2011
Առաքինության պահապաններ
Մայիս 2011


Առաքինության պահապաններ

Այժմ պատրաստվեք, որպեսզի կարողանաք արժանանալ բոլոր օրհնություններին, որոնք սպասում են ձեզ Տիրոջ սուրբ տաճարներում:

Elaine S. Dalton

Կան դեպքեր, երբ խոսքերը չեն կարող արտահայտել մեր զգացմունքները: Աղոթում եմ, որ Հոգին վկայի ձեր սրտերին՝ աստվածային ձեր անհատականության և ձեր հավերժական պատասխանատվության մասին: Դուք եք Իսրայելի հույսը: Դուք մեր սիրառատ Երկնային Հոր ընտրյալ և արքայական դուստրերն եք:

Անցյալ ամիս ես հնարավորություն ունեցա մասնակցել մի երիտասարդ կնոջ տաճարային ամուսնությանը, ում ճանաչում էի ծնված օրվանից: Երբ նստած էի կնքման սենյակում և նայում էի գեղեցիկ ջահին, որը փայլում էր տաճարի լույսերի ներքո, հիշեցի, երբ առաջին անգամ գրկեցի նրան. մայրը նրան սպիտակ փոքրիկ զգեստ էր հագցրել այդ օրը: Իմ կարծիքով, նա իմ երբևէ տեսած ամենագեղեցիկ երեխան էր: Եվ այդ պահին երիտասարդ այդ կինը ներս մտավ՝ կրկին ճերմակ զգեստ հագած: Նա փայլում էր և երջանիկ էր: Երբ նա ներս մտավ սենյակ, ես ողջ սրտով կամեցա, որ յուրաքանչյուր երիտասարդ կին կարողանար տեսնել այդ պահը և ձգտեր միշտ արժանի լինել կապելու և պահելու սրբազան ուխտեր և ստանալու տաճարային արարողություններ, պատրաստվելով վայելել վեհացման օրհնությունները:

Երբ այդ զույգը ծնկի իջավ սուրբ զոհասեղանի առաջ, նրանք ստացան խոստումներ, որոնք վեր են մահկանացու հասկացողությունից, որոնք կօրհնեն, կզորացնեն և կօգնեն նրանց իրենց մահկանացու ճանապարհորդության ընթացքում: Դա այն պահերից էր, երբ աշխարհը լուռ էր , իսկ ողջ երկինքը ցնծում էր: Երբ նոր ամուսնացած զույգը նայեց սենյակի մեծ հայելիներին, փեսային հարցրեցին, թե նա ինչ տեսավ: Նա ասաց. «Բոլոր նրանց, ովքեր ինձանից առաջ են գնացել»: Ապա զույգը նայեց դիմացի պատի մեծ հայելուն և հարսը՝ արցունքներն աչքերին ասաց. «Ես տեսնում եմ բոլոր նրանց, ովքեր կհետևեն մեզանից հետո»: Նա տեսավ իր ապագա ընտանիքը՝ իր սերունդը: Ես գիտեմ, որ այդ պահին նա կրկին հասկացավ, թե որքան կարևոր է հավատալ մաքրաբարո և առաքինի լինելուն: Չկա ավելի գեղեցիկ տեսարան, քան պատշաճորեն նախապատրաստված և տաճարի զոհասեղանի մոտ միասին ծնկի իջած զույգը:

Երիտասարդ Կանանց կազմակերպությունում ձեր տարիները կնախապատրաստեն ձեզ տաճարին: Այնտեղ դուք կստանաք այն օրհնությունները, որոնց դուք լիազորված եք որպես Աստծո թանկագին դուստրեր: Ձեր Երկնային Հայրը սիրում է ձեզ և կամենում է, որ դուք երջանիկ լինեք: Այդ անելու ուղին «առաքինության ուղիներում քայլելն է»1 և «ձեր ուխտերին կառչած մնալը»:2

Երիտասարդ կանայք, մի աշխարհում, որտեղ անընդհատ աճում է բարոյական աղտոտվածությունը, չարի հանդեպ հանդուրժողականությունը, կանանց շահագործումը և դերերի աղավաղումը, դուք պետք է կանգնեք որպես պահապաններ ինքներդ ձեզ, ձեր ընտանիքի և բոլոր նրանց համար, ում հետ դուք հաղորդակցվում եք: Դուք պետք է լինեք առաքինության պահապաններ:

Ի՞նչ է առաքինությունը և ի՞նչ է պահապանը: «Առաքինությունը բարոյական բարձր չափանիշների վրա հիմնված մտածելակերպ և վարք է:Այն ներառում է մաքրաբարոյություն և մաքրություն»:3 Իսկ ի՞նչ է պահապանը: Պահապանը նա է, ով պաշտպանում, պահում և հսկում է:4 Այսպիսով որպես առաքինության պահապաններ, դուք պետք է պաշտպանեք, պահեք և հսկեք բարոյական անաղարտությունը, որովհետև մահկանացու կյանք ստեղծելու զորությունը սրբազան և վեհացնող զորություն է և պետք պահպանվի մինչև ձեր ամուսնանալը: Առաքինությունը պահանջ է՝ Սուրբ Հոգու ընկերակցությունն ու առաջնորդությունն ունենալու համար: Դուք այդ առաջնորդության կարիքը կունենաք, որպեսզի հաջող նավարկեք աշխարհում, որտեղ ապրում եք: Առաքինի լինելը պահանջ է տաճար մտնելու համար: Եվ այն պահանջ է արժանի լինելու՝ Փրկչի ներկայությամբ կանգնելու համար: Դուք այժմ նախապատրաստվում եք այդ ժամանակի համար: Անձնական Զարգացում և Երիտասարդներին զորացնելու համար գրքույկների չափանիշները կարևոր են: Յուրաքանչյուր գրքույկում գտնվող սկզբունքների համաձայն ապրելը կզորացնի և կօգնի ձեզ «թագավորության համար ավելի համապատասխան» դառնալ:5

Անցյալ ամառ Ալփայնից՝ Յուտա, երիտասարդ կանանց մի խումբ որոշեց դառնալ «թագավորության համար ավելի համապատասխան»: Նրանք որոշեցին քայլելով անցնել Դրեյփեր Յուտայի տաճարից մինչև Սոլթ Լեյքի Տաճարը, ընդհանուր առմամբ՝ 35 կմ. տարածություն, ճիշտ ինչպես առաջին ռահվիրաներից մեկը՝ Ջոն Ռոյ Մոյլն էր անցել: Եղբայր Մոյլը քարտաշ էր, որը կանչվել էր մարգարե Բրիգամ Յանգի կողմից աշխատելու Սոլթ Լեյքի Տաճարի վրա: Ամեն շաբաթ նա քայլում էր 35 կմ. տարածություն իր տնից մինչև տաճար: Նրա գործերից մեկը «Սրբություն Տիրոջը» բառերի փորագրումն էր Սոլթ Լեյքի Տաճարի արևելյան կողմում: Դա հեշտ չէր և նա շատ խոչընդոտներ պետք է հաղթահարեր: Մի անգամ նրա կովերից մեկը քացահարեց նրա ոտքին: Քանի որ այն ոչ մի կերպ չէր լավանում, նա ստիպված էր կտրել տալ ոտքը: Բայց դա չխանգարեց իրեն կատարել մարգարեի հանդեպ իր պարտավորվածությունը և շարունակել աշխատել տաճարի վրա: Նա պատրաստեց փայտե ոտք և շաբաթներ հետո կրկին քայլեց դեպի տաճար, անցնելով 35 կմ.՝ աշխատանքը կատարելու համար, որը պարտավորվել էր անել:6

Սեդար Հիլսի վեցերորդ ծխի երիտասարդ կանայք որոշեցին ոտքով անցնել այդ նույն տարածությունը՝ նախնու պատվին և մեկի, որը նրանց ոգեշնչումն էր՝ արժանի մնալ տաճար մտնելուն: Նրանք ամեն շաբաթ համատեղ պարապմունքի ժամանակ վարժվում էին և քայլելով կիսվում էին այն բաների մասին, ինչ սովորում էին և զգում տաճարի մասին:

Նրանք դեպի տաճար իրենց երթը սկսեցին վաղ առավոտյան՝ աղոթքով: Երբ նրանք ճանապարհ ընկան, ես զարմացա նրանց վստահության վրա: Նրանք գիտեին, որ իրենք լավ պատրաստված էին: Նրանց աչքերը հառված էին դեպի իրենց նպատակը: Նրանց կատարած յուրաքանչյուր քայլը պիտի խորհրդանշական լինի ձեզանից յուրաքանչյուրի համար, քանի որ դուք ևս այժմ պատրաստվում եք տաճար մտնել: Ձեր անձնական վարժանքն արդեն սկսվել է՝ ձեր ամենօրյա անձնական աղոթքներով, Մորմոնի Գրքի ձեր ամենօրյա ընթերցանությամբ և ձեր Անձնական Զարգացման վրա աշխատելուց:

Երթի ընթացքում երիտասարդ կանանց խոչնդոտներ էին հանդիպում, բայց նրանք կենտրոնացած մնացին իրենց նպատակի վրա: Ոմանք զգացին, որ ոտքերին բշտիկներ էին առաջանում, իսկ մյուսները զգացին, որ ծնկները չէին ենթարկվում, բայց նրանք շարունակում էին քայլել: Ձեզանից յուրաքանչյուրի համար ևս կան շատ խոչնդոտներ, ցավեր և դժվարություններ դեպի տաճար տանող ուղու վրա, բայց դուք ևս պիտի վճռական լինեք և շարունակեք գնալ: Ուղին, որը բռնեցին այս երիտասարդ կանայք, քարտեզագծված էր նրանց ղեկավարների կողմից, ովքեր քայլել էին , կամ՝ մեքենայով անցել, որոշելով գնալ ամենաապահով և ամենակարճ ճանապարհով: Ձեր ուղին ևս նշված է, և դուք կարող եք համոզված լինել, որ Փրկիչը ոչ միայն քայլել է այդ ուղով, այլ նորից կքայլի ձեզ հետ՝ ճանապարհի յուրաքանչյուր քայլը:

Դեպի տաճար այս ճամփորդության ընթացքում կային հայրեր, մայրեր, ընտանիքի անդամներ և քահանայության առաջնորդներ, ովքեր գործում էին որպես պահապաններ: Նրանց աշխատանքն էր հավաստիանալ, որ բոլորն ապահով էին և վտանգներից պաշտպանված: Նրանք հոգ էին տարել, որ յուրաքանչյուր երիտասարդ կին չջրազրկվեր և ունենար բավականաչափ սնունդ՝ ուժերը պահպանելու համար: Կային օգնության կայաններ, որոնք ստեղծվել էին նրանց քահանայության ղեկավարների կողմից՝ հանգստանալու տեղերով և խմելու ջրով: Երիտասարդ կանայք, ձեր հայրերը, ձեր մայրերը, ձեր եպիսկոպոսները և շատ-շատերը կլինեն ձեր պահապանները, երբ դուք քայլեք դեպի տաճար տանող ձեր ճանապարհով: Նրանք նախազգուշացումներ և ուղղություն կտան, և եթե դուք վնասվեք, վիրավորվեք կամ ուղուց շեղվեք, նրանք կօգնեն ձեզ:

Ես զարմացա, որ իրենց ճամփորդության վերջին կիլոմետրերին՝ եղբայրները, այլ երիտասարդներ ու ընկերներ եկան ոգևորելու այդ վճռական երիտասարդ կանանց: Մի եղբայր ճանապարհի վերջին հատվածում բարձրացրեց իր քրոջը, որը ոտքերին մեծ բշտիկներ ուներ, և նրան շալակն առած դեպի տաճար տարավ: Երբ այս խիզախ երիտասարդ կանայք հասան իրենց նպատակակետին, երբ յուրաքանչյուրը դիպչեց տաճարին և այնտեղ միշտ արժանիորեն մտնելու լուռ պարտավորություն վերցրեց, հոսեցին արցունքներ:

Տաճարային երթը ձեր կյանքի փոխաբերությունն է: Ծնողներն ու քահանայության ղեկավարները պահապան են կանգնած ուղու երկայնքով: Նրանք ապահովում են աջակցություն և օգնություն: Երիտասարդ կանայք հսկում էին և քաջալերում միմյանց: Երիտասարդ տղամարդիկ հիանում էին կանանց ուժով, պարտավորությամբ և խրախուսում էին միմյանց: Եղբայրները տանում էին քույրերին, ովքեր վնասվել էին: Ընտանիքներն ուրախանում էին իրենց դուստրերով, և երբ նրանք ավարտում էին իրենց երթը տաճարում, նրանց ապահով տուն էին տանում:

Որպեսզի դեպի տաճար տանող արահետին մնաք, դուք պետք է պահպանեք ձեր անձնական և մյուսների առաքինությունը, ում հետ դուք հաղորդակցվում եք: Ինչո՞ւ: Մորմոնն ուսուցանում էր Մորմոնի Գրքում, որ առաքինությունը և մաքրաբարոյությունը «ամենաթանկն է ու արժեքավորը՝ բոլոր բաներից»:7

Ի՞նչ կարող է ձեզանից յուրաքանչյուրն անել, որպեսզի լինի առաքինության պահապան: Այն սկսվում է հավատալուց, որ դուք կարող եք փոփոխություն կատարել: Այն սկսվում է պարտավորություն վերցնելուց: Երբ ես երիտասարդ կին էի, իմացա, որ որոշ որոշումներ պետք է ընդունվեն միայն մեկ անգամ: Ես մի փոքրիկ նոթատետրում գրեցի այն ամենի ցուցակը, որոնք ես միշտ պետք է կատարեի, ինչպես նաև այն ամենը, ինչ ես երբեք չպետք է անեի: Այն ներառում էր այնպիսի բաներ, ինչպիսիք են՝ Իմաստության Խոսքին հնազանդվելը, ամեն օր աղոթելը, տասանորդը վճարելը և պարտավորվելը՝ երբեք բաց չթողնել Եկեղեցու հաճախումները: Ես ընդունեցի այս որոշումները մեկընդմիշտ, իսկ հետո որոշում ընդունելու պահին՝ ճշգրտորեն գիտեի ինչ անել, որովհետև արդեն որոշել էի: Երբ իմ բարձր դասարանցի ընկերներն ասում էին «Մի բաժակ խմելը չի վնասի», ես ծիծաղում էի և ասում. «Ես որոշել եմ չանել այդ, երբ 12 տարեկան էի»: Նախապես որոշումներ ընդունելը կօգնի ձեզ լինել առաքինության պահապաններ: Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կկազմի այն ամենի ցուցակը, որոնք դուք միշտ կանեք, և մի ցուցակ այն ամենի, ինչ դուք երբեք չեք անի: Այնուհետև ապրեք ձեր ցուցակով:

Առաքինության պահապան լինլեը նշանակում է միշտ լինել համեստ ոչ միայն հագուստի մեջ, այլ նաև խոսքով, գործերով և սոցիալական էջերում: Լինելով առաքինության պահապաններ, որ դուք երբեք չեք հավաքի տեքստեր կամ պատկերներ՝ ուղարկելու որևէ երիտասարդ տղամարդու, որը կստիպի նրանց կորցնել Հոգին, կորցնել իրենց քահանայության զորությունը կամ կորցնել իրենց առաքինությունը: Դա նշանակում է, որ դուք հասկանում եք մաքրաբարոյության կարևորությունը, որովհետև դուք հասկանում եք, որ ձեր մարմինը տաճար է և որ ծննդաստեղծ սրբազան ուժերը չպետք է ոտնահարվեն նախքան ամուսնությունը: Դուք հասկանում եք, որ դուք ունեք սրբազան ուժ, որը ներառում է ուրիշ հոգիներ երկիր բերելու սուրբ պատասխանատվություն, որպեսզի նրանք ստանան մարմիններ, որոնցում կբնակվեն նրանց հավերժական հոգիները: Այս զորությունը ներառում է մեկ ուրիշ սրբազան հոգի: Դուք պահապաններ եք ինչ որ մի բանի, որը «պատուական է գոհարներից»:8 Եղեք հավատարիմ: Եղեք հնազանդ: Այժմ պատրաստվեք, որպեսզի կարողանաք արժանանալ բոլոր օրհնություններին, որոնք սպասում են ձեզ Տիրոջ սուրբ տաճարներում:

Մայրերի համար, ովքեր այս երեկո լսում են՝դուք ձեր դուստրերի համար համեստության և առաքինության ամենակարևոր օրինակն եք, շնորհակալություն: Երբեք մի տատանվեք ուսուցանել նրանց, որ նրանք Աստծո արքայադուստրերն են և որ նրանց արժեքը հիմնված չէ իրենց մարմնական հրապուրանքի վրա: Եվ թույլ տվեք նրանց տեսնել ձեր հավատքը, որը ճիշտ և հետևողական ձևով արտահայտվում է ձեր անձնական վերաբերմունքով և արտաքին տեսքով:9 Դուք նույնպես առաքինության պահապաններ եք:

Այս շաբաթ ես կրկին բարձրացա Էնսայնի գագաթը: Դա վաղ առավոտյան էր և երբ ես ներքև նայեցի այդ լեռան վրայից Տիրոջ տան սարին՝ Սոլթ Լեյքի Տաճարին, այն կրկին բյուրեղյա մաքրություն ուներ: Ռահվիրաները տվեցին այն ամենը, ինչ ունեին, որ գային այդ լեռների գագաթը, որպեսզի դուք և ես կարողանայինք ունենալ տաճարի օրհնությունները և կնքվեինք հավերժորեն որպես ընտանիքներ: Քառասուն տարվա զոհաբերություն, տանջալի աշխատանք և երթ Ալփայնից մինչև տաճար: Ինչո՞ւ: Որովհետև ձեզ նման նրանք էլ հավատացին: Նրանք հավատացին մարգարեին: Նրանք հավատացին, որ նա տեսել էր և խոսել Աստծո և Նրա Սիրելի Որդու հետ: Նրանք հավատացին Փրկչին: Նրանք հավատացին Մորմոնի Գրքին: Այդ պատճառով նրանք կարողացան ասել. «Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին»:10 Նրանք համբերել են շատ բաների և մենք էլ կարող ենք համբերել: Հավատո հանգանակի տասներեքերորդ կետն այն է, ինչին մենք հավատում ենք, որովհետև դրանք հենց այն բաներն են, որոնք որակավորում են մեզ արժանի լինելուն տաճար մտնել և մի օր կանգնել մեր Երկնային Հոր ներկայության մեջ՝ ստուգված, մաքուր և կնքված: Սա կպահանջի, որ դուք «թագավորության համար ավելի համապատասխան լինեք» և որ պատրաստվեք այժմ և ձեռք բերեք վստահություն, որ կարող եք անել դժվար բաներ:

Երիտասարդ կանայք, դուք զբաղված եք մեծ գործով: Եվ դուք մենակ չեք: Եթե դուք պահպանեք ձեր առաքինությունը և մաքրությունը, ձեզ կտրվի ուժ: Երբ դուք պահպանեք ուխտերը, որոնք դուք արել եք Սուրբ Հոգին կառաջնորդի և կպահպանի ձեզ: Դուք շրջապատված կլինեք երկնային հրեշտակների բազմությամբ: Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը հիշեցնում է մեզ. «Հիշեք, որ դուք միայնակ չեք վազում այս կյանքի մրցավազքում, մենք լիազորված ենք ունենալու Տիրոջ օգնությունը:» 11 Պատրաստվեք այն օրվան, երբ կգաք Տիրոջ տաճարը՝ արժանի և պատրաստված սրբազան ուխտեր կապելուն: Որպես առաքիինության պահապաններ դուք կկամենաք փնտրել Փրկչին Իր սուրբ տանը:

Ես վկայում եմ, որ Աստված ապրում է և որ Նրա Սիրելի Որդին՝ մեր Քավիչը, Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նրա անսահման Քավության փրկագնող և հնարավորություն տվող զորության շնորհիվ ձեզանից յուրաքանչյուրը կառաջնորդվի և կպահպանվի տաճար տանող ուղու վրա և ետ՝ դեպի Նրանց ներկայություն: Ես աղոթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը զորացվի այդ աշխատանքի համար, որը կլինի ձեր ամենագեղեցիկ ժամը: Ապրեք այդ գեղեցիկ օրվա համար, որը նկարագրված է Հայտնության գրքում, երբ դուք «սպիտակներով ման կգաք … [որովհետև դուք] արժանի եք»:12 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: