2011
Ես հավատում եմ ազնիվ և ճշմարիտ լինելուն
Մայիս 2011


Ես հավատում եմ ազնիվ և ճշմարիտ լինելուն

Մեր համոզմունքներին հավատարիմ լինելը, նույնիսկ, երբ դա չի ընդունվում ուրիշների կողմից, հեշտ կամ զվարճալի չէ, պահում է մեզ ապահով ուղու վրա, որը տանում է մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքի:

Ann M. Dibb

Իմ թանկագին երիտասարդ կանայք, այս երեկո ձեր առջև կանգնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և արտոնություն: Դուք հիանալի և ոգեշնչող տեսք ունեք:

Հավատո տասներեքերորդ հանգանակը 2011թ. Միացյալ ժամի թեման է: Երբ ես այս տարի այցելում էի երիտասարդական հավաքներին և հաղորդության ժողովներին, լսում էի, ինչպես էին երիտասարդ տղամարդիկ և երիտասարդ կանայք պատմում, թե ինչ նշանակություն ունի հավատո տասներեքերորդ հանգանակը նրանց համար և ինչպես է այն կիրառվում իրենց կյանքում: Շատերը գիտեն այն որպես հավատո վերջին հանգանակ՝ ամենաերկարը և ամենադժվարը անգիր սովորելու համար, և միշտ հույս ունեն, որ եպիսկոպոսը չի խնդրի նրանց անգիր ասել այն: Այնուամենայնիվ, ձեզանից շատերն են հասկանում նաև, որ հավատո տասներեքերորդ հանգանակը շատ ավելին է:

Հավատո տասներեքերորդ հանգանակը ուղեցույց է քրիստոնյա արդար ապրելակերպի համար: Մի պահ պատկերացրեք, թե ինչպիսին կլիներ մեր աշխարհը, եթե բոլորն ընտրեին ապրել ըստ հավատո տասներեքերորդ հանգանակի. «Մենք հավատում ենք ազնիվ, ճշմարիտ, մաքրաբարո, բարյացակամ, առաքինի լինելուն և բոլոր մարդկանց բարիք անելուն: Իրավ, կարող ենք ասել, որ մենք հետևում ենք Պողոս Առաքյալի հորդորանքին. Ամեն բանի հավատում ենք, ամեն բանի համար հույս ունենք, համբերել ենք շատ բաների և հույս ունենք, որ կկարողանանք համբերել բոլոր բաներին: Եթե մի բան առաքինի է, գեղեցիկ, բարեհամբավ, գովեստի արժանի,- մենք ձգտում ենք այդ ամենին»:

Նախագահ Մոնսոնը Մարգարե հաստատվելու առաջին գերագույն համաժողովի կիրակի առավոտյան իր ուղերձում մեջբերեց Փիլիպպեցիս 4.8-ից Պողոսի խորհուրդը, որով ոգեշնչված են տասներեքերորդ հավատո հանգանակի շատ սկզբունքներ: Նախագահ Մոնսոնը չմոռացավ նշել, որ մենք ապրում ենք դժվար ժամանակներում, ուստի՝ քաջալերեց մեզ, ասելով. «Մահկանացու կյանքի այս երբեմն անհույս ճամփորդության ժամանակ, թող որ մենք … հետևենք Պողոս Առաքյալի այդ խորհրդին, որը կօգնի պահել մեզ ապահով և ճիշտ ուղու վրա»:1

Այս երեկո ես կցանկանայի կենտրոնանալ տասներեքերորդ հավատո հանգանակի երկու իրար շատ մոտ գտնվող սկզբունքների վրա, որոնք հաստատապես օգնում են «պահել մեզ ապահով և ճիշտ ուղու վրա»: Ես ունեմ ամուր վկայություն և խոստում ազնիվ և ճշմարիտ լինելու կարևոր սկզբունքների վերաբերյալ:

Առաջինը, «[Ես] հավատում եմ ազնիվ լինելուն»: Ի՞նչ է նշանակում լինել ազնիվ: Հավատքին հավատարիմ գրքույկը սովորեցնում է. «Լինել ազնիվ նշանակում է լինել անկեղծ, ճշմարտախոս և առանց խաբեության՝ բոլոր ժամանակներում»:2 Աստված պատվիրել է լինել ազնիվ,3 և «լիարժեք ազնվությունը կարևոր է մեր փրկության համար»:4

Նախագահ Հովարդ Վ. Հանթերը սովորեցրել է, որ մենք պետք է պատրաստ լինենք լինել կատարելապես ազնիվ: Նա ասել է.

«Տարիներ առաջ մեր աղոթատների նախասրահներում և շքամուտքում կային ազդագրեր, որոնց վերնագիրն էր՝ «Ազնիվ եղեք ինքներդ ձեր հետ»: Դրանցից շատերը վերաբերվում էին կյանքի փոքր և հասարակ բաներին: Ահա այստեղ է մշակվում ազնվության սկզբունքը:

Ոմանք համարում են, որ բարոյապես անիրավացի է անազնիվ լինել մեծ բաներում, չնայած կարծում են, որ ներելի է, եթե այդ բաները մեծ կարևորություն չունեն: Կա՞ արդյոք որևէ տարբերություն անազնվության միջև, որը վերաբերվում է հազար դոլլարին, և անազնվության, որը վերաբերվում է ընդամենը մեկ դայմի: …Կա՞ն արդյոք անազնվության աստիճաններ՝ կախված այն բանից, թե խնդրո առարկան մեծ է, թե փոքր»:

Նախագահ Հանթերը շարունակում է. «Որպեսզի մենք ունենանք Տիրոջ և Սուրբ Հոգու ընկերակցությունը, մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ, Աստծո և մեր մերձավորների հետ: Դա բերում է իսկական երջանկություն»:5

Երբ մենք ազնիվ ենք բոլոր բաներում՝ մեծ և փոքր, մենք ունենում ենք մտքի խաղաղություն և մաքուր խիղճ: Մեր հարաբերությունները բարելավվում են, քանզի դրանք հիմնված են վստահության վրա: Եվ ամենամեծ օրհնությունը, որ գալիս է ազնիվ լինելուց, այն է, որ մենք կարող ենք ունենալ Սուրբ Հոգու ընկերակցությունը:

Ես կցանկանայի կիսվել մի հասարակ պատմությամբ, որն ամրացրել է բոլոր բաներում ազնիվ լինելու իմ խոստումը.

«Մի մարդ … մի օր երեկոյան գնաց իր հարևանի արտից ցորեն գողանալու: Նա իր հետ տարավ իր փոքր տղային, որ նստի ցանկապատի մոտ, հսկի և նախազգուշացնի, եթե որևէ մեկը երևա մոտակայքում: Մարդը ցատկեց ցանկապատի վրայով՝ մի մեծ պարկ ձեռքին, և մինչև կսկսեր ցորենը հավաքել, նա դիտեց իր չորս կողմը նախ մի ուղղությամբ, հետո մյուս, և չտեսնելով որևէ անձնավորության, նա պատրաստվեց լցնել իր պարկը: [Հենց այդ պահին տղան ձայն տվեց]. «Հայրիկ, մի կողմ դեռևս չես նայել: …Դու մոռացար վերև նայել»»:

«Հայրիկ, մի կողմ դեռևս չես նայել: …Դու մոռացար վերև նայել»»:6

Երբ մենք կանգնում ենք անազնիվ լինելու գայթակղության առաջ, իսկ այդ գայթակղությունը բոլորիս համար է, մենք կարող է մտածենք, որ ոչ ոք երբևէ չի իմանա դա: Այս պատմությունը հիշեցնում է մեզ, որ մեր Երկնային Հայրը գիտի ամեն բան և մենք, վերջիվերջո, պատասխանատու ենք Նրա առաջ: Այս մասին իմանալն օգնում է ինձ շարունակաբար ջանալ ապրել համաձայն այդ խոստումի. «[Ես] հավատում եմ ազնիվ լինելուն»:

Տասներեքերորդ հավատո հանգանակի երկրորդ սկզբունքն է՝ «Ես հավատում եմ ճշմարիտ լինելուն»:12 Բառարանը ճշմարիտ բառը սահմանում է որպես հաստատուն, հավատարիմ, ճշտապահ կամ ուղիղ լինել:7

Իմ սիրած գրքերից մեկը Շառլոթա Բրոնտեի կողմից գրված և 1847թ. հրատարակված Ջեյն Էյր բրիտանական դասական վեպն է: Գլխավոր հերոսուհին՝ Ջեյն Էյրը, շատ աղքատ, դեռահաս որբ էր, ով օրինակ էր հանդիսանում նրա, ինչ նշանակում է լինել «ճշմարիտ»: Այս գեղարվեստական գործում մի մարդ՝ պարոն Ռոչեսթըրը, սիրում է օրիորդ Էյրին, սակայն անկարող է ամուսնանալ նրա հետ: Փոխարենը նա խնդրում է օրիորդ Էյրին ապրել իր հետ՝ առանց ամուսնության: Օրիորդ Էյրը նույնպես սիրում է պարոն Ռոչեսթըրին, և մի պահ նա գայթակղվում է, հարցնելով ինքն իրեն. «Աշխարհում ո՞վ է մտածում քո մասին, կամ քո արածով ու՞ մ կվիրավորես»:

Ջեյնի խիղճն անմիջապես պատասխանում է. «Ես մտահոգվում եմ իմ մասին: Ինչքան ավելի եմ զգում, որ մենակ եմ, առանց բարեկամի, առանց պաշտպանի, այնքան ավելի եմ համոզվում, որ ինքս պետք է ինձ հարգեմ: Աստծո տված օրենքը … չեմ խախտի: … Օրենքներն ու սկզբունքներն այն պահերի համար չեն, երբ գայթակղություն չկա: Դրանք հենց այսպիսի րոպեների համար են: … Եթե իմ անձնական հարմարության համար խախտում կատարեի, ապա դրանք ի՞նչ արժեք կունենային: Նրանց ունեցած արժեքին ես միշտ հավատացել եմ:… Այս ժամին կարող եմ միայն հենվել նախնական կարծիքիս, վաղուցվա որոշումներիս վրա, և դրանց վրա եմ ես հենվում»:8

Փորձության հուսահատ պահին Ջեյն Էյրը հավատարիմ մնաց իր համոզմունքներին, նա վստահեց Աստծո կողմից տրված օրենքին, և նա տոկունությամբ «հենվեց դրանց վրա»:

Մեր համոզմունքներին հավատարիմ լինելը, նույնիսկ, երբ դա չի ընդունվում ուրիշների կողմից, հեշտ կամ զվարճալի չէ, պահում է մեզ ապահով ուղու վրա, որը տանում է մեր Երկնային Հոր հետ հավերժական կյանքի: Ես սիրում եմ մի երիտասարդ կնոջ կողմից նկարված այս նկարը, որն իրեն հիշեցնում է Երկնային Հոր հետ հավերժ ապրելու երջանկության փորձառությունն ունենալու իր ցանկության մասին:

smiley face

Ճշմարիտ լինելը հնարավորություն է տալիս նաև մեզ դրական ազդեցություն ունենալ ուրիշների կյանքի վրա: Ես վերջերս լսել եմ երիտասարդ կնոջ մասին այս ոգեշնչող պատմությունը, ով իր համոզմունքներին հավատարիմ լինելու իր խոստման միջոցով մեծ ազդեցություն է ունեցել մեկ այլ երիտասարդ կնոջ կյանքում:

Տարիներ առաջ Քրիսթին ու Ջինը հաճախում էին նույն ավագ դպրոցի երգչախմբի դասերին Հարսթում՝ Տեխաս: Չնայած նրանք միմյանց լավ չգիտեին, Ջինը մի օր պատահմամբ լսել էր Քրիսթիին իր ընկերների հետ կրոնի, իրենց մի շարք համոզմունքների, Աստվածաշնչի սիրված պատմությունների մասին խոսելիս: Վերջերս, Քրիսթիի հետ տարիներ անց հաղորդակցվելուց հետո, Ջինը կիսվեց այս պատմությամբ.

«Ես տխրեցի, քանի որ ոչինչ չգիտեի այն ամենի մասին, ինչ դու և քո ընկերները խոսում էիք, և ուստի Սուրբ Ծննդյան համար ես Աստվածաշունչ խնդրեցի իմ ծնողներից: Ես Աստվածաշունչ ստացա և սկսեցի կարդալ այն: Այսպես սկսվեց իմ կրոնական ճանապարհորդությունը և ճշմարիտ Եկեղեցու իմ փնտրտուքը: Տասներկու տարի անցավ: Այդ ընթացքում ես այցելեցի տարբեր եկեղեցիներ և կանոնավոր հաճաղում էի եկեղեցի, սակայն զգում էի, որ կա ավելին: Մի գիշեր ես ծնկի իջա և աղաչեցի, որ իմանայի, թե ինչ պետք է անեի: Այդ գիշեր ես երազ տեսա քո մասին, Քրիսթի: Ես քեզ չէի տեսել այն ժամանակվանից ի վեր, ինչ մենք ավարտել էինք դպրոցը: Ես կարծում էի, որ իմ երազը տարօրինակ էր, բայց ես այն չէի վերագրում որևէ բանի: Ես նորից էի տեսնում քեզ երազիս՝ հաջորդ երեք օրերի ընթացքում: Որոշ ժամանակ ես մտածում էի իմ երազի նշանակության մասին: Ես հիշեցի, որ դու Մորմոն էիր: Ես այցելեցի Մորմոնական կայք-էջը: Առաջին բանը, որը ես գտա, Իմաստության Խոսքն էր: Իմ մայրը երկու տարի առաջ մահացել էր թոքերի քաղցկեղից: Նա ծխում էր և Իմաստության Խոսքի մասին կարդալը մեծ տպավորություն գործեց ինձ վրա: Ավելի ուշ, ես այցելեցի իմ հոր տուն: Ես նստած էի նրա հյուրասենյակում, և ես սկսեցի աղոթել: Ես խնդրեցի, որ իմանայի, թե ուր գնամ և ինչ անեմ: Այդ պահին հեռուստացույցով Եկեղեցու վերաբերյալ գովազդ էր: Ես գրի առա հեռախոսահամարը և նույն երեկոյան զանգահարեցի: Երեք օր անց զանգահարեցին միսիոներները և հարցրեցին, թե կարող էին արդյոք Մորմոնի Գիրք բերել մեր տուն: Ես ասացի՝ «Այո»: Երեք ու կես ամիս անց ես մկրտվեցի: Երկու տարի անց ես Եկեղեցում հանդիպեցի իմ ամուսնուն: Մենք ամուսնացանք Դալլասի Տաճարում: Այժմ մենք երկու գեղեցիկ փոքրիկ երեխաների ծնողներ ենք:

Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ, Քրիսթի: Դու շատ լավ օրինակ ես եղել ինձ համար դպրոցական տարիներին: Դու բարի ու առաքինի էիր: Միսիոներները սովորեցրեցին ինձ դասերը և հրավիրեցին ինձ մկրտվել, բայց դու եղել ես իմ երրորդ միսիոները: Դու սերմ ես գցել քո վարքի միջոցով և դու իրոք իմ կյանքը ավելի լավն ես դարձրել: Ես այժմ ունեմ հավերժական ընտանիք: Իմ երեխաները կմեծանան՝ իմանալով ավետարանի լրիվությունը: Դա մեծագույն օրհնությունն է, որ մեզանից յուրաքանչյուրին կարող է տրվել: Դու օգնեցիր դա բերել իմ կյանք»:

Երբ ես խոսեցի Քրիսթիի հետ, նա ասաց. «Երբեմն ես մտածում եմ, որ մենք լսում ենք տասներեքերորդ հավատո հանգանակում ընդգծված հատկանիշների շարքը, և այն մեզ չափազանց բարդ է թվում: Այնուամենայնիվ, ես գիտեմ, որ եթե մենք ապրենք այդ սկզբունքներով և ջանանք հետևել Քրիստոսի օրինակին, մենք կարող ենք շատ բան փոխել: … Ես ինձ զգում եմ ճիշտ ինչպես Ամմոնը Ալմա 26.3-ում, որտեղ նա ասում է. «Եվ այս է օրհնությունը, որը պարգևեց մեզ, որ մենք Աստծո ձեռքում գործիքներ դարձվեցինք՝ իրականացնելու այս մեծ աշխատանքը»:

Իմ աղոթքն է, որ ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն ասի՝ «Ես հավատում եմ ազնիվ և ճշմարիտ լինելուն», այլ՝ նաև պարտավորվի ապրել այդ խոստումով ամեն օր: Ես աղոթում եմ, որ այդ անելիս, Երկնային Հոր զորությունը, սերն ու օրհնություններն աջակցեն ձեզ, մինչ դուք կատարում եք աշխատանք, որը ձեզանից յուրաքանչյուրը կանչվել է այստեղ անելու: Ես ասում եմ այս ամենը Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Thomas S. Monson, “Looking Back and Moving Forward,” Liahona, May 2008, 90.

  2. Հավատքին Հավատարիմ (2004), 84:

  3. Տես Ելից 20.15–16:

  4. Ավետարանի սկզբունքները (2009), 179:

  5. Howard W. Hunter, “Basic Concepts of Honesty,” New Era, Feb. 1978, 4, 5.

  6. William J. Scott, “Forgot to Look Up,” Scott’s Monthly Magazine, Dec. 1867, 953.

  7. Տես Merriam-Webster’s Collegiate Dictionary, 11th ed. (2003), “true”:

  8. Շարլոտտա Բրոնտե, Ջեյն Էյր (2003), 356: