Հանգստության օրը և հաղորդությունը
Թող ձեր ընտանիքը լցվի սիրով, երբ դուք հարգում եք ողջ Հանգստության օրը և զգում դրա հոգևոր օրհնությունները շաբաթվա ընթացքում:
Ողջ աշխարհում իմ եղբայրներ և քույրեր այս առավոտ մենք եկել ենք լսելու մարգարեի ձայնը: Ես վկայում եմ, որ այն ձայնը, որը մենք նոր լսեցինք, այսօր երկրի վրա Աստծո կենդանի մարգարեի՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի ձայնն է: Եվ թե որքան ենք մենք օրհնված նրա ուսուցանմամբ և օրինակով:
Այս տարի մենք բոլորս հնարավորություն ունենք ուսումնասիրելու Նոր Կտակարանի մարգարեների խոսքերը Կիրակնօրյա Դպրոցում: Հին Կտակարանը ուսուցանում է մարգարեների և մարդկանց մասին, մինչդեռ Նոր Կտակարանը կենտրոնացած է միայն մեկ Մարդու կյանքի և ազդեցության վրա, ով եկավ այս մահկանացու կյանք երկնքի և երկրի երկակի քաղաքացիություն ունենալով՝ մեր Փրկիչ և Քավիչ Հիսուս Քրիստոսի մասին:
Այսօր աշխարհն այնքան հագեցած է մարդկանց վարդապետություններով, որ հեշտ է մոռանալ և կորցնել հավատքը Փրկչի կյանքի և ծառայության այդ առավել կարևոր պատմության՝ Նոր Կտակարանի հանդեպ: Այս սուրբ հատորը սուրբ գրությունների պատմության առանցքն է, ինչպես որ Փրկիչը պետք է լինի մեր կյանքի առանցքը: Մենք պետք է պարտավորվենք ուսումնասիրել և փայփայել այն:
Իմաստության անգին մարգարիտներ կարելի է գտնել Նոր Կտակարանի ուսումնասիրության մեջ: Ես միշտ հաճույքով կարդում եմ Պողոսի մասին, երբ նա ճանապարհորդում և կազմակերպում էր Փրկչի Եկեղեցին, հատկապես նրա ուսմունքները Տիմոթեոսին: Տիմոթեոսին ուղղված Պողոսի գրությունների չորրորդ գլխում մենք կարդում ենք. «Այս բաները պատվիրիր և սովորեցրու: … Օրինակ եղիր հավատացյալներին խոսքով, վարքով, սիրով, հավատքով, սրբությունով»:1 Չեմ կարծում, որ հավատացյալների համար օրինակ լինելու ավելի լավ ճանապարհ կա, քան Հանգստության օրը սուրբ պահելը սկսելը կամ շարունակելը:
Աշխարհի Արարումից սկսած մի օրն առանձնացվեց մյուս բոլոր օրերից: «Եվ Աստված օրհնեց յոթներորդ օրը, և սրբեց նորան»:2 Անգամ Աստված հանգստացավ Իր աշխատանքից այդ օրը, և Նա ակնկալում է Իր զավակներից նույնը: Իսրայելի զավակներին Նա տվել է այս պատվիրանը.
«Հիշիր հանգստության օրը նորան սուրբ պահելու համար:
Վեց օր աշխատիր և քո բոլոր գործն արա.
Բայց յոթներորդ օրը՝ քո Եհովա Աստծո հանգստության օր է: …
…Նորա համար Եհովան օրհնեց հանգստության օրը և սրբեց նորան»:3
Հանգստության օրը պահելու սովորույթը պետք է միշտ երկրպագություն ներառի: Երբ Ադամն ու Եվան մահկանացու կյանք մտան, նրանց պատվիրվեց, որ «երկրպագեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և իրենց հոտերի առաջնեկներին պետք է ընծա մատուցեն Տիրոջը: … Դա Հոր Միածնի զոհաբերության նմանությունն է»:4 Կենդանիների զոհաբերությունը հիշեցնում էր Ադամի սերնդին, որ մի օր Աստծո Գառը՝ Հիսուս Քրիստոսը կզոհաբերի Իր սեփական կյանքը մեզ համար:
Իր կյանքի ընթացքում Փրկիչը խոսել է այս զոհաբերության մասին:5 Խաչման նախօրեին Նրա խոսքերը սկսեցին իրականանալ: Նա հավաքելով Իր աշակերտներին վերին սենյակում, աշխարհի ազդեցությունից հեռու: Նա հիմնեց Տիրոջ Ընթրիքի հաղորդությունը:
«Եվ նորանք դեռ ուտում էին, Հիսուսն հացն առավ և օրհնելով կտրեց, և աշակերտներին տվավ և ասեց. Առեք, կերեք, այս է իմ մարմինը:
Եվ բաժակն առավ և ասեց. Խմեցեք դորանից ամենքդ:
Որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար՝ ի թողություն մեղաց»:6
Այդ ժամանակից ի վեր Փրկչի Քավությունը դարձավ մեծագույն և վերջին զոհաբերությունը: Երբ Իր Հարությունից հետո Նա հայտնվեց Ամերիկյան մայրցամաքում, նա շնորհեց Իր քահանայությունը Իր աշակերտներին և ներկայացրեց հաղորդությունը, ասելով.
«Եվ դուք միշտ պիտի հետևեք, որ անեք դա… ճիշտ ինչպես ես կտրեցի հացը և օրհնեցի այն, և տվեցի ձեզ:
…Եվ դա կլինի մի վկայություն Հորը, որ դուք միշտ հիշում եք ինձ: Եվ եթե դուք միշտ հիշեք ինձ, դուք իմ Հոգին կունենաք ձեզ հետ»:7
Հատկանշական է, որ անգամ ուրացության խավար տարիներին Հանգստության օրվա երկրպագությունը և հաղորդությունը շարունակվում էին կիրառվել տարբեր ձևերով:
Երբ ավետարանը վերականգնվեց, երեք Առաքյալները՝ Պետրոսը, Հակոբոսը և Հովհաննեսը, ովքեր առաջինը Փրկչից ստացան հաղորդությունը, հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Նրանց ղեկավարության ներքո վերականգնվեց քահանայության իշխանությունը, որն անհրաժեշտ է հաղորդությունը Եկեղեցու անդամներին սպասավորելու համար:8
Փրկչի կողմից Իր մարգարեներին և առաքյալներին, իսկ նրանց կողմից՝ մեզ շնորհվելով, քահանայության այդ իշխանությունը շարունակում է այսօր գործել երկրի վրա: Քահանայության երիտասարդ կրողները ողջ աշխարհում արժանանում են քահանայության զորությունը գործածելուն, ջանասիրաբար պահելով պատվիրանները և ապրելով ավետարանի չափանիշներով: Երբ այս երիտասարդ տղամարդիկ պահում են իրենց ձեռքերը և սրտերը հոգևոր մաքրության մեջ, նրանք պատրաստում, օրհնում և բաժանում են հաղորդությունը Փրկչի ձևով՝ այն ձևով, որը Նա հիմնել է 2000 տարի առաջ:
Հաղորդությունը ընդունելը Հանգստության օրը սուրբ պահելու հիմքն է: Վարդապետություն և Ուխտերում Տերը մեզ բոլորիս պատվիրում է.
«Եվ որ դու կարողանաս էլ ավելի անբիծ պահել քեզ աշխարհից, դու պետք է գնաս աղոթքի տուն և քո հաղորդությունները մատուցես իմ սուրբ օրը.
Քանզի, ճշմարիտ, դա է քեզ նշանակված օրը, որ քո աշխատանքներից հանգստանաս և քո տուրքը մատուցես Բարձրյալին …
Եվ այդ օրը դու ուրիշ բաներ չպիտի անես»:9
Խորհելով մեր կյանքում հաղորդության և Հանգստության օրվա կարևորության մասին, ի հայտ են գալիս երեք պահանջ, որոնք Տերն ունի մեր նկատմամբ: Առաջինը, պահել մեզ անբիծ աշխարհից: Երկրորդը, գնալ աղոթքի տուն և ընդունել մեր հաղորդությունը: Եվ երրորդ, հանգստանալ մեր գործերից:
Փառավոր բան է Քրիստոնյա լինելը ևՔրիստոսի ճշմարիտ աշակերտի նման ապրելը: Մեր մասին Նա ասել է. «Այս աշխարհքիցը չեն, ինչպես ես էլ այս աշխարհքիցը չեմ»:10 Որպեսզի մենք մեզ աշխարհից անբիծ պահենք, Նա ցանկանում է, որ մենք խուսափենք Հանգստության օրը աշխատանքի և զվարճանքի հետ կապված աշխարհիկ ազդեցություններից:
Ես համոզված եմ, որ Նա նաև ցանկանում է, որ մենք պատշաճ հագնվենք: Մեր երիտասարդները կարող են մտածել հին ասացվածքի մասին. «Հանգստության օրվա լավագույն հագուստը հնաոճ է»: Մինչդեռ մենք գիտենք, որ երբ կիրակնօրյա հագուստը հնանում է, դառնալով ամենօրյա, փոխվում են նաև մոտեցումները և գործողությունները: Իհարկե, հնարավոր է մեր երեխաների համար կարիք չլինի կրելու կիրակնօրյա պաշտոնական հագուստ մինչև արևի մայր մտնելը: Ինչևէ, հագուստի միջոցով, որը մենք նրանց խրախուսում ենք կրել, և ծրագրած միջոցառումների միջոցով մենք օգնում ենք նրանց պատրաստվել հաղորդությանը և վայելել օրհնությունները ողջ օրվա ընթացքում:
Ի՞նչ է նշանակում մեր հաղորդությունը տալ Տիրոջը: Մենք ընդունում ենք, որ բոլորս սխալներ ենք կատարում: Յուրաքանչյուրս մեր մեղքերը և սխալները մեր Երկնային Հորը և նրանց, ում վիրավորել ենք, խոստովանելու և դրանցից ազատվելու կարիք ունենք: Հանգստության օրը արժեքավոր հնարավորություն է մեզ տալիս այդ ամենը՝ մեր հաղորդությունը, Տիրոջը տալու համար: Նա ասել է. «Բայց հիշիր, որ այս՝ Տիրոջ օրը, դու պետք է Բարձրյալին մատուցես քո պատարագներն ու քո հաղորդությունները՝ խոստովանելով մեղքերդ քո եղբայրների և Տիրոջ առաջ»:11
Երեց Մելվին Ջ. Բալլարդը առաջարկել է. «Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր Վերջին Օրերի Սուրբ ճաշակի հաղորդության սեղանից, որովհետև դա ինքնաքննության, ինքնաստուգարքի վայր է, որտեղ մենք կարող ենք սովորել շտկել մեր ուղին և ուղղել մեր անձնական կյանքը, ներդաշնակության մեջ դնելով մեզ Եկեղեցու ուսմունքների և մեր եղբայրների և քույրերի հետ»:12
Երբ մենք արժանիորեն ընդունում ենք հաղորդությունը, մենք վկայում ենք, որ պատրաստ ենք վերցնելու Փրկչի անունը մեզ վրա և պահելու Նրա պատվիրանները և միշտ հիշելու Նրան, որպեսզի Նրա Հոգին մեզ հետ լինի: Այդ ճանապարհով նորոգվում է մեր մկրտության ուխտը: Տերն Իր աշակերտներին հավաստիացրել է, որ եթե անեն դա, կհիշեն այն ժամը, երբ Նա իրենց հետ էր:13
Երբեմն մենք մտածում ենք, որ մեր գործերից հանգստանալը նշանակում է թողնել մեր գործերը և «Փակ է» ցուցանակ կախել աշխատանքի վայրի դռան վրա: Սակայն, այսօրվա աշխարհում, աշխատանքը պահանջում է մեր կյանքի բոլոր օրերը: Դա ենթադրում է աշխատանքային գործունեություն, որը մենք կարող ենք անել տնից, սպորտային մրցումները և այլ գործունեություն, որը կարող է մեզ զրկել Հանգստության օրվա երկրպագությունից և ուրիշներին ծառայելու հնարավորությունից:
«Մի կատակիր սրբազան բաների հետ»,14 - հայտնել է Տերը Վերջին Օրերի Սրբերին, ինչպես նաև հիշեցնում է մեզ այն, ինչ Նա ասել է Իր աշակերտներին. «Շաբաթը մարդի համար եղավ, և ոչ թե մարդը շաբաթի համար»:15
Եղբայրներ և քույրեր, վերջին օրերին թշնամին հաջողության է հասնում, երբ մենք թուլացնում ենք Փրկչի հանդեպ մեր պարտավորվածությունը, անտեսում ենք Նոր Կտակարանի և մյուս սուրբ գրությունների Նրա ուսմունքները և դադարում ենք հետևել Նրան: Ծնողներ, այժմ է ժամանակը սովորեցնելու մեր երեխաներին լինել օրինակ հավատացյալներին, հաճախելով հաղորդության ժողովին: Երբ գալիս է կիրակի առավոտը, օգնեք նրանց լավ հանգստացած լինել, պատշաճ հագնված և հոգեպես պատրասված ընդունելու հաղորդության խորհրդանշանները և ստանալու Սուրբ Հոգու լուսավորող, կրթող, ազնվացնող զորությունը: Թող ձեր ընտանիքը լցվի սիրով, երբ դուք հարգում եք ողջ Հանգստության օրը և զգում դրա հոգևոր օրհնությունները շաբաթվա ընթացքում: Հրավիրեք ձեր որդիներին և դուստրերին «Վեր կացեք և շողացեք», պահելով Հանգստության օրը սուրբ, որպեսզի «նրանց լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար»:16
Մինչ տարիներն անցնում են, ես շարունակում եմ հիշել իմ պատանեկության և երիտասարդության Հանգստության օրըերը: Ես դեռ հիշում եմ առաջին օրը, երբ որպես սարկավագ սպասավորեցի հաղորդությունը, և ապակե փոքր բաժակները, որը փոխանցում էի մեր ծխի անդամներին: Մի քանի տարի առաջ իմ հարազատ քաղաքի Եկեղեցու շենքը վերանորոգվեց: Ամբիոնի մի հատված փակված էր: Երբ այն բացվեց, հայտնվեցին տարիների ընթացքում թաքնված այդ փոքրիկ ապակե բաժակները: Դրանցից մեկը տրվեց ինձ որպես հիշատակ:
Ես հիշում եմ նաև կանաչ արկղը, որը մեզ հետ էր Ծովային ուժերում: Արկղի ներսում կար փայտից մի սկուտեղ և հաղորդության բաժակների փաթեթ, որպեսզի մենք կարողանայինք օրհնվել Տիրոջ Ընթրիքի խաղաղությամբ և հույսով, անգամ հակասություններով և հուսահատությամբ լցված պատերազմի տարիներին:
Երբ մտածում եմ իմ երիտասարդության հաղորդության այդ բաժակների մասին, մեկը իմ պատանեկության հայրենի դաշտավայրում, մյուսը հազարավոր մղոններ հեռու՝ Խաղաղ օվկիանոսում, լցվում եմ երախտագիտությամբ նրա համար, որ Աշխարհի Փրկիչը ցանկացավ խմել ինձ համար այդ «դառը բաժակից»:17 Եվ քանի որ Նա խմեց, ես, Սաղմոսողի նման, կարող եմ ասել, որ «իմ բաժակը խիստ լիքն է»18 Նրա անսահման և հավերժական Քավության օրհնությամբ:
Այսօր, Հանգստության օրվա նախօրեին, երբ մենք սկսում ենք այս մեծ համաժողովը, եկեք հիշենք այն օրհնությունները և հնարավորությունները, որ մերն են, երբ ամեն շաբաթ հաճախում ենք հաղորդության ժողովին մեր ծխերում և ճյուղերում: Եկեք պատրաստվենք և Հանգստության օրը մեզ այնպես պահենք, որ վար բերենք մեզ և մեր ընտանիքներին խոստացված օրհնությունները: Ես բերում եմ իմ հատուկ վկայությունը, որ մեծագույն ուրախությունը, որը մենք ստանում ենք այս կյանքում, գալիս է Փրկչին հետևելու արդյունքում: Թող որ մենք պահենք Նրա պատվիրանները, սուրբ պահելով Նրա օրը, իմ աղոթքն է, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: