2011
Առաջնորդվելով Սուրբ Հոգով
Մայիս 2011


Առաջնորդվելով Սուրբ Հոգով

Մեզանից յուրաքանչյուրը կարող է առաջնորդվել հայտնության ոգով և Սուրբ Հոգու պարգևով:

President Boyd K. Packer

Արդեն 400 տարի է, ինչ հրատարակվել է Թագավոր Հակոբոսի Աստվածաշնչի անգլերեն տարբերակը, ինձ համար մի մեծ հերոսի՝Ուիլյամ Թինդլի մեծ օժանդակությամբ:

Հոգևորականությունը չէր ցանկանում, որ Աստվածաշունչը հրատարակվեր սովորական անգլերենով: Նրանք Թինդլին տեղից տեղ էին արտաքսում: Նա ասաց նրանց. «Եթե Աստված խնայի իմ կյանքը, շատ տարիներ չանցած ես այնպես կանեմ, որ գութանով վար անող տղան ավելի շատ բան իմանա սուրբ գրությունների մասին, քան դուք»:1

Թինդլը մատնվեց և մոտ մեկ տարի փակվեց Բրյուսելի մութ, սառը բանտում: Նրա հագուստը քրքրված էր: Նա խնդրում էր իրեն գերի վերցնողներից վերարկու, գլխարկ ու մոմ, ասելով. «Մթության մեջ միայնակ նստելը շատ հոգնեցուցիչ է»:2 Այդ ամենում նրան մերժեցին նրան: Ի վերջո, նա դուրս բերվեց բանտից և մեծ բազմության առաջ խեղդամահ արվեց և ցցից կապված այրվեց: Սակայն Ուիլյամ Թինդլի գործն ու նահատակությունը զուր չէին:

Քանի որ Վերջին Օրերի Սրբերի երեխաները մանկությունից ուսուցանվում են սուրբ գրությունները, նրանք որոշ չափով իրականացնում են չորս դար առաջ Ուիլյամ Թինդլի կողմից արված մարգարեությունը:

Մեր սուրբ գրություններն այսօր բաղկացած են Աստվածաշնչից, Մորմոնի Գրքից՝ Եվս Մեկ Վկայություն Հիսուս Քրիստոսի Մասին, Թանկագին Մարգարիտից ու Վարդապետություն և Ուխտերից:

Մորմոնի Գրքի պատճառով մեզ հաճախ անվանում են Մորմոնական Եկեղեցի, անուն, որը մեզ չի զայրացնում, բայց որն իրականում ճիշտ չէ:

Մորմոնի Գրքում Տերը կրկին անգամ այցելեց Նեփիացիներին, քանի որ նրանք աղոթեցին Հորը Նրա անունով: Եվ Տերն ասաց.

«Ի ՞նչ եք կամենում,որ ձեզ տամ:

Եվ նրանք ասեցին նրան. «Տեր, մենք կամենում ենք, որ դու ասես մեզ այն անունը, որով մենք պիտի կոչենք այս եկեղեցին. քանի որ ժողովրդի մեջ վիճաբանություններ կան այս հարցի առնչությամբ»:

Եվ Տերն ասաց. «Ինչո՞ւ պիտի ժողովուրդը տրտնջա և վիճի այս բանի պատճառով:

Մի՞թե դուք չեք կարդացել սուրբ գրքերը, որոնք ասում են՝ դուք պետք է վերցնեք ձեզ վրա Քրիստոսի անունը: … Քանզի այս անունով պիտի դուք կոչվեք վերջին օրը: …

Հետևաբար, ինչ որ դուք անեք, դուք դա պիտի անեք իմ անունով. հետևաբար, դուք պիտի կոչեք եկեղեցին իմ անունով. և դուք պիտի կանչեք առ Հայրն իմ անունով, որպեսզի նա օրհնի եկեղեցին՝ հանուն ինձ:

Եվ ի՞նչպես կլինի այն իմ եկեղեցին, եթե այն կոչված չլինի իմ անունով: Քանզի, եթե մի եկեղեցի կոչվի Մովսեսի անունով, ուրեմն դա կլինի Մովսեսի եկեղեցին. կամ եթե այն կոչված լինի մարդու անունով, ուրեմն դա կլինի մարդու եկեղեցի. բայց եթե այն կոչված լինի իմ անունով, ուրեմն դա իմ եկեղեցին է, եթե այնպես լինի, որ նրանք կառուցված լինեն իմ ավետարանի վրա»:3

Հնազանդվելով հայտնությանը՝ մենք կոչում ենք մեզ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի, այլ ոչ թե մորմոնական Եկեղեցի: Մի բան է, երբ ուրիշներն են դիմում եկեղեցուն որպես մորմոնական Եկեղեցի կամ մեզ որպես Մորմոններ, և լիովին այլ բան է, երբ մենք ենք դա անում:

Առաջին Նախագահությունը նշել է.

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի հայտնված անվան օգտագործումը (ՎևՈւ 115.4) մեծապես կարևոր է ամբողջ աշխարհում Փրկչի անունը քարոզելու մեր պարտականությունը կատարելիս: Համաձայն սրա, մենք խնդրում ենք, որ երբ մենք խոսում ենք Եկեղեցու մասին, հնարավորության դեպքում, օգտագործենք ամբողջ անվանումը: …

Երբ խոսում ենք Եկեղեցու անդամների մասին, մենք խորհուրդ ենք տալիս ասել «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամներ»: Որպես կրճատ նախընտրելի է «Վերջին Օրերի Սրբեր» ձևը»:4

«[Վերջին Օրերի Սրբերը] խոսում են Քրիստոսի մասին, մենք հրճվում ենք Քրիստոսով, մենք քարոզում ենք Քրիստոսի մասին, մենք մարգարեանում ենք Քրիստոսի մասին, և մենք գրում ենք մեր մարգարեությունների համաձայն, որ մեր զավակները կարողանան իմանալ, թե ինչ աղբյուրի նրանք կարող են ապավինել իրենց մեղքերի թողության համար»:5

Աշխարհը մեզ կդիմի, ինչպես որ կդիմի, բայց մեր խոսակցականում միշտ հիշեք, որ մենք պատկանում ենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն:

Որոշ մարդիկ պնդում են, որ մենք քրիստոնյա չենք: Նրանք կամ մեզ ընդհանրապես չեն ճանաչում, կամ սխալ են հասկանում:

Եկեղեցում յուրաքանչյուր արարողություն կատարվում է Հիսուս Քրիստոսի իշխանությամբ և անունով:6 Մենք ունենք նույն կազմակերպությունը, որը ուներ սկզբնական Եկեղեցին՝ առաքյալներով և մարգարեներով:7

Հնում Տերը կանչեց և կարգեց Տասներկու Առաքյալների: Նա մատնվեց և խաչվեց: Իր Հարությունից հետո Փրկիչը 40 օր սովորեցրեց իր աշակերտներին և հետո համբարձվեց երկինք:8

Բայց ինչ-որ բան պակասում էր: Մի քանի օր անց Տասներկուսը հավաքվել էին մի տան մեջ և «յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը: … Բաժանուած լեզուներ … կրակից … նստեց նորանց ամեն մէկի վերայ: Եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցան»:9 Նրա Առաքյալներն այժմ զորություն ունեին: Նրանք հասկացան, որ Փրկչի կողմից տրված իշխանությունը և Սուրբ Հոգու պարգևը շատ կարևոր էին Եկեղեցին հիմնելու համար: Նրանց պատվիրվեց մկրտել և շնորհել Սուրբ Հոգու պարգևը:10

Ժամանակի ընթացքում Առաքյալներն ու նրանց քահանայությունը վերցվեց: Կառավարելու իշխանությունն ու զորությունը պետք է վերականգնվեր: Դարեր շարունակ մարդիկ սպասել են իշխանության վերադարձին և Տիրոջ Եկեղեցու հաստատմանը:

1829թ. քահանայությունը վերականգնվեց, տրվելով Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին՝ Հովհաննես Մկրտչի և Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալների կողմից: Այժմ Եկեղեցու արժանի տղամարդիկ քահանայության են կարգվում: Այս իշխանությունը և դրա հետ կապված Սուրբ Հոգու պարգևը, որը տրվում է Եկեղեցու բոլոր անդամներին մկրտվելուց հետո, մեզ առանձնացնում են ուրիշ եկեղեցիներից:

Վաղ շրջանի հայտնությունը նշում է, «որ ամեն մարդ կկարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով»:11 Աշխատանքը Եկեղեցում այսօր կատարվում է սովորական տղամարդկանց և կանանց կողմից, ովքեր կանչված և հաստատված են նախագահելու, ուսուցանելու և ծառայելու համար: Հայտնության ուժի և Սուրբ Հոգու պարգևի շնորհիվ է, որ այդ կանչվածները առաջնորդվում են իմանալու Տիրոջ կամքը: Ուրիշները կարող է նման բաները չընդունեն որպես մարգարեություն, հայտնություն և Սուրբ Հոգու պարգև, բայց եթե նրանք ուզում են գոնե փոքր-ինչ մեզ հասկանալ, նրանք պետք է հասկանան, որ մենք ընդունում ենք այդ բաները:

Տերը Ջոզեֆ Սմիթին հայտնեց առողջության օրենքը՝ Իմաստության Խոսքը, վտանգների վերաբերյալ աշխարհի իմանալուց շատ առաջ: Բոլորին սովորեցվել է հրաժարվել թեյից, սուրճից, ոգելից խմիչքից, ծխախոտից և, իհարկե, զանազան թմրանյութերից և կախվածություն առաջացնող այլ նյութերից, որոնք մշտապես մեր երիտասարդների առաջ են: Նրանք, ովքեր հնազանդվում են այս հայտնությանը խոստում ունեն, որ նրանք «կունենան առողջություն իրենց պորտում և ծուծ՝ իրենց ոսկորներում.

«Եվ կգտնեն իմաստություն և գիտության մեծ գանձեր, նույնիսկ թաքնված գանձեր:

«Եվ կվազեն ու չեն հոգնի, և կքայլեն ու չեն նվաղի»:12

Մեկ այլ հայտնության մեջ Տիրոջ բարոյականության սկզբունքը պատվիրում է, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է պահպանվի և օգտագործվի միայն ամուսնու և կնոջ միջև:13 Այս զորության սխալ օգտագործման լրջությանը գերազանցում են միայն անմեղ արյուն թափելը և Սուրբ Հոգին ուրանալը: Եթե մեկը խախտում է օրենքը, ապաշխարության վարդապետությունը սովորեցնում է, թե ինչպես մաքրել այս հանցանքի ազդեցությունը:14

Յուրաքանչյուրն էլ փորձվում է: Մեկը կարող է մտածի, որ արդարացի չէ, որ իրենք միայնակ կանգնեն որոշակի փորձության առաջ, սակայն մահկանացու կյանքի նպատակը հետևյալն է՝ փորձվել: Եվ պատասխանը բոլորի համար նույնն է՝ մենք պետք է և մենք կարող ենք դիմակայել ցանկացած տեսակի փորձությունների:

«Երջանկության մեծ ծրագիրը»15 կենտրոնանում է ընտանեկան կյանքի վրա: Ամուսինը տան գլուխն է և կինը՝ տան սիրտը: Նրանք ամուսնության մեջ հավասար գործընկերներ են: Վերջին Օրերի Սուրբ տղամարդը ընտանիքի համար պատասխանատվություն կրողն է՝ ավետարանին հավատարիմ մնալով: Նա հոգատար, նվիրված ամուսին ու հայր է: Նա մեծարում է կնոջը: Կինը աջակցում է իր ամուսնուն: Երկու ծնողներն էլ հոգ են տանում իրենց երեխաների հոգևոր աճի համար:

Վերջին Օրերի սրբերը սովորում են, որ պետք է սիրեն իրար և հեշտությամբ ներեն իրար սխալները:

Իմ կյանքը փոխեց մի արդարակյաց հայրապետ: Նա ամուսնացել էր իր սիրելիի հետ: Նրանք շատ սիրահարված էին և շուտով նա սպասում էր իրենց առաջին երեխային:

Այն գիշեր, երբ ծնվեց երեխան, բարդություններ առաջ եկան: Միակ բժիշկը քաղաքից դուրս ինչ-որ տեղ հիվանդի էր այցելել: Մի քանի ժամ երկունքի ցավերից մոր վիճակն անհուսալի էր դարձել: Վերջապես բժշկին գտել էին: Շտապ օգնության անհրաժեշտության պայմաններում նա արագ գործի էր անցել և շուտով երեխան ծնվել էր, իսկ ճգնաժամը, թվում էր, թե անցել էր: Սակայն որոշ ժամանակ անց երիտասարդ մայրը մահացավ հենց այն հիվանդությունից, որը բժիշկն այդ գիշեր բուժում էր մեկ այլ տանը:

Երիտասարդ տղան ընկճված էր: Մինչ շաբաթներն անցնում էին, նրա վիշտը խորանում էր: Նա մի փոքր էլ մտածեց և իր ցասման մեջ վտանգավոր դարձավ: Այսօր, առանց կասկածի, նա դատական գործ կհարուցեր բժշկի դեմ մասնագիտական սխալ գործելու համար, չնայած փողը ոչ մի հարց չէր լուծի:

Մի գիշեր նրա դուռը թակեցին: Մի փոքրիկ աղջիկ պարզապես ասաց. «Հայրիկը ուզում է, որ դուք գաք մեր տուն: Նա ուզում է խոսել ձեզ հետ»:

«Հայրիկը» ցցի նախագահն էր: Այդ իմաստուն ղեկավարի խորհուրդը պարզապես հետևյալն էր. «Ջոն, մի մտահոգվիր դրա համար: Ոչ մի բան չես կարող անել նրան ետ բերելու համար: Ցանկացած բան, որ դու անես, ավելի կվատացնի իրավիճակը: Ջոն, մի մտահոգվիր դրա համար»:

Սա իմ ընկերոջ փորձությունն է եղել: Ինչպե՞ս նա կարող էր չմտահոգվել դրա համար: Ահավոր սխալ էր տեղի ունեցել: Նա պայքարում էր, որ կարողանար ինքն իրեն տիրապետել և, ի վերջո, որոշեց, որ պետք է հնազանդ լինի և հետևի այդ իմաստուն ցցի նախագահի խորհրդին: Նա որոշեց այլևս չմտահոգվել այդ մասին:

Նա ասաց. «Ես արդեն ծեր էի, մինչև որ հասկացա և վերջապես կարողացա տեսնել խեղճ գյուղական բժշկին՝ գերծանրաբեռնված, ցածր վարձատրվող, գերհոգնած, վազելով մի հիվանդից մյուսի մոտ, սակավ դեղորայքով, առանց հիվանդանոցի, մի քանի գործիքներով, ջանալով փրկել կյանքեր և մեծամասամբ հաջողության հասնելով: Նա եկել էր ճգնաժամի պահին, երբ երկու կյանքեր մազից էին կախված և գործել էր առանց հապաղելու: Ես վերջապես հասկա»: Նա ասաց. «Ես կխորտակեի իմ կյանքն ու ուրիշների կյանքերը»:

Շատ անգամներ նա, ծնկի իջնելով, շնորհակալություն էր հայտնում Տիրոջը քահանայության իմաստուն ղեկավարի համար, ով պարզապես խորհուրդ էր տվել. «Ջոն, մի մտահոգվիր դրա համար»:

Մեր շուրջը մենք տեսնում ենք Եկեղեցու անդամներ, ովքեր վիրավորված են: Ոմանք վիրավորվում են միջադեպերից, որոնք կապված են Եկեղեցու պատմության կամ դրա ղեկավարների հետ և տառապում են իրենց ողջ կյանքի ընթացքում, չկարողանալով տեսնել ուրիշների սխալներից այն կողմ: Նրանք չեն կարողանում չմտահոգվել դրա մասին: Նրանք դառնում են ոչ ակտիվ:

Այդ մոտեցումը նման է նրան, երբ մարդը, որին հարվածում են մահակով, վիրավորված լինելով վերցնում է մահակը և սկսում է դրանով հարվածել ինքն իր գլխին կյանքի ողջ ընթացքում: Ինչպիսի հիմարություն: Ինչ ցավալի բան: Այդ տեսակի վրեժխնդրությունը ցավ է պատճառում միայն տվյալ անձնավորությանը: Եթե դուք վիրավորվել եք, ներեք, մոռացեք և մի մտահոգվեք այդ մասին:

Մորմոնի Գիրքը պարունակում է այս զգուշացումը. «Եվ արդ, եթե կան թերություններ, դրանք մարդկանց սխալներն են. ուստի, մի դատապարտեք Աստծո բաները, որպեսզի դուք կարողանաք անբիծ համարվել Քրիստոսի ատյանի առաջ»:16

Վերջին Օրերի Սուրբը պարզապես հասարակ անձնավորություն է: Մենք այժմ ամենուր ենք աշխարհում՝ 14 միլիոն անդամներ: Դա ընդամենը սկիզբն է: Մեզ սովորեցրել են լինել աշխարհում, բայց ոչ աշխարհից:17 Ուստի, մենք ապրում ենք սովորական կյանքով, սովորական ընտանիքներում՝մնացած մարդկանց կողքին:

Մեզ սովորեցրել են սուտ չխոսել, չգողանալ, չդավաճանել:18 Մենք չենք օգտագործում գռեհիկ լեզու: Մենք լավատես ենք և ուրախ և չենք վախենում կյանքից:

Մենք «հոժար ենք սգալու նրանց հետ, ովքեր սգում են … և մխիթարել նրանց, ովքեր մխիթարության կարիք ունեն, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»:19

Եթե մեկը փնտրում է եկեղեցի, որը շատ քիչ բան է պահանջում, սա նրանց փնտրածը չէ: Հեշտ չէ լինել Վերջին Օրերի Սուրբ, բայց վերջ ի վերջո սա միակ ճշմարիտ ուղին է:

Անկախ հակառակությունների կամ «պատերազմների, պատերազմների համբավների և զանազան տեղերում երկրաշարժերի»,20 ոչ մի զորություն կամ ազդեցություն չի կարող կանգնեցնել այս աշխատանքը: Մեզանից յուրաքանչյուրը կարող է առաջնորդվել հայտնության ոգով և Սուրբ Հոգու պարգևով: «Ինչպես մարդը չի կարող պարզել իր չնչին ձեռքը և կանգնեցնել Միսսուրի գետի կայուն ընթացքը կամ շրջել այն դեպի վեր, այնպես էլ հնարավոր չէ խանգարել Ամենազորին՝ երկնքից Վերջին Օրերի Սրբերի գլխին գիտելիք թափել»:21

Եթե դուք որևէ բեռ եք կրում, մոռացեք այն, թողեք այն: Շատ ներեք, քիչ ապաշխարեք, և ձեզ կայցելի Սուրբ Հոգին և վկայությամբ կհաստատի այն, ինչի մասին դուք անգամ չգիտեիք: Ձեզ համար հոգ կտանեն և ձեզ կօրհնեն՝ ձեզ և ձեր մտերիմներին: Սա Նրա մոտ գալու հրավեր է: Այս եկեղեցին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին է՝ միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրագնդի վրա,22 որում մենք, Նրա իսկ հայտարարությամբ, գտնում ենք «երջանկության մեծ ծրագիրը»:23 Այս մասին ես վկայություն եմ բերում Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: