Երեց Կարլ Բ. Քուք
Յոթանասունից
Լեզուների ուսուցման միսիայում (Միսիոներների Պատրաստման Կենտրոնին նախորդող կենտրոնը) պատանի միսիոներ լինելով և պատրաստվելով գնալու Համբուրգ, Գերմանիա, Կարլ Բերթ Քուքը դժվարանում էր գերմաներեն սովորել: Մինչ նա փորձում էր տարրական բառապաշար հավաքել, նրա շրջանի անդամները արագ առաջ էին ընթանում, յուրացնելով ավելի բարդ գաղափարներ:
Հուսահատվելով իր դանդաղ առաջընթացից, պատանի Երեց Քուքը աստվածային օգնության դիմեց՝ քահանայության օրհնության և աղոթքի միջոցով: Մի հատկապես սրտանց աղոթքից հետո Երեց Քուքը որոշակի պատասխան ստացավ. Տերը կանչել է նրան ոչ թե կատարյալ սովորելու գերմաներենը, այլ ծառայելու իր ողջ սրտով, մտքով և զորությամբ:
«Ես անմիջապես մտածեցի՝ ես կարող եմ անել դա», - ասում է Երեց Քուքը, որը վերջերս կանչվեց որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ: «Ես կարող եմ ծառայել իմ ողջ սրտով, մտքով և զորությամբ: Ես վեր կացա թեթևության զգացումով: Մի ակնթարթում իմ չափորոշիչները փոխվեցին, և ես սկսեցի այդ ամենին մոտենալ ոչ թե իմ զուգընկերների և շրջանի անդամների, այլ՝ Տիրոջ տեսանկյունից»:
Երեց Քուքն ասում է, որ թեև այդ փորձառությունից հետո նա բոլորովին էլ չսկսեց լեզուն ավելի արագ ըմբռնել, այնուամենայնիվ, նա այլևս անցյալի պես չէր մտահոգվում, քանի որ գիտեր, որ անում էր այն, ինչ Տերը սպասում էր իրենից: Այդ դասը, ասում է նա, կարևոր էր նրա բոլոր կոչումների համար, որ ունեցավ ապագայում, ներառյալ՝ երբ ծառայում էր որպես եպիսկոպոս, ցցի նախագահության խորհրդական, ցցի նախագահ, Նոր Զելանդիայի Օքլենդ Միսիայի նախագահ, Տարածքային Յոթանասունական և այժմ՝ իր ներկա պաշտոնում:
Երեց Քուքը բակալավրի իր կոչումը ստացել է Վեբեր Պետական քոլեջից, իսկ բիզնեսի կառավարման գծով մագիստրոսի կոչումը՝ Յուտայի Պետական համալսարանից: Իր կարիերայի ընթացքում նա, հիմնականում, աշխատել է անշարժ գույքի զարգացման բնագավառում:
Երեց Քուքը ծնվել է Օգդենում՝ Յուտա, ԱՄՆ, 1957թ. հոկտեմբերին, Ռամոնա Քուք Բարքերի և հանգուցյալ Բերթ Ե. Քուքի ընտանիքում: Նա ամուսնացել է Լինեթ Հանսենի հետ 1979թ. դեկտեմբերի 14-ին, Օգդեն Յուտա Տաճարում: Նրանք հինգ զավակների ծնողներ են: