2011
Ահարոնյան Քահանայության սրբազան բանալիները
Մայիս 2011


Ահարոնյան Քահանայության սրբազան բանալիները

Տերը ցանկանում է, որ Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր կրող բոլորին հրավիրի գալ Քրիստոսի մոտ՝ սկսելով իր ընտանիքից:

Larry M. Gibson

Իմ տղաներից մեկը, երբ 12 տարեկան էր, որոշեց ճագարներ պահել: Նա վանդակներ պատրաստեց և հարևանից գնեց մի արու և երկու էգ ճագար: Ես պատկերացում չունեի, թե ինչ է մեզ սպասվում: Կարճ ժամանակ անց մեր մառանը լցված էր ճագարների ձագերով: Այժմ, երբ տղաս մեծացել է, ես պետք է խոստովանեմ, որ զարմացած էի, թե ինչպես էին դրանք կառավարվում՝ միայն հարևանի շունն էր մեկ-մեկ մտնում մառան և քչացնում նրանց թիվը:

Բայց սիրտս հուզվում էր, երբ տեսնում էի որդուս իր եղբայրների հետ այդ փոքրիկներին հսկելիս և պաշտպանելիս: Իսկ հիմա, որպես ամուսիններ և հայրեր, նրանք արժանավոր քահանայություն կրողներ են, որոնք սիրում, ամրապնդում, հոգում և պաշտպանում են իրենց իսկ ընտանիքները:

Այժմ իմ սիրտը լցվում է, երբ ես տեսնում եմ ձեզ Ահարոնյան Քահանայության երիտասարդներ, որ հսկում, աջակցում և ամրապնդում եք ձեր շրջապատի մարդկանց, այդ թվում նաև ձեր ընտանիքի, ձեր քվորումի անդամներին և շատ ուրիշներին: Ես շա՜տ եմ սիրում ձեզ:

Վերջերս ես տեսա, թե ինչպես 13 տարեկան մի պատանի ի սպաս դրվեց որպես սարկավագների քվորումի նախագահ: Ձեռնադրելուց հետո եպիսկոպոսը սեղմեց նրա ձեռքը և նրան կոչեց «նախագահ», բացատրելով քվորումի անդամներին, որ նա նրան նախագահ անվանեց, որպեսզի շեշտի նրա կոչման սրբազան լինելը: «Սարկավագների քվորումի նախագահը ծխի միակ չորս մարդկանցից մեկն է, որոնք կրում են նախագահելու բանալիները: Այդ բանալիներով նա՝ իր խորհրդականների հետ, Տիրոջ ոգեշնչմամբ կառաջնորդի քվորումը»: Եպիսկոպոսը հասկանում էր սրբազան բանալիններ կրող և գործադրող նախագահի կողմից ղեկավարվող նախագահությունների զորությունը (տես ՎևՈւ 124.142–43):

Ավելի ուշ ես հարցրեցի այդ երիտասարդին, թե արդյոք նա պատրաստ էր նախագահելու այդ մեծ քվորումի վրա: Նա պատասխանեց. «Ես մի փոքր լարված եմ: Ես չգիտեմ, թե սարկավագների նախագահն ինչ է անում: Կարո՞ղ եք ինձ հուշել»:

Ես ասացի, որ նա ունի հրաշալի եպիսկոպոսություն և խորհրդատուներ, որոնք կօգնեն, որ տղան քահանայության հաջողակ և զորավոր ղեկավար դառնա: Ես գիտեի, որ նրանք կհարգեն նախագահելու քահանայության սրբազան բանալիները, որ նա կրում էր:

Ապա ես նրան հարցրեցի. «Կարծում ես Տերը կանչել է քեզ այս կարևոր ծառայության և ուղղություն չի՞ տա»:

Նա մտածեց, ապա հարցրեց. «Որտե՞ղ կարող եմ ուղղություն ստանալ»:

Մի փոքր քննարկումից հետո նա հասկացավ, որ կարող է ուղղություն գտնել սուրբ գրությունների, մարգարեների խոսքերի և աղոթքի պատասխանների միջոցով: Մենք որոշեցինք մի սուրբ գրություն գտնել, որը կարող է սկիզբ լինել նրա նոր կոչման պատասխանատվությունները գտնելու համար:

Մենք բացեցինք Վարդապետություններ և Ուխտերի 107-րդ բաժինը, հատված 85: Այնտեղ նշվում էր, որ սարկավագների քվորումի նախագահը պետք է խորհրդի նստի իր քվորումի անդամների հետ և նրանց ուսուցանի իրենց պարտականությունները: Մենք նշեցինք, որ այս քվորումը ոչ միայն դասարան է, այլ նաև երիտասարդ տղաների խորհուրդ, և նրանք՝ նախագահի ղեկավարության ներքո պետք է ամրապնդեն և շենացնեն մեկմեկու: Ես վստահություն հայտնեցի, որ նա երևելի նախագահ կլինի, որը կապավինի Տիրոջ ոգեշնչմանը և կմեծացնի իր սրբազան կոչումը, մինչ նա կձգտի ուսուցանել իր ընկերակից սարկավագներին իրենց պարտականությունները:

Ապա ես հարցրեցի. «Հիմա, երբ գիտես, որ պետք է սարկավագներին ուսուցանես իրենց պարտականությունները, ինքդ գիտե՞ս, թե որոնք են այդ պարտականությունները»:

Կրկին մենք բացեցինք սուրբ գրությունները և կարդացինք.

  1. Սարկավագը նշանակված է հսկելու և տեղի սպասավոր լինելու Եկեղեցում (տես ՎևՈւ 84.111):

    Քանի որ ընտանիքը Եկեղեցու հիմնական միավորն է, ամենակարևոր միջավայրը, որտեղ Ահարոնյան Քահանայություն կրողը կարող է իրականացնել իր պարտականությունը, իր սեփական տունն է: Մինչ հայրը և մայրը ղեկավարում են ընտանիքը, նա կարող է քահանայության ծառայություն մատուցել նրանց: Նա հսկում է նաև իր եղբայրներին ու քույրերին, իր քվորումի երիտասարդներին և ծխի մյուս անդամներին:

  2. Անհրաժեշտության դեպքում սարկավագն օգնում է ուսուցչին եկեղեցական նրա բոլոր պարտականություններում (տես ՎևՈւ 20.57):

    Մենք վճռեցինք, որ եթե սարկավագը պետք է օգնի ուսուցչին իր պարտականություններում, ուրեմն պետք է իմանա ուսուցչի պարտականությունները: Մենք նայեցինք և սուրբ գրություններում մենք արագ հայտնաբերեցինք ուսուցչի պաշտոնի տասնյակից ավելի պարտականություններ (Տես ՎևՈւ 20.53–59; 84.111): Ինչպիսի՜ զորավոր փորձառություն կլինի երիտասարդ տղայի համար՝ և նրանց հայրերի, խորհրդատուների և մեր բոլորի համար, անել ճիշտ այն, ինչ արեց այս երիտասարդը՝ բացել սուրբ գրությունները և մեզ համար հայտնաբերել, թե որոնք են մեր պարտականությունները: Ես ենթադրում եմ, շատերս կզարմանանք, և կոգեշնչվենք, մեր գտածով: «Պարտականություն Աստծո հանդեպ» գրքույկն Ահարոնյան Քահանայության պարտականությունների օգտակար ամփոփում է և հոգևոր զարգացման լավ աղբյուր է: Ես ձեզ հորդորում եմ հետևողականորեն օգտագործել այն:

  3. Սարկավագներն ու ուսուցիչները պետք է նաև «զգուշացնեն, մեկնաբանեն, հորդորեն և ուսուցանեն և բոլորին հրավիրեն՝ գալ Քրիստոսի մոտ» ( ՎևՈՒ 20.59; տես 20.42, 46, 68 հատվածները քահանայի համար):

    Շատ երիտասարդներ մտածում են, որ իրենց միսիայի նախապատրաստությունը սկսում է, երբ նրանք դառնում են 19 տարեկան և մտնում են Միսիոներների Պատրաստման Կենտրոն: Սուրբ գրություններից մենք սովորում ենք, որ այն սկսում է շատ ավելի վաղ հասակից: Տերը ցանկանում է, որ Ահարոնյան Քահանայության յուրաքանչյուր կրող բոլորին հրավիրի գալ Քրիստոսի մոտ՝ սկսելով իր ընտանիքից:

Հաջորդը, որպեսզի օգնեմ այս երիտասարդ նախագահին, որ հասկանա, որ նա և միմիայն նա է քվորումի նախագահող պաշտոնյան, ես առաջարկեցի, որ նա երեք անգամ կարդա առաջին պարտականությունը, որ նշված է Վարդապետություն և Ուխտերի 107.85 հատվածում: Նա կարդաց. «Նախագահել տասներկու սարկավագների վրա»: Ես հարցրեցի. «Ի՞նչ է Տերը քեզ ասում անձնապես որպես նախագահ քո պարտականության մասին»:

«Դե,– ասաց նա,– մինչ մենք խոսում էինք, մի քանի բան եկան միտքս: Կարծում եմ Երկնային Հայրը ցանկանում է, որ ես նախագահ լինեմ տասներկու սարկավագների վրա: Մենք այցելողներս հինգ հոգի ենք, որից մեկը միայն ժամանակ առ ժամանակ է այցելում: Ուրեմն, ինչպե՞ս դառնանք տասներկու հոգի:

Դե, ես այս սուրբ գրությունը նրա նման երբեք չէի մեկնաբանել, սակայն նա ուներ բանալիներ, որոնք ես չունեի: 13-ամյա սարկավագն ինձ ուսուցանում էր այն հայտնության զորության մասին, որը գալիս է նախագահության սրբազան բանալիներ կրողին, անկախ նրանց բանականությանը, հասակին կամ տարիքին:

Ես պատասխանեցի. «Ես չգիտեմ: Դու ի՞նչ ես կարծում»:

Եվ նա ասաց. «Մենք պետք է մտածենք, թե ինչպես կարող ենք օգնել, որ նա միշտ այցելի: Ես գիտեմ ևս երկու հոգու, որոնք պետք է լինեն մեր քվորումում, սակայն նրանք չեն գալիս, և ես չեմ ճանաչում նրանց: Միգուցե ես կարող եմ ընկերանալ մեկի հետ և խնդրեմ իմ խորհրդականներին ընկերանալ մյուսի հետ: Եթե նրանք երկուսն էլ գան, մենք կդառնանք յոթը, բայց որտեղի՞ց գտնենք ևս հինգ հոգու»:

«Ես չգիտեմ,– պատասխանեցի ես,– սակայն եթե Երկնային Հայրը ցանկանում է, որ նրանք լինեն, ուրեմն Նա կիմանա, թե որտեղից գտնել նրանց»:

«Ուրեմն, մենք պետք է աղոթենք նախագահությունով և քվորումով, որպեսզի իմանանք, թե ինչ կարող ենք անել»: Ապա նա հարցրեց. «Արդյոք ես պատասխանատո՞ւ եմ մեր ծխի սարկավագի տարիքի բոլոր երիտասարդների համար, նույնիսկ եթե նրանք անդամ չեն»:

Հմայված, ես ասացի. «Տիրոջ աչքերում, արդյոք ձեր եպիսկոպոսը պատասխանատու է միայն ծխի անդամների՞ համար, թե ծխի սահմաններում բնակվող բոլոր մարդկանց համար»:

Այս երիտասարդ «տեղի սպասավորը» գլխի ընկավ: Նա հասկացավ յուրաքանչյուր սարկավագի, ուսուցչի և քահանայի դերը Եկեղեցին հսկելու և բոլորին հրավիրելու, որ գան Քրիստոսի մոտ:

Մտածելով Եկեղեցու մեր հրաշալի պատանիների ու աղջիկների մասին, մտքերս գնում են դեպի սուրբ գրությունները՝ այն, որը Մորոնին վկայակոչեց Ջոզեֆ Սմիթին, ասելով, որ այն դեռևս չի կատարվել, սակայն շուտով պիտի կատարվի» (Ջոզեֆ Սմիթ – Պատմություն 1.41) – «Եվ պիտի լինի, սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, և պիտի մարգարեանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը … ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն» (Հովել 2.28):

Այն, ինչ ծագեց այս երիտասարդ նախագահի մտքում, մի տեսիլք էր, թե ինչպիսին է Երկնային Հայրը ցանկանում, որ նրա քվորումը լինի: Դա հայտնություն էր, որը նրան հարկավոր էր՝ իր քվորումի ակտիվ անդամներին ամրապնդելու, դժվարություններ ունեցողներին փրկելու և բոլորին հրավիրելու՝ Քրիստոսի մոտ գալու: Այդպես ոգեշնչվելով, նա ծրագրեր նախատեսեց՝ Տիրոջ կամքը կատարելու:

Տերն ուսուցանեց այս երիտասարդ նախագահին, որ քահանայություն նշանակում է ծառայության ձեռք մեկնել մարդկանց: Ինչպես մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնն է բացատրել. «Քահանայությունը իրականում այնքան պարգև չէ, որքան ծառայելու պարտավորվածություն, արտոնություն՝ բարձրացնելու, և հնարավորություն՝ օրհնելու ուրիշների կյանքը» (“Our Sacred Priesthood Trust,” Liahona May 2006, 57):

Ծառայությունը քահանայության հենց հիմքն է՝ ուրիշներին ծառայելու Փրկչի ցույց տված օրինակի համաձայն: Ես վկայում եմ, որ մենք կրում ենք Նրա քահանայությունը, մենք Նրա հանձնարարության տակ ենք, և բոլոր քահանայություն կրողներին Նա ցույց է տվել քահանայության հավատարիմ ծառայության ուղին:

Ես հրավիրում եմ սարկավագների, ուսուցիչների և քահանաների յուրաքանչյուր քվորումի նախագահության հաճախակի խորհրդակցել, ուսումնասիրել և աղոթել իր քվորումի վերաբերյալ Տիրոջ կամքն իմանալու համար և ապա գնալ և գործ անել: Օգտագործեք «Պարտականություն Աստծո հանդեպ» գրքույկը, որը ձեզ կօգնի քվորումի ձեր անդամներին իրենց պարտականություններն ուսուցանելիս: Քվորումի բոլոր անդամներին ես հրավիրում եմ աջակցել իրենց քվորումների նախագահներին և ականջ դնել նրա խորհուրդներին, մինչ դուք սովորում և արդարությամբ կատարում եք քահանայության ձեր բոլոր պարտականությունները: Եվ ես հրավիրում եմ յուրաքանչյուրիս դիտել այս նշանակալի երիտասարդներին այնպես, ինչպես Տերն է նրանց դիտում՝ որպես Իր արքայությունն այժմ և հիմա կառուցելու և ամրապնդելու զորավոր գործիք:

Դո՛ւք, հրաշալի երիտասարդներ, կրում եք Ահարոնյան Քահանայությունը, որը վերականգնվել է Հովհաննես Մկրտչի կողմից Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին Հարմոնիի մոտ՝ Պենսիլվանիայում: Ձեր քահանայությունը կրում է սրբազան բանալիները, որոնք դուռ են բացում Երկնային Հոր բոլոր զավակների համար, որպեսզի նրանք գան Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի մոտ, և հետևեն Նրան: Դա հնարավոր է դառնում «ապաշախարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության», հաղորդության շաբաթական արարողության. և «հրեշտակների սպասավորության» շնորհիվ (ՎևՈւ 13.1; Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.69): Դուք իրապես «սպասավորներ» եք, որոնք պետք է քահանայության հավատարիմ, մաքուր և արժանավոր տղամարդիկ լինեն բոլոր ժամանակներում և բոլոր տեղերում:

Ինչո՞ւ: Լսեք յուրաքանչյուրիդ ուղղված մեր սիրելի Առաջին Նախագահության խոսքերը.

«Դուք Ահարոնյան Քահանայության ծեսերը կատարելու իշխանությունն ունեք: … Դուք մեծապես կօրհնեք ձեր շուրջը գտնվողների կյանքը: …

Երկնային Հայրը մեծապես վստահում և հավատում է ձեզ և կարևոր առաքելություն ունի ձեզ համար (Կատարել իմ պարտականությունը Աստծո հանդեպ՝ Ահարոնյան Քահանայություն կրողների համար [2010], 5):

Ես գիտեմ, որ այս խոսքերը ճշմարիտ են և աղոթում եմ, որ յուրաքնչյուրս ունենանք այդ նույն վկայությունը: Եվ ես ասում եմ այս բաները Նրա սուրբ անունով, ում քահանայության կրողներն ենք մենք, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի անունով՝ ամեն: