Քավությունը ծածկում է բոլոր ցավերը
Մեր անձնական մեծ մարտահրավերն է մահկանացու կյանքում դառնալ «սուրբ՝ Քրիստոսի Քավության միջոցով»:
Որպես վիրաբույժ իմ մասնագիտական ժամանակի մեծ մասը նվիրված է եղել ցավին: Որպես կանոն, ես վիրահատությամբ ցավ եմ պատճառում գրեթե ամեն օր, և այդ ժամանակ իմ ջանքերի մեծ մասը անհրաժեշտաբար ուղղված է լինում ցավը վերահսկելուն և մեղմացնելուն:
Ես խորհել եմ ցավի խնդրի մասին: Մեզանից ոչ ոք դիմադրողականություն չունի ցավի զգացողության դեմ: Ես տեսել եմ շատ մարդկանց, ովքեր տարբեր ձևով են հաղթահարել այն: Ոմանք բարկությամբ հեռացել են Աստծուց, մինչդեռ մյուսները թույլ են տվել, որ իրենց տառապանքը իրենց ավելի մոտեցնի Աստծուն:
Ձեզ նման ես ինքս էլ ցավ եմ տարել: Ցավը ապաքինման գործընթացի չափանիշ է: Այն հաճախ մեզ սովորեցնում է համբերել: Գուցե այդ պատճառով է, որ մենք հիվանդի համար օգտագործում ենք patient բառը, որը նշանակում է «համբերատար»:
Երեց Օրսոն Ֆ. Ուիթնին գրել է. «Ոչ մի ցավ, որը մենք տանում ենք, ոչ մի փորձություն, որին մենք դիմանում ենք, իզուր չի անցնում: Այն ծառայում է մեր կրթությանը, այնպիսի հատկանիշների զարգացմանը, ինչպիսիք են՝ համբերությունը, հավատքը, տոկունությունը և համեստությունը … Դա վշտի և տառապանքի, չարչարանքի և դժբախտության միջոցով գիտելիք ձեռք բերելու համար է, որ մենք գալիս ենք այստեղ»:1
Նմանապես Երեց Ռոբերթ Դ. Հեյլսն է ասել.
«Ցավը բերում է ձեզ խոհեմության, որը թույլ է տալիս ձեզ խորհրդածել: Դա մի փորձառություն է, և ես երախտապարտ եմ, որ տոկացել եմ …
Ես հասկացա, որ ֆիզիկական ցավը և մարմնի ապաքինումը մեծ վիրահատությունից հետո, մեծապես նման է հոգևոր ցավին և հոգու ապաքինմանը՝ ապաշխարության գործընթացի ժամանակ»:2
Մեր տառապանքների մեծ մասը անպայմանորեն մեր մեղքով չէ: Անսպասելի իրադարձությունները, հակադրական կամ հուսահատեցնող հանգամանքները, խանգարող հիվանդությունը և նույնիսկ մահը շրջապատում են մեզ և ներթափանցում մեր մահկանացու փորձառության մեջ: Բացի այդ, հաճախ մենք տառապում ենք վշտից՝ուրիշների արարքների պատճառով:3 Լեքին նշեց, որ Հակոբը «տարել [է] … շատ վիշտ [իր] եղբայրների կոպտության պատճառով»:4 Հակադրությունը Երկնային Հոր երջանկության ծրագրի մասն է կազմում: Մենք բոլորս բավականաչափ հակադրության ենք հանդիպում, որը բերում է մեզ լավատեղյակություն մեր Հոր սիրո և Փրկչի օգնության անհրաժեշտության վերաբերյալ:
Փրկիչը լուռ դիտորդ չէ: Նա Անձնապես գիտի, թե ինչ է անսահման ցավը, որը մենք տանում ենք:
«Նա տանում է բոլոր մարդկանց ցավերը, այո, ամեն մի ապրող արարածի ցավերը՝ և տղամարդկանց, և կանանց, և երեխաների»:5
«Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհքի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհք գտնենք պատշաճ ժամանակին օգնելու»:6
Երբեմն խորը ցավի մեջ մենք գայթակղվում ենք, հարցնելով. «Բալասան չկա՞յ Գաղաադում, կամ բժիշկ չկա՞յ այնտեղ»:7 Ես վկայում եմ, որ այո, կա Բժիշկ: Հիսուս Քրիստոսի Քավությունը ծածկում է մահկանացու կյանքի բոլոր այս պայմաններն ու խնդիրները:
Կա մեկ այլ տեսակի ցավ, որի համար մենք պատասխանատու ենք: Հոգևոր ցավը խորը նստած է մեր հոգիներում և կարող է թվալ անշեջ, նույնիսկ, կարծես, «պրկել» «աննկարագրելի սոսկումով», ինչպես Ալման է նկարագրել:8 Այն գալիս է մեղսավոր արարքներից և ապաշխարության բացակայությունից: Այս ցավի համար ևս կա դարման, որը համապարփակ է և բացարձակ: Այն տված է Հորից՝ Որդու միջոցով, և մեզանից յուրաքանչյուրի համար է, ովքեր հոժար են անել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ապաշխարելու համար: Քրիստոսն ասաց. «Այժմ չե՞ք վերադառնա ինձ մոտ և ապաշխարեք ձեր մեղքերից, … և դարձի չե՞ք գա, որպեսզի ես կարողանամ բուժել ձեզ»:9
Քրիստոսն Ինքն ուսուցանեց.
«Եվ իմ Հայրն ուղարկեց ինձ, որպեսզի ես խաչի վրա բարձրացվեմ.իսկ հետո երբ խաչի վրա էի բարձրացվել, որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ: …
Հետևաբար, համաձայն Հոր զորության, ես բոլոր մարդկանց կձգեմ դեպի ինձ»:10
Հավանաբար Նրա ամենակարևոր աշխատանքը շարունակական գործն է՝ մեզանից յուրաքանչյուրին անձնապես բարձրացնելու, օրհնելու, զորացնելու, հաստատելու, առաջնորդելու և ներելու ուղղությամբ:
Ինչպես Նեփին տեսավ տեսիլքում, Քրիստոսի մահկանացու ծառայության մեծ մասը նվիրված էր ամեն տեսակի՝ ֆիզիկական, զգացմունքային և հոգևոր տկարություններով հիվանդներին օրհնելուն և բժշկելուն: «Եվ ես տեսա մարդկանց բազմություններ, որոնք հիվանդ էին և որոնք չարչարված էին ամեն ձևի հիվանդություններով: … Եվ նրանք բուժվեցին՝ Աստծո Գառի զորությամբ»:11
Ալման ևս մարգարեացավ, որ «նա պիտի գնա առաջ տանելով ցավեր և չարչարանքներ, և փորձություններ ամեն տեսակի, և … նա վեր կառնի իր վրա իր ժողովրդի ցավերն ու հիվանդությունները, …
Որպեսզի նրա սիրտը լցվի ողորմությամբ, … որպեսզի նա կարողանա իմանալ, ըստ մարմնի, ինչպես սատարել իր ժողովրդին՝ըստ նրանց թուլությունների»:12
Մի ուշ գիշեր՝ հիվանդանոցի մահճակալին պառկած, այս անգամ որպես հիվանդ և ոչ թե բժիշկ, ես կարդացի այդ հատվածները կրկին և կրկին: Ես խորհում էի. «Ինչպե՞ս է դա արվում: Ո՞ւմ համար: Ի՞նչ է պահանջվում արժանի դառնալու համար: Արդյո՞ք դա նման է մեղքերի ներմանը: Արդյո՞ք մենք պետք է վաստակենք Նրա սերն ու օգնությունը»: Երբ խորհում էի այս մասին, սկսեցի հասկանալ, որ Իր մահկանացու կյանքում Քրիստոսն ընտրեց ցավեր և չարչարանքներ տանելը, որպեսզի հասկանար մեզ: Հավանաբար մենք ևս պետք է զգանք մահկանացու կյանքի բարդությունները, որպեսզի հասկանանք Նրան և մեր հավերժական նպատակները:13
Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է. «Երբեմն մենք կսփոփվենք վշտի մեջ, երբ պետք է սպասենք Փրկչի խոստացած սփոփանքին, քանզի Նա գիտի փորձառությամբ, թե ինչպես բժշկել և օգնել մեզ: … Եվ հավատքն այդ զորության հանդեպ կտա մեզ համբերություն, երբ մենք աղոթենք և աշխատենք ու սպասենք օգնության: Նա, անշուշտ, հայտնության միջոցով գիտեր, թե ինչպես մեզ սատարեր, պարզապես Նա ընտրեց Իր իսկ անձնական փորձառությամբ սովորեցնել»:14
Այդ գիշեր ես զգացի «Նրա սիրո օղակող բազուկները»:15 Երախտագիտության արցունքները թաց դարձրինացրեցին բարձս: Հետագայում, երբ ես կարդում էի Մատթեոսում Քրիստոսի մահկանացու ծառայության մասին, ես կատարեցի մեկ այլ հայտնագործություն ևս. «Եվ երբ նա եկավ շատերին բերին նորա մոտ, եւ նա … ամեն հիվանդներին բժշկեց»:16 Նա բժշկեց ամենին, ովքեր եկան Նրա մոտ: Ոչ մեկը չմերժվեց:
Ինչպես Երեց Դալլին Հ. Օուքսն է ուսուցանել. «Բժշկող օրհնությունները գալիս են շատ ուղիներով, յուրաքանչյուրը համապատասխան մեր անձնական կարիքների, ըստ Նրա իմացության, ով մեզ ամենաշատն է սիրում: Երբեմն «բժշկումը» ապաքինում է մեր հիվանդությունը կամ թեթևացնում մեր բեռը: Բայց երբեմն մենք բժշկվում ենք մեզ վրա դրված բեռները կրելու համար ուժ, հասկացողություն կամ համբերություն ստանալով»:17 Բոլորը, ովքեր կգան, կարող են «գրկվել Հիսուսի բազուկներում»:18 Բոլոր հոգիները կարող են բժշկվել Նրա զորությամբ: Ամեն ցավ կարող է հանգստանալ: Նրանում մենք կարող ենք «հանգիստ գտնել [մեր] հոգիներին»:19 Մեր մահկանացու հանգամանքները, հնարավոր է, անմիջապես չփոխվեն, բայց մեր ցավը, անհանգստությունը, տառապանքը և վախը կարող են անհետանալ Նրա խաղաղության և բժշկող բալասանի մեջ:
Ես նկատել եմ, որ երեխաները հաճախ ավելի բնականորեն են ընդունում ցավն ու տառապանքը: Նրանք համեստությամբ և հեզությամբ հանգիստ դիմանում են: Ես զգացել եմ գեղեցիկ, քաղցր մի հոգի, որը շրջապատում է այս փոքրիկներին:
Տասներեք տարեկան Շերին ենթարկվեց ողնուղեղի ուռուցքի 14-ժամյա վիրահատության: Երբ վերակենդանացման բաժնում նրա գիտակցությունը վերականգնվեց, նա ասաց. «Հայրիկ, հորաքույր Շերիլն է այստեղ, և … Նորման պապիկն … ու Բրաուն տատիկը: Իսկ հայրիկ, այդ ո՞վ է քո կողքին կանգնած: … Նա քո նման է, միայն ավելի բարձրահասակ է: … Նա ասում է, որ քո եղբայր Ջիմմին է»: Նրա հորեղբայր Ջիմմին մահացել էր 13 տարեկան հասակում ֆիբրոզից:
Մոտավորապես մեկ ժամ Շերրին … նկարագրում էր իր այցելուներին՝ ընտանիքի բոլորը մահացած անդամներին: Այնուհետև, հոգնելով նա քնեց:
Հետագայում նա ասաց իր հայրիկին. «Հայրիկ, վերակենդանացման բաժնի բոլոր երեխաներն այստեղ իրենց օգնող հրեշտակներ ունեն»:20
Մեզ բոլորիս Փրկիչն ասել է.
«Ահա, դուք փոքր երեխաներ եք և չեք կարող տանել բոլոր բաներն այժմ. Դուք պետք է աճեք շնորհի մեջ և ճշմարտության գիտության մեջ:
Մի վախեցեք, փոքր երեխաներ, քանզի դուք իմն եք …
Ուստի, ես ձեր մեջ եմ, և ես եմ բարի հովիվը»:21
Մեր անձնական մեծ մարտահրավերն է մահկանացու կյանքում դառնալ «սուրբ՝ Քրիստոսի Քավության միջոցով»:22 Այն ցավը, որ դուք և ես զգում ենք, գուցե այստեղ՝ այս շրջանում է ամենաշատը, որպես չափորոշիչ: Ծայրահեղ իրավիճակում անգամ մենք կարող ենք դառնալ ինչպես երեխաներ մեր սրտերում, խոնարհեցնել մեզ և համբերատարությամբ «աղոթել և աշխատել ու սպասել»23 մեր մարմինների և հոգիների ապաքինմանը: Ինչպես Հոբը, մեր փորձությունների միջոցով անցնելուց հետո, մենք պիտի «ոսկիի նման դուրս գանք»:24
Ես բերում եմ վկայություն, որ Նա մեր Քավիչն է, մեր Ընկերը, մեր Բարեխոսը, Մեծ Բժիշկը, Մեծ Ապաքինողը: Նրանում մենք կարող ենք գտնել խաղաղություն և մխիթարություն՝ ինչպես մեր ցավերում և մեր մեղքերում, այնպես էլ մեր ցավերից և մեղքերից: Եթե միայն մենք գանք դեպի Նա խոնարհ սրտերով: Նրա «շնորհքը բավական է»:25 Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: