետք է ուսուցանվեք ի վերուստ: Սրբացրեք ձեզ, և դուք զորությամբ կօժտվեք, որ կարողանաք ուսուցանել, ճիշտ ինչպես ես ասացի:

17 Ականջ դրեք, քանզի, ահա, Տիրոջ մեծ օրը մոտ է՝ առ ձեռն:

18 Քանզի գալիս է օրը, երբ Տերը կարձակի իր ձայնը երկնքից. երկինքները կցնցվեն և երկիրը կդողա, և Աստծո փողը երկար և բարձր կհնչի, և կասի քնած ազգերին. Դո՛ւք, սրբե՛ր, վեր կացեք և ապրեք. դո՛ւք, մեղավորնե՛ր, մնացեք և քնեք, մինչև որ ես կրկին կկանչեմ:

19 Ուստի գոտեպնդեք ձեր մեջքը, չլինի թե դուք գտնվեք ամբարիշտների մեջ:

20 Բարձրացրեք ձեր ձայները և մի խնայեք: Ապաշխարելու կոչ արեք ազգերին, ինչպես ծերերին, այնպես էլ երիտասարդներին, ինչպես ծառաներին, այնպես էլ ազատներին՝ ասելով. Պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար.

21 Քանզի եթե ես, մարդ լինելով, բարձրացնում եմ իմ ձայնն ու կանչում ձեզ ապաշխարության, և դուք ատում ենք ինձ, ի՞նչ կասեք դուք, երբ օրը գա, երբ որոտները երկրի ծայրերից կաղաղակեն իրենց ձայնով, խոսելով բոլոր ապրողների ականջին, ասելով. Ապաշխարեք, և պատրաստվեք Տիրոջ մեծ օրվա համար:

22 Այո՛, և բացի այդ, երբ կայծակները կսլանան արևելքից արևմուտք, և կաղաղակեն իրենց ձայնով բոլոր ապրողներին, և կզնգացնեն բոլոր լսողների ականջները՝ ասելով այս խոսքերը,– Ապաշխարե՛ք, քանզի Տիրոջ մեծ օրը գալիս է:

23 Եվ բացի այդ, Տերն իր ձայնով կազդարարի երկնքից, ասելով. Ականջ դրեք, ո՜վ դուք, երկրի՛ ազգեր, և լսեք խոսքերն այն Աստծո, որն արարել է ձեզ:

24 Ո՜վ դուք, երկրի՛ ազգեր, որքա՜ն հաճախ հավաքած կլինեի ես ձեզ, ինչպես հավն է իր թևերի տակ հավաքում իր ճտերին, բայց դուք չկամեցաք:

25 Որքա՜ն հաճախ ես կանչեցի ձեզ, իմ ծառաների բերանով, և հրեշտակների սպասավորությամբ, և իմ իսկ բերանով, և որոտների ձայնով, և կայծակների ձայնով, և փոթորիկների ձայնով, և երկրաշարժերի ձայնով, և մեծ կարկտահողմերով, և սովերի ու ամեն տեսակի ժանտախտների ձայնով, և փողի բարձր հնչումով, և դատաստանի ձայնով, և ողորմության ձայնով՝ ողջ օրվա ընթացքում, և փառքի ու պատվի և հավերժական կյանքի հարստությունների ձայնով, և ձեզ փրկած կլինեի հավիտենական փրկությամբ, բայց դուք չկամեցաք:

26 Ահա, օրը եկել է, երբ իմ զայրույթի ցասման բաժակը լցվել է:

27 Ահա, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ սրանք Տիրոջ՝ ձեր Աստծո խոսքերն են:

28 Ուստի, աշխատե՛ք, տքնեք իմ այգում վերջին անգամ,– վերջին անգամ կոչ արեք երկրի բնակիչներին:

29 Քանզի ինձ իսկ հարմար ժամանակ ես երկիր կգամ դատաստանով, և իմ ժողովուրդը կփրկագնվի և ինձ հետ կթագավորի երկրի վրա:

30 Քանզի մեծ Հազարամյակը, որի մասին ես խոսել եմ իմ ծառաների բերանով, պիտի գա:

31 Քանզի Սատանան պիտի կապվի, և երբ կրկին արձակվի, նա մի փոքր ժամանակով միայն պիտի թագավորի, իսկ հետո գալիս է երկրի վախճանը:

32 Եվ նա, ով արդարությամբ է ապրում, պիտի փոխվի մի ակնթարթում, և երկիրը պիտի անցնի այնպես, ինչպես կրակով:

33 Իսկ ամբարիշտները պիտի գնան անշեջ կրակը, և նրանց վախճանը ոչ ոք չգիտի երկրի վրա, ոչ էլ երբևէ կիմանա, մինչև որ նրանք գան իմ առաջ՝ դատաստանի:

34 Ականջ դրեք այս խոսքերին: Ահա, ես Հիսուս Քրիստոսն եմ՝ աշխարհի Փրկիչը: Գանձեք այս բաները ձեր սրտերում, և թող հավերժության հանդիսավոր բաները հանգչեն ձեր մտքերում:

35 Լրջմիտ եղեք: Պահեք իմ բոլոր պատվիրանները: Ճիշտ այդպես: Ամեն: