Կանչված լինելու Սրբեր
Որքան օրհնված ենք մենք, որ բերվել ենք Վերջին Օրերի Սրբերի շարքերը:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, ես աղոթում եմ, որ Սուրբ Հոգին օգնի ինձ մատուցել իմ ուղերձը:
Երբ ես այցելում եմ ցցերի, ծխերի և ճյուղերի համաժողովներին, միշտ հանդիպելով Եկեղեցու անդամներին՝ նրանց, ովքեր այսօր և հնում կոչվում են Սրբեր,լցվում եմ մեծ ուրախությամբ: Խաղաղության և սիրո ոգին, որը ես միշտ զգում եմ, երբ նրանց հետ եմ, օգնում է ինձ գիտակցել, որ ես Սիոնի ցցերից մեկում եմ:
Թեև շատերը այնպիսի ընտանիքներից են, որոնք արդեն երկու կամ ավել սերունդ ունեն Եկեղեցում, շատերը նորադարձեր են: Նրանց համար մենք կրկնում ենք Եփեսացիներին ուղղված Պողոս Առաքյալի ողջույնի խոսքերը.
«Ուրեմն այսուհետև այլևս օտար և պանդուխտ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ և Աստուծո ընտանիքներ.
Առաքյալների և մարգարեների հիմքի վրա շինուած. որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է» (Եփեսացիս Բ.19–20):
Մի քանի տարի առաջ, երբ Մեքսիկայում ես ծառայում էին, Եկեղեցու հանրային կապերի գրասենյակում, մեզ հրավիրեցին մասնակցելու ռադիո թոք-շոուի: Հաղորդման նպատակն էր նկարագրել և քննարկել աշխարհի տարբեր կրոները: Մեզանից երկուսին հանձնարարվեց ներկայացնել եկեղեցին, պատասխանելով հարցերին, որ տրվում են նման հաղորդման ժամանակ: Մի քանի «եթերաժամից» հետո, ինչպես ասում են ռադիոյի լեզվով, հաղորդավարը հայտարարեց. «Այս երեկո մեզ հետ են երկու երեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց»: Նա մի պահ կանգ առավ, ապա հարցրեց. «Ինչո՞ւ Եկեղեցին այդքան երկար անվանում ունի: Ինչո՞ւ չեք օգտագործում ավելի հակիրճ կամ ավելի կոմերցիոն անուն»:
Ի պատասխան այդ հրաշալի հարցի ես և իմ ուղեկիցը ժպտացինք, ապա սկսեցինք բացատրել, որ եկեղեցու անվանումը մարդկանց կողմից չի ընտրվել: Այն տրվել է Փրկչի կողմից վերջին օրերի մարգարեի միջոցով: «Քանզի այսպես պիտի կոչվի իմ եկեղեցին վերջին օրերին, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի» (ՎևՈւ 115.4): Հաղորդավարն անմիջապես և հարգանքով պատասխանեց. «Այդ դեպքում մենք կկրկնենք այն մեծ հաճույքով»: Ես հիմա չեմ հիշում, թե քանի անգամ նա կրկնեց եկեղեցու նշանավոր անվանումը, բայց ես չեմ մոռանա այն քաղցր հոգին, որը ներկա էր, երբ մենք բացատրում էինք ոչ միայն եկեղեցու անվանման ծագումը, այլ թե ինչպես է այն եկեղեցու յուրաքանչյուր անդամի՝ անվանում Վերջին Օրերի Սրբեր:
Նոր Կտակարանում մենք կարդում ենք, որ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամները առաջին անգամ կոչվեցին Քրիստոնեաներ Անտիոքում (տես Գործք ԺԱ.26), բայց միմյանց նրանք Սրբեր էին կոչում: Որքան հուզիչ պետք է որ լիներ նրանց համար լսելը, թե ինչպես էր Պողոս Առաքյալը կոչում իրենց «սուրբերի հետ համաքաղաքացիներ և Աստծո ընտանիքներ» (Եփեսացիս Բ.19) և « կանչուած լինելու սուրբեր» (Հռովմայեցիս 1.6–7, շեշտադրումն ավելացված է):
Որքան որ Եկեղեցու անդամները ապրեն ըստ ավետարանի և հետևեն մարգարեների խորհրդին, այդքան նրանք, աստիճանաբար, անգամ, իրենց համար աննկատ կսրբագործվեն: Եկեղեցու խոնարհ անդամները, որոնք ամենօրյա ընտանեկան աղոթք և սուրբ գրությունների ուսումնասիրություն են վարում, ընդգրկված են ընտանեկան պատմության մեջ և նվիրաբերում են իրենց ժամանակը՝ հաճախ տաճարում ՝լինելով և երկրպագելով, դառնում են Սրբեր: Դրանք հավերժական ընտանիքներ ստեղծելուն նվիրված մարդիկ են: Նրանք, իրենց զբաղված կյանքում՝ ժամանակ են գտնում փրկելու համար նրանց, ովքեր հեռացել են Եկեղեցուց, և նրանց խրախուսում են վերադառնալ և նստել Տիրոջ սեղանի շուրջը: Նրանք այն երեցներն ու քույրերն են, և տարեց զույգերը, ովքեր որպես միսիոներներ արձագանքում են ծառայելու կանչին: Այո, իմ եղբայրներ և քույրեր, նրանք դառնում են Սրբեր այնքանով, որքանով որ բացահայտում են այն ջերմ և սքանչելի զգացումը, որը կոչվում է գթություն՝ Քրիստոսի մաքուր սեր (տես Մորոնի 7.42–48):
Սրբերը, կամ Եկեղեցու անդամները, նույնպես սկսում են ճանաչել մեր Փրկչին դժվարությունների և փորձությունների միջոցով: Եկեք չմոռանանք, որ անգամ Նա է տառապել բոլոր բաների համար: «Եվ նա իր վրա վեր կառնի ամահ, որ կարողանա արձակել մահվան կապանքները, որոնք կապում են իր ժողովրդին. և նա իր վրա վեր կառնի նրանց թուլությունները, որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, ըստ մարմնի, որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին ըստ նրանց թուլությունների» (Ալմա 7.12):
Վերջին մի քանի տարիների ընթացքում ես ականատեսն եմ եղել շատ մարդկանց տառապանքների, ներառյալ՝ մեր շատ Սրբերի: Մենք շարունակ աղոթում ենք նրանց համար, խնդրելով Տիրոջ ողորմածությունը, որպեսզի նրանց հավատքը չթուլանա, և նրանք կարողանան համբերությամբ առաջ գնալ: Նրանց համար մենք կրկնում ենք Մորմոնի Գրքից մարգարե Հակոբի սփոփանքի խոսքերը.
«Օհ, ուրեմն, իմ սիրելի եղբայրներ, եկեք դեպի Տերը՝ դեպի Սուրբը: Հիշեք, որ նրա շավիղներն արդար են: Ահա, ճանապարհը մարդու համար նեղ է, բայց այն ձգվում է ուղիղ հունով նրա առջև, և դռան պահապանը Սուրբն է Իսրայելի. և այնտեղ նա չի պահում ոչ մի ծառա. և չկա ուրիշ ոչ մի ճանապարհ, բացի այդ դռնից. քանզի նա չի կարող խաբվել, քանզի Տեր Աստված է նրա անունը:
Եվ ով որ թակի, նրա համար կբացի նա» (2 Նեփի 9.41–42):
Կարևոր չէ, թե ինչպիսին են մեզ շրջապատող պայմանները, փորձությունները կամ խնդիրները, Քրիստոսի վարդապետության և Նրա Քավության ընկալումը կլինի մեր ուժի և խաղաղության աղբյուրը: Այո, եղբայրներ և քույրեր, դա ներքին խաղաղություն է, որը ծնվում է Հոգուց, և որը Տերը տալիս է Իր հավատարիմ Սրբերին: Նա սնուցում է մեզ, ասելով. «Խաղաղություն եմ թողնում ձեզ … ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27):
Տարիներ շարունակ ես տեսել եմ եկեղեցու անդամների՝ Վերջին Օրերի Սրբերի հավատարմությունը, ովքեր մեր Երկնային Հոր ծրագրի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ հավատքի շնորհիվ հաղթահարել են թե փորձություններ և թե դժվարություններ՝ քաջությամբ և մեծ եռանդով, մնալով և շարունակելով առաջ գնալ սրբագործման նեղ ու անձուկ ճանապարհով: Ես պատշաճ բառեր չեմ գտնում արտահայտելու իմ գնահատանքը և հիացմունքը բոլոր այդ հավատարիմ Սրբերի հանդեպ, ում հետ պատիվ եմ ունեցել շփվելու:
Թեև ավետարանի մեր հասկացողությունը կարող է չլինել այնքան խորը, որքան դրա ճշմարտության մասին մեր վկայությունը, եթե մենք վստահենք Տիրոջը, մենք կսատարվենք մեր բոլոր դժվարություններում, փորձություններում և տառապանքներում (տես Ալմա 36.3): Տիրոջից Իր Սրբերին տված այս խոստումը չի ենթադրում, որ մենք ազատված կլինենք տառապանքներից կամ փորձություններից, այլ որ կսատարվենք դրանց միջոցով և կիմանանք, որ Տերն է, որ սատարել է մեզ:
Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, որքան օրհնված ենք մենք, որ բերվել ենք Վերջին Օրերի Սրբերի շարքերը: Որքան օրհնված ենք մենք, որ Փրկչի մասին մեր վկայությունները գտնվում են անցյալ և ժամանակակից մարգարեների վկայությունների կողքին:
Ես վկայում եմ, որ մեր Տերը՝ Իսրայելի Սուրբը, ապրում է, և որ Նա մեր սիրելի մարգարե Թոմաս Ս. Մոնսոնի միջոցով ղեկավարում է Իր Եկեղեցին՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Մեր Տեր՝ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: