Տիրոջ ամենաառատ օրհնությունները
Երբ մենք հավատարմորեն վճարում ենք մեր տասանորդը, Տերը բացում է երկնքի պատուհանները և դուրս է թափում մեզ վրա Իր ամենաառատ օրհնությունները:
Ես երախտապարտ եմ արդար նախնիների համար, ովքեր տանն իրենց երեխաներին ուսուցանում էին ավետարանը՝ ընտանեկան երեկոներ պաշտոնապես անցկացնելուց դեռ շատ առաջ: Իմ մայրական կողմից տատիկս ու պապիկս էին՝ Իդա Ջեսփերսոնը և Ջոն Ա. Ուեթենը: Նրանք ապրում էին Կոլոնիա Խուարեզ Չիհիուահուայում, Մեքսիկայում, փոքրիկ մի համայնքում: Ուեթենների երեխաները ուսուցանվում էին պատվիրանով և իրենց ծնողների օրինակին հետևելով:
1920-ականների սկզբին Մեքսիկայում դժվար ժամանակներ էին: Կատաղի հեղափոխությունը նոր էր ավարտվել: Շրջանառության մեջ քիչ կանխիկ փող կար և դրա մեծ մասը արծաթե մետաղադրամ էր: Մարդիկ հաճախ իրենց գործարքները կատարում էին ապրանքափոխանակման և ծառայություններով փոխհատուցման միջոցով:
Մի օր, ամառվա վերջին, պապիկ Ջոնը տուն եկավ, ավարտելով առևտրական գործարքը և գործարքի մի մասի համար ստանալով 100 պեսո արծաթ: Նա տվեց փողը Իդային՝ հրահանգելով նրան վճարել երեխաների դպրոցական գալիք ծախսերը:
Իդան երախտապարտ էր փողի համար, բայց հիշեցրեց Ջոնին, որ նրանք տասանորդ չէին վճարել ողջ ամառվա ընթացքում: Նրանք չէին ունեցել կանխիկ եկամուտ, բայց Իդան հիշեցրեց նրան, որ կենդանիները տվել էին միս, ձու և կաթ: Նրանց այգին տվել էր առատ մրգեր և բանջարեղեն և նրանք կատարել էին առևտուր ապրանքափոխանակմամբ՝առանց կանխիկ փողի: Իդան առաջարկեց, որ իրենք փողը տան եպիսկոպոսին իրենց տասանորդը փակելու համար:
Ջոնը մի քիչ հիասթափված էր, քանի որ կանխիկ փողը շատ կօգներ հոգալ երեխաների դպրոցական ծախսերը, բայց նա պատրաստակամորեն համաձայնվեց, քանի որ նրանք պարտավոր էին վճարել իրենց տասանորդը: Նա տարավ ծանր պայուսակը տասանորդի գրասենյակ և վճարեց եպիսկոպոսին:
Ոչ շատ անց, նա մի տեղեկություն ստացավ, որ մի հարուստ գործարար Միացյալ Նահանգներից՝ ոմն Պր. Հորդ, ժամանում էր հաջորդ շաբաթ իր մարդկանց հետ՝ մի քանի օր անցկացնելու լեռներում որսորդություն և ձկնորսություն անելու:
Պապիկ Ջոնը դիմավորեց տղամարդկանց խմբին Կոլոնիա Խուարեզի մոտակա երկաթուղային կայարանում: Նա պատրաստ ուներ անհրաժեշտ բեռնակիր կենդանիներ՝ թամբած ձիեր և թոկ, տեղափոխելու համար ուղեբեռը և ճամբարի սարքավորումները դեպի լեռները: Հաջորդ շաբաթն անցավ տղամարդկանց ուղեկցելով և ճամբարի և կենդանիների մասին հոգ տանելով:
Շաբաթվա վերջում տղամարդիկ վերադարձան երկաթուղային կայարան՝ գնացք նստելու և Միացյալ Նահանգներ վերադառնալու համար: Ջոնին այդ օրը վճարեցին իր աշխատանքի դիմաց, նրան տալով արծաթե պեսոներով մի պարկ՝ մնացած ծախսերը հոգալու համար: Ջոնը և նրա մարդիկ վարձատրվեցին, իսկ հետո Ջոնը վերադարձրեց փողի մնացորդը Պր.Հորդին, որը զարմացավ, քանի որ չէր սպասում, որ փող կմնար: Նա հարցեր տվեց Ջոնին հավաստիանալու համար, որ բոլոր ծախսերը փակվել էին, և Ջոնը պատասխանեց, որ ուղևորության բոլոր ծախսերը վճարվել էին և դա փողի ավելացած մասն էր:
Գնացքը սուլեց: Պր. Հորդը շտապեց որ գնար, հանկարծ ետ շրջվելով մետաղադրամներով ծանր պայուսակը շպրտեց Ջոնին: «Ահա, տար սա տուն տղաներիդ համար»: Ջոնը բռնեց պայուսակը և վերադարձավ Կոլոնիա Խուարեզ:
Երեկոյան, երբ ընտանիքը ընթրիքից հետո հավաքվեց լսելու ուղևորության պատմությունները, Ջոնը հիշեց պայուսակի մասին և ներս բերելով, դրեց սեղանին: Ջոնն ասաց, որ չգիտեր թե որքան էր պայուսակում, և զվարճության համար պայուսակը դատարկվեց սեղանին, որը բավականին մեծ կույտ էր կազմել, բայց՝ հաշվելուց հետո, պարզվեց, որ ուղիղ 100 պեսո էր արծաթով: Իհարկե մեծ օրհնություն էր Պր. Հորդի այդ ուղևորությունը: Ջոնը և նրա տղաները վաստակեցին լավ աշխատավարձ, բայց 100 պեսո մնացորդը հիշեցում էր ճիշտ նույն գումարի չափով վճարած տասանորդի մասին, որը վճարվել էր մեկ շաբաթ առաջ: Ոմանց համար դա կարող էր թվալ հետաքրքիր համընկնում, բայց Ուեթենների ընտանիքի համար այն հստակորեն դաս էր Տիրոջից այն մասին, որ Նա հիշում է Իր խոստումները նրանց, ովքեր հավատարմորեն վճարում են իրենց տասանորդները:
Երբ երեխա էի, ես սիրում էի լսել այդ պատմությունը, որովհետև այն ձիերով դեպի լեռները որսորդության և ձկնորսության ճամբարային ուղևորության մասին էր: Եվ ես սիրում էի այն, որովհետև դա ուսուցանում էր, որ երբ մենք հնազանդվում ենք պատվիրաններին, մենք օրհնվում ենք: Մի քանի բան այս պատմությունից մենք բոլորս կարող ենք սովորել տասանորդի մասին:
Առաջինը, դուք կնկատեք, որ տասանորդի վճարումը այս դեպքում կապված չէր կանխիկ եկամտի հետ: Ուեթենները որոշեցին օգտագործել իրենց առաջին կանխիկ եկամուտը տասանորդի համար, որովհետև նրանք լավ էին ապրել իրենց կենդանիների և իրենց այգու տված մրգի և բանջարեղենի շնորհիվ: Նրանք ակնհայտորեն պարտավորված էին զգում Տիրոջը, իրենց օրհնությունների համար:
Դա հիշեցում է Տիրոջ խոսքերի առնչությամբ, երբ Նա հարցրեց. «Մի՞թե մարդ Աստուած կխաբէ, որ դուք ինձ խաբում էք»: Մարդիկ հարցրեցին. «Ի՞նչ բանում ենք քեզ խաբում»: Եվ Տերը որոտաց ի պատասխան. «Տասանորդումը եւ ընծայումը» (Մաղաքիա Գ.8): Այո, եղբայրներ և քույրեր, ճիշտ ինչպես Ջոն և Իդա Ուեթենները տարիներ առաջ այդ ամռանը հասկացան, որ մենք բոլորս պարտք ենք Տիրոջը: Եկեք չմեղադրվենք Աստծուն խաբելու համար: Եկեք ազնիվ լինենք և վճարենք մեր պարտքերը Տիրոջը: Նա խնդրում է ընդամենը 10 տոկոսը: Տիրոջը մեր պարտքը վճարելում ազնիվ լինելը կօգնի մեզ ազնիվ լինել մեր մերձավորներ հետ:
Հաջորդ բանը, որ ես նկատեցի այս պատմության մեջ այն էր, որ իմ տատիկն ու պապիկը վճարեցին տասանորդն անկախ իրենց ընտանիքի աղքատիկ ֆինանսական վիճակից: Նրանք գիտեին Տիրոջ պատվիրանները, նրանք վերագրում էին սուրբ գրություններն իրենց (տես 1 Նեփի 19.23–24) և նրանք հնազանդվեցին օրենքին: Սա այն է, ինչ Տերը սպասում է ողջ իր ժողովրդից: Նա սպասում է մեզանից, որ մենք տասանորդ վճարենք, ոչ թե մեր առատությունից կամ ընտանիքի բյուջեյի «ավելցուկներից», այլ, ինչպես նա պատվիրել է հին դարերում, մեր եկամտի «առաջնեկներից», լինի դա քիչ, թե շատ: Տերը պատվիրել է. «Արմտիքների … երեխայրիները մի ուշացնիր» (Ելից ԻԲ.29): Իմ անձնական փորձառության համաձայն,հավատարմորեն տասանորդ վճարելու ամենաճիշտ ձևը, եկամուտ ստանալուն պես, այն անմիջապես վճարելն է: Փաստորեն ես գտել եմ, որ դա միակ ձևն է:
Մենք սովորում ենք իմ տատիկ ու պապիկ Ուեթենից, որ տասանորդը իսկապես փողի հարց չէ, դա հավատքի հարց է՝ հավատքի առ Տերը: Նա խոստանում է օրհնություններ, եթե մենք հնազանդվենք Նրա պատվիրաններին: Պարզապես Ջոն ու Իդա Ուեթենները ցույց տվեցին մեծ հավատք, վճարելով իրենց տասանորդը: Եկեք ցույց տանք մեր հավատքն առ Տերը, վճարելով մեր տասանորդը: Վճարեք այն առաջինը, վճարեք այն ազնվորեն: Եկեք ուսուցանենք մեր երախաներին վճարել տասանորդ նույնիսկ իրենց օրաբաժնից կամ այլ եկամտից, իսկ հետո եկեք տանենք նրանց մեզ հետ տասանորդի կարգավորման ժամանակ, որպեսզի նրանք իմանան մեր օրինակի և Տիրոջ հանդեպ սիրո մասին:
Հնարավոր է, որ թյուրըմբռնում լինի իմ տատիկի ու պապիկի այս պատմության հետ կապված: Մենք կարող ենք եզրակացնել, որ քանի որ մենք տասանորդ ենք վճարում փողով, Տերը միշտ կօրհնի մեզ փողով: Ես հակված էի այդպես մտածել, երբ երեխա էի: Ես այժմ հասկացել եմ, որ պարտադիր չէ, որ այդպես լինի: Տերը խոստանում է օրհնություններ նրանց, ովքեր վճարում են իրենց տասանորդը: Նա խոստանում է «բանալ … երկնքի պատուհանները եւ օրհնություն թափել … մինչև որ նորա համար տեղ չլինի» (ՄաղաքիաԳ.10): Ես վկայում եմ, որ Նա կատարում է Իր խոստումները և եթե մենք հավատարմորեն վճարում ենք մեր տասանորդը մենք զուրկ չենք մնա կյանքի անհրաժեշտ միջոցներից, բայց Նա չի խոստանում հարստություն: Փողը և բանկային հաշիվները Նրա մեծագույն օրհնությունները չեն: Նա օրհնում է մեզ իմաստությամբ կառավարելու մեր սահմանափակ նյութական միջոցները, իմաստությամբ, որը հնարավոր է դարձնում մեզ համար ավելի լավ ապրել մեր եկամտի 90 տոկոսով: Այսպիսով, հավատարիմ տասանորդ վճարողները հասկանում են խնայողությամբ ապրելու կարևորությունը և աշխատում են ավելի ինքնապահովող լինել:
Ես սկսել եմ հասկանալ, որ Տիրոջ ամենամեծ օրհնությունները հոգևոր են և դրանք հաճախ կապված են ընտանիքի, ընկերների և ավետարանի հետ: Թվում է, Նա հաճախ տալիս է Սուրբ Հոգու ազդեցության և առաջնորդության հանդեպ առանձնահատուկ զգայունություն ունենալու օրհնություն, հատկապես ամուսնության և ընտանեկան հարցերում, ինչպես օրինակ երեխաներ մեծացնելիս: Այդպիսի հոգևոր զգայունությունը կարող է օգնել մեզ տանը վայելել ներդաշնակություն և խաղաղություն: Նախագահ Ջեյմս Ի. Ֆաուստն ասել է, որ տասանորդի վճարումը գերազանց ապահովագրություն է ամուսնալուծության դեմ (“Enriching Your Marriage,” Liahona, Apr. 2007, 5):
Տասանորդի վճարումն օգնում է մեզ զարգացնել հանդուրժողական և խոնարհ ու երախտապարտ սիրտ, որը հակված է «խոստովանել … նրա ձեռքը բոլոր բաներում» (ՎևՈւ 59.21): Տասանորդի վճարումը զարգացնում է մեր մեջ մեծահոգի, ներող ու գթառատ Քրիստոսի մաքուր սիրով լի սիրտ: Մենք եռանդուն ենք դառնում ուրիշներին ծառայելու և օրհնելու՝ հնազանդ սրտով Տիրոջ կամքին ենթարկվելու մեջ: Տասանորդ կանոնավոր վճարողները զորացնում են իրենց հավատքը առ Տեր Հիսուս Քրիստոս և զարգացնում են հաստատուն և մնայուն վկայություն Նրա ավետարանի և Նրա Եկեղեցու հանդեպ: Այս օրհնություններից ոչ մեկը դրամական կամ նյութական չէ որևէ ձևով, բայց դրանք անկասկած Տիրոջ առավել առատ օրհնություններն են:
Ես վկայում եմ, որ երբ մենք հավատարմորեն վճարում ենք մեր տասանորդը, Տերը բացում է երկնքի պատուհանները և դուրս է թափում մեզ վրա Իր ամենաառատ օրհնությունները: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: