Մամա Տաամինոյի կողմից օրհնված
Վիկտոր Դ. Քեյվ, Եկեղեցու ամսագրեր
Երբ ես հանդիպեցի Տաումատաջի Տաամինոյին, ես իմ երկրում ծառայող երիտասարդ միսիոներ էի: Տարեց այրի՝ Քույր Տաամինոն տարիքից և ծանր աշխատանքից մի փոքր կքված էր, սակայն նա միշտ իր ձեռքերն էր տարածում, որպեսզի ողջուներ ինձ ու իմ ընկերակցին և համբուրեր երկուսիս Ֆրանսիական Պոլինեզիայում ընդունված սովորությամբ:
Քույր Տաամինոն թույլ էր, և նա դանդաղ և երերալով էր քայլում, սակայն նա հոգում էր յուրաքանչյուրի համար: Նա անգամ հոգում էր, որ իմ և ընկերակցիս հագուստը միշտ մաքուր ու արդուկված լիներ: Երեխաները սիրում էին նրա շուրջը լինել, որովհետև նա ջերմորեն էր ընդունում նրանց և լսում էր այն, ինչ նրանք ասում էին: Նա հասարակ կյանքով էր ապրում երկուսենյականոց տանը՝ շրջապատված ավազով, արմավենիներով, ընտանիքով և ընկերներով: Որպես հարգանքի նշան բոլորը նրան «Մամա Տաամինո» էին անվանում:
Թաիթի Պապետե Միսիայի նախագահը իմ ընկերակցին, Երեց Ցան Ֆաթին, և ինձ հանձնարարեց օգնել պատրաստել 80 Վերջին Օրերի Սրբերից կազմված խմբին ստանալ իրենց օժտումները և ընտանիքներով կնքվել մոտակա Համիլտոն Նոր Զելանդիա Տաճարում, որը ինքնաթիռով հինգ ժամվա ճանապարհ էր: Մամա Տաամինոն վեց տարում ամեն տարի ճամփորդել էր տաճար, և այդ տարի նա կրկին պետք է գնար: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես է նա իրեն թույլ տալիս նման ծախսատար ճամփորդություններ կատարել, եթե սուղ պայմաններում էր ապրում: Վեց տարի անց ես իմացա պատասխանը:
1976թ. լինելով Պապետե Թաիթի Ցցի նախագահը, ես կանոնավոր ստուգումներ էի անցկացնում ցցի հավաքատներում: Մի օր կեսօրին ես այցելեցի Տիպաերուի ժողովատուն: Այդ ժամանակ մենք վճարում էինք խնամակալներին, և այնտեղ ես գտա Մամա Տաամինոյին, որն այժմ 60-ն անց էր, և աշխատում էր որպես խնամակալ, օգնելով իր մեծ ընտանիքին: Նա ինձ ողջունեց սովորականի պես՝ «Համեցիր ինձ մոտ, ճաշենք»: Սակայն ես պատասխանեցի. «Մամա Տաամինո, դու այլևս երիտասարդ չես, և ճաշի համար դու ունես մի կտոր հաց, ձկան փոքրիկ պահածո, և մի փոքր շիշ հյութ: Արդյո՞ք դու բավականաչափ չես վաստակում, որպեսզի ավելի շատ սնունդ ունենաս»:
Նա պատասխանեց. «Ես խնայում եմ, որ կրկին տաճար գնամ»: Նրա սիրո և զոհաբերության օրինակից սիրտս հիացմունքից հուզվեց: Մամա Տաամինոն Նոր Զելանդիայում տաճար էր ճամփորդել մոտ 15 անգամ, ամեն տարի, մինչև 1983թ. հոկտեմբերին Պապետե Թաիթի Տաճարի նվիրագործումը: Նվիրագործմանը նա ուրախություն էր ճառագում:
1995թ. այս անգամ որպես միսիայի նախագահ, ես կրկին տեսա Մամա Տաամինոյին: Նա տեղափոխվել էր Մակեմո կղզի՝ իր ծննդավայրից ոչ շատ հեռու: Այժմ 80-ն անց, նա չէր կարողանում այլևս քայլել, սակայն նրա դեմքի կնճիռները խաղաղություն, համբերատարություն և կյանքի և ավետարանի խորը հասկացողություն էին արտահայտում: Նա դեռևս գեղեցիկ ժպիտ ուներ, և նրա աչքերը պարզ գթասրտություն էին արտահայտում:
Հաջորդ օրը վաղ առավոտյան ես տեսա նրան հավաքատան ծաղկի մարգերի մեջ նստած՝ քաղհանելիս և մաքրելիս: Նրա որդիներից մեկն էր նրան բերել այնտեղ: Մի տարածքը ավարտելով, նա իր ձեռքերի վրա հենվելով գնում էր մյուս տարածք: Նա այդպես էր շարունակում ծառայել Տիրոջը:
Երեկոյան մոտ, երբ ես տաճարի երաշխավորագրի համար հարցազրույցներ էի անցկացնում, Մամա Տաամինոյին բերեցին այնտեղ, որտեղ ես էի նստած՝ ժողովատան մոտ ծառերի ստվերին: Նա ցանկանում էր տաճարի երաշխավորագրի համար պահանջվող հարցերին պատասխանել:
«Նախագահ, ես այլևս չեմ կարող գնալ տաճար,- ասաց նա,- Ես մեծ եմ և հիվանդ, սակայն ես միշտ ուզում եմ ընթացիկ տաճարային երաշխավորագիր ունենալ ինձ մոտ»:
Կարող եմ ասել, թե որքան էր նա փափագում վերադառնալ տաճար, և ես գիտեի, որ նրա ցանկությունը ընդունելի էր Աստծո համար: Դրանից շատ չանցած, նա հեռացավ իր երկրային խորանից՝ միանալու նրանց, ում հավատարմորեն ծառայել էր Տիրոջ տանը: Նա իր հետ տարավ իր հավատը, վկայությունը, գթասրտությունը և ծառայելու պատրաստակամությունը:
Մամա Տաամինոն իսկական Պոլինեզյան պիոներ էր, որի օրինակը օրհնել է իր եղբայրներից և քույրերից շատերին, ներառյալ ինձ: