Դրոշակ ազգերի համար
Եթե մենք ուսուցանում ենք Հոգով, իսկ դուք լսում եք Հոգով, մեզանից ոմանք կխոսեն ձեր իրավիճակի մասին, անձնական մարգարեական ուղերձ հղելով անմիջապես ձեզ համար:
Ես այնպես հուզված եմ հնչած երաժշտության յուրաքանչյուր նոտայով և լսած յուրաքանչյուր խոսքով, որ աղոթում եմ՝ խոսելու ի վիճակու լինելու համար:
Նախքան 1846-ի ձմռանը Նավուն թողնելը, Նախագահ Բրիգամ Յանգը մի երազ էր տեսել, որում նա մի հրեշտակ էր տեսել, կոնաձև մի բլրի վրա կանգնած, ինչ-որ տեղ՝ արևմուտքում, մատնացույց անելով ներքևում ընկած հովիտը: Երբ 18 ամիս անց նա ոտք դրեց Սոլթ Լեյքի հովիտը, նա նկատեց մի վայր, որը մեր հավաքման տեղից շատ հեռու չէ, որը նույն սարալանջի ելուստն էր, ինչ նա տեսել էր տեսիլքում:
Ինչպես հաճախ է ասվել այս ամբիոնից, եղբայր Բրիգամը վերցրեց մի բուռ ղեկավարների, բարձրացավ այդ բլրի գագաթը և հայտարարեց այն «Դրոշակի գագաթ»՝ մի անուն, որը կրոնական իմաստ ուներ այս ժամանակակից Իսրայելացիների համար: Երկու հազար հինգ հարյուր տարի առաջ, Եսայիա մարգարեն հայտարարել էր, որ վերջին օրերին «Տիրոջ տան սարը կհաստատվի սարերի գլխին … և նա դրոշակ կբարձրացնե ազգերի համար»:1
Դիտելով պատմության մեջ իրենց պահը որպես այդ մարգարեության մասնակի իրականացում, Եղբայրները ցանկացան, որ ինչ-որ մի դրոշ ծածանվի որը բառացիորեն կդառնա «դրոշակ ազգերի համար»: Երեց Հեբեր Ք. Քիմբալը դեղին մի գլխակապ պատրաստեց: Եղբայր Բրիգամն այն փաթաթեց Երեց Վիլյամ Ռիչարդսի ձեռնափայտին և տնկեց ժամանակավոր դրոշը, Սոլթ Լեյքի Մեծ հովիտը և շրջապատող սարերը հայտարարելով մարգարեացած այն վայրը, որտեղից Տիրոջ խոսքն առաջ կգնար վերջին օրերին:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, այս գերագույն համաժողովը և նրա կիսամյա և ամենամյա մյուս տարբերակներն աշխարհին ուղղված այդ վաղ հայտարարության շարունակությունն են: Ես վկայում եմ, որ վերջին երկու օրվա իրադարձությունները ևս մեկ վկայություն են, ինչպես ասվում է մեր օրհներգերից մեկում. «Տե՛ս, Սիոնի դրոշը բացված է»,2 համոզված եմ որ չափանիշ բառի երկակի իմաստը նպատակային է: Պատահական չէ, որ գերագույն համաժողովի ուղերձների մեր անգլերեն հրատարակությունը տպագրվում է մի ամսագրում, որը կոչվում է Ensign, թարգմանաբար՝ «Դրոշ»:
Համաժողովի ավարտին ես ձեզ խնդրում եմ գալիք օրերին մտածել ոչ միայն ձեր լսած ուղերձների մասին, այլ նաև գերագույն համաժողովի այս եզակի՛ երևույթի մասին՝ թե ըստ մեր՝ Վերջին Օրերի Սրբերի հավատքի, իրականում ինչ են այս գերագույն համաժողովները և թե դրանով ինչ հրավեր ենք մենք հղում, որ աշխարհը լսի և տեսնի: Մենք վկայում ենք յուրաքանչյուր ազգի, ցեղի, լեզվի և ժողովրդի, որ Աստված ոչ միայն ապրում է, այլ նաև խոսում է, որ մեր ժամանակի համար և մեր օրերում այն խորհուրդը, որ դուք լսեցիք Սուրբ Հոգու թելադրանքի միջոցով, «Տիրոջ կամքն է … Տիրոջ խոսքն է … Տիրոջ ձայնն է և Աստծո զորությունն ի փրկություն»:3
Հավանաբար, դուք արդեն գիտեք (եթե չգիտեք, ապա պետք է իմանաք), որ հազվադեպ բացառությամբ է, որ այստեղ ելույթ ունեցողներին թեմա է հանձնարարվում: Յուրաքանչյուրը պետք է ծոմ պահի և աղոթի, ուսումնասիրի և փնտրի, սկսի և դադար տա, և կրկին սկսի, մինչև որ ինքը վստահ կլինի, որ այս համաժողովի համար, ներկայիս համար, անկախ անձնական ցանկություններից կամ մասնավոր նախապատվություններից, նրա թեման հենց այն է, ինչ Տերը ցանկանում է, որ նա խոսի: Յուրաքանչյուր տղամարդ և կին, որին դուք լսել եք այս համաժողովի վերջին 10 ժամերի ընթացքում, փորձել է հավատարիմ լինել այդ հուշմանը: Յուրաքնաչյուրը արտասուք է թափել, մտահոգվել և եռանդուն խնդրել է, որ Տերն ուղղի իրենց մտքերն ու խոսքերը: Եվ ճիշտ ինչպես Բրիգամ Յանգը հրեշտակ էր տեսել այս վայրի բարձունքում, այնպես էլ ես տեսնում եմ այդ հրեշտակներին այստեղ կանգնած: Եկեղեցու բարձրագույն իշխանությունների իմ եղբայրներն ու քույրերը կաշկանդված կզգան այդ նկարագրությունից, սակայն այդպիսին եմ ես տեսնում նրանց՝ հրեշտակային պատգամով մահկանացու սուրհանդակներ՝ տղամարդիկ ու կանայք, որոնք ինձ և ձեզ նման ունեն բոլոր միևնույն ֆիզիկական և ֆինանսական և ընտանեկան դժվարությունները, բայց որոնք հավատքով իրենց կյանքը նվիրաբերել են այն ծառայությանը, որին կանչվել են և այն պարտականությանը, որ քարոզեն Տիրոջ, այլ ոչ թե իրենց խոսքերը:
Մտածեք, թե որքան բազմազան ելույթներ եք դուք լսել, մեկը մյուսից զարմանահրաշ, որոնք համակարգվել են միայն երկնքի թելադրմամբ: Իսկ ինչո՞ւ են նրանք տարբեր: Մեր լսարանի մեծամասնությունը՝ տեսանելի, թե անտես, կազմված է Եկեղեցու անդամներից: Ինչևէ հաղորդակցման նոր զարմանալի մեթոդների շնորհիվ, լսողների ավելի մեծ հավանականություն կա, որոնք Եկեղեցու անդամներ չեն՝ դեռևս: Այնպես որ մեր խոսքը պետք է ուղղենք և՛ նրանց, ովքեր մեզ լավ են ճանաչում, և՛ նրանց, ովքեր մեզ ընդհանրապես չեն ճանաչում: Միայն Եկեղեցու անդամներին դիմելիս մենք պետք է հաշվի առնենք երեխաներին, երիտասարդներին և երիտասարդ ամուրիներին, միջին և տարեց հասակի մարդկանց: Մենք պետք է խոսենք ընտանիքների և ծնողներով ու երեխաներով տան մասին և նույնիսկ նրանց մասին, ովքեր ամուսնացած չեն, երեխաներ չունեն և միգուցե տանից շատ հեռու են: Գերագույն համաժողովի ընթացքում մենք խոսում ենք հավատքի, հույսի, գթության4 և խաչված5 Քրիստոսի հավերժական ճշմարտացիության մասին, ճիշտ ինչպես ուղիղ խոսում ենք այսօրվա առանձին բարոյական խնդիրների մասին: Սուրբ գրություններից մենք հորդոր ունենք՝ «ոչինչ մի ասա այս սերնդին, բացի ապաշխարությունից»,6 միևնույն ժամանակ մենք պարտավորված ենք քարոզել «բարի ավետիքը հեզերին և բժշկելու սրտով կոտրվածներին»: Ինչպիսին էլ որ լինեն՝ համաժողովի այս ուղերձները «ազատություն են հրատարակում գերիներին»7 և հայտարարում են «Քրիստոսի անքննելի հարստությունը»8: Քարոզների լայն բազմազանության մեջ ենթադրվում է, որ յուրաքանչյուրի համար ինչ-որ մի բան կգտնվի: Ենթադրում եմ, այս առումով է Նախագահ Հարոլդ Բ. Լին ասել լավագույն ձևով, որ ավետարանի գործն է՝ «մխիթարել չարչարվողներին և չարչարել հարմարավետ ապրողներին»:9
Մեր մշտական ցանկությունն է, որ գերագույն համաժողովի մեր ուսուցումը լինի այնքան առատաձեռն ու գրկաբաց, որքան Քրիստոսի ուսուցումն էր, հիշելով նաև ապրել մեր սովորածով, որը հատուկ էր Նրա ուղերձներին: Երբևէ եղած ամենահայտնի քարոզը Հիսուսը սկսեց հայտարարելով հրաշալիորեն քնքուշ օրհնություններ, որը յուրաքանչյուրս կցանկանար վայելել՝ օրհնություններ, որոնք խոստացվեցին հոգով աղքատներին, սրտով մաքուրներին, խաղաղասերներին և հեզերին:10 Որքա՜ն վեհացնող են այդ Երանությունները, և որքա՜ն հոգին հանգստացնող: Դրանք ճշմարիտ են: Սակայն այդ նույն քարոզի ժամանակ Փրկիչը շարունակեց, ցույց տալով, թե որքան շատ անձուկ պետք է լինի խաղաղարարի և սրտով մաքուրի ճանապարհը: «Լսել էք, թէ ինչ ասուեց նախնիներին. «Մի՛ սպանիր, – ասաց Նա: –Իսկ ես ձեզ ասում եմ, թէ՝ ամէն մարդ, որ … բարկանում է իր եղբօր վրայ, ենթակայ կը լինի դատաստանի»:11
Եվ նմանապես.
«Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար».
իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում»։12
Ակնհայտորեն, երբ աշակերտության արահետը բարձրանում է, փորձությունն ավելի նեղանում է, մինչև որ մենք հասնում ենք քարոզի այն ծունկ ծալող բարձունքին, որի մասին Երեց Քրիստոֆերսոնը հենց նոր խոսեց. «Արդ, կատարեա՛լ եղէք դուք, ինչպէս որ ձեր երկնաւոր Հայրն է կատարեալ»։13 Սկզբնական հավատարմություն հարթությունների մեղմությունը աշակերտության գագաթնակետին դառնում է խորապես լարված եւ պահանջկոտ: Միանգամայն պարզ է, որ եթե մեկը կարծում է, թե Հիսուսն ուսուցանում էր անմեղսունակության աստվածաբանություն, նա չի կարդացել պայմանագրի վերջնական տարբերակը: Ո՛չ, աշակերտությանը վերաբերող հարցերում Եկեղեցին ճեպասնունդի պատուհան չէ. մենք չենք կարող միշտ «մեր ուզածը» պատվիրել: Գալու է օրը, երբ ամեն ծունկ կծալվի և ամեն լեզու կխոստովանի, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ փրկությունը կարող է գալ միայն Նրա ճանապարհով:14
Գերագույն մեր համաժողովին ցանկանալով չափել ծանր բաները, ինչպեսև ընգրկել ցավամոք ուղերձներ, խնդրում ենք համոզված եղեք, որ երբ մենք խոսում ենք դժվար թեմաների մասին, մենք հասկանում ենք, որ ոչ բոլորն են տռփագրություն դիտում կամ ամուսնությունից խուսափում կամ ապօրինի սեռական կյանք վարում: Մենք գիտենք, որ ոչ բոլորն են խախտում Հանգստության օրը կամ կեղծ վկայություն բերում կամ կողակցի հանդեպ բռնություն կիրառում: Մենք գիտենք, որ մեր լսարանի մեծ մասը նման մեղքեր չի գործում, սակայն մենք լուրջ պարտավորություն ունենք զգուշացնող կոչ հղել նրանց, ովքեր նման բաներ են անում, որտեղ որ լինեն նրանք աշխարհում: Ուրեմն, եթե դուք փորձում եք անել ձեր լավագույնը, օրինակ՝ դուք փորձում եք ընտանեկան երեկոներ անցկացնել չնայած տունը լի է քաոս ստեղծող քաոսիկներով, ապա դուք ձեզ կարող եք բարձր գնահատական նշանակել, երբ մենք խոսում ենք այդ թեմայի շուրջ և լսել մեկ այլ թեմա, որում դուք թերանում եք: Եթե մենք ուսուցանում ենք Հոգով, իսկ դուք լսում եք Հոգով, մեզանից ոմանք կխոսեն ձեր իրավիճակի մասին, անձնական մարգարեական ուղերձ հղելով հենց ձեզ համար:
Եղբայրնե՛ր և քույրե՛ր, գերագույն համաժողովին մենք կիսվում ենք մեր վկայություններով, ի լրումն այն վկայությունների, որոնք կգան ապագայում, քանի որ այսպես թե այնպես՝ Աստված այնպես կանի, որ իր ձայնը լսվի: «Ես ուղարկել էի ձեզ՝ վկայելու և զգուշացնելու մարդկանց», - ասել է Տերն Իր մարգարեներին:15
«[Եվ] ձեր վկայությունից հետո … գալիս է վկայությունը երկրաշարժերով …. որոտների ձայնով … կայծակների … և փոթորիկների … և իրենց սահմաններից դուրս եկող ծովի ալիքների ձայնով …
Եվ հրեշտակներ պիտի … աղաղակեն բարձր ձայնով, հնչեցնելով Աստծո փողը»:16
Այժմ, այս ամբիոնին մոտեցող մահկանացու հրեշտակները, յուրաքանչյուրն իր ուրույն ձևով, «հնչեցրեց Աստծո փողը»: Յուրաքանչյուր տրվող քարոզ, ըստ սահմանման, միշտ և՛ սիրո վկայություն է, և՛ զգուշացում, ինչպես որ բնությունն ինքը վերջին օրերին և՛ վկայում է, և՛ զգուշացնում:
Այժմ, քիչ անց Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կմոտենա ամբիոնին՝ փակելու այս համաժողովը: Թույլ տվեք մի անձնական բան ասել այս սիրված մարդու՝ ավագ Առաքյալի և մեր օրերի այսօրվա մարգարեի մասին: Այն պատասխանատվություններն ունենալով, որոնք հենց նոր նշեցի, և այն ամենով հանդերձ, ինչ դուք լսեցիք այս համաժողովի ընթացքում, ակնհայտ է, որ մարգարեների կյանքն այդքան էլ հեշտ չէ: Նա խոսեց կոնկրետ անցած քահանայության երեկոյի մասին: Երբ 36 տարեկանում նա Առաքյալի կոչում ստացավ, նրա երեխաները 12, 9 և 4 տարեկան էին: Քույր Մոնսոնը և այդ երեխաներն իրենց ամուսնուն և հորը նվիրել են Եկեղեցուն այժմ ավելի քան 50 տարի: Նրանք տարել են յուրաքանչյուրին հանդիպող հիվանդություններն ու կարիքները, մահկանացու կյանքի հարվածներն ու կապտուկները և մի քանիսը դեռևս առջևում են: Սակայն Նախագահ Մոնսոնն այդ բոլորի միջով անցնելով միշտ կենսուրախ է մնացել: Ոչինչ չի ընկճում նրան: Նա մեծ հավատք և արտասովոր կորով ունի:
Նախագա՛հ, այս ամբողջ լսարանի կողմից՝ տեսանելիև ոչ տեսանելի, ես հայտնում եմ, որ մենք սիրում և հարգում ենք քեզ: Քո նվիրվածությունը օրինակ է մեզ բոլորիս համար: Մենք շնորհակալ ենք քո առաջնորդության համար: Առաքելության թիկնոցը կրող մյուս տասնչորս հոգիս, այս բեմահարթակում նստած մյուս մարդիկ, նստած ժողովքը և անհամար թվով այլ մարդիկ աշխարհով մեկ սիրում են քեզ, աջակցում են քեզ և կանգնած են քեզ հետ ուս-ուսի տված այս աշխատանքում: Մենք կթեթևացնենք քո բեռը որքանով որ կկարողանանք: Դու այն հրեշտակային սուրհանդակներից ես, աշխարհի հիմնադրումից առաջ կանչված, որ Հիսուս Քրիստոսի ավետարանի դրոշը թափահարես ողջ աշխարհին: Դու դա անում ես հիանալի ձևով: Այդ հռչակվող ավետարանի, նրա բերող փրկության և Նրա մասին, ով այն տալիս է մեզ, ես վկայում եմ՝ Տեր Հիսուս Քրիստոսի մեծագույն և փառավոր անունով, ամեն: