ՎՕՍ կանայք սքանչելի են
Եկեղեցում իրականացվող գործերի մեծ մասը կանանց անձնազոհ ծառայության շնորհիվ է կատարվում:
Հեղինակ և պատմաբան Ուոլլես Սթեգները գրել է մորմոնների գաղթի և Սոլթ Լեյքի հովտում հավաքման մասին: Նա չի ընդունել մեր հավատքը և շատ կողմերից քննադատել է այն, այնուամենայնիվ նա մեծ տպավորություն է ստացել Եկեղեցու վաղեմի անդամների՝հատկապես կանանց նվիրվածությունից և հերոսությունից: Նա նշել է. «Նրանց կանայք սքանչելի էին»:1 Ես արձագանքում եմ այդ խոսքերով այսօր: Մեր Վերջին Օրերի Եկեղեցու կանայք սքանչելի են:
Աստված կանանց օժտել է ուժի, առաքինության, սիրո և զոհաբերելու հոժարակամության աստվածային հատկանիշներով՝ Իր հոգևոր զավակների ապագա սերունդները աճեցնելու համար:
Միացյալ Նահանգների մի վերջին ուսումնասիրություն պնդում է, որ բոլոր հավատքների կանայք «ավելի ջերմեռանդորեն են հավատում Աստծուն» և ավելի շատ են հաճախում կրոնական ծառայությունների, քան տղամարդիկ: «Բոլոր տեսանկյուններից նրանք ավելի կրոնասեր են»:2
Ես զարմացած չէի այս արդյունքից, երբ խորհրդածում էի հատկապես մեր հավատքի ընտանիքների և կանանց դերի մասին: Մեր վարդապետությունը հստակ է: Կանայք մեր Երկնային Հոր դուստրերն են, ովքեր սիրում են Նրան: Կանայք հավասար են իրենց ամուսիններին: Ամուսնությունը պահանջում է լիակատար ընկերակցություն, որտեղ կանայք և ամուսնիններն աշխատում են կողք կողքի ընտանիքի կարիքները հոգալու համար:3
Մենք գիտենք, որ կանանց համար շատ մարտահրավերներ կան, ներառյալ նրանց համար, ովքեր ձգտում են ապրել ավետարանով:
Պիոներ քույրերի ժառանգությունը
Մեր ռահվիրա նախնիների կյանքում գերիշխող հատկանիշ էր քույրերի հավատքը: Աստվածային էությամբ կանայք ավելի մեծ պարգև և պատասխանատվություն ունեն երեխաներին տանը և այլ վայրերում դաստիարակելու համար: Այս տեսանկյունից ոգեշնչող էր քույրերի հավատքը, ովքեր հոժարակամ թողնում էին իրենց տները և անցնում տափաստաններով՝ ուղևորվելով դեպի անհայտություն: Եթե ինչ որ մեկը նրանց ամենակարևոր հատկանիշը բնորոշելու լիներ, ապա դա կլիներ Տեր Հիսուս Քրիստոսի վերականգված ավետարանի հանդեպ նրանց անսասան հավատքը:
Հերոսական պատմություններն այն մասին, թե այդ ռահվիրա կանայք ինչ զոհաբերեցին և կատարեցին, երբ անցնում էին տափաստանները, անգին ժառանգություն է Եկեղեցու համար: Ինձ հուզեց Էլիզաբեթ Ջեքսոնի պատմությունը, որի ամուսինը՝ Ահարոնը մահացավ Մարտինի ձեռնասայլերի ընկերության հետ Փլաթ գետի վերջին անցումից հետո: Նա գրել է.
«Ես չեմ փորձի նկարագրել իմ ապրումները, երբ ինձ զգում էի լքված այրի՝ երեք երեխաների հետ այդպիսի ծայրահեղ հանգամանքներում: … Ես հավատում եմ, … որ հանուն Ավետարանի իմ տառապանքները կսրբագործեն ինձ ի բարին: …
Ես [աղաչեցի] Տիրոջը … Նրան, ով խոստացել էր ամուսին լինել որբևայրիներին և հայր՝ հայրազուրկներին: Ես աղաչեցի Նրան և Նա եկավ ինձ օգնության»:4
Էլիզաբեթը նշում է, որ գրել է պատմությունը բոլոր նրանց անունից, ովքեր անցան այդ տեսարանների միջով այն հույսով, որ հետնորդները հոժար կամքով կտոկան և կզոհաբերեն բոլոր բաները հանուն Աստծո թագավորության:5
Եկեղեցու կանայք այսօր ամուր և քաջարի են
Հավատում եմ, որ Եկեղեցու կանայք այսօր մարտահրավերն ընդունում են և ամեն ինչով նույնքան ուժեղ են և հավատարիմ: Այս Եկեղեցու բոլոր մակարդակներում քահանայության ղեկավարությունը երախտապարտորեն գնահատում է քույրերի ծառայությունը, զոհաբերությունը, պարտավորությունը և ներդրումը:
Եկեղեցում իրականացվող գործերի մեծ մասը կանանց անձնազոհ ծառայության շնորհիվ է կատարվում: Եկեղեցում, թե տանը, հրաշալի է տեսնել քահանայությանը և Սփոփող Միությանը կատարյալ ներդաշնակությամբ աշխատելիս: Այդպիսի փոխհարաբերությունը նման է նվագախմբի լավ լարված գործիքների, որի կատարմամբ սիմֆոնիան ոգեշնչում է մեզ բոլորիս:
Երբ ինձ վերջերս հանձնարարվել էր մասնակցել Վիեջո, Կալիֆոռնիա Ցցի համաժողովին, ես հուզվեցի իրենց չորս ցցերի Նոր Տարվա նախօրյակի երիտասարդական պարահանդեսին կատարված մի պատմությամբ: Պարերից հետո մի դրամապանակ գտնվեց, որը դրսից ոչ մի տարբերանշան չուներ: Ես կիսվում եմ ձեզ հետ մասնակիորեն Քույր Մոնիկա Սեջուիքի՝ Լագունա Նիգուել ցցի Երիտասարդ կանանց Նախագահի պատմությամբ. «Մենք չէինք ուզում քչփորել, դա ինչ որ մեկի անձնական իրերն էին: Այսպիսով մենք զգուշորեն բացեցինք այն, հանեցինք առաջին բանը, որ դրված էր վերևում, հուսալով, որ այն կօգներ ճանաչել տիրոջը: Այն տարբերակեց, բայց այլ կերպ, դա Երիտասարդներին զորացնելու համար գրքույկն էր: Օ՜հ, դա ինչ որ բան էր ասում նրա մասին: Ապա մենք հանեցինք հաջորդ իրը՝ մի փոքրիկ հուշատետր… Սա, անկասկած, պետք է որ մեզ պատասխաններ տար, բայց ոչ այնպիսին, ինչպիսին մենք էինք սպասում: Առաջին էջը սիրված սուրբ գրությունների ցուցակն էր: Կային ևս հինգ էջեր, որոնք խնամքով գրված սուրբ գրություններից հատվածներ էին և անձնական գրառումներ»:
Քույրերն անհապաղ ցանկացան հանդիպել այս հավատարիմ երիտասարդ կնոջը: Նրանք վերադարձան այդ դրամապանակին՝ տիրոջը գտնելու համար: Նրանք հանեցին մի քանի անանուխի համով կոնֆետներ, օճառ, լոյսոն և խոզանակ: Ես հավանեցի նրանց դիտողությունները. «Օ, հաճելի բաներ են դուրս գալիս նրա բերանից, նա ունի մաքուր և փափուկ ձեռքեր և նա հոգ է տանում իր մասին»:
Նրանք հետաքրքրված սպասում էին հաջորդ գանձին: Դուրս եկավ տանը մետաղադրամի համար տանը պատրաստված ստվարաթղթից մի փոքրիկ քսակ, որի մեջ կայծակաճարմանդով փակված գրպանիկում կար մի քիչ փող: Նրանք բացականչեցին. «Օ, նա ստեղծագործական է և նախապատրաստված»: Նրանք զգում էին իրենց, կարծես Սուրբ Ծննդյան տոնի առավոտյան փոքրիկ երեխաներ լինեին: Այն, հանեցին հաջորդը, ավելի շատ զարմացրեց նրանց՝ սև շոկոլադով Անտառային տորթի բաղադրատոմս և մի գրություն՝ պատրաստելու այն ընկերուհու ծննդյան օրվա առթիվ: Նրանք գրեթե ճչացին. «Նա ՏՆԱՐԱՐ է: Ուշադիր և ծառայություն կատարելու մտածելակերպով»: Ապա, այո, ի վերջո, ինքնությունը հաստատող ինչ որ փաստաթուղթ: Երիտասարդության առաջնորդներն ասացին, որ իրենք մեծապես օրհնված զգացին, «հետևելով երիտասարդ օրիորդի լուռ օրինակին, որն ապրում է ավետարանով»:6
Այս պատմությունը ցույց է տալիս մեր երիտասարդ կանանց պարտավորվածությունը Եկեղեցու չափանիշներին:7 Այն նաև երիտասարդ կանանց հոգատար, հետաքրքրվող, նվիրված ղեկավարների օրինակ է ողջ աշխարհում: Նրանք սքանչելի են:
Քույրերը վճռորոշ դեր ունեն Եկեղեցում և ընտանեկան կյանքում, ինչպես նաև որպես անհատներ, ինչը կարևոր է Երկնային Հոր ծրագրում: Այս պարտականություններից շատերը չեն ապահովում նյութական վարձատրություն, բայց իսկապես ապահովում են բավարարվածություն և նշանակալի են հավերժության համար: Վերջերս լրագրի խմբագրական խորհրդից մի հրաշալի և շատ ընդունակ կին խնդրեց մի նկարագրություն Եկեղեցում կանանց դերի վերաբերյալ: Նրան բացատրվեց, որ բոլոր համայնքների ղեկավարները անվճար. են ծառայում: Նա ընդհատեց ասելով, որ նրա հետաքրքրությունը նշանակալիորեն նվազեց, ապա՝ավելացրեց. «Չեմ հավատում, որ այսօր կանայք կարիք ունենան անվճար աշխատանքի»:
Մենք մատնանշեցինք, որ ամենակարևոր կազմակերպությունը երկրի վրա ընտանիքն է, որտեղ «հայրերն ու մայրերը … հավասար գործընկերներ են»:8 Ոչ ոք ֆինանսապես չի փոխհատուցվում, բայց օրհնություններն աննկարագրելի են: Մենք իհարկե պատմեցինք նրան Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց և Երեխաների Միության կազմակերպությունների մասին, որոնք առաջնորդվում են կին նախագահների կողմից: Մենք նշեցինք, որ մեր պատմության ամենավաղ տարիներից ի վեր թե տղամարդիկ և թե կանայք աղոթում են, քարոզում են, նվագակցում են երաժշտական գործիքներով , և երգում են երգչախմբերում, նույնիսկ հաղորդության ժողովին՝ մեր ամենասրբազան ժողովին:
Վերջին մեծ պահանջարկ ունեցող American Graceգիրքը տեղեկություններ է հաղորդում տարբեր հավատքների պատկանող կանանց մասին: Նշվում է, որ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կանայք եզակի են, լինելով լիովին բավարարված Եկեղեցու ղեկավարության կազմում իրենց դերակատարությամբ:9 Բացի այդ Վերջին Օրերի Սրբերի տղամարդիկ և կանայք, որպես մի ամբողջություն, ունեն ամենամեծ նվիրվածությունը իրենց հավատքին, քան ուսումնասիրված կրոններից որևէ մեկը:10
Ոչ թե մեր կանայք սքանչելի են այն պատճառով, որ հասցնում են խուսափել կյանքի դժվարություններից, այլ ճիշտ հակառակը: Նրանք սքանչելի են այն պատճառով, որ դիմակայում են կյանքի փորձություններին: Չնայած կյանքի առաջադրած մարտահրավերներին և ստուգարքներին՝ սկսած ամուսնությունից կամ ամուսնության բացակայությունից, երեխաների ընտրություններից, վատ առողջական վիճակից, հնարավորությունների բացակայությունից և ուրիշ շատ խնդիրներից, նրանք մնում են ակնհայտորեն ուժեղ, անսասան ու հավատարիմ հավատքին: Մեր քույրերը ողջ Եկեղեցում հետևողականորեն «սատարում են թույլերին, բարձրացնում կախ ընկած ձեռքերը և զորացնում թուլացած ծնկները»:11
Սփոփող Միության Նախագահներից մեկը, որը երախտագիտություն հայտնեց այս արտասովոր ծառայության համար, ասաց. «Նույնիսկարդեն ծառայող քույրերը մտածում են այն մասին, թե ինչպես կարող են ավելին անել»: Թեև նրանք կատարյալ չեն և բոլորը դիմակայում են, անձնական ճիգեր թափելով, նրանց հավատքը սիրառատ Երկնային Հոր հանդեպ և հավաստիացումը Փրկչի քավող զոհաբերության մեջ, լցնում է նրանց կյանքը:
Քույրերի դերը Եկեղեցում
Վերջին երեք տարիների ընթացքում Առաջին Նախագահությունը և Տասներկուսի Քվորումը որոնել են առաջնորդություն, ոգեշնչում և հայտնություն, խորհրդակցելով քահանյության և օժանդակ կազմակերպությունների նախագահների հետ և աշխատելով Եկեղեցու նոր ձեռնարկների վրա: Այս ընթացքում ես ունեցել եմ անսահման երախտագիտության զգացում այն նշանակալի դերի համար, որ քույրերը, ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած, պատմականորեն ունեցել են և այժմ էլ ունեն թե ընտանիքում, թե Եկեղեցում:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցու բոլոր անդամները պետք է «աշխատեն նրա այգում մարդկանց հոգիների փրկության համար»:12 Փրկության աշխատանքը ներառում է անդամների միսիոներական աշխատանքը, … ավետարանի ուսուցանումը»13 և աղքատների ու կարիքավորների համար հոգ տանելը:14 Սա սպասավորվում է հիմնականում ծխի խորհրդի միջոցով:15
Նոր ձեռնարկներում հատկապես նախատեսված է, որ եպիսկոպոսները, առկա պահանջների հանդեպ զգայուն լինելով, լիազորեն ավելի շատ պարտականություններ: Անդամները պետք է ընդունեն, որ եպիսկոպոսը հրահանգված է լիազորել: Անդամները պետք է հաստատեն և աջակցեն նրան, երբ նա հետևում է այս խորհրդին: Դա թույլ կտա եպիսկոպոսին ավելի շատ ժամանակ անցկացնել երիտասարդների, չափահաս ամուրիների և իր իսկ ընտանիքի հետ: Նա կլիազորի մյուս կարևոր պարտականությունները քահանայության ղեկավարներին, օժանդակների նախագահներին և անհատական տղամարդկանց և կանանց: Տանը կնոջ ունեցած դերը մեծապես հարգվում է Եկեղեցում:16 Երբ մայրը Եկեղեցում կոչում է ստանում, այն նշանակալի ժամանակ է պահանջում, այդ ժամանակ հորը հաճախ տրվում է ավելի քիչ պատասխանատու կոչում, որպեսզի ընտանիքի կյանքում պահպանվի հավասարակշռությունը:
Մի քանի տարի առաջ ես հաճախեցի մի ցցի համաժողով Տոնգայում: Կիրակի առավոտյան աղոթատան առաջին երեք շարքերը զբաղեցված էին 26-35 տարեկան տղամարդկանցով: Ես ենթադրեցի, թե դա տղամարդկանց երգչախումբն էր: Բայց երբ համաժողովի գործերն էին վարում, այդ տղամարդկանցից յուրաքանչյուրը, ընդհանուր թվով՝ 63 հոգի, ոտքի կանգնեց: Նրանց անունները կարդացին և հաստատվեցին՝ Մելքիսեդեկյան Քահանայության կարգման համար: Ես և գոհ էի, և ապշած:
Նիստից հետո ես հարցրեցի Նախագահ Մատեակիին՝ ցցի նախագահին, ինչպես էր այդ հրաշքը տեղի ունեցել: Նա ասաց, որ ցցի մի խորհրդի ժամանակ քննարկվում էր վերաակտիվացման հարցը: Նրա ցցի Սփոփող Միության Նախագահը՝ Քույր Լեինաթա Վաէնուկուն հարցրել էր, թե արդյոք պատշաճ կլինե՞ր, եթե նա մի բան ասեր: Նրա խոսալու ժամանակ Հոգին հաստատեց ցցի նախագահին, որ այն, ինչ նա առաջարկում էր, ճիշտ էր: Նա բացատրեց, որ իրենց ցցում 26-ից 35-նն անց տարեկան մեծ թվով հիանալի երիտասարդ տղամարդիկ կան, ովքեր չեն ծառայել միսիայում: Նա ասաց, որ նրանցից շատերը գիտեին, որ հիասթափեցրել էին եպիսկոպոսներին և քահանայության ղեկավարներին, ովքեր ջանք չէին խնայել խրախուսելու նրանց ծառայել միսիայում, և այժմ իրենց զգում էին որպես Եկեղեցու երկրորդ կարգի անդամներ: Նա նշեց, որ այս երիտասարդ տղամարդիկ անցել էին միսիոներական տարիքից, բայց նա արտահայտեց իր սերն ու մտահոգությունը նրանց հանդեպ: Նա բացատրեց, որ բոլոր փրկարար արարողությունները դեռ նրանց հասանելի էին և նպատակակետը պիտի լինի քահանայության կարգումներն ու տաճարային արարողությունները: Նա նշեց, որ չնայած այս երիտասարդ տղամարդկանցից մի քանիսը դեռ ամուսնացած չէին, նրանց մեծամասնությունը ամուսնացել էին հիանալի կանանց հետ՝ ոմանք ակտիվ, ոմանք ոչ ակտիվ, իսկ ոմանք էլ՝ ոչ անդամների հետ:
Ցցի խորհրդում հանգամանալից քննարկումից հետո, որոշվեց, որ քահանայության տղամարդիկ և Սփոփող Միության կանայք օգնության կհասնեն՝ փրկելու այս տղամարդկանց և նրանց կանանց, մինչ եպիսկոպոսները իրենց ժամանակի մեծ մասը կտրամադրեն ծխերում երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց: Փրկության այս գործում ներգրավվածները պիտի կենտրոնացնեին իրենց ջանքերը քահանայության, հավերժական ամուսնությանը և տաճարի փրկարար արարողություններին նրանց նախապատրաստելու վրա: Հաջորդ երկու տարիների ընթացքում 63 տղամարդկանցից գրեթե բոլորը, ովքեր իմ մասնակցած համաժողովին հաստատվեցին Մելքիսեդեկյան Քահանայության համար, օժտում ստացան տաճարում և իրենց կողակիցների հետ կնքվեցին: Այս պատմությունը ընդամենը մեկ օրինակ է այն մասին, թե որքան կարևոր են մեր քույրերը փրկության գործում մեր ծխերում և ցցերում, և թե ինչպես են նրանք նպաստում հայտնությանը, հատկապես ընտանիքում և Եկեղեցու խորհուրդներում:17
Քույրերի դերը ընտանիքում
Մենք ընդունում ենք, որ գոյություն ունեն հսկայական ուժեր, որոնք ուղղված են կանանց և ընտանիքների դեմ: Վերջին ուսումնասիրությունները գտել են, որ առկա է ամուսնական նվիրվածության վատթարացում՝ ամուսնացող չափահասների թվի նվազեցմամբ:18 Ոմանց համար ամուսնությունը և ընտանիքը դառնում են «ավելի շուտ տարբերակային ընտրություն, քան մեր հասարակության կազմակերպման կենտրոնական սկզբունք»:19 Կանայք հանդիպում են բազմաթիվ տարբերակների և պետք է աղոթքով մտածեն, ինչ ընտրություններ կատարեն և ինչպես այդ ընտրությունները կարող են ազդել ընտանիքի վրա:
Երբ ես անցյալ տարի Նոր Զելանդիայում էի, Օքլենդի օրաթերթում կարդացի կանանց մասին, որոնք մեր հավատքից չէին և որոնք պայքարում էին այդ նույն խնդիրների դեմ: Մայրերից մեկն ասում էր, որ իր դեպքում, աշխատելու, թե տանը մնալու իր ընտրությունը կապված էր նոր գորգի և երկրորդ ավտոմեքենայի գնման հետ, որի կարիքը նա իրականում չուներ: Մեկ այլ կին, այնուամենայնիվ, զգում էր, որ «ընտանեկան երջանիկ կյանքի մեծագույն թշնամին ոչ թե վճարովի աշխատանքն էր, այլ հեռուստատեսությունը»: Նա ասաց, որ ընտանիքները հեռուստաժամանակով հարուստ են, իսկ ընտանեկան ժամանակով աղքատ:20
Սրանք շատ զգացմունքային և անձնական որոշումներ են, բայց կա երկու սկզբունք, որ մենք պետք է միշտ պահենք մեր մտքում: Առաջինը, կինը չպետք է ներողություն խնդրի կամ զգա, որ իր ներդրումը ավելի քիչ կարևոր է, որովհետև նա նվիրում է իր հիմնական ջանքերը երեխաներ մեծացնելուն և դաստիարակելուն: Ոչ մի բան չի կարող ավելի կարևոր լինել մեր Երկնային Հոր ծրագրում: Երկրորդը, մենք բոլորս պետք է ուշադիր լինենք, որպեսզի չդատապարտենք կամ ենթադրենք, որ քույրերը քաջարի չեն, եթե որոշում են ընդունել աշխատանք տնից դուրս: Մենք հազվադեպ ենք հասկանում կամ լիովին գնահատում մարդկանց հանգամանքները: Ամուսիններն ու կանայք պետք է աղոթքով խորհրդակցեն միմյանց հետ՝ հասկանալով, որ իրենք պատասխանատու են Աստծուն իրենց որոշումների համար:
Դուք, նվիրված քույրեր, ովքեր միայնակ ծնողներ եք, ինչ պատճառով էլ որ դա լինի, երախտագիտությամբ լցված մեր սրտերը ձեզ հետ են: Մարգարեները հստակ են այն հարցում, «որ շատ ձեռքեր պատրաստ կանգնած են օգնելու ձեզ: Տերը չի մոռացել ձեզ: Ոչ էլ Նրա Եկեղեցին»:21 Ես կկամենայի հուսալ, որ Վերջին Օրերի Սրբերը կլինեն առաջինը, ովքեր աշախատավայրում կստեղծեն մի միջավայր, որն ավելի ընդունելի և հարմարավետ կլինի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, որպես ծնողներ իրենց պարտականություններում:
Դուք, քաջարի և հավատարիմ միայնակ քույրեր, խնդրում եմ իմացեք, որ մենք սիրում և գնահատում ենք ձեզ, և հավաստիացնում ենք, որ ոչ մի հավերժական օրհնություն ետ չի պահվի ձեզանից:
Նշանավոր կին ռահվիրա՝ Էմիլի Հ. Վուդմանսին, որը գրել է «Սիոնի քույրեր» օրհներգի խոսքերը ճշտմարտացիորեն պնդում էր, որ «հրեշտակների գործը կանանց է տրված»:22 Սա նկարագրվել է որպես մեր Երկնային Հոր հրաման՝ «ոչ պակաս քան ուղղակի և անհապաղ կատարելը» և «սա մի պարգև է, որ…քույրերն են… հայցում»:23
Սիրելի քույրեր, մենք սիրում ձեզ և հիանում ենք ձեզանով: Մենք գնահատում ենք Տիրոջ թագավորությունում ձեր ծառայությունը: Դուք սքանչելի եք: Ես արտահայտում եմ իմ հատուկ շնորհակալությունը իմ կյանքի կանանց: Ես վկայում եմ Քավության իրականության մասին, Փրկչի աստվածայնության մասին և Նրա Եկեղեցու Վերականգնման մասին, Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: