«Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ և խրատում եմ»
Խրատին դիմանալու փորձառությունը կարող է կատարելագործել մեզ և պատրաստել հոգևոր ավելի մեծ արտոնություններ ստանալուն:
Մեր Երկնային Հայրը բարձր ակնկալիքների Աստված է: Այն, ինչ Նա ակնկալում է մեզանից, նկարագրված է Նրա Որդի Հիսուս Քրիստոսի այս խոսքերով. «Ես կամենում եմ, որ դուք լինեք կատարյալ, ճիշտ ինչպես ես, կամ ձեր Հայրը, որ երկնքում է, կատարյալ է» (3 Նեփի 12.48): Նա առաջարկում է մեզ սուրբ դառնալ, որպեսզի մենք կարողանանք «մնալ սելեստիալ փառքում» (ՎևՈւ 88.22) և բնակվել Նրա ներկայության մեջ (Մովսես 6.57): Նա գիտի, թե ինչ է պահանջվում, և՝ մեր փոխակերպումը հնարավոր դարձնելու համար, Նա տալիս է Իր պատվիրանները և ուխտերը, Սուրբ Հոգու պարգևը և, ամենակարևորը, Իր Սիրելի Որդու Քավությունը և Հարությունը:
Այս ամենում Աստծո նպատակն այն է, որ մենք՝ Նրա զավակները, կարողանանք ունենալ առավելագույն ուրախություն, լինենք Իր հետ հավերժ և նմանվենք Իրեն: Մի քանի տարի առաջ Երեց Դալլին Հ. Օուքսը բացատրեց. «Վերջին Դատաստանը ոչ թե գնահատում է բարի և չար գործերի ընդհանուր գումարը, որոնք մենք կատարել ենք: Այն մեր գործերի և մտքերի վերջնական ազդեցության գնահատումն է՝ թե ինչ ենք մենք դարձել: Էական չէ միայն ինչ-որ բան անել: Պատվիրանները, ավետարանի ծեսերը և ուխտերը ներդրումային ցանկի կետեր չեն, որ պետք է ավելացվեն երկնային հաշվին: Հիսուս Քրիստոսի ավետարանը ծրագիր է, որը ցույց է տալիս, թե ինչպես դառնանք այն, ինչ ցանկանում է մեր Երկնային Հայրը, որ դառնանք»:1
Դժբախտաբար, ժամանակակից քրիստոնեությունը, մեծ մասամբ, չի ընդունում այն, որ Աստված իրական պահանջներ է դնում նրանց առաջ, ովքեր հավատում են Իրեն: Նրանք դիտում են Նրան ավելի շուտ որպես ծառայողի, որն ըստ խնդրանքի բավարարում է իրենց կարիքները, կամ բժիշկի, որի դերն է օգնել մարդկանց իրենց լավ զգալ:2 Դա կրոնական մոտեցում է, որը չի հավակնում փոխելու կյանքեր: Ի տարբերություն, հեղինակներից մեկը հայտարարում է, «որ եբրայեցիների և քրիստոնեաների սուրբ գրությունների մեջ պատկերված Աստվածը ակնկալում է ոչ միայն պարտավորվածություն, այլ նաև՝ մեր իսկ կյանքը:3 Աստվածաշնչի Աստվածը գործ ունի կյանքի և մահվան հետ, ոչ թե սիրալիր լինելու, և պահանջում է զոհաբերական սեր, ոչ թե չեզոք անտարբերություն»:4
Ես ցանկանում եմ խոսել մի որոշակի մոտեցման և սովորույթի մասին, որը մենք պետք է որդեգրենք, եթե ցանկանում ենք համապատասխանել մեր Երկնային Հոր բարձր ակնկալիքներին: Այն է՝ պատրաստակամորեն ընդունել և անգամ փնտրել ուղղում: Ուղղումը կենսական կարևորություն ունի, եթե մենք ցանկանում ենք մեր կյանքը համապատասխանեցնել «շնորհքին, Քրիստոսի պարգևի չափի պես» (Եփեսացիս 4.13): Պողոսն ասում է աստվածային ուղղման կամ խրատի մասին. «Տերը իրեն սիրածին խրատում է» (Եբրայեցիս 12.6): Թեև դրան դժվար է դիմանալ, մենք իսկապես պետք է ուրախանանք, եթե Աստված մեզ այնքան արժանի է համարում, որ ժամանակ է գտնում և անհանգսանում մեզ ուղղելու համար:
Աստվածային խրատն ունի առնվազն երեք նպատակ. (1) համոզել մեզ ապաշխարել, (2) կատարելագործել և սրբագործել մեզ, և (3) երբեմն փոխել մեր կյանքի ուղին, դարձնելով այն ավելի լավ ուղի՝ ըստ Աստծո իմաստության:
Ամենից առաջ մտածեք ապաշխարության՝ ներման և մաքրման անհրաժեշտ պայմանի մասին: Տերը հայտարարել է. «Ես որոնց որ սիրում եմ հանդիմանում եմ և խրատում եմ, ուրեմն ջանք արա և ապաշխարիր» (Հայտնություն 3.19): Կրկին Նա ասել է. «Եվ իմ ժողովուրդը պետք է անպայման խրատվի այն բաներով, որոնցով նա տառապում է, եթե դա անհրաժեշտ է, մինչև որ նա հնազանդություն սովորի» (ՎևՈւ 105.6; տես նաև ՎևՈւ 1.27): Վերջին օրերի հայտնության մեջ Տերը պատվիրել է Եկեղեցու բարձրագույն ղեկավարներին ապաշխարել (ինչպես կարող է պատվիրել մեզանից շատերին) նրա համար, որ պատշաճ չեն ուսուցանում իրենց երեխաներին «պատվիրաններին համաձայն» և որ չեն լինում «ավելի ջանասեր … և մտահոգվում տան համար» (տես ՎևՈւ 93.41–50): Մորմոնի Գրքում Հարեդի եղբայրն ապաշխարեց, երբ Տերը ամպի մեջ «երեք ժամվա ընթացքում … խրատեց նրան, որովհետև նա չէր հիշել կանչել Տիրոջ անունը» (Եթեր 2.14): Քանի որ նա այդքան պատրաստակամ արձագանքեց այդ խիստ խրատին, ավելի ուշ նա պատիվ ունեցավ տեսնելու և ուսուցանվելու նախաերկրային Քավիչի կողմից (տես Եթեր 3.6–20): Աստծո խրատի պտուղը դեպի արդարակեցություն տանող ապաշխարությունն է (տես Եբրայեցիս 12.11):
Մեր ապաշխարությունը խթանելուց բացի, խրատին դիմանալու փորձառությունը կարող է կատարելագործել մեզ և պատրաստել հոգևոր ավելի մեծ արտոնություններ ստանալուն: Տերն ասել է. «Իմ ժողովուրդը պիտի փորձվի բոլոր բաներում, որ կարողանա պատրաստվել այն փառքն ընդունելուն, որը ես ունեմ նրանց համար, այսինքն՝ Սիոնի փառքը. իսկ նա, ով չի դիմանում խրատին, արժանի չէ իմ արքայությանը» (ՎևՈւ 136.31): Մեկ այլ տեղ Նա ասում է. «Քանզի բոլոր նրանք, ովքեր չեն դիմանում խրատին, արժանի չէ իմ արքայությանը» (ՎևՈւ 136.31): Նա նաև ասում է. «Քանզի բոլոր նրանք, ովքեր չեն կամենում խրատին համբերել, այլ ուրանում են ինձ, չեն կարող սրբագործվել» (ՎևՈւ 101.5; տես նաև Եբրայեցիս 12.10): Ինչպես Երեց Փոլ Վ. Ջոնսոնն ասաց այս առավոտյան, մենք պետք է ուշադիր լինենք, որպեսզի չվանենք այն ամենը, ինչ օգնում է մեզ աստվածային էություն ունենալ:
Ալմայի հետևորդները հիմնեցին Սիոնի համայնքը Հելամում, սակայն հետո նրանք գերի ընկան: Նրանք, ընդհակառակը, արժանի չէին իրենց տառապանքներին, բայց գրվածքն ասում է.
«Այնուամենայնիվ, Տերը հարմար է գտնում խրատել իր ժողովրդին. այո, նա փորձում է նրանց համբերությունն ու նրանց հավատքը:
Սակայն ով որ իր վստահությունը դնում է նրա վրա, նույնը պիտի բարձրացվի վերջին օրը: Այո, և այսպես դա եղավ այս ժողովրդի հետ» (Մոսիա 23.21–22):
Տերն ամրացրեց նրանց և թեթևացրեց նրանց բեռները, և նրանք գրեթե չէին զգում դրանք իրենց մեջքին, ապա որոշ ժամանակ անց Նա ազատեց նրանց (տես Մոսիա 24.8–22): Նրանց հավատքը անչափ ամրացվեց այդ փորձառության արդյունքում և այդ ժամանակից ի վեր նրանք հատուկ կապով էին կապված Տիրոջ հետ:
Աստված խրատի կամ ուղղման մեկ այլ ձև է օգտագործում՝ առաջնորդելու համար մեզ դեպի ապագան, որը մենք այժմ չենք կարող տեսնել, սակայն Նա ավելի լավ գիտի ճանապարհը մեզ համար: Տասներկուսի նախկին անդամ և Առաջին Նախագահության խորհրդական՝ Նախագահ Հյու Բ. Բրաունը, կիսվել է իր անձնական փորձով, պատմելով տարիներ առաջ Կանադայում հին ֆերմա գնելու մասին: Երբ նա գնաց այնտեղ իր այգին մաքրելու և վերանորոգելու համար շինությունները նա նկատեց սև հաղարջի մի թուփ, որն աճել էր երկու մետր և պտուղ չէր տալիս: Նա լավ կտրատեց այն, թողնելով միայն փոքր ցողունները: Ապա այդ կարճ ցողուններից ամեն մեկի ծայրին նա տեսավ արցունքի նման մի կաթիլ, կարծես հաղարջի թուփը լալիս էր, ասելով.
«Ինչպե՞ս դու կարողացար այդպես վարվել ինձ հետ: Ես այնքան լավ աճում էի: Իսկ հիմա դու ինձ կտրեցիր: Այգում բոլոր բույսերը կնայեն ներքև՝ որ ինձ տեսնեն: … Ինչպե՞ս կարողացար: Ես էլ կարծում էի, թե դու այստեղի այգեպան ես»:
[Նախագահ Բրաունը պատասխանեց]. «Լսիր, փոքրիկ հաղարջ, ես այստեղի այգեպանն եմ, և ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, որ դու դառնաս: Ես չեմ ուզում, որ դու պտղատու կամ ստվեր գցող ծառ դառնաս: Ես ուզում եմ, որ դու հաղարջի թուփ լինես, և մի օր, փոքրիկ հաղարջ, երբ դու պտուղներով ծանրացած լինես, դու կասես. «Շնորհակալություն, պարոն Այգեպան, որ այնքան շատ ինձ սիրեցիր, որ ինձ ճիշտ կտրատեցիր»:
Տարիներ անց Նախագահ Բրաունը որպես կանադական բանակի դաշտային սպա ծառայում էր Անգլիայում: Երբ վերադաս սպան զոհվեց մարտի դաշտում, Նախագահ Բրաունը ուներ բոլոր նախադրյալները գեներալ դառնալու համար և նրան կանչեցին Լոնդոն: Բայց, թեև Նախագահ Բրաունը լիովին որակավորված էր առաջխաղացման համար, նրան մերժեցին, որովհետև նա մորմոն էր: Ղեկավարը գեներալինհետևյալն ասաց. «Դուք արժանի եք այդ նշանակմանը, սակայն ես չեմ կարող տալ այն ձեզ»: Այն, ինչի համար Նախագահ Բրաունը 10 տարի հույսով ապրել, աղոթել և պատրաստվել էր, մի ակնթարթում անհետացավ մատների արանքով՝ ակնհայտ խտրականության պատճառով: Շարունակելով իր պատմությունը, Նախագահ Բրաունը հիշում է.
«Ես գնացք նստեցի, վերադառնալով հետ՝… կոտրված սրտով, դառնության զգացումով հոգուս մեջ: … Երբ մտա վրանս, … գլխարկս գցեցի մահճակալին: Ես սեղմած բռունցքներս թափահարեցի դեպի երկինք, ասելով. «Ինչպե՞ս դու կարող էիր այդպես վարվել ինձ հետ, Աստված: Ես արել էի ամեն-ինչ, որ արժանի լինեի: Չկա մի բան, որ ես կարող էի, պետք է անեի, սակայն չէի արել: Ինչպե՞ս դու կարող էիր այդպես վարվել ինձ հետ»: Ես դառնացած էի, ինչպես լեղի:
Ապա ես լսեցի մի ձայն, և ճանաչեցի այդ ձայնի երանգը: Դա իմ սեփական ձայնն էր և այն ասաց. «Ես այստեղի այգեպանն եմ: Ես գիտեմ, թե ինչ եմ ուզում, որ դու անես»: Դառնությունը անհետացավ հոգուս միջից և ես ընկա ծնկներիս վրա մահճակալի կողքին և ներողություն խնդրեցի իմ երախտամոռության համար: …
… Այժմ, գրեթե 50 տարի անց ես նայում եմ դեպի Աստված և ասում. «Շնորհակալություն, պարոն Այգեպան, ինձ կտրելու համար, ինձ այնքան սիրելու համար, որ ցավ պատճառեցիր»:5
Աստված գիտեր, թե ինչ պետք է դառնար Հյու Բ. Բրաունը և ինչ էր դրա համար անհրաժեշտ, և Նա փոխեց նրա ուղին, պատրաստելով նրան սուրբ առաքելությանը:
Եթե մենք անկեղծ ցանկանանք և ձգտենք ապրել ըստ մեր Երկնային Հոր ակնկալիքների, Նա այնպես կանի, որ մենք ստանանք այն ողջ օգնությունը, որի կարիքն ունենք, լինի դա սփոփանք, ամրացում, թե խրատ: Եթե մենք պատրաստ ենք, անհրաժեշտ ուղղումը կտրվի տարբեր ձևերով և տարբեր աղբյուրներից: Այն կարող է տրվել մեր աղոթքների ժամանակ, երբ Աստված կասի մեր մտքին և մեր սրտին Սուրբ Հոգու միջոցով (տես ՎևՈւ 8.2): Այն կարող է տրվել որպես աղոթքների պատասխան, որը «Ոչ» է կամ ոչ այն, ինչ մենք սպասում էինք: Խրատը կարող է տրվել, երբ մենք ուսումնասիրում ենք սուրբ գրությունները, և երբ մեզ հիշեցվում են թերությունները, անհնազանդությունը կամ պարզապես անտեսված հարցերը:
Ուղղումը կարող է գալ ուրիշների միջոցով, հատկապես նրանց, ովքեր ոգեշնչված են Աստծո կողմից, մեր երջանկությունը լիակատար դարձնելու համար: Առաքյալները, մարգարեները, հայրապետերը, եպիսկոպոսները և մյուսները այսօր Եկեղեցում են, ինչպես հնում, «Սուրբերի կատարելիությանը համար, պաշտոնի գործի համար՝ Քրիստոսի մարմնի շինության համար» (Եփեսացիս 4.11–12): Մի գուցե այս համաժողովին որոշ ասված բաներ հնչեն ձեզ համար որպես ապաշխարության կամ փոփոխության կոչ, որը, եթե հետևեք դրան, կբարձրացնի ձեզ ավելի բարձր տեղ: Մենք կարող ենք օգնել միմյանց որպես Եկեղեցում ընկերակից անդամներ: Դա հիմնական նպատակներից մեկն է, որոնց համար Փրկիչը հիմնեց եկեղեցին: Անգամ, եթե մենք դաժան և անտեղի քննադատության ենք հանդիպում նրանց կողմից, ովքեր մեր հանդեպ շատ քիչ հարգանք ու սեր են տածում, դա կարող է մեզ համար օգտակար լինել, եթե մենք հեզությամբ խորհենք այդ մասին և մեզ համար օգտակար դաս քաղենք դրանից:
Ուղղումը, հավանաբար մեղմ, կարող է տրվել ամուսնու կամ կնոջ կողմից: Երեց Ռիչարդ Գ. Սքոթը, որը հենց նոր խոսեց մեզ հետ, հիշեց իր ամուսնության այն ժամանակը, երբ նրա կինը՝ Ջենինը, նրան խորհուրդ տվեց ուղիղ նայել այն մարդկանց աչքերին, ում հետ խոսում էր: «Դու նայում ես հատակին, առաստաղին, պատուհանին, ամեն տեղ, բացի նրանց աչքերից», - ասել էր նա: Նա լուրջ վերաբերվեց այդ խրատին և դա նրանց շատ ավելի արդյունավետ դարձրեց մարդկանց հետ խորհրդակցելիս և աշխատելիս: Որպես լիաժամկետ միսիոներ Նախագահ Սքոթի ղեկավարությամբ ծառայածներից մեկը, ես կարող եմ հավաստել, որ նա խոսելիս նայում է ուղիղ մարդկանց աչքերի մեջ: Ես կարող եմ նաև ավելացնել, որ երբ որևէ մեկը ուղղման կարիք ունի, այդ հայացքը կարող է շատ խորաթափանց լինել:
Ծնողները կարող են և պետք է ուղղում տան, անգամ նախատեն, եթե չեն ուզում, որ իրենց երեխաները թողնվեն անգութ թշնամու և նրան աջակցողների ողորմածությանը: Նախագահ Բոյդ Կ. Փաքերը նկատել է, որ երբ անձը այնպիսի դիրքում է, որ պետք է ուղղի մեկ ուրիշին, սակայն չի անում դա, ապա նա մտահոգվում է իր անձի մասին: Հիշեք, որ պատասխանը պետք է լինի ժամանակին, ուղղակի և հստակ, «երբ ներշնչվում ես Սուրբ Հոգով. և ապա, դրանից հետո, ավելի մեծ սեր ցույց տալով նրա հանդեպ, ում հանդիմանել ես, չլինի թե նա քեզ իր թշնամին համարի» (ՎևՈւ 121.43):
Հիշեք, որ երբ մենք դիմադրում ենք ուղղմանը, մարդիկ ընդհանրապես կարող են դադարել դա անել, թեև սիրում են մեզ: Եթե մենք շարունակ անտեսում ենք և չենք արձագանքում սիրող Աստծո խրատին, Նա նույնպես կդադարի խրատել մեզ: Նա ասել է. «Իմ Հոգին միշտ չի ճգնում մարդու հետ» (Եթեր 2.15): Ի վերջո, խրատի մեծ մասը պետք է գա ներսից՝ մենք պետք է դառնանք ինքնաուղղվող: Մեր սիրելի գործընկեր Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինը դարձել է մաքուր և խոնարհ աշակերտ մասամբ նրա շնորհիվ, որ վերլուծել է իր գործելակերպը յուրաքանչյուր հանձնարարության և աշխատանքի մեջ: Աստծուն գոհացնելու իր ցանկության մեջ նա որոշեց սովորել այն, ինչն ավելի լավ կարող էր անել, և ապա ջանասիրաբար կիրառեց յուրաքանչյուր դասը:
Մենք բոլորս կարող ենք ապրել ըստ Աստծո բարձր ակնկալիքների, որքան էլ մեծ կամ փոքր լինի մեր ունակությունը և տաղանդը: Մորոնին հաստատում է. «Եթե դուք հրաժարվեք ամեն անաստվածությունից և սիրեք Աստծուն, ձեր ողջ զորությամբ, մտքով և ուժով, ապա [Աստծո] շնորհը բավական է ձեզ, որպեսզի նրա շնորհով դուք կատարյալ լինեք Քրիստոսում» (Մորոնի 10.32): Դա ջանասեր, նվիրյալ ջանք է մեր կողմից, որը բերում է այս զորացնող և ունակ դարձնող շնորհը, ջանք, որն անկասկած պահանջում է ենթարկվել Աստծո նախատող ձեռքին և անցնել անկեղծ ու լիարժեք ապաշխարության միջով: Եկեք աղոթենք սիրով ոգեշնչված Նրա ուղղման համար:
Թող Աստված սատարի ձեզ, մինչ դուք ձգտում եք բավարարել Նրա բարձր ակնկալիքները, և տա ձեզ երջանկության և խաղաղության լիարժեք բաժին, որը բնականորեն հետևում է: Ես գիտեմ, որ դուք և ես կարող ենք մեկ դառնալ Աստծո և Քրիստոսի հետ: Մեր Երկնային Հոր ու Նրա Սիրելի Որդու և Նրանց շնորհիվ մեր ունեցած ուրախալի ներուժի մասին ես խոնարհ և վստահ վկայում եմ, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: