2011
Վկայություն
Մայիս 2011


Վկայություն

Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայություն ձեռք բերելու ու դա պահպանելու հիմունքները պարզ ու հստակ են և ամեն մարդու համար հասանելի:

Elder Cecil O. Samuelson Jr.

Երկար տարիներ իմ կյանքի մեծագույն օրհնություններից մեկը եղել է Եկեղեցու երիտասարդներով շրջապատված լինելը և նրանց հետ աշխատելը: Ես այս գործընկերությունն ու ընկերությունը համարում եմ ամենահաճելի և ամենաարժեքավոր բանը իմ կյանքում: Նրանք Եկեղեցու ապագայի, հասարակության և աշխարհի հանդեպ իմ լավատեսության հիմքն են:

Այդ շփումների ժամանակ ես նաև արտոնություն եմ ունեցել զրուցել մի քանիսի հետ, ովքեր տարբեր կասկածներ կամ խնդիրներ ունեին իրենց վկայությունների հետ կապված: Չնայած դրանք բոլորն էլ տարբեր էին և երբեմն էլ յուրահատուկ, հարցերից և պատճառներից շատերը միանման էին: Ինչպես նաև այդ խնդիրներն ու մտահոգությունները չեն սահմանափակվում ժողովրդագրական և տարիքային խմբերով: Դրանք կարող են մտահոգել նրանց, ովքեր բազմասերունդ Եկեղեցու անդամներ են, համեմատաբար նոր անդամներ և նաև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցով հետաքրքրվողներ: Նրանց հարցերը սովորաբար սրտաբաց հարցադրումների և հետաքրարվածության արդյունք են: Քանի որ մեզանից յուրաքանչյուրի համար արդյունքները կարևոր և լուրջ են, կարծես թե տեղին է մեր վկայությունների հարցի շուրջ քննարկում ծավալելը: Մեր Վերջին Օրերի Սրբերի համատեքստում մենք վկայությունները դիտարկում ենք որպես Հիսուս Քրիստոսի ավետարանի ճշմարտացիության մասին հաստատուն համոզվածություն, որը ձեռք է բերվում Սուրբ Հոգու կողմից հայտնությամբ:

Չնայած վկայության այս սահմանումը պարզ և հստակ է, կան մի քանի հնարավոր հարցադրումներ, օրինակ՝ ո՞վ վկայություն ունենալու իրավունք ունի, ինչպե՞ս է մարդն իր համար անհրաժեշտ հայտնություն ստանում, որո՞նք են վկայություն ստանալու քայլերը: Վկայություն ստանալը առանձի՞ն դեպք է, թե շարունակական գործընթաց: Այս և այլ հարցադրումներից յուրաքանչյուրն ունի իր ենթահարցերը, սակայն Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին վկայություն ձեռք բերելու ու դա պահպանելու հիմունքները պարզ ու հստակ են և ամեն մարդու համար հասանելի:

Թույլ տվեք հակիրճ պատասխանել այդ հնարավոր անորոշություններին և այնուհետև անդրադառնալ որոշ ընկալումների, որոնցով վերջերս ինձ հետ կիսվել են վստահելի երիտասարդ չափահաս ընկերներ, ովքեր իրենց վկայությունները ստանալու անձնական փորձ ունեն: Նրանք նաև հնարավորություններ են ունեցել ծառայել մյուսներին, ովքեր դժվարություններ և մարտահրավերներ են ունեցել իրենց հավատքի և համոզմունքների հետ կապված:

Նախ, ո՞վ վկայություն ունենալու իրավունք ունի: Վկայություն կարող է ունենալ ամեն ոք, ով ցանկանում է վճարել գինը, այսինքն՝ պահել պատվիրանները: «Ուստի Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը, որպեսզի բոլորը, ովքեր կամենում են լսել, կարողանան լսել» (ՎևՈւ 1.11): Ավետարանի Վերականգնման հիմնական պատճառն այն է, որ «ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով. Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա» (ՎևՈւ 1.20–21):

Երկրորդ, ինչպե՞ս է մարդը ձեռք բերում իր համար անհրաժեշտ հայտնությունը և որո՞նք են դրան հասնելու հիմնական քայլերը: Այդ օրինակը պարզ և հաստատուն է եղել դարերի ընթացքում: Խոստումը, որ տրվել է Մորմոնի Գրքի մասին վկայություն ստանալու համար, նույնպես ընդհանուր կիրառություն ունի:

«Եվ երբ դուք ստանաք այս բաները [այսինքն դուք լսել եք, կարդացել եք, ուսումնասիրել և խորհել եք տվյալ հարցի շուրջ], ես կկամենայի հորդորել ձեզ, որ դուք հարցնեք Աստծուն՝ Հավերժական Հորը, Քրիստոսի անունով, թե արդյոք այս բաները ճիշտ չե՞ն. և եթե դուք հարցնեք մաքուր սրտով, անկեղծ միտումով, հավատք ունենալով առ Քրիստոս, նա կհայտնի ձեզ դրանց ճշմարտության մասին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Եվ Սուրբ Հոգու զորությամբ դուք կարող եք իմանալ ճշմարտությունը բոլոր բաների վերաբերյալ» (Մորոնի 10.4–5):

Երրորդ, արդյոք վկայություն ստանալը առանձին դեպք, թե՞ շարունակական գործընթաց է: Վկայությունը նման է կենդանի օրգանիզմի, որն աճում և զարգանում է, երբ դրա մասին ինչպես հարկն է հոգ է տարվում: Այն մշտական սնուցման, խնամքի և պաշտպանության կարիք ունի, որպեսզի փարթամանա և աճի: Նմանապես, եթե անտեսում ենք վկայությունը կամ չենք կատարում այն պահելու անհրաժեշտ քայլերը, մեր վկայությունը կթուլանա և կանհետանա: Սուրբ գրությունները զգուշացնում են, որ զանցանք գործելը կամ Աստծո պատվիրանները չպահելը կարող է հանգեցնել Հոգու կորստի և անգամ երբեմնի ունեցած վկայությունից հրաժարվելուն (տես ՎևՈւ 42.23):

Թույլ տվեք կիսվել իմ թանկագին և հավատարիմ երիտասարդ ընկերների տաս դիտարկումներով և առաջարկություններով: Նրանց մտածելակերպի և փորձառության մեջ կա ընդհանրություն, ուստի մեզանից ոչ մեկին դրանք չեն զարմացնի: Ցավոք սրտի, և հատկապես, մեր անձնական մաքառումների և վշտի պահերին մենք ժամանակավորապես մոռանում կամ թերագնահատում ենք դրանց կիրառելիությունը մեր անձնական դեպքում:

Առաջին, ամեն ոք արժեք ունի, որովհետև մենք բոլորս Աստծո զավակներն ենք: Նա ճանաչում է մեզ, սիրում է մեզ և ցանկանում է, որ մենք հաջողություն ունենանք և վերադառնանք Նրա մոտ: Մենք պետք է սովորենք ավելի շատ վստահել Նրա սիրուն և Նրա ժամանակին, քան մեր երբեմն անհամբեր և թերի ցանկություններին:

Երկրորդ, լիովին հավատալով սուրբ գրություններում նկարագրված «սրտի հզոր փոփոխությանը» (տես Մոսիա 5.2; Ալմա 5.12–14, 26), մենք պետք է հասկանանք, որ հաճախ այն գալիս է ոչ թե անմիջապես կամ ընդհանուր ձևով, այլ աստիճանաբար, ի պատասխան որոշակի հարցերի, փորձառությունների և մտահոգությունների, ինչպես նաև ուսումնասիրելու և աղոթելու միջոցով:

Երրորդ, մենք պետք է հիշենք, որ կյանքի հիմնական նպատակը՝ փորձվելն ու լարվելն է, և ուրեմն մենք պետք է սովորենք աճել մեր դժվարությունների միջից և երախտապարտ լինել մեզ սովորած դասերի համար, որոնք մենք չենք կարող ձեռք բերել ավելի հեշտ ձևով:

Չորրորդ, մենք պետք է սովորենք վստահել այն ամենին, ինչին հավատում ենք կամ գիտենք, որ մեզ նեցուկ են լինում անորոշ պահերին կամ այն խնդիրների հետ կապված, որոնց դեմ մենք պայքար ենք մղում:

Հինգերորդ, ինչպես Ալման է ուսուցանել (Ալմա 32), վկայություն ձեռք բերելը սովորաբար նշանակում է առաջ շարժվել՝ մշտապես հույս տածելով, հավատալով և, ի վերջո, տվյալ սկզբունքի, վարդապետության կամ հենց ավետարանի մասին ճշմարտացիությունը իմանալով (տես Ալմա 32):

Վեցերորդ, մեր իմացածը մեկ ուրիշին ուսուցանելը ամրապնդում է մեր անձնական վկայությունը, երբ մենք հիմք են դնում մեկ ուրիշի վկայության համար: Երբ դուք մեկ ուրիշին փող կամ ուտելիք եք տալիս, դուք ավելի քիչ կունենաք: Սակայն, երբ դուք կիսվում եք ձեր վկայությամբ, այն ամրապնդում և բարձրացնում է և կրողին, և լսողին:

Յոթերորդ, ամեն օր կանոնավորապես մենք պետք է քիչ, սակայն կարևոր բաներ անենք: Աղոթքները, սուրբ գրությունների և ավետարանի ուսումնասիրությունը, Եկեղեցու հավաքներին հաճախելը, տաճարային երկրպագությունը, այցելությամբ ուսուցումը և այլ հանձնարարությունները, բոլորն էլ ամրապնդում են մեր հավատքը և մեր կյանք հրավիրում Հոգին: Անտեսելով այդ արտոնությունները, մենք վտանգում ենք մեր վկայությունները:

Ութերորդ, մենք չպետք է ուրիշներից ակնկալենք ավելի բարձր չափանիշներ, քան մենք ինքներս ունենք: Շատ հաճախ մենք թույլ ենք տալիս մյուսների, հատկապես Եկեղեցու ղեկավարների կամ անդամների սխալները կամ ձախողումները ազդեն մեր կամ մեր վկայության վրա: Մյուսների դժվարությունները մեր թերացումների համար արդարացում չեն:

Իններորդ, պետք է հիշել, որ սխալ գործելիս ինքներս մեր հանդեպ շատ խիստ վերաբերմունքը կարող է այնքան բացասական լինել, որքան սովորական վերաբերմունքը, երբ իրոք ապաշխարություն է անհրաժեշտ:

Եվ տասերորդ, մենք պետք է հստակ իմանանք, որ Քրիստոսի Քավությունը լիովին և մշտապես գործում է մեզանից յուրաքանչյուրի համար, երբ մենք թույլ ենք տալիս դա: Այնուհետև, ամեն բան իր տեղն է ընկնում, անգամ երբ մենք շարունակում ենք պայքարել որոշ մանրուքների, սովորությունների կամ մեր հավատքի խճանկարում կարծես թե բացակայող մասերի դեմ:

Ես երախտապարտ եմ իմ բազմաթիվ օրինակելի երիտասարդ ընկերների և գործընկերների հասկացողության, ուժի և վկայությունների համար: Երբ նրանց հետ եմ, ես ամրապնդվում եմ, իսկ երբ ես գիտեմ, որ նրանք ուրիշների հետ են, ես քաջալերվում եմ, իմանալով, որ նրանք բարի գործեր են կատարում և ծառայություն են մատուցում Վարդապետի անունից, որին երկրպագում են և ձգտում են հնազանդվել:

Մարդիկ բարի և կարևոր գործեր են կատարում, որովհետև վկայություններ ունեն: Չնայած սա ճիշտ է, մենք նաև վկայություններ ենք ձեռք բերում մեր գործերի շնորհիվ: Հիսուսն ասել է.

«Իմ վարդապետությունն իմը չէ, այլ ինձ ուղարկողինն է:

Եթե մեկը կամենում է նրա կամքն անել, նա կիմանա այս վարդապետության համար, թե արդեոք Աստվածանի՞ց է, կամ եթե ես իմ անձիցն եմ խոսում» (Հովհաննես 7.16–17):

Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները պահեցեք» (Հովհաննես 14.15):

Հնում Նեփիի և Մորմոնի նման «ես չգիտեմ բոլոր բաների իմաստը» (1 Նեփի 11.17; տես նաև Մորմոնի խոսքերը 1.7), սակայն թույլ տվեք ասել, ինչ ես իրոք գիտեմ:

Ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրն ապրում է և սիրում է մեզ: Ես գիտեմ, որ Նրա առանձնահատուկ Որդին՝ Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչը, Քավիչը և Եկեղեցու գլուխն է, որը կրում է Նրա անունը: Ես գիտեմ, որ Ջոզեֆ Սմիթի հետ տեղի է ունեցել այն ամենը, ինչ նա պատմել և ուսուցանել է մեր օրերում ավետարանի Վերականգնման վերաբերյալ: Ես գիտեմ, որ այսօր մենք առաջնորդվում ենք առաքյալների և մարգարեների կողմից, և Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը կրում է քահանայության բոլոր բանալիները, որոնք անհրաժեշտ են մեր կյանքը օրհնելու և Տիրոջ աշխատանքը առաջ տանելու համար: Ես գիտեմ, որ մենք բոլորս իրավունք ունենք այս գիտելիքը ստանալու, և եթե դուք մաքառում եք, կարող եք ապավինել վկայությունների ճշմարտացիությանը, որ հնչում են այս համաժողովի ամբիոնից: Այս ամենը ես գիտեմ, և դրանց մասին վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: