«Արածացրեք իմ ոչխարները»
«Հետևեք ինձ, և արածեցրեք իմ ոչխարները» (ՎևՈւ 112.14):
«Հիսուսը Պետրոսին ասաց, որ արածացնի Իր ոչխարները: Այդպես Պետրոսը կարող էր ցույց տալ Հիսուսին, որ սիրում էր Նրան»:
«Մայրիկ, իսկ Հիսուսը ոչխարնե՞ր էր պահում»:
«Ոչ, սիրելիս: Հիսուսը երբեմն կոչվում է նաև Բարի Հովիվ, իսկ մենք նման ենք Նրա ոչխարներին: Հիսուսը Պետրոսին սովորեցնում էր, որ եթե մենք ուզում ենք ցույց տալ, որ սիրում ենք Իրեն, մենք պետք է օգնենք ուրիշներին»:
«Այդ պատճառո՞վ է, որ մենք թխվածք ենք տանելու Քույր Ջեքոբսին ընտանեկան երեկոյից հետո»:
«Այո: Բայց լավ կլիներ, եթե դու մտածեիր ինչ-որ բան անել՝ ցույց տալու համար Քույր Ջեքոբսին քո սերը»:
Օլիվիան մտածեց այն մասին, թե ինչ կարող էր անել: Նա հիշեց, որ մայրիկը և տատիկը սիրում էին նրա նկարած նկարները:
«Ես գիտեմ: Ես կարող եմ մի բացիկ պատրաստել Քույր Ջեքոբսի համար և նկարել դրա վրա»:
Օլիվիան սքանչելի ծիածան նկարեց: Բացիկի ներսում նա գրեց «Շուտ լավացեք: Սիրով, Օլիվիա»:
Երբ Օլիվիան և նրա ընտանիքը գնացին Քույր Ջեքոբսի տուն, մայրիկը Քույր Ջեքոբսին հարցրեց, թե ինչպես է նա իրեն զգում: Քույր Ջեքոբսը սկսեց լաց լինել:
«Պարզվեց, որ ես պետք է գնամ հիվանդանոց և վիրահատություն անցնեմ վաղը: Ես մի քիչ վախենում եմ»:
Մայրիկը Քույր Ջեքոբսին տվեց թխվածքը: Ապա Օլիվիան տվեց իր պատրաստած բացիկը:
«Շնորհակալություն, Օլիվիա: Այս սքանչելի բացիկը և քո քաղցր ժպիտը օգնում են ինձ լավ զգալ»:
Օլիվիային թվաց, թե ինչ-որ մեկը գրկեց նրա սիրտը: Նա երջանիկ էր, որ կարողացավ օգնել Հիսուսին արածացնել Նրա ոչխարները: