Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 107


Բաժին 107

Հայտնություն քահանայության վերաբերյալ՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Կիրթլենդում, Օհայո, 1835թ. մարտի 28-ին գրանցված (History of the Church, 2.209–217): Նշված օրը Տասներկուսը հավաքվեց խորհրդի՝ ապաշխարությամբ խոստովանելով իրենց անձնական թուլություններն ու թերությունները, և հետագա առաջնորդություն փնտրելով Տիրոջից: Նրանք պատրաստվում էին առաքելություններով առանձնանալ իրենց նշանակված շրջանները: Չնայած այս բաժնի մասերը տրվել են նշված օրը, պատմական արձանագրությունները հաստատում են, որ որոշ մասեր ստացվել էին տարբեր ժամանակներում, մի քանիսը՝ դեռևս 1831թ. նոյեմբերին:

1–6՝ Երկու քահանայություն կա՝ Մելքիսեդեկյան և Ահարոնյան. 7–12՝ Նրանք, ովքեր կրում են Մելքիսեդեկյան Քահանայություն, զորություն ունեն պաշտոնավարելու Եկեղեցու բոլոր պաշտոններում. 13–17՝ Եպիսկոպոսությունը նախագահում է Ահարոնյան Քահանայության վրա, որը սպասավորում է արտաքին արարողությունները. 18–20՝ Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները. Ահարոնյան Քահանայությունը կրում է հրեշտակների սպասավորման բանալիները. 21–38՝ Առաջին Նախագահությունը, Տասներկուսը և Յոթանասունը կազմում են նախագահող քվորումներ, որոնց որոշումները պետք է կայացվեն միաբանությամբ ու արդարությամբ. 39–52՝ Սահմանվում է Ադամից մինչև Նոյ եկող հայրապետական կարգը. 53–57՝ Հնում Սրբերը հավաքվել են Ադամ-օնդի-Ահմանում, և Տերը հայտնվել է նրանց. 58–67՝ Տասներկուսը պետք է կազմակերպի Եկեղեցու մյուս պաշտոնյաներին. 68–76՝ Եպիսկոպոսները ծառայում են, որպես ընդհանուր դատավորներ Իսրայելում. 77–84՝ Առաջին Նախագահությունը և Տասներկուսը կազմում են Եկեղեցու բարձրագույն դատարանը. 85–100՝ Քահանայության նախագահները կառավարում են իրենց քվորումները:

1 Եկեղեցում կա երկու քահանայություն, այսինքն՝ Մելքիսեդեկյան և Ահարոնյան, որն ընդգրկում է Ղևտական Քահանայությունը:

2 Պատճառը, որ առաջինը կոչվում է Մելքիսեդեկյան Քահանայություն, այն է, որ Մելքիսեդեկը շատ մեծ քահանայապետ էր:

3 Նախքան նրա օրերը, այն կոչվում էր Սուրբ Քահանայություն ըստ Աստծո Որդու Կարգի:

4 Սակայն, ելնելով Գերագույն Էակի անվան հանդեպ ունեցած հարգանքից կամ պատկառանքից, նրա անունը շատ հաճախ կրկնելուց խուսափելու նպատակով, նրանք՝ հին օրերի եկեղեցին, այդ քահանայությունը կոչեցին Մելքիսեդեկի անունով, կամ Մելքիսեդեկյան Քահանայություն:

5 Եկեղեցու բոլոր մյուս իշխանությունները կամ պաշտոններն այդ քահանայության հավելումներն են:

6 Սակայն երկու բաժին, կամ հիմնական գլուխ կա,– մեկը Մելքիսեդեկյան Քահանայությունն է, իսկ մյուսը՝ Ահարոնյան կամ Ղևտական Քահանայությունը:

7 Երեցի պաշտոնը դասվում է Մելքիսեդեկի քահանայության ներքո:

8 Մելքիսեդեկյան Քահանայությունը կրում է նախագահելու իրավունքը, և զորություն ու իշխանություն ունի եկեղեցու բոլոր պաշտոնների վրա, աշխարհի բոլոր դարաշրջաններում, հոգևոր բաները ղեկավարելու համար:

9 Ըստ Մելքիսեդեկի կարգի Բարձրագույն Քահանայության Նախագահությունն իրավունք ունի պաշտոնավարելու եկեղեցու բոլոր պաշտոններում:

10 Ըստ Մելքիսեդեկյան Քահանայության կարգի քահանայապետերն իրավունք ունեն պաշտոնավարելու իրենց դիրքում, նախագահության ղեկավարության ներքո հոգևոր բաներում սպասավորելիս և նաև երեցի, քահանայի (ըստ Ղևտական կարգի), ուսուցչի, սարկավագի և անդամի պաշտոնում:

11 Երեցն իրավունք ունի պաշտոնավարելու նրա փոխարեն, երբ քահանայապետը ներկա չէ:

12 Քահանայապետը և երեցը, համաձայն եկեղեցու ուխտերի և պատվիրանների, պետք է ղեկավարեն հոգևոր բաները. և նրանք իրավունք ունեն պաշտոնավարելու եկեղեցու բոլոր այդ պաշտոններում, երբ ներկա չեն ավելի բարձր իշխանավորներ:

13 Երկրորդ քահանայությունը կոչվում է Ահարոնի Քահանայություն, որովհետև այն շնորհվել էր Ահարոնին ու նրա հետնորդներին, նրանց բոլոր սերունդների ընթացքում:

14 Ինչու է այն կոչվում փոքրագույն քահանայություն, որովհետև այն հավելումն է մեծագույնի կամ Մելքիսեդեկյան Քահանայության, և զորություն ունի սպասավորելու արտաքին արարողությունները:

15 Եպիսկոպոսությունն այս քահանայության նախագահությունն է, և կրում է դրա բանալիներն ու իշխանությունը:

16 Ոչ մի տղամարդ չունի այս պաշտոնի, այս քահանայության բանալիները կրելու օրինական իրավունքը, եթե նա Ահարոնի անմիջական հետնորդը չէ:

17 Բայց քանի որ Մելքիսեդեկյան Քահանայության քահանայապետն իշխանություն ունի պաշտոնավարելու մյուս բոլոր փոքր պաշտոններում, նա կարող է պաշտոնավարել եպիսկոպոսի պաշտոնում, երբ հնարավոր չէ գտնել Ահարոնի անմիջական հետնորդ, պայմանով, որ նա կկանչվի և ի սպաս կդրվի և կկարգվի այդ զորությանը Մելքիսեդեկյան Քահանայության Նախագահության ձեռքերով:

18 Բարձրագույն, կամ Մելքիսեդեկյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել եկեղեցու բոլոր հոգևոր օրհնությունների բանալիները,–

19 Ունենալ երկնքի արքայության խորհուրդներն ստանալու առանձնաշնորհը, տեսնել երկինքներն իրենց համար բացված, հաղորդակցվել Անդրանիկի եկեղեցու և ընդհանուր ժողովի հետ ու վայելել հաղորդակցությունն ու ներկայությունը Հայր Աստծո և Հիսուսի՝ նոր ուխտի միջնորդի:

20 Փոքրագույն, կամ Ահարոնյան Քահանայության զորությունն ու իշխանությունն է՝ կրել հրեշտակների սպասավորման բանալիները և սպասավորել արտաքին արարողությունները, ավետարանի գիրը, ապաշխարության մկրտությունը՝ մեղքերի թողության համար՝ համաձայն ուխտերի և պատվիրանների:

21 Անհրաժեշտությունից ելնելով՝ նախագահներ կամ նախագահող պաշտոնյաներ են բարձրացվում կամ նշանակվում նրանցից կամ նրանց միջից, ովքեր կարգված են այս երկու քահանայությունների առանձին պաշտոններում:

22 Մելքիսեդեկյան Քահանայությունից երեք Նախագահող Քահանայապետ, ընտրվելով Տասներկուսի կողմից, նշանակվելով ու կարգվելով այդ պաշտոնին, և աջակցվելով եկեղեցու վստահությամբ, հավատքով ու աղոթքով, կազմում են Եկեղեցու Նախագահության քվորումը:

23 Տասներկու ճամփորդող խորհրդականները կանչվում են՝ լինելու Տասներկու Առաքյալները կամ Քրիստոսի անվան հատուկ վկաները ողջ աշխարհում,– այդպիսով տարբերվելով եկեղեցու մյուս պաշտոնյաներից իրենց կոչման պարտականություններով:

24 Եվ նրանք կազմում են քվորում, որն իշխանությամբ ու զորությամբ հավասար է վերոհիշյալ երեք նախագահներին:

25 Յոթանասունականները նույնպես կանչված են՝ քարոզելու ավետարանը և լինելու հատուկ վկաներ հեթանոսների համար ու ողջ աշխարհում,– այդպիսով տարբերվելով եկեղեցու մյուս պաշտոնյաներից իրենց կոչման պարտականություններով:

26 Եվ նրանք կազմում են քվորում, որն իշխանությամբ հավասարազոր է նրան, ինչը վերը նշված Տասներկու հատուկ վկաներինը կամ Առաքյալներինն է:

27 Եվ յուրաքանչյուր որոշում, որը կայացվում է այս քվորումներից որևէ մեկի կողմից, պետք է լինի միաբան ձայնով. այսինքն՝ ամեն մի քվորումի յուրաքանչյուր անդամ պետք է համաձայն լինի նրա որոշումների հետ, որպեսզի նրանց որոշումները մեկը մյուսի հետ նույն զորությունը, կամ օրինականությունն ունենան,–

28 Մեծամասնությունը կարող է կազմել քվորում, եթե հանգամանքների բերումով այլընտրանք չկա,–

29 Եթե այդպես չլինի, նրանց որոշումները չեն արժանանա այնպիսի օրհնությունների, ինչպիսիք էին երեք նախագահների քվորումի որոշումները հնում, որոնք կարգվել էին ըստ Մելքիսեդեկի կարգի, և արդար ու սուրբ մարդիկ էին:

30 Այս քվորումների որոշումները, կամ դրանցից յուրաքանչյուրը, պետք է կայացվեն ողջ արդարակեցությամբ, սրբությամբ, սրտի խոնարհությամբ, հեզությամբ ու երկայնամտությամբ և հավատքով և առաքինությամբ և գիտությամբ, ժուժկալությամբ, համբերությամբ, աստվածայնությամբ, եղբայրասիրությամբ ու գթությամբ.

31 Քանզի խոստումն է, որ եթե այս բաներն առատ լինեն նրանց մեջ, նրանք անպտուղ չեն լինի Տիրոջ գիտության մեջ:

32 Եվ եթե այս քվորումների որևէ որոշում անիրավությամբ կայացվի, այն կարող է բերվել եկեղեցու հոգևոր իշխանությունները կազմող առանձին քվորումների ընդհանուր ժողովի առաջ. հակառակ դեպքում նրանց որոշումը չի կարող բողոքարկվել:

33 Տասներկուսը Ճամփորդող Նախագահող Բարձրագույն Խորհուրդ է՝ Տիրոջ անունով պաշտոնավարելու համար, Եկեղեցու Նախագահության ղեկավարության ներքո, համաձայն երկնքի հաստատության. եկեղեցին կառուցելու և բոլոր ազգերի մեջ նրա գործերը կարգավորելու համար, նախ՝ հեթանոսների համար, իսկ հետո՝ հրեաների համար:

34 Յոթանասունը պետք է գործի Տիրոջ անունով, Տասներկուսի, կամ ճամփորդող բարձրագույն խորհրդի ղեկավարության ներքո, եկեղեցին կառուցելիս և բոլոր ազգերի մեջ նրա գործերը կարգավորելիս, նախ՝ հեթանոսների համար, իսկ հետո՝ հրեաների համար,–

35 Տասներկուսն ուղարկված լինելով, կրելով բանալիները, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի հռչակումով բացի դուռը, նախ՝ հեթանոսների համար, իսկ հետո՝ հրեաների համար:

36 Սիոնի ցցերի տեղի բարձրագույն խորհուրդները կազմում են քվորում՝ եկեղեցու գործերի մեջ իրենց բոլոր որոշումներում հավասարազոր իշխանություն ունենալով նախագահության քվորումի կամ ճամփորդող բարձրագույն խորհրդի հետ:

37 Սիոնի բարձրագույն խորհուրդը կազմում է քվորում՝ եկեղեցու գործերի մեջ իրենց բոլոր որոշումներում հավասարազոր իշխանություն ունենալով Սիոնի ցցերի Տասներկուսի խորհուրդների հետ:

38 Ճամփորդող բարձրագույն խորհրդի պարտականությունն է՝ կանչել Յոթանասունին, ուրիշների փոխարեն, երբ կարիք կա օգնության, զանազան կոչումներ կատարելու ավետարանի քարոզման և սպասավորման համար:

39 Տասներկուսի պարտականությունն է՝ եկեղեցու բոլոր մեծ ճյուղերում կարգել ավետարանչական սպասավորներ, երբ որ նրանց կտրվի հայտնությամբ,–

40 Քահանայության այս կարգը հաստատվել է, որ փոխանցվի հորից որդուն, և արդարացիորեն պատկանում է ընտրյալ սերնդի անմիջական հետնորդներին, որոնց տրվել են խոստումները:

41 Այդ կարգը հաստատվել է Ադամի օրերում և եկել է հետևյալ ազգատոհմով.

42 Ադամից Սեթին, որն Ադամի կողմից կարգվեց վաթսունինը տարեկան հասակում, և օրհնվեց նրա կողմից, նրա (Ադամի) մահից երեք տարի առաջ, և ստացավ Աստծո խոստումն իր հոր կողմից, որ նրա ժառանգները կլինեն Տիրոջ ընտրյալները, և որ նրանք կպահպանվեն մինչև աշխարհի վերջը.

43 Որովհետև նա (Սեթը) կատարյալ մարդ էր, և նրա նմանությունն իր հոր ճիշտ նմանությունն էր՝ այնքան, որ կարծես նա իր հայրը լիներ բոլոր բաներում և նրանից կարող էր տարբերվել միայն իր տարիքով:

44 Ենովսը կարգվեց հարյուր երեսունչորս տարեկան և չորս ամսական հասակում, Ադամի ձեռքով:

45 Աստված կանչեց Կայնանին անապատում, նրա քառասուն տարեկան հասակում. և նա հանդիպեց Ադամին դեպի Շեդոլամակ ճամփորդելիս: Նա ութսունյոթ տարեկան էր, երբ ստացավ իր կարգումը:

46 Մաղաղիելը չորս հարյուր իննսունվեց տարեկան և յոթ օրական էր, երբ կարգվեց Ադամի ձեռքով, որը նաև օրհնեց նրան:

47 Հարեդը երկու հարյուր տարեկան էր, երբ կարգվեց Ադամի ձեռքի ներքո, որը նաև օրհնեց նրան:

48 Ենովքը քսանհինգ տարեկան էր, երբ կարգվեց Ադամի ձեռքի ներքո. և նա վաթսունհինգ էր, և Ադամն օրհնեց նրան:

49 Եվ նա տեսնում էր Տիրոջը, և նա քայլում էր նրա հետ, և շարունակ նրա երեսի առաջ էր. և նա քայլեց Աստծո հետ երեք հարյուր և վաթսունհինգ տարի, դառնալով չորս հարյուր և երեսուն տարեկան, երբ նա փոխակերպվեց:

50 Մաթուսաղան հարյուր տարեկան էր, երբ կարգվեց Ադամի ձեռքի ներքո:

51 Ղամեքը երեսուներկու տարեկան էր, երբ կարգվեց Սեթի ձեռքի ներքո:

52 Նոյը տաս տարեկան էր, երբ կարգվեց Մաթուսաղայի ձեռքի ներքո:

53 Ադամի մահից երեք տարի առաջ, նա Ադամ-օնդի-Ահման հովիտը կանչեց Սեթին, Ենովսին, Կայնանին, Մաղաղիելին, Հարեդին, Ենովքին և Մաթուսաղային, որոնք բոլորը քահանայապետեր էին, և մնացած իր արդարակյաց ժառանգներին, և այնտեղ իր վերջին օրհնությունը տվեց նրանց:

54 Եվ Տերը հայտնվեց նրանց, և նրանք վեր կացան ու օրհնեցին Ադամին, և կոչեցին նրան Միքայել, իշխան, հրեշտակապետ:

55 Եվ Տերը սփոփանք տվեց Ադամին և նրան ասաց. Ես քեզ դրել եմ, որ լինես գլխավերևում. ազգերի բազմություն կծնվի քեզանից, և դու նրանց վրա իշխան կլինես հավիտյան:

56 Եվ Ադամը կանգնեց ժողովքի մեջ. և չնայած տարիքից կքված էր, նա Սուրբ Հոգով լցված նախապատմեց, թե ինչ է տեղի ունենալու իր ժառանգների հետ, մինչև ամենավերջին սերունդը:

57 Այս բոլոր բաները գրվել են Ենովքի գրքում, և ժամանակին դրանց մասին վկայություն կտրվի:

58 Տասներկուսի պարտականությունն է, նաև, կարգել և կազմակերպել եկեղեցու մյուս բոլոր պաշտոնյաներին, այն հայտնության համաձայն, որն ասում է.

59 Քրիստոսի եկեղեցուն, որը Սիոնի հողում է, ի լրումն եկեղեցու գործերին վերաբերող եկեղեցու օրենքների,–

60 Ճշմարիտ ասում եմ ձեզ, ասում է Զորաց Տերը, անհրաժեշտ է, որ լինեն նախագահող երեցներ՝ նախագահելու բոլոր նրանց վրա, ովքեր երեցի պաշտոնում են.

61 Եվ նաև քահանաներ՝ նախագահելու բոլոր նրանց վրա, ովքեր քահանայի պաշտոնում են.

62 Եվ նաև ուսուցիչներ՝ նախագահելու նրանց վրա, ովքեր ուսուցչի պաշտոնում են, նույն ձևով, և նաև սարկավագները,–

63 Ուստի, սարկավագից ուսուցիչ, և ուսուցչից քահանա, և քահանայից երեց, առանձին-առանձին, ինչպես որ նրանք նշանակված են՝ եկեղեցու ուխտերի և պատվիրանների համաձայն:

64 Ապա գալիս է Բարձրագույն Քահանայությունը, որը բոլորից մեծագույնն է:

65 Ուստի, անպայման անհրաժեշտ է, որ Բարձրագույն Քահանայությունից մեկը նշանակվի՝ նախագահելու քահանայության վրա, և նա պետք է կոչվի Եկեղեցու Բարձրագույն Քահանայության Նախագահ.

66 Կամ, այլ խոսքով, Եկեղեցու Բարձրագույն Քահանայության վրա Նախագահող Քահանայապետ:

67 Նրանից են գալիս արարողությունների սպասավորումը և եկեղեցու օրհնությունները ձեռնադրմամբ:

68 Ուստի, եպիսկոպոսի պաշտոնը հավասարազոր չէ վերջինիս. քանզի եպիսկոպոսի պաշտոնը բոլոր նյութական գործերը սպասավորելն է.

69 Այնուամենայնիվ, եպիսկոպոսը պետք է ընտրվի Բարձրագույն Քահանայությունից, եթե նա Ահարոնի անմիջական հետնորդ չէ:

70 Քանզի եթե նա Ահարոնի անմիջական հետնորդ չէ, նա չի կարող կրել այդ քահանայության բանալիները:

71 Այնուամենայնիվ, ըստ Մելքիսեդեկի կարգի քահանայապետը կարող է ի սպաս դրվել՝ վարելու նյութական գործերը, դրանց վերաբերյալ գիտելիք ունենալով ճշմարտության Հոգով.

72 Եվ նաև դատավոր լինելու Իսրայելում, կատարելու եկեղեցու գործերը, դատաստանի նստելու օրինազանցների հետ, վկայության հիման վրա, ինչպես որ իրեն ներկայացված կլինի օրենքների համաձայն, իր խորհրդականների օգնությամբ, որոնց նա ընտրել է կամ կընտրի եկեղեցու երեցների միջից:

73 Սա է եպիսկոպոսի պարտականությունը, որն Ահարոնի անմիջական հետնորդ չէ, սակայն կարգվել է ըստ Մելքիսեդեկի կարգի Բարձրագույն Քահանայության:

74 Այդպիսով, նա պիտի լինի դատավոր, այսինքն՝ ընդհանուր դատավոր Սիոնի բնակիչների մեջ կամ Սիոնի ցցում կամ եկեղեցու որևէ ճյուղում, որտեղ նա ի սպաս կդրվի այս ծառայությանը, մինչև որ Սիոնի սահմանները կընդարձակվեն, և անհրաժեշտ կդառնա այլ եպիսկոպոսներ կամ դատավորներ ունենալ Սիոնում կամ որևէ այլ վայրում:

75 Եվ որքան որ այլ եպիսկոպոսներ նշանակվեն, նրանք պիտի գործեն միևնույն պաշտոնում:

76 Բայց Ահարոնի անմիջական հետնորդն օրինական իրավունք ունի այս քահանայության նախագահության համար, այս ծառայության բանալիների համար, որ ինքնուրույն գործի եպիսկոպոսի պաշտոնում, առանց խորհրդականների, բացի այն դեպքից, երբ, որպես Իսրայելի դատավոր՝ նա կնստի դատելու Բարձրագույն Քահանայության Նախագահին ըստ Մելքիսեդեկի կարգի:

77 Եվ այս խորհուրդներից յուրաքանչյուրի որոշումը՝ համաձայն պատվիրանի, որն ասում է.

78 Դարձյալ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Եկեղեցու ամենակարևոր գործերն ու եկեղեցու ամենաբարդ խնդիրները, որքան որ եպիսկոպոսի կամ դատավորների որոշումը գոհացուցիչ չէ, պետք է փոխանցվեն ու ներկայացվեն եկեղեցու խորհրդին՝ Բարձրագույն Քահանայության Նախագահության առաջ:

79 Եվ Բարձրագույն Քահանայության խորհրդի Նախագահությունը զորություն կունենա կանչելու այլ քահանայապետերի, այսինքն՝ տասներկուսին, օգնելու որպես խորհրդականներ. և այսպես, Բարձրագույն Քահանայության Նախագահությունը և նրա խորհրդականները զորություն կունենան վկայության հիման վրա որոշում կայացնելու՝ եկեղեցու օրենքների համաձայն:

80 Եվ այդ որոշումից հետո, այն այլևս չպիտի հիշատակվի Տիրոջ առաջ. քանզի սա Աստծո եկեղեցու բարձրագույն խորհուրդն է, և նրա որոշումը, հոգևոր հարցերի վիճաբանություններում, վերջնական է:

81 Չկա եկեղեցուն պատկանող ոչ մի անձ, որ ազատված լինի եկեղեցու այդ խորհրդին ենթարկվելուց:

82 Եվ որքան որ Բարձրագույն Քահանայության Նախագահն օրինազանցի, նա պետք է հիշատակվի եկեղեցու ընդհանուր խորհրդի առաջ, որին պետք է օգնեն Բարձրագույն Քահանայության տասներկու խորհրդականներ.

83 Եվ նրանց որոշումը նրա վերաբերյալ պիտի լինի նրա հետ կապված վիճաբանության վերջը:

84 Այսպիսով, ոչ ոք չի ազատվի Աստծո արդարադատությունից և օրենքներից, որ բոլոր բաները հնարավոր լինի անել կարգով և հանդիսավորությամբ նրա առաջ՝ համաձայն ճշմարտության ու արդարության:

85 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ. Սարկավագի պաշտոնի վրա նախագահողի պարտականությունն է՝ նախագահել տասներկու սարկավագների վրա, խորհրդի նստել նրանց հետ և նրանց ուսուցանել իրենց պարտականությունները, շենացնելով միմյանց, ինչպես որ տրված է, ուխտերի համաձայն:

86 Եվ նաև ուսուցիչների պաշտոնի վրա նախագահողի պարտականությունն է՝ նախագահել քսանչորս ուսուցիչների վրա և խորհրդի նստել նրանց հետ՝ նրանց ուսուցանելով իրենց պաշտոնի պարտականությունները, ինչպես տրված է ուխտերում:

87 Նաև Ահարոնի Քահանայության վրա նախագահողի պարտականությունն է՝ նախագահել քառասունութ քահանաների վրա և խորհրդի նստել նրանց հետ՝ նրանց ուսուցանել իրենց պաշտոնի պարտականությունները, ինչպես տրված է ուխտերում,–

88 Այս նախագահը պիտի լինի եպիսկոպոս. քանզի սա այդ քահանայության պարտականություններից մեկն է:

89 Բացի այդ, երեցների պաշտոնի վրա նախագահողի պարտականությունն է՝ նախագահել իննսունվեց երեցների վրա, և խորհրդի նստել նրանց հետ, և ուսուցանել նրանց՝ համաձայն ուխտերի:

90 Այս նախագահությունը տարբերվում է յոթանասունի նախագահությունից և նախատեսված է նրանց համար, ովքեր չեն ճամփորդում ողջ աշխարհով:

91 Եվ բացի այդ, Բարձրագույն Քահանայության պաշտոնի Նախագահի պարտականությունն է՝ նախագահել ողջ եկեղեցու վրա և լինել Մովսեսի պես,–

92 Ահա, սա է իմաստությունը. այո, լինել տեսանող, հայտնող, թարգմանիչ և մարգարե, ունենալով Աստծո բոլոր պարգևները, որոնք նա շնորհում է եկեղեցու գլխավորին:

93 Եվ Յոթանասունի կարգը ցույց տվող տեսիլքի համաձայն, նրանք պետք է ունենան յոթ նախագահ, յոթանասունի թվից ընտրված, իրենց վրա նախագահելու համար.

94 Եվ այդ նախագահներից յոթերորդ նախագահը պետք է նախագահի վեցի վրա.

95 Եվ այդ յոթ նախագահները պետք է ընտրեն ուրիշ յոթանասունի, բացի առաջին յոթանասունից, որին պատկանում են իրենք, և պետք է նախագահեն նրանց վրա.

96 Եվ նաև ուրիշ յոթանասունի, մինչև յոթ անգամ յոթանասուն, եթե այգու աշխատանքի անհրաժեշտությունը պահանջում է:

97 Եվ այդ յոթանասունականները պիտի լինեն ճամփորդող ծառայողներ, նախ՝ հեթանոսների համար, և նաև՝ հրեաների համար:

98 Մինչդեռ եկեղեցու մյուս պաշտոնյաները, որոնք չեն պատկանում Տասներկուսին, ոչ էլ Յոթանասունին, բոլոր ազգերի մեջ ճամփորդելու պատասխանատվություն չեն կրում, այլ պետք է ճամփորդեն, որքան որ նրանց պայմանները թույլ են տալիս, չնայած որ նրանք կարող են նման բարձր և պատասխանատու պաշտոններ ունենալ եկեղեցում:

99 Ուստի, այժմ թող ամեն տղամարդ սովորի իր պարտականությունը և ողջ ջանասիրությամբ գործի այն պաշտոնում, որում նշանակված է:

100 Նա, ով ծույլ է, արժանի չի համարվի կանգուն մնալ, և նա, ով չի սովորում իր պարտականությունը և իրեն չի արդարացնում, արժանի չի համարվի կանգուն մնալ: Ճիշտ այդպես: Ամեն: