Բարօրության սրբագործող աշխատանքը
Միմյանց մասին հոգալը և «աղքատների հանդեպ բարի լինելը» սրբագործող աշխատանք է, որը պատվիրվել է Հոր կողմից:
Բարի առավոտ, եղբայրներ և քույրեր: 1897 թվին, երիտասարդ Դեյվիդ Օ. Մակքեյը կանգնած էր մի դռան մոտ՝ բրոշյուրը ձեռքին: Որպես միսիոներ Սթերլինգում, Շոտլանդիա, նա շատ անգամ էր մոտեցել դռների: Սակայն այդ օրը մի շատ հոգնատանջ կին բացեց դուռը և կանգնեց նրա առաջ: Դա նվաղած դեմքով, չսանրված մազերով, շատ աղքատիկ հանգնված մի կին էր:
Նա վերցրեց բրոշյուրը, որը Երեց Մակքեյը տվեց նրան, և ասաց հինգ բառ, որոնք նա երբեք այլևս չմոռացավ. «Սրանով կարո՞ղ եմ հաց գնել»:
Այս հանդիպումը երկար մնաց երիտասարդ միսիոների հիշողության մեջ: Նա հետագայում գրեց. «Այդ պահին ես խորապես գիտակցեցի, որ Քրիստոսի Եկեղեցին պետք է հետաքրքվի նաև մարդու ֆիզիկական փրկությամբ: Ես հեռացա այդ դռան մոտից՝ զգալով, որ այդ [կինը], որի սիրտը լցված էր դառնությամբ դեպի մարդիկ և Աստված, չէր կարող ընդունել ավետարանի ուղերձը: Նա նյութական օգնության կարիք ուներ, և Սթերլինգում չկար մի այնպիսի կազմակերպություն, որ կարողանար օգնել նրան այդ հարցում»:1
Տարիներ անց աշխարհը տքնում էր Մեծ Ճգնաժամի բեռի տակ: Այդ ժամանակ էր՝ 1936թ. ապրիլի 6-ին, երբ Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը և նրա խորհրդականներ՝ Ջ. Ռուբեն Քլարկը և Դեյվիդ Օ. Մակքեյը, հայտարարեցին արդեն հետագայում հայտնի Եկեղեցու բարօրության ծրագրի մասին: Հետաքրքիր էր, որ երկու շաբաթ անց, Երեց Մելվին Ջ. Բալլարդը նշանակվեց որպես այդ ծրագրի նախագահ, իսկ Հարոլդ Բ. Լին՝ գործադիր տնօրեն:
Սա սովորական ջանք չէր: Թեև Տերը կանչել էր հրաշալի անհատներ՝ կազմակերպելու այն, Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկը հստակեցրել է, որ «[բարեգործական] մեխանիզմի հաստատումը Սուրբ Հոգու կողմից Նախագահ Գրանտին տրված հայտնության արդյունք է, որն այդ ժամանակից ի վեր կատարվել է նմանատիպ հայտնությունների միջոցով, որոնք եկել են այդ պարտականությունը կրող եղբայրներին»:2
Մարդկային տառապանքը թեթևացնելուն ուղղված Եկեղեցու ղեկավարների հանձնառությունը հաստատ և անփոփոխ էր: Նախագահ Գրանտը ցանկացավ ստեղծել «մի համակարգ, որը կգտներ և կհոգար մարդկանց կարիքները, անկախ գումարի չափից»: Նա ասել է, որ անգամ համաձայն էր «ժամանակավորապես փակել սեմինարիաները, դադարեցնել միսիոներական աշխատանքը, կամ նույնիսկ փակել տաճարները, սակայն իրենք թույլ չէին տա, որ մարդիկ սովի մատնվեին»:3
Ես գտնվում էի Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի կողքին Մանագուայում, Նիկարագուա, երբ նա խոսեց Եկեղեցու 1300 անդամների առաջ, ովքեր փրկվել էին ավերիչ փոթորկից, որը խլել էր ավելի քան 11000 մարդու կյանք: «Որքան որ Եկեղեցու միջոցները կբավարարեն, - ասաց նա,- մենք չենք թողնի, որ դուք մնաք սոված, առանց հագուստի կամ առանց ապաստանի: Մեր ուժերի սահմանում մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնություն ցուցաբերենք այնպես, ինչպես Տերն է նախանշել»:4
Այս ավետարանակենտրոն ոգեշնչված գործի եզակի հատկանիշներից մեկը անձնական պատասխանատվության և ինքնաապահովման վրա շեշտադրումն է: Նախագահ Մերիոն Գ. Ռոմնին բացատրել է. «Շատ ծրագրեր են հաստատվել բարեսիրտ մարդկանց կողմից օգնելու կարիքավորներին: Ինչևէ, այդ ծրագրերից շատերը «մարդկանց օգնելու» կարճատև նպատակ են ունեցել, որը հակադրվում է «օգնել մարդկանց իրենց օգնելու» դրույթին»:5
Ինքնապահովումը հեռատես ապրելակերպի և տնտեսվար ինքնակառավարման գործադրումն է: Ի սկզբանե, Եկեղեցին ուսուցանել է, որ ընտանիքը, իր կարողության չափով, պետք է պատասխանատվություն կրի իր նյութական բարօրության համար: Յուրաքանչյուր սերունդ պետք է սովորի ինքնապահովման նոր սկզբունքները՝ խուսափի պարտքից, իրագործի խնայողության սկզբունքները, պատրաստ լինի աղետալի ժամանակներին, լսի և հետևի կենդանի մարգարեների խոսքերին, զարգացնի կարիքն ու ցանկությունները տարբերակելու սովորույթ, և ապրի ըստ դրանց:
Աղքատների և կարիքավորների համար հոգ տանելու մեր գործը զորացնող նպատակը, խոստումներն ու սկզբունքներն անցնում են մահկանացության սահմանները: Եվ այս սուրբ աշխատանքը ոչ միայն օգնում, այլև օրհնում է տառապյալներին և կարիքավորներին: Որպես Աստծո որդիներ և դուստրեր, մենք չենք կարող լիովին ժառանգել հավերժական կյանքը, եթե լիովին չներգրավվենք միմյանց մասին հոգ տանելու գործում, մինչ ապրում ենք այստեղ՝ երկրի վրա: Զոհաբերության և մեզանից ուրիշներին տալու բարեգործոթյան շնորհիվ է, որ մենք սովորում ենք զոհաբերության և նվիրաբերման սելեստիալ սկզբունքները:6
Մեծ Բենյամին թագավորն ուսուցանեց, որ մեր ստացվածքից աղքատներին բաժին հանելու և ի սփոփանք նրանց ծառայելու պատճառներից մեկն այն է, որ կարողանանք օրեցօր մեր մեղքերի թողությունը պահպանել և անմեղ քայլել Աստծո առաջ:7
Աշխարհի հիմնադրումից ի վեր, արդարակյաց հասարակություններում միշտ ոսկե թելի պես անցել է գթասրտությունը: Մենք տենչում ենք խաղաղ աշխարհ և բարգավաճ համայնքներ ունենալ: Մենք աղոթում ենք բարի և առաքինի հասարակությունների համար, որտեղ չկա ամբարշտություն, և մեծահոգությունն ու իրավունքն են գերիշխում: Անկախ նրանից, թե քանի տաճար ենք մենք կառուցում, որքան արագ է աճում մեր անդամությունը, որքան դրական ենք երևում աշխարհի աչքում, եթե մենք չենք կատարում այս մեծ հիմնական պատվիրանը, որն ասում է՝ «սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները»,8 կամ եթե մեր սիրտը չենք դարձնում դեպի տառապյալն ու սգացողը, մենք անեծքի տակ կլինենք և չենք կարողանա գոհացնել Տիրոջը,9 և մեր սրտերում երբեք չենք ունենա ցնծացող հույսը:
Ողջ աշխարհում 28000 եպիսկոպոսներ փնտրում են աղքատների՝ սպասավորելու նրանց կարիքները: Յուրաքանչյուր եպիսկոպոսի օգնում է ծխի խորհուրդը՝ կազմված քահանայության և օժանդակ ղեկավարներից, ներառյալ նվիրված Սփոփող Միության նախագահը: Նրանք կարող են «շտապ հասնել սփոփելով օտարականին, … ձեթ և գինի լցնելով վշտահարի վիրավոր սրտին … և չորացնելով որբի արցունքներն ու ուրախացնելով այրու սիրտը»:10
Ողջ աշխարհում Եկեղեցու անդամների և ղեկավարների սրտերի վրա դրականորեն են ազդում և առաջնորդում վարդապետությունները և աստվածային հոգին՝ իրենց մերձավորներին սիրելու և հոգալու համար:
Հարավային Ամերիկայում մի քահանայության ղեկավարի վրա ծանրացել էր իր փոքր ցցի անդամների քաղցն ու զրկանքը: Չցանկանալով թույլ տալ, որ երեխաները տառապեն քաղցից, նա մի դատարկ հողակտոր գտավ և կազմակերպեց, որպեսզի քահանայությունը մշակի և վարի այն: Նրանք մի ծեր ձի գտան և մի հասարակ գութան կապեցին և սկսեցին աշխատել հողի վրա: Սակայն դեռ աշխատանքը չավարտած ողբերգություն տեղի ունեցավ և ծեր ձին սատկեց:
Թույլ չտալով, որ իրենց եղբայրներն ու քույրերը քաղցից տառապեն, քահանայության եղբայրները հին գութանը կապեցին իրենց մեջքին և սկսեցին հերկել քարացած հողը: Նրանք իրենց վրա վերցրեցին իրենց եղբայրների և քույրերի տառապանքի ու բեռի լուծը:11
Իմ ընտանիքի պատմությունից մի դրվագ մարմնավորում է կարիքավորների համար հոգալու պարտավորվածությունը: Շատերն են լսել Վիլի և Մարտին ձեռնասայլակների ընկերությունների մասին, և թե ինչպես դեպի արևմուտք իրենց գաղթի ճանապարհին այդ հավատարիմ պիոներները տառապեցին և մահացան՝ դիմակայելով ձմռան սառնամանիքին և հյուծող պայմաններին: Ռոբերտ Թեյլոր Բըրթնը, իմ նախա-նախա-պապերից մեկը, նրանցից մեկն էր, ում Բրիգամ Յանգը խնդրեց գնալ և փրկել այդ սիրելի, հուսահատ Սրբերին:
Այդ ժամանակի մասին պապիկը գրել է իր օրագրում. «Ձյունը խորն էր և սաստիկ ցուրտ էր: … Այնքան ցուրտ, որ [մենք] չէինք կարողանում շարժվել: Ջերմաստիճանը մինուս 11 աստիճան էր, … այնքան ցուրտ էր, որ մարդիկ չէին կարողանում ճամփորդել»:12
Կյանքի համար անհրաժեշտ միջոցներ էին բաժանվում Սրբերին, սակայն «չնայած այդ ամենին, շատերը մահանում էին և թաղվում ճանապարհի եզրին»:13
Երբ փրկված Սրբերը ճամփորդում էին Էքո Կիրճի միջով, մի քանի կառքեր կանգնեցին օգնելու աղջիկ նորածնի աշխարհ գալը: Ռոբերտը նկատեց, որ երիտասարդ մայրը բավականաչափ կտորներ չուներ իր նորածնին տաք պահելու համար: Չնայած սառնամանիքին, նա «հանեց ձեռքով գործված իր վերնաշապիկը և տվեց այդ կնոջը, որ փաթաթի իր մանկիկին»:14 Երեխայի անունը դրեցին Էքո՝ ի հիշատակ իր ծննդյան վայրի և պայմանների:
Վերջին տարիներին Ռոբերտը կանչվեց Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսություն, որտեղ ծառայեց ավելի քան երեք տասնամյակ: 86 տարեկան հասակում Ռոբերտ Թեյլոր Բըրթնը հիվանդացավ: Նա հավաքեց իր ընտանիքին իր շուրջը վերջին օրհնությունը տալու նրանց: Իր վերջին խոսքում նա տվեց այս հասարակ, սակայն կարևոր խորհուրդը՝ «Եղեք բարի աղքատների հանդեպ»:15
Եղբայրներ և քույրեր, մենք պատվում ենք այն հնարամիտ հսկաներին, որոնց Տերը կանչեց, որ կազմակերպեն և սպասավորեն այս կազմակերպված ծրագիրը՝ հասնելու համար Իր Եկեղեցու կարիքավոր անդամներին: Մենք պատվում ենք նրանց, ովքեր մեր օրերում ձեռք են մեկնում անթիվ և հաճախ անխոս միջոցներով, և լինելով «բարի աղքատների հանդեպ» կերակրում են քաղցածին, հագցնում են մերկին, ծառայում են հիվանդին և այցելում են բանտարկյալին:
Սա սուրբ աշխատանք է, որը Փրկիչն ակնկալում է Իր աշակերտներից: Սա այն աշխատանքն է, որ Նա սիրում էր կատարել, երբ քայլում էր երկրի վրա: Սա այն աշխատանքն է, որ Նա կկատարեր, եթե այսօր մեր մեջ գտնվեր:16
Յոթանասունհինգ տարի առաջ մարդկանց հոգևոր և ֆիզիկական փրկությանը նվիրված համակարգը վեր է խոյացել սկսելով համեստ ծրագրից: Այդ ժամանակից ի վեր այն ազնվացրել և օրհնել է տասնյակ միլիոնավոր մարդկանց կյանքեր ողջ աշխարհում: Մարգարեական բարօրության ծրագիրը սոսկ աննշան դրվագ չէ Եկեղեցու պատմության մեջ: Սկզբունքները, որոնց վրա այն հիմնված է, բնորոշում են մեզ որպես ժողովուրդ: Դա մեր էությունն է՝ որպես մեր Փրկչի և Օրինակի՝ Հիսուս Քրիստոսի, առանձին աշակերտներ:
Միմյանց մասին հոգալը և «աղքատների հանդեպ բարի լինելը» սրբագործող աշխատանք է, որը պատվիրվել է Հոր կողմից, և աստվածայնորեն նախատեսված է օրհնելու, կատարելագործելու և վեհացնելու Նրա զավակներին: Թող որ մենք հետևենք Բարի Սամարացու առակում օրինականին տված Փրկչի խորհրդին. «Գնա, դու էլ այդպես արա»:17 Այս մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: