Սուրբ գրություններ
Վարդապետություն և Ուխտեր 1


Վարդապետություն և Ուխտեր

Բաժին 1

Հայտնություն՝ տրված Ջոզեֆ Սմիթ Մարգարեի միջոցով, Եկեղեցու երեցների հատուկ համաժողովի ժամանակ, անցկացված Հայրամում, Օհայո, 1831թ. նոյեմբերի 1-ին [History of the Church («Եկեղեցու Պատմություն»), 1.221–224]: Նախքան այդ ժամանակը, Տիրոջ կողմից բազմաթիվ հայտնություններ էին ստացվել, և համաժողովում քննարկվող հիմնական հարցերից մեկն էր՝ դրանց ժողովածուն գրքի ձևով հրատարակելը: Այս բաժինը սահմանում է արդի տնտեսության ժամանակ Տիրոջ կողմից տրված վարդապետությունների, ուխտերի և պատվիրանների նախաբանը:

1–7՝ Նախազգուշացնող ձայնը գնում է բոլոր ժողովուրդներին. 8–16՝ Ուրացությունն ու ամբարշտությունը նախորդում են Երկրորդ Գալստին. 17–23՝ Ջոզեֆ Սմիթը կանչված է՝ երկրի վրա վերականգնելու Տիրոջ ճշմարտություններն ու զորությունները. 24–33՝ «Մորմոնի Գիրքն» ի հայտ է բերվել, և ճշմարիտ Եկեղեցին հաստատվել է. 34–36՝ Խաղաղությունը վերցվելու է երկրի վրայից. 37–39՝ Քննեք այս պատվիրանները:

1 Ականջ դրեք, ո՜վ դուք, իմ եկեղեցո՛ւ ժողովուրդ, ասում է ձայնը նրա, ով բնակվում է բարձրում, և ում աչքերը բոլոր մարդկանց վրա են. այո՛, ճշմարիտ ասում եմ ես. Ականջ դրեք, դո՛ւք, ժողովուրդնե՛ր հեռվի, և դո՛ւք, որ կղզիներում եք ծովի, լսեցեք միասին:

2 Քանզի, ճշմարտապես, Տիրոջ ձայնը գնում է բոլոր մարդկանց, և չկա մեկը, որ խույս տա. և չկա աչք, որ չտեսնի, ոչ էլ ականջ, որ չլսի, ոչ էլ սիրտ, որ չներթափանցվի:

3 Եվ ապստամբները խորը վշտով պիտի խոցվեն. քանզի նրանց անօրինությունները պիտի խոսվեն կտուրների վրա, և նրանց գաղտնի գործերը պիտի բացահայտվեն:

4 Եվ նախազգուշացնող ձայնը պիտի գնա բոլոր ժողովուրդներին, իմ աշակերտների բերանով, որոնց ես ընտրել եմ այս վերջին օրերին:

5 Եվ նրանք առաջ կգնան, և ոչ ոք ետ չի պահի նրանց, քանզի ես՝ Տերս եմ պատվիրել նրանց:

6 Ահա, սա իմ իշխանությունն է, և իշխանությունն իմ ծառաների, և իմ նախաբանն իմ պատվիրանների գրքի, որ ես տվել եմ նրանց՝ հրատարակելու ձեզ համար, ո՜վ երկրի բնակիչներ:

7 Ուստի, վախեցեք և դողացեք, ո՜վ դուք, ժողովուրդնե՛ր, քանզի, ինչ որ ես՝ Տերս, հրամանագրել եմ դրանցում, պետք է իրականանա:

8 Եվ ճշմարիտ ասում եմ ձեզ, որ նրանք, ովքեր առաջ են գնում՝ տանելով այս ավետիքը երկրի բնակիչներին, նրանց զորություն է տրված՝ կնքելու անհավատներին ու ապստամբներին՝ և՛ երկրի վրա, և՛ երկնքում.

9 Այո՛, իրոք, կնքել նրանց՝ այն օրվա համար, երբ Աստծո ցասումն առանց չափի դուրս կթափվի ամբարիշտների վրա,–

10 Այն օրվա համար, երբ Տերը կգա՝ հատուցելու ամեն մարդու իր գործի համաձայն, և չափելու ամեն մարդու, այն չափի համաձայն, որով նա չափել է իր մերձավորին:

11 Ուստի Տիրոջ ձայնը գնում է աշխարհի ծայրերը, որպեսզի բոլորը, ովքեր կամենում են լսել, կարողանան լսել.

12 Պատրաստվեք, պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է.

13 Եվ Տիրոջ բարկությունը բռնկված է, և նրա սուրը երկնքում լվացած է, և այն պիտի ընկնի երկրի բնակիչների վրա:

14 Եվ Տիրոջ բազուկը պիտի հայտնվի. և գալիս է օրը, երբ նրանք, ովքեր չեն կամենում լսել Տիրոջ ձայնը, ոչ նրա ծառաների ձայնը, ոչ էլ ուշք են դարձնում մարգարեների ու առաքյալների խոսքերին, պիտի կտրվեն մարդկանց միջից.

15 Քանզի նրանք շեղվել են իմ արարողություններից, և դրժել են իմ հավիտենական ուխտը.

16 Նրանք Տիրոջը չեն փնտրում՝ նրա արդարությունը հաստատելու, այլ ամեն մարդ քայլում է իր իսկ ճանապարհով, և իր իսկ աստծո պատկերի հետևից, որի պատկերն աշխարհի նմանությամբ է, և որի էությունը նույնն է, ինչ մի կուռքինը, որը հնանում է և պիտի կորչի Բաբելոնում, նույնիսկ մեծ Բաբելոնում, որը պիտի ընկնի:

17 Ուստի, ես՝ Տերս, իմանալով այն աղետի մասին, որը պիտի գա երկրի բնակիչների վրա, կանչեցի իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերին, և երկնքից խոսեցի նրա հետ, և նրան պատվիրաններ տվեցի.

18 Եվ նաև ուրիշներին պատվիրաններ տվեցի, որ նրանք պետք է հռչակեն այս բաներն աշխարհին. և այս ամենը, որպեսզի իրականանա այն, ինչ գրվել է մարգարեների կողմից,–

19 Աշխարհի թույլ բաներն առաջ պիտի գան և ջարդեն զորավորներին և ուժեղներին, որպեսզի մարդ խորհուրդ չտա իր ընկերոջը, ոչ էլ ապավինի մարմնի բազկին,–

20 Այլ, որ ամեն մարդ կարողանա խոսել Տեր Աստծո, այսինքն՝ աշխարհի Փրկչի անունով.

21 Որ նաև հավատքն ավելանա երկրի վրա.

22 Որ իմ հավիտենական ուխտը հաստատվի.

23 Որ իմ ավետարանի լրիվությունը թույլերի և պարզամիտների միջոցով հռչակվի աշխարհի ծայրերում և թագավորների ու կառավարիչների առաջ:

24 Ահա, ես եմ Աստված և ասել եմ դրանք. այս պատվիրաններն ինձանից են և տրվել են իմ ծառաներին իրենց թուլության մեջ, ըստ նրանց լեզվի, որ նրանք կարողանան հասկացողության գալ:

25 Եվ որքան որ նրանք սխալվում էին՝ այն հայտնի դարձվեր.

26 Եվ որքան որ նրանք իմաստություն էին փնտրում՝ կարողանային հրահանգվել.

27 Եվ որքան որ նրանք մեղանչում էին՝ կարողանային խրատվել, որ նրանք կարողանային ապաշխարել.

28 Եվ որքան որ նրանք խոնարհ էին՝ նրանք կարողանային զորացվել և օրհնվել բարձրից, և ժամանակ առ ժամանակ գիտելիք ստանալ:

29 Եվ Նեփիացիների հիշատակարանն ստանալուց հետո, այո, այսինքն՝ իմ ծառա Ջոզեֆ Սմիթ կրտսերը կարողանար զորություն ունենալ՝ թարգմանելու Մորմոնի Գիրքը՝ Աստծո ողորմությամբ, Աստծո զորությամբ:

30 Եվ նաև, որ նրանք, ում տրվել էին այս պատվիրանները, կարողանային զորություն ունենալ՝ դնելու հիմքն այս եկեղեցու, և մթությունից ու խավարից դուրս բերելու այն՝ միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին ողջ երկրի երեսի վրա, որը, ես՝ Տերս, հավանում եմ, խոսելով եկեղեցու մասին հավաքապես և ոչ անհատապես,–

31 Քանզի, ես՝ Տերս, չեմ կարող մեղքը նվազագույն իսկ աստիճանով թույլատրելի համարել.

32 Այնուամենայնիվ, նա, ով ապաշխարում և կատարում է Տիրոջ պատվիրանները, պիտի ներվի.

33 Եվ նա, ով չի ապաշխարում, նրանից պիտի վերցվի նույնիսկ այն լույսը, որն ինքն ստացել է. Քանզի իմ Հոգին միշտ չի տքնի մարդու հետ, ասում է Զորաց Տերը:

34 Եվ բացի այդ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ո՜վ երկրի բնակիչներ. Ես՝ Տերս, կամենում եմ հայտնի դարձնել այս բաներն ամեն մարմնի.

35 Քանզի ես անաչառ եմ անձանց հանդեպ, և կամենում եմ, որ բոլոր մարդիկ իմանան, որ սրընթաց գալիս է օրը. դեռևս ժամը չէ, բայց մոտ է՝ առ ձեռն, երբ խաղաղությունը պիտի վերցվի երկրի վրայից, և դևը զորություն պիտի ունենա իր իսկ տիրապետության վրա:

36 Եվ նաև Տերը զորություն պիտի ունենա իր սրբերի վրա, և պիտի թագավորի նրանց մեջ, և դատաստանով վար պիտի գա Եդովմեայի, կամ աշխարհի վրա:

37 Քննեք այս պատվիրանները, քանզի դրանք ճշմարիտ են ու հավատարիմ, և մարգարեություններն ու խոստումները, որոնք դրանց մեջ են, բոլորը պիտի կատարվեն:

38 Ինչ որ ես՝ Տերս, ասել եմ, ես եմ ասել, և չեմ արդարանում. ու թեև երկինքն ու երկիրը պիտի անցնեն, իմ խոսքը չպիտի անցնի, այլ բոլորը պիտի կատարվի, լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է:

39 Քանզի ահա, տե՛ս, Տերն Աստված է, և Հոգին վկայություն է բերում, և վկայությունը ճշմարիտ է, և ճշմարտությունը մնում է հավիտյանս հավիտենից: Ամեն: