2011
Սուրբ Տաճար` փարոս աշխարհին
Մայիս 2011


Սուրբ Տաճար՝ փարոս աշխարհին

Եկեղեցու անդամության ամենակարևոր և պսակող օրհնությունները Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են:

President Thomas S. Monson

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես իմ սերն ու ողջույններն եմ հղում ձեզ բոլորիդ և աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրը ուղղորդի իմ մտքերը և ոգեշնչի ինձ, այսօր իմ խոսքը ձեզ հղելիս:

Կուզենայի սկսել մեկ-երկու մեկնաբանություն անելով հրաշալի ուղերձների վերաբերյալ, որ լսեցինք այս առավոտ Քույր Ալրեդի և Եպիսկոպոս Բըրթնի, և մյուսների կողմից՝ Եկեղեցու բարօրության ծրագրի վերաբերյալ: Ինչպես նշվեց, այս տարի նշվում է այդ ոգեշնչված ծրագրի 75-ամյակը, որն օրհնել է շատերի կյանքը: Ես արտոնություն եմ ունեցել անձնապես ճանաչելու նրանց, ովքեր ձեռնարկեցին այդ մեծ աշխատանքը. նրանք կարեկցանքով լի և հեռատես տղամարդիկ էին:

Ինչպես Եպիսկոպոս Բըրթնն, Քույր Ալրեդը և մյուսները հիշատակեցին, ծխի եպիսկոպոսի պատասխանատվությունն է՝ հոգ տանել իր ծխի սահմաններում ապրող կարիքավորների համար: Ես նման արտոնություն եմ ունեցել, երբ նախագահում էի որպես շատ երիտասարդ եպիսկոպոս Սոլթ Լեյք Սիթիի մի ծխում, որն ուներ 1080 անդամ, որոնցից 84-ը այրիներ էին: Շատերը օգնության կարիք ունեին: Որքան երախտապարտ էի ես Եկեղեցու բարօրության ծրագրի և Սփոփող Միության ու քահանայության քվորումների օգնության համար:

Ես հայտարարում եմ, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու բարօրության ծրագիրը ոգեշնչված է Ամենազոր Աստծո կողմից:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, այս համաժողովին լրանում է երեք տարին, ինչ ես հաստատվել եմ որպես Եկեղեցու Նախագահ: Իհարկե, դրանք եղել են զբաղված տարիներ, լի բազում մարտահրավերներով, ինչպես նաև անթիվ օրհնություններով: Տաճարներ նվիրագործելու և վերանվիրագործելու հնարավորությունը եղել է դրանցից առավել հաճելի և սուրբ օրհնությունը, և այսօր ես ուզում եմ խոսել տաճարի մասին:

1902թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին Եկեղեցու Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը իր բացման խոսքում հույս հայտնեց, որ մի օր մենք «տաճարներ կունենանք՝ կառուցված երկրի տարբեր մասերում, որտեղ դրանք անհրաժեշտ են մարդկանց հարմարավետության համար»:1

Եկեղեցու կազմավորումից ի վեր, առաջին 150 տարվա ընթացքում՝ 1830-1980թթ., 21 տաճար է կառուցվել, այդ թվում՝ Կիրթլենդի, Օհայո, և Նավույի, Իլինոյս, տաճարները: Ի տարբերություն դրա, 30 տարում 1980-ից ի վեր 115 տաճարներ են կառուցվել և նվիրագործվել: Երեկ հայտարարված 3 նոր տաճարներից բացի, 26 տաճարներ կառուցման կամ կառուցումը սկսելու փուլում են: Այս թիվը կշարունակի աճել:

Նպատակը, որի համար հույս էր փայփայում Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը 1902թ., դառնում է իրականություն: Մեր ցանկությունն է՝ մեր անդամների համար տաճարը դարձնել որքան հնարավոր է մատչելի:

Այժմ կառուցման փուլում գտնվող տաճարներից մեկը Մանաուսի տաճարն է Բրազիլիայում: Տարիներ առաջ ես կարդացի հարյուր անդամից ավել բաղկացած մի խմբի մասին, որ Ամազոնի սրտում գտնվող Մանաուսից մեկնել էր այն ժամանակ մոտակա Սան Պաոլոյի տաճար, որը մոտ 4000 կմ. հեռու է Մանաուսից: Այդ հավատարիմ Սրբերը չորս օր նավակով ճամփորդել էին Ամազոն գետով և դրա վտակներով: Ջրի վրայով այդ նավարկությունն ավարտելով, նրանք ևս երեք օր ճամփորդել էին ավտոբուսով, խորդուբորտ ճանապարհներով, չունենալով բավականաչափ ուտելիք և քնելու հարմարավետ տեղ: Յոթ օր ու գիշեր ճամփորդելուց հետո, նրանք հասել էին Սան Պաոլոյի տաճար, որտեղ հավերժական արարողություններ էին կատարվել: Անշուշտ, նրանց ետդարձի ճանապարհը նույնպես դժվար էր: Ինչևէ, նրանք ստացել էին տաճարային ծեսերն ու օրհնությունները, և թեպետ նրանց դրամապանակները դատարկ էին, նրանք լցված էին տաճարի ոգով և իրենց ստացած օրհնությունների համար երախտագիտությամբ:2 Այժմ՝ տարիներ անց, Մանաուսի մեր անդամները երջանիկ են, տեսնելով Ռիո Նեգրո Գետի ափին կառուցվող իրենց տաճարը: Տաճարները ուրախություն են պարգևում մեր հավատարիմ անդամներին, որտեղ էլ որ դրանք կառուցվեն:

Աստծո տաճարներում առկա օրհնությունները ստանալու համար կատարված զոհաբերությունների մասին տեղեկությունները միշտ հուզել են իմ սիրտը և տաճարների համար երախտագիտության նոր զգացում պարգևել:

Թույլ տվեք ձեզ պատմել Թիհի և Թարարաինա Մու Թամի և նրանց 10 երեխաների մասին: Ամբողջ ընտանիքը, բացի դուստրերից մեկից, միացել էր Եկեղեցուն 1960-ականների սկզբին, երբ միսիոներները եկան իրենց կղզի, որը գտնվում է Թաիթիից մոտ 160 կմ. դեպի հարավ: Շուտով նրանք սկսեցին փափագել տաճարում կնքված հավերժական ընտանիքի օրհնությունները:

Այդ ժամանակ Մու Թամի ընտանիքի համար մոտակա տաճարը Համիլտոն Նոր Զելանդիա տաճարն էր, որը գտնվում էր ավելի քան 4000 կմ. դեպի հարավարևմուտք և հասանելի էր միայն թանկ ինքնաթիռով: Մու Թամի մեծ ընտանիքը, որն իր աղքատիկ ապրուստը հայթհայթում էր փոքր պլանտացիայում, գումար չուներ ինքնաթիռի տոմս գնելու համար, իսկ իրենց Խաղաղօվկիանոսյան կղզում աշխատանքի որևէ հնարավորություն չկար: Այսպիսով, Մու Թամը և նրա որդին՝ Ջերարդը, դժվարին որոշում կայացրեցին՝ ճանապարհորդել 4800 կմ., որպեսզի աշխատեին Նյու Կալեդոնիայում, որտեղ մյուս որդին արդեն աշխատում էր: Գործատուն իր աշխատողներին վճարում էր հանքեր հասնելու, բայց ոչ տուն վերադառնալու համար:

Մու Թամ ընտանիքի երեք տղամարդիկ աշխատեցին չորս տարի: Եղբայր Մու Թամը մեկ անգամ կարճ ժամանակով միայնակ վերադարձավ տուն՝ դստեր ամուսնությանը մասնակցելու համար:

Չորս տարի անց, Եղբայր Մու Թամը և նրա որդիները խնայեցին այնքան գումար, որով հնարավոր էր ընտանիքը տանել Նոր Զելանդիայի Տաճար: Բոլորը, ովքեր անդամ էին, գնացին, մեկ դստերից բացի, որը երեխա էր սպասում: Նրանք կնքվեցին ժամանակի և հավերժության համար՝ աննկարագրելի հրաշալի մի փորձառություն:

Եղբայր Մու Թամը տաճարից վերադարձավ ուղիղ Նյու Կալեդոնիա, որտեղ նա երկու տարի ևս աշխատեց, որպեսզի վճարեր իրենց հետ տաճար չայցելած դստեր, նրա ամուսնու և երեխայի ուղեվարձը:

Իրենց կյանքի վերջին տարիներին, Եղբայր և Քույր Մու Թամերը ցանկացան ծառայել տաճարում: Այդ ժամանակ կառուցվեց և նվիրագործվեց Պապետե Թաիթի Տաճարը և նրանք չորս միսիա ծառայեցին այնտեղ:3

Իմ եղբայրներ և քույրեր, տաճարները միայն քար ու շաղախ չեն: Նրանք լցված են հավատքով ու ծոմով: Դրանք կառուցվում են փորձություններով և վկայություններով: Դրանք սրբագործվում են զոհաբերությամբ և ծառայությամբ:

Այս տնտեսության մեջ կառուցված առաջին տաճարը Կիրթլանդի տաճարն էր Օհայոյում: Այդ ժամանակ Սրբերն աղքատ էին, սակայն Տերը պատվիրեց, որ տաճար կառուցվի, այնպես որ նրանք գործի անցան: Այդ փորձառության մասին Երեց Հեբեր Ս. Քիմբալը գրել է. «Տերը միայն գիտի, թե ինչպիսի աղքատության, զրկանքների և վշտի միջով ենք մենք անցել, դա կատարելու համար»:4 Եվ ապա, երբ ամեն ինչ փութաջանորեն ավարտվել էր, Սրբերը ստիպված էին հեռանալ Օհայոյից և իրենց սիրելի տաճարից: Նրանք, թեպետ ժամանակավոր, բայց ի վերջո ապաստան գտան Միսիսիպի գետի ափին՝ Իլինոյս նահանգում: Նրանք իրենց բնակավայրն անվանեցին Նավու, և կրկին պատրաստ էին տալ այն ամենը, ինչ ունեին, և իրենց անաղարտ հավատքով նրանք մեկ այլ տաճար կառուցեցին իրենց Աստծո համար: Հալածանքները մոլեգնում էին, և Նավույի Տաճարի կառուցումը գրեթե ավարտին էր հասնում, երբ նրանք կրկին անգամ քշվեցին իրենց տներից՝ ապաստան փնտրելով ամայի վայրերում:

Մաքառումներն ու զոհաբերությունները դարձյալ սկսվեցին, երբ նրանք 40 տարի տքնեցին Սոլթ Լեյքի Տաճարը կառուցելու համար, որը հրաշագեղ կանգնած է մեր այս տարածքում՝ Համաժողովների Կենտրոնից մի փոքր դեպի հարավ:

Մեծ զոհաբերություններ են կատարվել տաճարի կառուցման և տաճար այցելելու համար: Անթիվ անդամներ են աշխատել և մաքառել, որպեսզի իրենք և իրենց ընտանիքները օրհնություններ ստանան Աստծո տաճարներում:

Ինչո՞ւ են այդքան շատերը ցանկանում տալ այդքան շատ՝ տաճարի օրհնությունները ստանալու համար: Ովքեր հասկանում են տաճարից եկող հավերժական օրհնությունները, գիտեն, որ ոչ մի զոհաբերություն այդքան մեծ չէ, ոչ մի գին այդքան ծանր չէ, ոչ մի մաքառում այդքան դժվար չէ, այդ օրհնությունները ստանալու համար: Ճամփորդելու համար մղոնները երբեք շատ չեն, հաղթահարելու համար խոչընդոտները մեծ չեն կամ համբերելու համար անհարմարությունը չափից շատ չէ: Նրանք հասկանում են, որ տաճարում ստացվող փրկող ծեսերը, որ թույլ են տալիս մի օր վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ՝ հավերժական ընտանիք և օժտվել օրհնություններով ու բարձրյալի զորությամբ, արժեն ամեն զոհաբերություն և ամեն ջանք:

Այսօր տաճար այցելելու համար մեզանից շատերը ստիպված չեն մեծ տառապանքներ կրել: Եկեղեցու անդամների ութսունհինգ տոկոսն այժմ ապրում է տաճարից 320 կմ. հեռավորության սահմաններում, իսկ մեզանից շատերի համար այդ տարածությունը շատ ավելի կարճ է:

Եթե դուք տաճարում եղել եք, և եթե ինչ-որ չափով մոտ եք ապրում տաճարին, ձեր զոհաբերությունը կարող է լինել ձեր զբաղված կյանքից ժամանակ տրամադրելը՝ կանոնավոր տաճար այցելելու համար: Մեր տաճարներում դեռ շատ աշխատանք կա անելու նրանց համար, ովքեր սպասում են վարագույրի այն կողմում: Նրանց համար աշխատանք կատարելով, մենք կիմանանք, որ իրականացրել ենք այն, ինչը նրանք չեն կարող անել իրենց համար: Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթն իր հզոր հայտարարության մեջ ասել է. «Նրանց համար գործադրվող մեր ջանքերի շնորհիվ նրանց գերության շղթաները կընկնեն և նրանց շրջապատող խավարը կցրվի, որ լույս շողա նրանց վրա, և նրանք հոգիների աշխարհում կլսեն այն աշխատանքի մասին, որ նրանց համար կատարել են իրենց զավակները այստեղ, և նրանք կհրճվեն ձեզ հետ այդ պարտականությունները կատարելու համար»:5 Իմ եղբայրներ և քույրեր, մենք պետք է կատարենք այդ աշխատանքը:

Իմ ընտանիքում, մեր ամենասուրբ և թանկագին փորձառություններից մի քանիսը տեղի են ունեցել, երբ մենք միացել ենք տաճարում՝ կնքող արարողություններ կատարելու մեր մահացած նախնիների համար:

Եթե դուք դեռ չեք եղել տաճարում, կամ եթե եղել եք, սակայն այժմ երաշխավորագիր չունեք, չկա ավելի կարևոր նպատակ ձեզ համար, քան ձգտել արժանի դառնալ տաճար գնալուն: Ձեր զոհաբերությունը կարող է ձեր կյանքը համապատասխան դարձնել երաշխավորագիրը ստանալուն, օրինակ՝ դա կարող է լինել երկարատև սովորությունները թողնելը, որոնք ձեզ անարժան են դարձնում: Դա կարող է լինել տասանորդը վճարելու համար հավատք ունենալը և կարգապահությունը: Ինչ էլ որ լինի, արժանացեք Աստծո տաճար մտնելուն: Ձեռք բերեք տաճարի երաշխավորագիր և այն համարեք թանկագին բան, քանի որ դա այդպես էլ կա:

Եթե չեք մտել Տիրոջ տուն և չեք ստացել բոլոր օրհնությունները, որ սպասում են ձեզ այնտեղ, դուք ձեռք չեք բերել այն ամենը, ինչ Եկեղեցին է առաջարկում: Եկեղեցու անդամության ամենակարևոր և պսակող օրհնությունները Աստծո տաճարներում ստացվող օրհնություններն են:

Արդ, դեռահաս տարիքում գտնվող իմ երիտասարդ ընկերներ, միշտ ձեր տեսադաշտում պահեք տաճարը: Մի արեք այնպիսի բաներ, որոնք ձեզ կհեռացնեն տաճար մտնելու հնարավորությունից և այնտեղի սուրբ և հավերժական օրհնությունները ճաշակելուց: Ես գովում եմ ձեզանից նրանց, ովքեր արդեն կանոնավոր գնում են տաճար և կատարում մահացածների համար մկրտություններ, առավոտ շուտ արթնանալով, որպեսզի կարողանաք մասնակցել նման մկրտություններին մինչև դպրոց գնալը: Ես չեմ պատկերացնում օրը սկսելու ավելի լավ ձև:

Փոքր երեխաների ծնողներ, ցանկանում եմ կիսվել ձեզ հետ Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի մի իմաստուն խորհրդով: Նա ասել է. «Հրաշալի բան կլինի, եթե … ծնողներն իրենց տան յուրաքանչյուր ննջասենյակում տաճարի նկար ունենան, որ [իրենց երեխաները] մանուկ հասակից ամեն օր նայեն այդ նկարին, մինչև որ այն կդառնա իրենց կյանքի մասը: Երբ նրանք հասնեն այն տարիքին, երբ պետք է շատ կարևոր որոշում կայացնեն [տաճար գնալու վերաբերյալ], այն արդեն կայացված կլինի»:6

Երեխաների Խմբում մեր երեխաները երգում են.

Ես սիրում եմ տաճարը,

Մի օր այնտեղ կգնամ,

Իմ Հոր հետ ուխտ կկապեմ,

Հնազանդվել կխոստանամ:7

Ես աղերսում եմ ձեզ, ձեր երեխաներին ուսուցանեք տաճարի կարևորության մասին:

Աշխարհը կարող է լինել բարդ ու դժվարին տեղ, որտեղ մենք ապրում ենք: Մենք հաճախ շրջապատվում ենք բաներով, որ մեզ քաշում են ներքև: Երբ դուք և ես գնում ենք Աստծո սուրբ տուն, հիշում ենք այնտեղ կապած մեր ուխտերը, մենք ավելի տոկուն ենք դառնում՝ կրելու ամեն փորձություն և հաղթահարելու ամեն գայթակղություն: Այս սրբավայրում մենք խաղաղություն ենք գտնում, մենք նրանում և ամրապնդվում ենք:

Այժմ, իմ եղբայրներ և քույրեր, նախքան խոսքս ավարտելը կուզենայի նշել ևս մեկ տաճարի մասին: Ոչ հեռու ապագայում, երբ նոր տաճարներ կկառուցվեն ողջ աշխարհում, դրանցից մեկը վեր կխոյանա մի քաղաքում, որը գոյություն ունի արդեն 2500 տարուց ավել: Ես խոսում եմ այն տաճարի մասին, որն այժմ կառուցվում է Հռոմում, Իտալիա:

Ամեն տաճար Աստծո տուն է. դրանք կատարում են նույն ֆունկցիաներն ու արարողությունները և շնորհում են նույն օրհնությունները: Հռոմի Տաճարը Իտալիայում եզակի է նրանով, որ կառուցվում է աշխարհի ամենապատմական վայրերից մեկում՝ մի քաղաքում, որտեղ հնում Պետրոս և Պողոս Առաքյալները քարոզել են Քրիստոսի ավետարանը և որտեղ նրանք երկուսն էլ նահատակվել են:

Անցյալ հոկտեմբերին, երբ մենք հավաքվել էինք Հռոմի հյուսիսարևելյան ծայրամասի մի հիասքանչ հովերգական վայրում, ես առիթ ունեցա նվիրագործման աղոթքն ասել, երբ մենք պատրաստվում էինք կատարել հողակտորի բացումը: Ես ոգեշնչում ստացա, որ կանչեմ Իտալիայի սենատոր Լուչիո Մալանիին և Հռոմի փոխքաղաքապետ Ջուզեպպե Չիարդիին առաջինը փորել հողը: Նրանք երկուսն էլ նշանակալի դեր էին խաղացել, որպեսզի մեզ թույլատրվեր տաճար կառուցել իրենց քաղաքում:

Օրն ամպած, սակայն տաք էր: Թեպետ անձրև պիտի տեղար, միայն մեկ կամ երկու կաթիլ թափվեց: Երբ հրաշալի երգչախումբը իտալերեն կատարեց «Աստծո Հոգին» սքանչելի մեղեդին, կարծես երկինքն ու երկիրը միացել էին առ Ամենազոր Աստված գոհաբանության և երախտագիտության փառահեղ օրհներգի մեջ: Արցունքները դժվար էր զսպել:

Մի գալիք օր, այս «հավերժական քաղաքի» հավատարիմ անդամները Աստծո սուրբ տանը կստանան իրենց բնույթով հավերժական ծեսերը:

Ես իմ անսպառ երախտագիտությունն եմ հայտնում իմ Երկնային Հորը այն տաճարի համար, որն այժմ կառուցվում է Հռոմում, և ամենուր գտնվող մեր բոլոր տաճարների համար: Յուրաքանչյուրը կանգնած է որպես փարոս աշխարհի համար, որպես մեր վկայության արտահայտում, որ Աստված՝ մեր Երկնային Հայրը ապրում է, որ Նա ցանկանում է օրհնել մեզ և, իսկապես, օրհնել բոլոր սերունդների Իր որդիներին և դուստրերին: Մեր տաճարներից յուրաքանչյուրը արտահայտում է մեր վկայությունն այն մասին, որ կյանքը գերեզմանից այն կողմ իրական է և այնքան որոշակի, որքան երկրի վրա մեր կյանքը: Ես դա վկայում եմ:

Իմ եղբայրներ և քույրեր, թող որ մենք կատարենք ամեն անհրաժեշտ զոհաբերություն, որպեսզի հաճախենք տաճար և ունենանք տաճարի ոգին մեր սրտերում և մեր տներում: Թող որ մենք գնանք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետքերով, որը կատարեց մեծագույն զոհաբերությունը մեզ համար, որ մենք կարողանանք ունենալ հավերժական կյանք և վեհացում մեր Երկնային Հոր արքայությունում: Սա է իմ անկեղծ աղոթքը, և ես ասում այն մեր Փրկիչ՝ Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

ՀՂՈՒՄՆԵՐ

  1. Joseph F. Smith, in Conference Report, Oct. 1902, 3.

  2. Տես Vilson Felipe Santiago and Linda Ritchie Archibald, “From Amazon Basin to Temple,” Church News, Mar. 13, 1993, 6:

  3. Տես C. Jay Larson, “Temple Moments: Impossible Desire,” Church News, Mar. 16, 1996, 16:

  4. Heber C. Kimball, in Orson F. Whitney, Life of Heber C. Kimball (1945), 67.

  5. Teachings of Presidents of the Church: Joseph F. Smith (1998), 247.

  6. The Teachings of Spencer W. Kimball, ed. Edward L. Kimball (1982), 301.

  7. Janice Kapp Perry, “I Love to See the Temple,” Children’s Songbook, 95.