Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին
Նրանք ովքեր ջանասիրաբար ցանկանում են սովորել Քրիստոսի մասին, ի վերջո, կճանաչեն Նրան:
Աշխարհի պատմության ամենանշանավոր դեպքերից մեկը տեղի ունեցավ Դամասկոսի ճանապարհին: Դուք լավ գիտեք Սողոսի՝ մի երիտասարդ տղամարդու պատմությունը, որը «վնաս էր տալիս եկեղեցուն. Եւ տանից տուն էր մտնում, [Սրբերին մատնում] բանտի մեջ»:1 Սողոսն այնքան թշնամաբար էր գործում, որ վաղեմի Եկեղեցու շատ անդամներ փախան Երուսաղեմից, հուսալով խույս տալ նրա բարկությունից:
Սողոսը հալածում էր նրանց: Բայց երբ «մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նորա չորս կողմովը լոյս փայլեց երկնքիցը: Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում»:
Եւ նա գետնի վերայ ընկած՝ մի ձայն լսեց, որ ասում էր նորան, Սաւուղ, Սաւուղ, ի՞նչու ես ինձ հալածում»:2
Այս փոխակերպող պահը Սողոսին հավիտյան փոխեց: Իրականում, այն փոխեց աշխարհը:
Մենք գիտենք, որ այսպիսի դրսևորումներ պատահում են: Փաստորեն, մենք վկայում ենք, որ նմանատիպ աստվածային փորձառություն պատահեց 1820 թվականին Ջոզեֆ Սմիթ անունով մի տղայի հետ: Մեզ համար պարզ և հաստատուն վկայություն է այն, որ երկինքները բաց են կրկին և որ Աստված խոսում է Իր մարգարեների և առաքյալների հետ: Աստված լսում է և պատասխանում Իր զավակների աղոթքներին:
Այնուամենայնիվ, կան ոմանք, ովքեր զգում են, որ մինչև իրենք Սողոսի կամ Ջոզեֆ Սմիթի նման փորձառություն չունենան, չեն կարող հավատալ: Նրանք մոտ են կանգնած մկրտության ջրերին, բայց չեն մտնում: Նրանք սպասում են վկայության շեմին, բայց չեն կարողանում իրենց տրամադրել ընդունել ճշմարտությունը: Հավատքի փոքրիկ քայլեր կատարելու փոխարեն՝ աշակերտու ճանապարհին գտնվելիս նրանք կամենում են տպավորիչ իրադարձություն, որը կստիպի իրենց հավատալ:
Նրանք անցկացնում են իրենց օրերը՝ սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին:
Հավատքը գալիս է, երբ ամեն անգամ մեկ քայլ ես անում
Եկեղեցու մի սիրելի քույր հավատարիմ անդամ էր եղել ողջ իր կյանքում: Բայց նա կրում էր մի անձնական վիշտ: Տարիներ առաջ նրա դուստրը մահացել էր կարճատև հիվանդությունից հետո և այս ողբերգությունից ստացած վերքերը դեռ հետապնդում էին նրան: Նա տանջվում էր այն խորը հարցերից, որոնք ուղեկցում են այնպիսի մի իրադարձության, ինչպիսին սա էր: Նա անկեղծորեն ընդունում էր, որ իր վկայությունը անցյալում ունեցածի նման ուժեղ չէր: Նա զգում էր, որ մինչև երկինքները չբացվեին իր համար, նա չէր կարողանա կրկին հավատալ:
Այսպիսով, նա հայտնվեց սպասելու ճանապարհին:
Կան ուրիշ շատերը, ովքեր տարբեր պատճառներով հայտնվում են դեպի Դամասկոս տանող ճանապարհին սպասելիս: Նրանք հետաձգում են լիարժեք աշակերտ դառնալու իրենց ճակատագիրը: Նրանք հույս ունեն քահանայություն ստանալ, բայց հաստատուն չեն այդ արտոնությանը արժանի ապրելու մեջ: Նրանք ցանկանում են տաճար մտնել, բայց հետաձգում են հավատքի վերջնական քայլը՝ արժանավոր լինելը: Նրանք շարունակում են սպասել, երբ Քրիստոսին իրենց կտան այնպես, ինչպես Նա պատկերված է Կարլ Բլոխի հիասքանչ նկարում, ինչը մեկընդմիշտ իրենցից կհեռացնի բոլոր իրենց կասկածներն ու երկյուղները:
Իրականում, նրանք ովքեր ջանասիրաբար ցանկանում են սովորել Քրիստոսի մասին, ի վերջո, կճանաչեն Նրան: Նրանք անձնապես կստանան Վարդապետի աստվածային դիմանկարը, թեև ամենահաճախը այն գալիս է հանելուկի ձևով՝ ամեն անգամ մի մասնիկ ստանալով: Յուրաքանչյուր առանձին մասնիկ հնարավոր չէ ինքնին հեշտորեն ճանաչել. կարող է պարզ չլինել, թե ինչպես է այն կապված ամբողջի հետ: Բայց յուրաքանչյուր մասնիկ օգնում է մեզ մի փոքր ավելի հստակորեն տեսնել մեծ պատկերը: Ի վերջո, հետո երբ բավականին մասնիկներ են միասին դրվում, մենք ըմբռնում ենք այդ ամենի սքանչելի գեղեցկությունը: Ապա ետ նայելով մեր փորձառությանը, մենք տեսնում ենք, որ Փրկիչն իսկապես եկել է և մեզ հետ է եղել այդ ողջ ընթացքում՝ ոչ թե հանկարծակի ու անմիջապես, այլ՝ հանդարտորեն, մեղմորեն, գրեթե աննկատ:
Սա կարող է լինել մեր փորձառությունը, եթե մենք առաջ շարժվենք հավատքով և շատ երկար չսպասենք դեպի Դամասկոս տանող ճանապարհին:
Ականջ դրեք և ուշադրություն դարձրեք
Ես վկայում եմ, որ մեր Երկնային Հայրը սիրում է Իր զավակներին: Նա սիրում է մեզ: Նա սիրում է ձեզ: Անհրաժեշտության դեպքում, Տերը նույնիսկ կտանի ձեզ խոչընդոտների կողքով, երբ դուք փնտրեք Նրա խաղաղությունը կոտրված սրտով և ապաշխարող հոգով: Հաճախ Նա խոսում է մեզ հետ այն ձևով, որ մենք կարողանում ենք լսել միայն մեր սրտով: Նրա ձայնն ավելի լավ լսելու համար իմաստուն կլիներ անջատել աշխարհիկ ժխորի ձայնը մեր կյանքում: Եթե մենք անտեսում ենք կամ փակում մեզ Հոգու հուշումների առաջ, ինչ որ պատճառով դրանք դառնում են ավելի աննկատ, մինչև որ մենք չենք կարողանում դրանք այլևս լսել: Եկեք սովորենք լսել Հոգու հուշումները, ապա ուշադիր լինել դրանց հանդեպ:
Մեր սիրելի մարգարե Թոմաս Ս. Մոնսոնը մեզ համար այս հարցում մեծ օրինակ է հանդիսանում: Հոգու հուշումների հանդեպ նրա ուշադրության մասին պատմությունները բազմաթիվ են: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմում է այդպիսի մի փորձառության մասին:
Մի անգամ, երբ Նախագահ Մոնսոնը հանձնարարությամբ գտնվում էր Լուիզիանայում, մի ցցի նախագահ հարցրեց նրան, թե արդյո՞ք նա ժամանակ ուներ այցելելու 10 տարեկան Քրիսթալ անունով մի աղջկա, որը գտնվում էր քաղցկեղի վերջին փուլում: Քրիսթալի ընտանիքն աղոթում էր, որ Նախագահ Մոնսոնը գար: Բայց նրանց տունը շատ հեռու էր գտնվում, իսկ օրակարգն այնքան հագեցած էր, որ ժամանակ չկար: Այսպիսով փոխարենը Նախագահ Մոնսոնը խնդրեց, որ նրանք ովքեր պետք է ասեին աղոթքները ցցի համաժողովի ժամանակ, Քրիսթալի անունը ընդգրկեին իրենց աղոթքներում: Անկասկած Տերը և ընտանիքը կհասկանային:
Համաժողովի շաբաթ օրվա նիստի ընթացքում, երբ Նախագահ Մոնսոնը կանգնեց խոսելու, Հոգին շշնջաց. «Թույլ տուէք երեխաներին ինձ մոտ գան, եւ մի արգիլէք դորանց. որ այդպիսիներին է Աստուծոյ արքայութիւնը»:3
Նրա արտահայտությունները դարձան աղոտ: Նա փորձեց հետևել ժողովի նախագծված թեմային, բայց [փոքրիկ աղջկա] անունն ու պատկերը չէին հեռանում մտքից:4
Նա լսեց Հոգուն և փոխեց իր օրակարգը: Հաջորդ օրը վաղ առավոտյան Նախագահ Մոնսոնը թողեց իննսունիննին և ճամփորդեց բազմաթիվ մղոններ, որպեսզի լիներ այդ մեկի մահճակալի կողքին:
Տեղ հասնելուն պես, նա «նայեց երեխային, որը լուրջ հիվանդ էր և այնքան թույլ, որ չէր կարող բարձրանալ տեղից և խոսել: Հիվանդությունը նրան արդեն զրկել էր տեսողությունից: Խորապես ազդված այդ տեսարանից և Տիրոջ Հոգուց, Եղբայր Մոնսոնը վերցրեց երեխայի թույլ ձեռքն իր ափի մեջ: «Քրիսթալ, - շշնջաց նա: - Ես այստեղ եմ»:
Մեծ ջանք գործադրելով նա շշնջաց ի պատասխան. «Եղբայր Մոնսոն, ես գիտեի, որ կգաք»:5
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, եկեք ձգտենք լինել նրանց կողքին, ում Տերը կարող է վստահել՝ լսելու Իր շշունջները և պատասխանելու, ինչպես Սողոսն արեց դեպի Դամասկոս տանող իր ճանապարհին՝ «Տեր, ի՞նչ ես կամենում որ անեմ»:6
Ծառայել
Մեկ այլ պատճառ, երբ մենք երբեմն չենք ճանաչում Տիրոջ ձայնը մեր կյանքում, այն է, որ Հոգու հայտնությունները գուցե չեն գալիս ուղղակի մեզ, որպես մեր աղոթքների պատասխան:
Մեր Երկնային Հայրն ակնկալում է մեզանից, որ մենք առաջինը ուսումնասիրենք, իսկ հետո աղոթենք մեր անձնական կյանքում առաջնորդության համար, երբ փնտրում ենք մեր հարցերի և մտահոգությունների պատասխանները: Մենք ունենք մեր Երկնային Հոր հավաստիացումը, որ Նա կլսի և կպատասխանի մեր աղոթքներին: Պատասխանը կարող է գալ վստահելի ընկերների և ընտանիքի անդամների ձայնով և իմաստությամբ, սուրբ գրությունների և մարգարեների խոսքերի միջոցով:
Իմ փորձառության համաձայն մեր ստացած ամենազորավոր հուշումները ոչ թե միայն մեր իսկ օգտի, այլ նաև ուրիշների օգտի համար են: Եթե մենք մտածում ենք միայն մեր մասին, մենք կարող ենք մեր կյանքում բաց թողնել ամենահզոր հոգևոր փորձառություններից և խորը հայտնություններից մի քանիսը:
Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է այս տեսակետը. «Աստված, իհարկե, նկատում է մեզ և հետևում մեզ վերևից: Բայց, սովորաբար, մեկ այլ անձնավորության միջոցով է, որ նա բավարարում է մեր կարիքները: Ուստի կարևոր է, որ մենք ծառայենք միմյանց»:7 Եղբայրներ և քույրեր, մեզանից յուրաքանչյուրն ունի ուխտով պատասխանատվություն՝ լինել նրբազգաց ուրիշների կարիքների հանդեպ և ծառայել ինչպես Փրկիչն արեց՝ օգնության հասնելով, օրհնելով և բարձրացնելով նրանց, ովքեր մեր շրջապատում են:
Հաճախ մեր աղոթքի պատասխանը գալիս է ոչ թե այն պահին, երբ մենք մեր ծնկների վրա ենք, այլ երբ մենք ոտքի վրա ենք՝ ծառայելով Տիրոջը և մեր շրջապատում լինողներին: Ծառայության անեսասեր քայլերը և նվիրաբերումը մաքրում են մեր հոգիները, հեռացնում մեր հոգևոր աչքերի թեփուկները և բացում են երկնքի պատուհանները: Դառնալով ինչ որ մեկի աղոթքի պատասխանը, մենք հաճախ պատասխան ենք գտնում մեր սեփական աղոթքներին:
Կիսվել
Կան դեպքեր, երբ Տերը մեզ բացահայտում է բաներ, որոնք նախատեսված են միայն մեզ համար: Այնուամենայնիվ, շատ ու շատ դեպքերում Նա վստահում է վկայություն ճշմարտության մասին նրանց, ովքեր կկիսվեն ուրիշների հետ: Այսպես է եղել յուրաքանչյուր մարգարեի հետ՝ Ադամի օրերից սկսած: Նույնիսկ ավելին՝ Տերը սպասում է, որ Իր Եկեղեցու անդամները «բացեն [իրենց բերանները] բոլոր ժամանակներում հայտարարելով [Նրա] ավետարանը ցնծության հնչումով»:8
Սա միշտ չէ, որ հեշտ է: Ոմանք ավելի շուտ ձեռնասայլ քարշ կտան տափաստանով, քան կշոշափեն հավատքի և կրոնի թեման իրենց ընկերների և աշխատակիցների հետ: Նրանք անհանգստանում են, թե ինչպես ուրիշները կվերաբերվեն դրան կամ ինչպես այն կարող է վնասել իրենց փոխհարաբերություններին: Դա չպետք է այդպես լինի, որովհետև մենք ուրախ ուղերձով ենք կիսվում՝ ցնծության ուղերձով:
Տարիներ առաջ մեր ընտանիքն ապրում էր և աշխատում մարդկանց մեջ, ովքեր գրեթե շատ դեպքերում մեր հավատքից չէին: Երբ նրանք հարցնում էին, թե ինչպես էինք անցկացրել մեր հանգստյան օրերը, մենք ձգտում էինք խուսափել ընդհանուր թեմաներից՝ սպորտային իրադարձություններ, կինոնկարներ կամ եղանակ, և փորձում էինք կիսվել հոգևոր փորձառություններով, որոնք մենք ընտանիքով ունեցել էինք այդ օրերին: Օրինակ՝ թե ինչ ասաց մի երիտասարդ խոսնակ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշների մասին կամ ինչպես էինք հուզվել մի երիտասարդի խոսքերից, որը մեկնում էր միսիա կամ էլ ինչպես էր ավետարանն օգնել մեզ որպես ընտանիք հաղթահարել մի առանձնահատուկ մարտահրավեր: Մենք փորձում էինք չքարոզել կամ չլինել ամբարտավան: Կինս՝ Հարիեթը միշտ լավագույնն էր, երբ ոգեշնչող, վեհացնող կամ հումորով մի բան էր գտնում և դրանով կիսվում: Սա գրեթե միշտ տանում էր դեպի ավելի խորը քննարկումների: Բավականին հետաքրքիր է. երբ խոսում էինք մեր ընկերների հետ կյանքի մարտահրավերները հաղթահարելու մասին, հաճախ էինք լսում այս դատողությունը. «Ձեզ համար հեշտ է, դուք ունեք ձեր եկեղեցին»:
Մեր տրամադրության տակ ունենալով այսքան շատ սոցիալական լրատվացանցեր և բազմաթիվ քիչ կամ շատ օգտակար հարմարանքներ, ավետարանի բարի լուրով կիսվելն ավելի հեշտ է դառնում, ազդեցությունն ավելի է լայն է տարածվում, քան երբևէ նախկինում: Իրականում, ես գրեթե վախենում եմ, որ ոմանք արդեն ուղարկել են այսպիսի տեքստային ուղերձներ. «Նա խոսում է արդեն 10 րոպե և դեռ ոչ մի համանմանություն օդագնացության հետ»: Իմ սիրելի երիտասարդ բարեկամներ, հավանաբար Տիրոջ խրախուսանքը «բացել [ձեր] բերանները»,9 այսօր ներառի նաև «օգտագործեք ձեր ձեռքերը» արտահայտությունը՝ առցանց օրագիր գրելու և ավետարանի բարի լուրի մասին աշխարհին տեքստային ուղերձ ուղարկելու համար: Բայց. խնդրում ենք. հիշեք, ամեն ինչ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին:
Եղբայրներ և քույրեր, ժամանակակից տեխնոլոգիայի օրհնությամբ մենք կարող ենք արտահայտել Իր զավակների համար Աստծո մեծ ծրագրի համար մեր երախտագիտությունը և ուրախությունը մի ձևով, որ հնարավոր լինի այն լսել ոչ միայն մեր աշխատավայրում, այլ ողջ աշխարհում: Երբեմն վկայության մեկ հատիկ արտահայտությունը կարող է շարժման մեջ դնել իրադարձություններ, որոնք կազդեն ինչ որ մեկի կյանքի վրա հավերժության համար:
Ավետարանը քարոզելու ամենաազդեցիկ ուղին օրինակի միջոցով է: Եթե մենք ապրենք համաձայն մեր հավատքի, մարդիկ կնկատեն դա: Եթե Հիսուս Քրիստոսի դեմքը փայլի մեր կյանքում,10 եթե մենք հրճվանքով լի լինենք և՝ խաղաղության մեջ աշխարհի հետ, մարդիկ կուզենան իմանալ՝ ինչո՞ւ: Ամենամեծ քարոզներից մեկը, որ երբևէ հնչել է միսիոներական աշխատանքի մասին, այս պարզ միտքն է, որը վերագրվում է Սբ. Ֆրենսիսին՝ Ասիզեից. «Քարոզեք ավետարանը ամբողջ ժամանակ և, անհրաժեշտության դեպքում, օգտագործեք խոսքեր»:11 Այդ անելու հնարավորություններն ամենուրեք մեր շուրջ են: Բաց մի թողեք դրանք՝ չափից դուրս երկար սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին:
Դամասկոս տանող մեր ճանապարհը
Ես վկայում եմ, որ Տերը մեր օրերում խոսում է իր մարգարեների և առաքյալների հետ: Նա խոսում է նաև բոլորի հետ, ովքեր գալիս են դեպի Նա մաքուր սրտով, անկեղծ միտումով:12
Մի կասկածեք: Հիշեք .«Երանի նորանց, որ չեն տեսել եւ հաւատում են»:13 Աստված սիրում է ձեզ: Նա լսում է ձեր աղոթքները: Նա խոսում է Իր զավակների հետ և սփոփանք, հանգստություն, խաղաղություն և ըմբռնում տալիս նրանց, ովքեր փնտրում են Նրան և հարգում Նրան՝ քայլելով Նրա ուղով: Ես բերում եմ իմ սրբազան վկայությունը, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հետևում է սահմանված ընթացքին: Մենք ունենք կենդանի մարգարե: Այս Եկեղեցին առաջնորդվում է Նրա կողմից, ում անունը մենք կրում ենք, այսինքն՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսի:
Եղբայրներ և քույրեր, սիրելի ընկերներ, եկեք երկար չսպասենք դեպի Դամասկոս տանող մեր ճանապարհին: Փոխարենը, եկեք խիզախորեն առաջ շարժվենք հավատքով, հույսով և գթությամբ, և մենք կօրհնվենք լույսով, որը բոլորս որոնում ենք ճշմարիտ աշակերտության ուղու վրա: Սրա համար ես աղոթում եմ և թողնում ձեզ իմ վկայությունը՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: