Հայտնության Հոգին
Հայտնության Հոգին իրական է, և կարող է և գործում է մեր անձնական կյանքում և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում:
Ես շնորհակալություն եմ հայտնում այն ոգեշնչման համար, որն օգնել է ընտրել «Արե՞լ եմ ես բարի գործ» օրհներգը, որը կհաջորդի իմ ելույթին: (Hymns, no. 223): Ես տեսնում եմ հուշում:
Ես հրավիրում եմ ձեզ խորհել լույսի հետ կապված երկու փորձառությունների մասին, որոնք մեզանից շատերն ունեցել են:
Առաջին փորձառությունը տեղի է ունեցել, երբ մենք մտել ենք մութ սենյակ և միացրել ենք լույսը: Հիշեք, թե ինչպես մի ակնթարթում լուսավորության պայծառ հեղեղը լցրեց սենյակը և վերացրեցէ խավարը: Ինչը նախապես չէր երևում և անորոշ էր, դարձավ պարզ ու տեսանելի: Այս փորձառությունը բնորոշվել է լույսի անհապաղ և վառ առկայությամբ:
Երկրորդ փորձառությունը տեղի է ունենում, երբ մենք դիտում ենք, թե ինչպես է գիշերը իր տեղը զիջում առավոտին: Դուք հիշու՞մ եք լույսի դանդաղ և գրեթե աննկատելի բացվելը հորիզոնում: Ի տարբերություն մութ սենյակում լույսը միացնելուն, արևածագը անմիջապես ի հայտ չի գալիս: Ավելի ճիշտ, հետզհետե և աստիճանաբար լույսի ուժգնությունը ավելանում է և գիշերվա խավարը փոխարինվում է առավոտվա պայծառ լույսով: Ի վերջո, արևը շողում է երկնակամարում: Սակայն արևի մոտալուտ հայտնվելու տեսողական փաստը ակնհայտ էր հորիզոնում արևի իրականում հայտնվելուց ժամեր առաջ: Այս փորձառությունը բնորոշվում է լույսի աննկատ և աստիճանական նշմարմամբ:
Լույսի հետ կապված այս երկու սովորական փորձառություններից մենք շատ բան կարող ենք սովորել հայտնության ոգու վերաբերյալ: Ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին ոգեշնչի և ուսուցանի մեզ, մինչ մենք այժմ կկենտրոնանանք հայտնության ոգու և հիմնական ճանապարհների վրա, որոնցով ստացվում է հայտնությունը:
Հայտնության Հոգին
Հայտնությունը հաղորդակցություն է Աստծուց՝ երկրի վրա գտնվող Իր զավակներին, և մեծագույն օրհնություններից մեկը, կապված Սուրբ Հոգու պարգևի և մշտական ընկերակցության հետ: Մարգարե Ջոզեֆ Սմիթը սովորեցրել է. «Սուրբ Հոգին հայտնողն է», և «ոչ ոք չի կարող ստանալ Սուրբ Հոգին՝ առանց ստանալու հայտնություններ» (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 132):
Հայտնության Հոգին մատչելի է յուրաքանչյուր անձնավորության, ով քահանայության պատշաճ իշխանությամբ ստանում է մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության և Սուրբ Հոգու պարգևի համար ձեռնադրման փրկող արարողությունները, և ով հավատքով գործում է՝ իրականացնելու համար «ստացիր Սուրբ Հոգին» քահանայական հրամանը: Այս օրհնությունը չի սահմանափակվում Եկեղեցու նախագահող իշխանավորներով, ավելի ճիշտ այն պատկանում է և պետք է գործի յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի կյանքում, ով հասնում է պատասխանատվության տարիքին և մտնում է սուրբ ուխտի մեջ: Անկեղծ ցանկությունն ու արժանավորությունը հրավիրում են հայտնության Հոգին մեր կյանք:
Ջոզեֆ Սմիթն ու Օլիվեր Քաուդերին հայտնության ոգու հետ կապված արժեքավոր փորձառություն ստացան, մինչ նրանք թարգմանում էին Մորմոնի Գիրքը: Այս եղբայրները սովորեցին, որ նրանք իրենց աշխատանքն ավարտելու համար կարող էին ստանալ ցանկացած անհրաժեշտ գիտելիք, եթե խնդրեին հավատքով, անկեղծ սրտով, հավատալով, որ իրենք կստանան: Եվ ժամանակի ընթացքում նրանք ավելի ու ավելի հասկացան, որ հայտնության Հոգին սովորաբար գործում է որպես մտքեր ու զգացմունքներ, որ գալիս են մեր մտքերում և սրտերում՝ Սուրբ Հոգու զորությամբ (տես ՎևՈւ 8.1–2; 100.5–8): Ինչպես Տերը սովորեցրեց նրանց. «Արդ, ահա, սա է հայտնության Հոգին. ահա, սա է այն ոգին, որով Մովսեսն Իսրայելի զավակներին դուրս բերեց Կարմիր ծովի միջով, չոր գետնի վրայով: Ուստի սա է քո պարգևը. դիմիր դրան» (ՎևՈւ 8.3–4):
Ես հատուկ ուշադրություն եմ դարձնում «դիմիր դրան» արտահայտությանը՝ կապված հայտնության ոգու հետ: Սուրբ գրություններում Սուրբ Հոգու ազդեցությունը հաճախ նկարագրվում է որպես «մեղմ, հանդարտ ձայն» (Գ Թագավորաց 19.12; 1 Նեփի 17.45; տես նաև 3 Նեփի 11.3) և «կատարյալ մեղմության ձայն» ( Հելաման 5.30): Քանի որ Հոգին քնքշորեն և մեղմորեն է մեզ շշնջում, հեշտ է հասկանալը, թե ինչու մենք պետք է խուսափենք ոչ պատշաճ լրատվամիջոցներից, պոռնոգրաֆիայից և վնասակար, կախվածություն առաջացնող նյութերից և վարքից: Հակառակորդի այս գործիքները կարող են վնասել և վերջիվերջո կործանել մեր ունակությունը՝ ճանաչելու և պատասխանելու Աստծո մեղմ հուշումներին, որոնք տրվում են Նրա Հոգու զորությամբ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լրջորեն մտածի և աղոթքով խորհի, թե ինչպես մենք կարող ենք չտրվել դևի գայթակղություններին և արդարությամբ «դիմենք դրանց», հենց հայտնության ոգուն, մեր անձնական կյանքում և ընտանիքներում:
Հայտնության ձևերը
Հայտնությունները տրվում են բազմաթիվ ձևերով, օրինակ, երազների, տեսիլքների, երկնային սուրհանդակների հետ զրույցների և ոգեշնչման տեսքով: Որոշ հայտնություններ ստացվում են անմիջապես. որոշները ճանաչվում են աստիճանաբար: Լույսի հետ կապված իմ նկարագրած երկու փորձառությունները մեզ օգնում են ավելի լավ հասկանալ հայտնության այս երկու հիմնական ձևերը:
Մութ սենյակում լույսը վառելը նման է Աստծուց անմիջապես և ամբողջական ստացվող ուղերձի: Մեզանից շատերն են ունեցել այս օրինակի փորձառությունը, մինչ մեզ պատասխան է տրվել անկեղծ աղոթքներին կամ տրվել է անհրաժեշտ ուղղորդում կամ պաշտպանություն՝ համաձայն Աստծո կամքի և ժամանակի: Նման անհապաղ և մեծ դրսևորումներ առկա են սուրբ գրություններում, արձանագրված են Եկեղեցու պատմության մեջ և տեղ են գտնում մեր իսկ կյանքում: Իսկապես, այս մեծ հրաշքները տեղի են ունենում: Սակայն հայտնության այս ձևը ավելի հազվադեպ հանդիպող երևույթ է, քան հաճախակի հանդիպող:
Ծագող արևի լույսի ճառագայթների աստիճանաբար ի հայտ գալը նման է Աստծուց «տող առ տող, ցուցում առ ցուցում» ուղերձ ստանալուն (2 Նեփի 28.30): Ավելի հաճախ հայտնությունը գալիս է ժամանակ առ ժամանակ փոքր ավելացումներով և տրվում է համաձայն մեր ցանկության, արժանավորության և պատրաստվածության: Այսպիսի հաղորդակցությունները Երկնային Հորից աստիճանաբար և մեղմորեն «[իջնում են մեր] հոգու վրա, ինչպես ցողը երկնքից» (ՎևՈւ 121.45): Հայտնության այս ձևը ավելի հաճախ է հանդիպում, քան Նեփիի վառ, բայց ավելի հազվադեպ հանդիպող փորձառությունը,, երբ նա փորձեց մի քանի տարբեր միջոցներ, մինչև հաջողության հասավ Լաբանից արույրե թիթեղները ստանալում (տես 1 Նեփի 3–4): Ի վերջո, նա Հոգու առաջնորդությամբ գնաց Երուսաղեմ, «նախապես չիմանալով բաները, որոնք [նա] պետք է աներ» (1 Նեփի 4.6): Եվ նա չսովորեց, թե ինչպես պետք է միանգամից մեծ վարպետությամբ նավ կառուցեր, այլ Տիրոջ կողմից նրան ցույց տրվեց «ժամանակ առ ժամանակ, թե ինչ ձևով [նա] պետք է մշակեր նավի հեծանները» (1 Նեփի 18.1):
Եկեղեցու պատմությունն ու մեր անձնական կյանքերը լի են Տիրոջ «տող առ տող, ցուցում առ ցուցում» հայտնության օրինակներով: Օրինակ, վերականգնված ավետարանի հիմնական ճշմարտությունները Սրբազան Պուրակում միանգամից չտրվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին: Այս անգին գանձերը հայտնվեցին ըստ անհրաժեշտության և ճիշտ ժամանակին:
Մարգարե Ջոզեֆ Ֆ. Սմիթը բացատրել է, թե ինչպես է հայտնության այս ձևը արտահայտվել իր կյանքում. «Իմ պատանեկության օրերին … ես հաճախ էի խնդրում Տիրոջը ինձ մի հրաշալի բան ցույց տալ, որպեսզի ես կարողանայի վկայություն ստանալ: Սակայն Տերը հրաշքները ետ պահեց ինձանից և ինձ ցույց տվեց ճշմարտությունը, տող առ տող … մինչև նա ինձ տվեց իմանալու ճշմարտությունը իմ ողջ էությամբ, և մինչև կասկածն ու վախը ամբողջովին հեռացան ինձանից: Նա ստիպված չեղավ երկնքից հրեշտակ ուղարկել սա անելու համար, կամ էլ խոսեր հրեշտակապետի փողով: Կենդանի Աստծո Հոգու մեղմ հանդարտ ձայնով շշնջոցների մեջոցով Նա ինձ տվեց վկայություն: Եվ այս սկզբունքով և զորությամբ Նա կտա մարդկանց բոլոր զավակներին ճշմարտության իմացություն, որը կմնա նրանց հետ, և դա նրանց կստիպի իմանալ ճշմարտությունը, ինչպես Աստված գիտի դա, և կատարել Հոր կամքը, ինչպես Քրիստոսն է դա անում: Եվ բազում հրաշալի ապացույցներ երբեք չէին կարող սա անել» (in Conference Report, Apr. 1900, 40–41):
Մենք, որպես Եկեղեցու անդամներ, այնքան շատ ենք հակված կարևորություն տալ հրաշալի և տպավորիչ հոգևոր դրսևորումներին, որ մենք կարող է արժանվույնս չգնահատենք և նույնիսկ չնկատենք սովորական միջոցը, որի շնորհիվ Սուրբ Հոգին իրականացնում է իր գործը: Պարզ ու աստիճանաբար աճող հոգևոր տպավորություններ ստանալու հենց «միջոցի պարզությունը» (1 Նեփի 17.41), որ ժամանակի ընթացքում և ամբողջապես իրենից ներկայացնում է ցանկալի պատասխան կամ մեզ անհրաժեշտ ուղղությունը, կարող է պատճառ դառնալ, որ մենք նայենք «նշանակետից այն կողմ» (Հակոբ 4.14):
Ես խոսել եմ բազմաթիվ անհատների հետ, ովքեր կասկածում են իրենց անձնական վկայության ամրությանը և թերագնահատում են իրենց հոգևոր կարողությունները, քանի որ նրանք չեն ստանում մշտական, զարմանալի կամ ուժեղ տպավորություններ: Հավանաբար, եթե մենք խորհենք փորձառությունների մասին, որոնք ունեցան Ջոզեֆը Սրբազան Պուրակում, Սողոսը Դամասկոսի ճանապարհին և Ալմա Կրտսերը, մենք կսկսենք հավատալ, որ ինչ- որ բան սխալ է կամ պակասում է մեր մեջ, եթե մենք չունենք նմանատիպ փորձառություններ, ինչպիսին են այս հայտնի և հոգևորապես տպավորիչ օրինակները: Եթե դուք ունեցել եք նմանօրինակ մտքեր կամ կասկածներ, խնդրում եմ իմացեք, որ դուք միանգամայն նորմալ եք: Միայն շարունակեք առաջ գնալ հնազանդորեն և հավատքով առ Փրկիչ: Եթե դուք անեք սա, «հնարավոր չէ, որ դուք սխալ գնաք» (ՎևՈւ 80.3):
Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը ասել է. «Ցույց տվեք ինձ Վերջին Օրերի Սրբեր, ովքեր հենվում են հրաշքների, նշանների և տեսիլքների վրա, որպեսզի հաստատուն կանգնեն Եկեղեցում, և ես ձեզ ցույց կտամ անդամներ, … ովքեր լավ դիրք չունեն Աստծո առաջ, և ովքեր քայլում են սայթաքուն արահետներով: Մեզ հայտնված հրաշալի դրսևորումներով չէ, որ մենք պետք է հաստատվենք ճշմարտության մեջ, այլ համեստության և Աստծո օրենքներին և պատվիրաններին հավատարիմ հնազանդության շնորհիվ է»
Լույսի հետ կապված մեկ այլ հաճախակի հանդիպող փորձառություն մեզ օգնում է սովորել ևս մեկ ճշմարտություն հայտնության «տող առ տող, ցուցում առ ցուցում» տրվող եղանակի մասին: Երբեմն արևը ծագում է ամպամած կամ մառախլապատ առավոտյան: Ամպերով ծածկված լինելու պատճառով դժվար է լինում լույսը տեսնելը և ճշտգրիտ պահը նկատելը, երբ արևը բարձրանում է հորիզոնում, հնարավոր չի լինում: Սակայն այսպիսի առավոտյան մենք այնուամենայնիվ ունենում ենք բավականաչափ լույս՝ նոր օրը տեսնելու և մեր գործերը վարելու համար:
Նման ձևով շատ անգամներ մենք հայտնություն ենք ստանում՝ առանց հստակ իմացության, թե ինչպես կամ երբ ենք մենք ստանում հայտնությունը: Եկեղեցու պատմության մի կարևոր իրադարձություն լուսաբանում է այս սկզբունքը:
1829թ. գարնանը Օլիվեր Քաուդերին դպրոցի ուսուցիչ էր Պալմիրայում, Նյու Յորք: Երբ նա իմացավ Ջոզեֆ Սմիթի և Մորմոնի Գրքի թարգմանության գործի մասին, Օլիվերը երիտասարդ մարգարեին իր օգնությունն առաջարկելու զգացողություն ունեցավ: Ուստի նա ճանապարհվեց դեպի Հարմոնի, Պենսիլվանիա, և դարձավ Ջոզեֆի դպիրը: Նրա ժամանելու պահը և նրա օգնությունը էական նշանակություն ունեցան Մորմոնի Գրքի առաջ գալու գործում:
Փրկիչը հետագայում հայտնեց Օլիվերին, որ այնքան հաճախ, որքան նա աղոթել է առաջնորդության համար, նա հրահանգներ է ստացել Տիրոջ Հոգուց: «Եթե դա այդպես չլիներ, - հայտարարել է Տերը,- դու չէիր լինի այն տեղում, որտեղ հիմա գտնվում ես: Ահա, դու գիտես, որ հարցրել ես ինձ, և ես լուսավորել եմ քո միտքը. և այժմ ես ասում եմ քեզ այս բաները, որ կարողանաս իմանալ, որ դու լուսավորվել ես ճշմարտության Հոգով» (ՎևՈւ 6.14–15):
Այսպիսով, Օլիվերը ստացավ հայտնություն Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով, ով տեղեկացրեց նրան, որ նա հայտնություն էր ստացել: Հավանաբար Օլիվերը չէր հասկացել, թե ինչպես և երբ էր հրահանգներ ստացել Աստծուց և կարիք ուներ այս հրահանգը ստանալուն, որպեսզի նրա հասկացողությունը մեծանար հայտնության ոգու վերաբերյալ: Կարելի է ասել, որ Օլիվերը քայլում էր լույսով, ինչպես արևը ծագում էր ամպամած առավոտյան:
Բազում անորոշությունների և դժվարությունների պահերին, որոնց մենք հանդիպում ենք մեր կյանքում, Աստված մեզ խորհուրդ է տալիս անել լավագույնը, որ մենք կարող ենք, գործել ինքնուրույն և չներգործվել (տես 2 Նեփի 2.26), և վստահել Իրեն: Մենք կարող է հրեշտակներ չտեսնենք, երկնային ձայներ չլսենք կամ մեծ հոգևոր տպավորություններ չստանանք: Մենք հաճախ կարող ենք առաջ շարժվել, հուսալով և աղոթելով, սակայն առանց բացարձակ հավաստիացման, որ մենք գործում ենք Աստծո կամքի համաձայն: Սակայն մինչ մենք մեծարում ենք մեր ուխտերը և պահում ենք պատվիրանները, մինչ մենք ավելի ու ավելի ենք ջանում հետևողականորեն բարիք գործել և ավելի լավը դառնալ, մենք կարող ենք վստահաբար քայլել, իմանալով, որ Աստված կուղղորդի մեր քայլերը: Եվ մենք կարող ենք վստահ խոսել, իմանալով, որ Աստված կոգեշնչի մեր խոսքերը: Սա մասամբ ունի այն սուրբ գրության իմաստը, որը հայտարարում է. «Այն ժամանակ քո վստահությունը կամրանա Աստծո ներկայության մեջ» (ՎևՈՒ 121.45):
Եթե դուք պատշաճ ձևով փնտրեք և կիրառեք հայտնության հոգին, ես խոստանում եմ ձեզ, որ դուք «կքայլեք Տիրոջ լույսով» (Եսայիա 2.5; 2 Նեփի 12.5): Երբեմն հայտնության հոգին կգործի անմիջապես և լիարժեք ձևով, երբեմն աննշան և աստիճանաբար, և հաճախ այնքան մեղմորեն, որ դուք կարող է նույնիսկ չնկատեք դա: Բայց անկախ միջոցից, որով ստացվում է այս օրհնությունը, դրա տված լույսը կպայծառացնի և կմեծացնի ձեր հոգին, կլուսավորի ձեր հասկացողությունը (տես Ալմա 5.7; 32.28), և կառաջնորդի և կպաշտպանի ձեզ և ձեր ընտանիքին:
Ես հայտարարում եմ իմ առաքելական վկայությունը, որ Հայրը և Որդին ապրում են: Հայտնության Հոգին իրական է, և կարող է և գործում է մեր անձնական կյանքում և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Ես վկայում եմ այս ճշմարտությունների մասին Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն: