2011
Եկեղեցու Բարօրության Ծրագրի 75 տարիները
Մայիս 2011


Տոնելով Բարօրության Ծրագրի 75 տարիները

Եկեղեցու 181-րդ ամենամյա գերագույն համաժողովի մի շարք ելույթներ նվիրված էին Եկեղեցու բարօրության ծրագրին, որն այժմ 75 տարեկան է:

1936թ.՝ ծրագրի հռչակման օրը, Նախագահ Դեյվիդ Օ. Մակքեյը, որն այդ ժամանակ Առաջին Նախագահության խորհրդական էր, հաստատեց Եկեղեցու բարօրության ծրագրի աստվածայնորեն ոգեշնչված ծագման մասին. «[Բարօրության ծրագիրը] հիմնված է աստվածային հայտնության վրա, և աշխարհում չկա որևէ այլ կազմակերպություն, որը կարող է այսպես արդյունավետ հոգ տանել իր անդամների համար»: 1

Յոթանասունհինգ տարիները եկան ու գնացին: Տնտեսական փուլերը եկան-գնացին, կրկին սկսեցին: Աշխարհը ենթարկվեց հասարակական և մշակութային ահռելի փոփոխությունների, իսկ Եկեղեցին վիթխարի աճ արձանագրեց:

Սակայն խոսքերը, որ 1936թ. այդ օրը հնչեցին աստվածայնորեն ոգեշնչված Եկեղեցու բարօրության ծրագրի մասին, ճշմարիտ են այսօր ևս, ինչպես և այդ պահին:

Բարօրության սկզբունքները

1929թ. Միացյալ Նահանգները ֆինանսական խոշոր վնասներ կրեց, երբ արժեթղթերի շուկան տապալվեց: 1932թ. Յուտայում գործազրկությունը հասավ 35,8 տոկոսի:

Թեև Եկեղեցին ուներ բարօրության իր սկզբունքները, ներառյալ պահեստների համակարգը և ծրագրերը, որոնք օգնում էին անդամներին աշխատանք գտնել, շատ անդամներ դիմեցին կառավարության օգնությանը:

«Ես համոզված եմ, որ մարդկանց մոտ աճում է միտումը՝ փորձել Միացյալ Նահանգների կառավարությունից ստանալ ինչ-որ բան՝ դրա դիմաց երբևէ վճարելու շատ քիչ հույսով», - այդ ժամանակ նկատել է Նախագահ Հեբեր Ջ. Գրանտը (1856-1945):2

Եկեղեցու ղեկավարները ցանկանում էին օգնել մաքառող անդամներին՝ չխրախուսելով անգործությունը և սեփականության իրավունքի զգացումը: Նպատակը կայանում էր՝ օգնել մարդկանց օգնելու իրենց անկախ դառնալ:

1933թ. Առաջին Նախագահությունը հայտարարեց. «Մեր ունակ անդամները, բացառությամբ ամենածայրահեղ դեպքերի, չպետք է հայտնվեն այնպիսի անհարմար վիճակում, երբ ընդունում են որևէ բան ոչինչ չտալով: … Օգնությունը սպասավորող Եկեղեցու պաշտոնյաները պետք է գտնեն ճանապարհներ և միջոցներ, որոնցով Եկեղեցու ունակ անդամները, ովքեր կարիքի մեջ են, կարողանան վարձահատույց լինել իրենց տրված օգնության համար՝ որևէ ծառայություն մատուցելով»:3

Ունենալով գործող սկզբունքներ և Սրբերի հավատքը, Եկեղեցու առանձին միավորները, ինչպես նաև Եկեղեցին ամբողջությամբ, անցան աշխատանքի՝ կազմակերպելով կարի և պահածոյացման դասեր, համակարգելով ծրագրերի աշխատանքը, ձեռք բերելով ֆերմաներ և շեշտելով արդարակյաց, խնայող և անկախ ապրելակերպի կարևորությունը:

Եկեղեցու Բարօրության Ծրագիրը

Եկեղեցու Անվտանգության Ծրագրի հիմնումից հետո (1938թ. վերանվանվել է Եկեղեցու Բարօրության Ծրագիր), մարդիկ հնարավորություն ստացան իրենց ունակությունների սահմաններում աշխատել իրենց ստացած օգնության դիմաց: Ծրագիրը ուսուցանում էր մարդկանց օգտվել իրենց իսկ միջոցներից «իրենց օգնելու» համար, օգնության այլ աղբյուրների դիմելու փոխարեն:

«Մեր հիմնական նպատակն էր հիմնել … այնպիսի մի համակարգ, որի օգնությամբ անգործությունը կվերանա, նպաստների չարիքը դուրս կգա, և անկախությունը, աշխատասիրությունը, խնայողությունը և ինքնահարգանքը կրկին կհաստատվեն մեր ժողովրդի մեջ», - ասել է Նախագահ Գրանտը 1936թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին: «Աշխատանքը պետք է կրկին վերահաստատվի որպես ղեկավարող սկզբունք մեր Եկեղեցու անդամների կյանքում»:4

Տարիների ընթացքում Եկեղեցու բարօրության համակարգը տարբեր ծրագրեր է ընդգրկել՝ հասարակական (այժմ՝ ՎՕՍ Ընտանեկան ծառայություններ), ՎՕՍ Բարեգործական ծառայություններ, Մարդասիրական ծառայություններ և Ծայրահեղ իրավիճակների արձագանքման ծառայություններ: Այս և մյուս ծրագրերը օրհնել են հարյուր հազարավոր անդամների կյանքը՝ ինչպես Եկեղեցու, այնպես էլ՝ Եկեղեցուց դուրս:

Միջազգային գործունեություն

Անգամ Մեծ Ճգնաժամից հետո, Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբին, Նախագահ Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը՝ Առաջին Նախագահության Երկրորդ Խորհրդականը, իմաստությամբ խորհուրդ տվեց շարունակել բարօրության ծրագիրը: 1945թ. հոկտեմբերին, ԱՄՆ Նախագահ Հարի Ս. Թրումենը հանձնարարեց Եկեղեցու Նախագահ Ջորջ Ալբերտ Սմիթին (1870-1951) որոշել, թե ինչպես և երբ կարելի է իրեր ուղարկել պատերազմից ավիրված Եվրոպայի տարածքներ: Ի զարմանս Նախագահ Թրումենի, Եկեղեցու ղեկավարները պատասխանեցին, որ սնունդը, հագուստը և օգնության այլ պարագաները արդեն հավաքվել են և պատրաստ են առաքման համար:

Ժամանակի ընթացքում Եկեղեցին ընդլայնեց իր բարօրության ծրագրերը, ընդգրկելով կարիքի մեջ գտնվող ավելի շատ տարածքներ, ներառյալ նոր աշխարհագրական տարածքներ: 1970-ականներին, Եկեղեցին տարածեց բարօրության իր ծրագրերը և արտադրությունը, բացելով դրանք Մեքսիկայում, Անգլիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում: Հաջորդ տասնամյակի ընթացքում Արգենտինան, Չիլին, Պարագվայը և Ուրուգվայը դարձան Միացյալ Նահանգներից դուրս առաջին երկրները, որտեղ բացվեցին Եկեղեցու զբաղվածության կենտրոնները:

1985թ. Եկեղեցու մարդասիրական ծառայությունների ձևավորման հետ մեկտեղ Եկեղեցու բարօրության միջազգային ջանքերը աննախադեպ աճ գրանցեցին, հավաքելով և ուղարկելով հագուստ և այլ պարագաներ աշխարհով մեկ՝ արձագանքելով աղքատությանը և աղետներին:

Այսօր, Եկեղեցու միջազգային անդամության աճը, հատկապես զարգացող երկրներում, նոր մարտահրավերներ են առաջ քաշում, որոնց բարօրության ծրագիրը աշխատում է հարմարվել:

Ոգեշնչված ծրագիր այսօրվա համար

Բարօրության հիմնական սկզբունքները՝ ինքնապահովումը և աշխատասիրությունը, մնում են նույնը այսօր ևս, ինչպես այն ժամանակ, երբ Տերը պատվիրեց Ադամին. «Երեսիդ քրտինքովը հաց ուտես» (Ծննդոց Գ.19):

Վերջին օրերում Տերը հայտարարել է. «Եվ շտեմարանը պետք է պահվի եկեղեցու նվիրաբերումների միջոցով. և այրիներն ու որբերը պետք է ապահովվեն, ինչպես նաև աղքատները» (ՎևՈւ 83.6): Ապա Նա մեզ հիշեցնում է. «Սակայն դա անպայման պետք է արվի իմ իսկ ձևով» (ՎևՈւ 104.16):

Բարօրության սկզբունքները գործում են ողջ աշխարհում անդամների կյանքում, լինելով ամենօրյա սկզբունքներ անհատների տներում:

«Եկեղեցու և Տիրոջ իրական պահեստի ուժը գտնվում է Նրա ժողովրդի տներում և սրտերում», - ասել է Ռոբերտ Դ. Հեյլսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից:5

Երբ անհատները Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով զարգացնում են իրենց ինքնապահովման ունակությունները, իրականանում է ծրագրի երկարաժամկետ նպատակը, ինչպես այն սահմանել է Նախագահ Քլարկը՝ «Եկեղեցու անդամների՝ տվողների և ստացողների բնավորության ձևավորումը, փրկելով նրանց մեջ լավագույնը և արթնացնելով հոգու ննջող հարստությունը, բերելով այն ծաղկման և բերքատվության, ինչը, ի վերջո, հանդիսանում է այս Եկեղեցու գոյության առաքելությունը, նպատակը և պատճառը»:6

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. David O. McKay, in Henry D. Taylor, The Church Welfare Plan, unpublished ms., Salt Lake City (1984), 26–27.

  2. Heber J. Grant, in Conference Report, Oct. 1933, 5.

  3. In James R. Clark, comp., Messages of the First Presidency of The Church of Jesus Christ of Latter-day Saints, 6 vols., (1965–75) 5:332–34.

  4. Heber J. Grant, in Conference Report, Oct. 1936, 3.

  5. Robert D. Hales, “Welfare Principles to Guide Our Lives: An Eternal Plan for the Welfare of Men’s Souls,” Ensign, May 1986, 28.

  6. Ջ. Ռուբեն Քլարկը ցցի նախագահների հատուկ ժողովին, հոկտ. 2, 1936թ.:

Առաջին Նախագահությունից՝Նախագահներ Դեյվիդ Օ. Մակքեյը, Հեբեր Ջ. Գրանտը և Ջ. Ռուբեն Քլարկ Կրտսերը (ձախից աջ) 1940թ. Բարօրության Հրապարակ այցի ժամանակ:

Լինի հաց թխելը (վերին ձախում), խաղող աճեցնելը (վերին աջում), թե որևէ այլկերպ օգնություն տրամադրելը, Եկեղեցու Բարօրության ծրագիրը նպատակ ունի զարգացնելու ինքնապահովման ունակություններ՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: