2011
Քրիստոսի հետևորդները
Մայիս 2011


Քրիստոսի հետևորդները

Քրիստոսի հետևորդները իրենց կյանքը ապրում են Փրկչի օրինակով և քայլում են լույսի մեջ:

Elder Walter F. González

Անցյալ հոկտեմբերին ես և կինս ուղեկցում էինք Երեց և Քույր Անդերսեններին նոր տաճարի շինարարության սկիզբը նշանավորող արարողությանը մասնակցելու համար Կորդոբայում, Արգենտինա: Որպես կանոն արարողությանը հաջորդում է մամուլի ասուլիսը, որին մասնակցող մեր եկեղեցու ոչ անդամ մի լրագրող, նշել էր, որ նկատել էր, թե որքան լավ էին վերաբերում եկեղեցու տղամարդիկ իրենց կանանց: Ապա անսպասելիորեն հարցրեց, իրակա՞ն է դա, թե արհեստական»: Ես համոզված եմ, որ նա տեսել և զգացել էր ինչ-որ արտասովոր մի բան: Մի գուցե նա նկատել էր Քրիստոսին նմանվելու և հետևելու մեր անդամների ցանկությունը: Ողջ աշխարհում մեր եկեղեցու անդամները ունեն այդ ցանկությունը: Միևնույն ժամանակ, միլիոնավոր մարդիկ, ովքեր Եկեղեցու անդամ չեն, նույնպես ցանկություն ունեն հետևելու Նրան:

Վերջերս ես և կինս հատկապես տպավորվել էինք, տեսնելով Գանայի և Նիգերիայի մարդկանց: Նրանց մեծ մասը մեր եկեղեցու անդամ չէր: Մենք երջանիկ էինք տեսնելու Քրիստոսին հետևելու նրանց ցանկությունը, որն արտահայտվում էր նրանց զրույցներում, նրանց տներում, նրանց մեքենաներում, և անգամ նրանց պատերի պաստառներում: Մենք երբեք չէինք տեսել իրար մոտ գտնվող այդքան շատ քրիստոնեական եկեղեցիներ:

Որպես Վերջին Օրերի Սրբեր մենք պարտականություն ունենք հրավիրելու նրանց նման միլիոնավոր մարդկանց գալու և տեսնելու, թե ինչ կարող էր ավելացնել մեր եկեղեցին բոլոր այն լավ բաներին, որ իրենք արդեն ունեն: Ցանկացած անձ ցանկացած մայրցամաքից, կլիմայական գոտուց կամ մշակույթից կարող է իր համար իմանալ, որ Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսել է Հորը և Որդուն տեսիլքում: Նրանք կարող են իմանալ, որ երկնային սուրհանդակները վերականգնել են քահանայությունը և որ Մորմոնի Գիրքը, որը ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին: Ենովքին ուղղված Տիրոջ խոսքերով, «արդարություն ցած» ուղարկվեց «երկնքից. և ճշմարտություն առաջ» ուղարկվեց «երկրից, որ վկայություն բերի» Հոր «Միածնի մասին»:1

Փրկիչը խոստացել է. «Ով որ իմ ետևից գա, նա խավարումը չի գնալ, այլ կեանքի լույսը կընդունի»:2 Քրիստոսի հետևորդները իրենց կյանքը ապրում են Փրկչի օրինակով և քայլում են լույսի մեջ: Երկու հատկանիշ կարող են մեզ օգնել հասկանալ, թե ինչ չափով ենք մենք հետևում Նրան: Առաջինը, Քրիստոսի հետևորդները սիրում են մարդկանց: Երկրորդ, Քրիստոսի հետևորդները կապում և պահում են ուխտերը:

Մարդկանց սիրելու հատկանիշներից մեկը, հավանաբար, այն էր, ինչ լրագրողը նկատել էր մեր Եկեղեցու անդամների մեջ: Մենք հետևում ենք Քրիստոսին, որովհետև մենք սիրում ենք Նրան: Երբ մենք հետևում ենք Քավիչին սիրուց դրդված, մենք հետևում ենք Նրա օրինակին: Սիրո միջոցով էր Փրկիչը հնազանդվում Հոր կամքին ցանկացած իրավիճակում: Մեր Փրկիչը հնազանդ էր անգամ այն ժամանակ, երբ պահանջվում էր ֆիզիկական և էմոցիոնալ մեծագույն ցավ տանել, անգամ, երբ ծեծվում և ծաղրի էր ենթարկվում, անգամ երբ Նրա թշնամիները տանջում էին Իրեն, մինչ ընկերները թողել էին Իրեն: Փրկչի քավող զոհաբերությունը, Նրա առաքելության մեծագույն և յուրահատուկ դրսևորումն էր: «Մեր խաղաղության պատիժը նորա վրա եղավ, և նորա վերքերովը մենք բժշկուեցանք»:3

Ինչպես Քրիստոսը հետևում էր Հորը ցանկացած իրավիճակում, մենք պետք է հետևենք Նրա Որդուն: Եթե այդպես անենք , ապա կարևոր չի լինի այն հալածանքը, տառապանքը կամ վիշտը, որին մենք ենթարկվում ենք մարմնի մեջ:4 Մենք միայնակ չենք: Քրիստոսը կօգնի մեզ: Նրա սերը, բարությունն ու ողորմությունը մեզ հզոր կդարձնեն բոլոր իրավիճակներում:5

Քրիստոսին հետևելը կարող է շատ թանկ բաներից հրաժարում պահանջել, ինչպես արեց Հռութը Մովաբից: Նորադարձ լինելով, Աստծո և Նոեմի հանդեպ սիրով դրդվելով, նա թողեց ամեն-ինչ՝ կրոնով ապրելու համար:6

Քրիստոսին հետևելը կարող է նաև դժվարությանը և գայթակղությանը դիմակայելու կամք պահանջել: Պատանի հասակում Հովսեփը գերության վաճառեցին: Նա զրկվեց ամենից, ինչ սիրում էր: Հետագայում նա անառակության գայթակղության առաջ կանգնեց: Նա դիմակայեց, ասելով. «Ինչպե՞ս գործեմ այս մեծ չարությունը, և Աստծո դեմ մեղանչեմ»:7 Աստծո հանդեպ նրա սերը ցանկացած դժվարությունից կամ հայթակղությունից հզոր էր:

Այսօր մենք ունենք ժամանակակից Հռութներ և Հովսեփներ ողջ աշխարհում: Երբ Եղբայր Ջիմի Օլվերսը Գայաքիլից, Էկվադոր, ստացավ միսիայի իր կանչը,նրա ընտանիքը դժվարությունների մեջ էր: Մեկնելու օրը նրան ասացին, որ եթե նա ոտքը դռնից դուրս դնի, ապա այլևս ընտանիք չի ունենա: Կոտրված սրտով նա տնից դուրս եկավ: Սակայն հետո մայրը նրան խնդրում էր երկարաձգել միսիայում ծառայելու իր ժամանակը, որովհետև նրանք բազում օրհնություններ էին ստանում: Այսօր Եղբայր Օլվերսը ցցի հայրապետ է ծառայում:

Իսկապես սիրող Քրիստոսը մեզ տալիս է անհրաժեշտ ուժը՝ Իրեն հետևելու համար: Տերն Ինքն է ցույց տվել դա, երբ Պետրոսին երեք անգամ բարձրաձանյ հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ»: Երբ Պետրոսը բարձրաձայն վերահաստատեց, որ սիրում էր Տիրոջը, Տերն ասաց նրան գալիք դժվարությունների մասին: Ապա եկավ խրատը. «Իմ ետևիցը եկ»: Պետրոսին տված Փրկչի հարցը կարող է նաև տրվել մեզ. «Սիրո՞ւմ ես ինձ», որին կարող է հետևել գործելու կոչը. «Իմ ետևիցը եկ»:8

Սերը զորեղ ազդեցություն է գործում մեր սրտերում հնազանդ լինելու մեր ջանքերի վրա: Մեր Փրկչի հանդեպ մեր հավատքը ոգեշնչում է մեզ պահել Նրա պատվիրանները: Մոր, հոր, ամուսնու, կնոջ հանդեպ մեր սերը կարող է նաև ոգեշնչել մեզ հնազանդվել ավետարանի սկզբունքներին: Ուրիշների հանդեպ մեր սերը, միմյանց սիրելու մեր վերաբերմունքը ցույց է տալիս, թե որքանով ենք մենք հետևում մեր Փրկչին:9 Մենք ցույց ենք տալիս մեր սերը Նրա հանդեպ, երբ կանգ ենք առնում մյուսներին օգնելու համար, երբ կատարելապես ազնիվ և շիտակ ենք ամեն ինչում, և երբ կապում և պահում ենք ուխտերը:10

Երկորդ բնորոշ հատկանիշը, որն ունեն Քրիստոսի հետևորդները, ուխտեր կապելն ու պահելն է, ինչպես Նա արեց: Մորոնին ասել է այդ մասին. «Քրիստոսի արյան հեղվելով, որը Հոր ուխտի մեջ է՝ մեղքերի թողության համար, այնպես որ դուք դառնում եք սուրբ՝ առանց բծի»:11

Մարգարե Ջոզեֆ Սմիթը ուսուցանել է, որ անգամ այս երկրի արարումից առաջ երկնքում ուխտեր էին կապվում:12 Հնում ևս՝մարգարեները և հայրապետերը ուխտեր էին կապում:

Փրկիչն Ինքն է ցույց տվել օրինակը: Նա մկրտվեց իշխանություն ունեցողի կողմից, որպեսզի կատարվեր ողջ արդարությունը: Մկրտությամբ Փրկիչը վկայեց Հորը, որ հնազանդ կլինի Հոր բոլոր պատվիրանները պահելիս:13 Ինչպես հին օրերում, մենք ուխտեր ենք կապում քահանայության ծեսերի միջոցով:

Ուխտերը կարող են լինել այն, ինչ միլիոնավոր մարդիկ, ովքեր մեր եկեղեցու անդամ չեն, միանալով մեզ կարող են ավելացնել այն բոլոր լավ բաներին, որ արդեն ունեն: Ուխտեր կապելւ սիրո արտահայտում է: Դա Նրան «Այո, ես կհետևեմ Քեզ» ասելու եղանակ է:

Ուխտերը ներառում են օրհնություններ, ընդհուպ մինչև հավերժական կյանք:14 Բոլոր բաները կաշխատեն մեր բարիքի համար, եթե մենք հիշենք մեր ուխտերը:15 Դրանք պետք է կապել և պահել՝ դրանց օրհնությունները ստանալու համար: Փրկչի հանդեպ սերը և մեր ուխտերը հիշելը կօգնեն մեզ պահել դրանք: Հաղորդությունն ընդունելը դրանք հիշելու եղանակներից մեկն է:16 Մեկ այլ եղանակ է հանդիսանում հաճախ տաճար այցելելը: Ես հիշում եմ մի երիտասարդ ամուսնացած զույգի Հարավային Ամերիկայում, որը ցանկանում էր բաժանվել, որովհետև միասին չէին կարողանում ապրել: Քահանայության ղեկավարը նրանց խորհուրդ տվեց այցելել տաճար և հատուկ ուշադրություն դարձնել այնտեղ կապվող ուխտերի բառերին և խոստումներին: Նրանք արեցին դա և նրանց ամուսնությունը փրկվեց: Մեր ուխտերի զորությունը մեծ է մեր բոլոր դժվարություններից:

Այն անդամներին, ովքեր ակտիվ չեն ավետարանում, խնդրում ենք հետ գալ: Զգացեք ուխտերը հիշելու և նորոգելու օրհնությունը հաղորդության և տաճար հաճախելու միջոցով: Այդպիսի սիրո արտահայտումը ցուցադրում է Քրիստոսի ճշմարիտ հետևորդը լինելու պատրաստակամությունը: Դա կօգնի ձեզ արժանի լինել ստանալու բոլոր խոստացված օրհնությունները:

Նրանց, ովքեր մեր եկեղեցու անդամ չեն, ես հրավիրում եմ գործադրել հավատք, ապաշխարություն և արժանանալ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում մկրտության ուխտը ստանալուն: Այդպես դուք կդրսևորեք ձեր սերը մեր Երկնային Հոր հանդեպ և Քրիստոսին հետևելու ձեր պատրաստակամությունը:

Ես վկայում եմ, որ մենք ավելի երջանիկ ենք, երբ հետևում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանին: Երբ մենք աշխատում ենք հետևել Նրան, երկնքի օրհնությունները տրվում են մեզ: Ես գիտեմ, որ Նրա խոստումները կիրականանան, եթե մենք կապենք և պահենք ուխտերը և դառնանք Քրիստոսի ճշմարիտ հետևորդները: Ես վկայում եմ յուրաքանչյուրիս հանդեպ Նրա մեծ սիրո մասին, և անում եմ դա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: