2010
Տաճարային ամուսնությունը առաջնահերթություն դարձրեք
Ապրիլ 2010


Տաճարային ամուսնությունը առաջնահերթություն դարձրեք

Վիտալի Շմակովը ծնվել է Օմսկում, Ռուսաստան, իսկ Եկատերինան (Կատյա) Եկատերինբուրգում, Ռուսաստան: Նրանք երկուսն էլ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն են միացել դեռահաս տարիքում, և երկուսն էլ միսիայում են ծառայել. Վիտալին ծառայել է Չեխոսլովակիայի Պրահա Միսիայում, իսկ Կատյան՝ Ռուսաստանի Նովոսիբիրսկ Միսիայում: Նրանք ասում են, որ դարձի գալու շնորհիվ իրենք բացահայտեցին երջանիկ, վստահ, լիարժեք կյանքի հնարավորությունները, իսկ միսիաները ամրացրեցին ավետանարակենտրոն տուն հիմնելու իրենց ցանկությունը, որի հիմքը դարձավ տաճարային ամուսնությունը: Այսպիսին է նրանց պատմությունը:

Վիտալի. Երբ միսիայից տուն վերադարձա, ամիսներ անց, ինձ խնդրեցին տեղի երիտասարդների համաժողովում խորհրդատու լինել: Ռուսաստանի Նովոսիբիրսկ Միսիայի նախագահ Սթիվեն Ս. Սմիթը կանչեց ինձ իր գրասենյակ: Ինձ թվաց նոր կոչում է առաջարկվելու կամ հերթական հարցազրույցը պետք է անցնեմ: Փոխարենը, Նախագահ Սմիթն ասաց ինձ ինչ-որ մեկի մասին, որին նա ցանկանում էր, որ ես հանդիպեի, նա միսիայից վերադարձած երիտասարդ աղջիկ էր և ապրում էր Ռուսաստանի մեկ այլ մասում, սակայն պետք է ներկա լիներ մեր համաժողովին:

Ես երբեք Կատյային նախկինում չէի տեսել, սակայն երբ եկա համաժողովին, ես ծանոթացա նրա հետ, և մենք մի քանի րոպե զրուցեցինք: Ավելի ուշ այդ երեկո ես Կատյային հրավիրեցի պարի: Հաջորդ օրը կրկին հրավիրեցի պարի:

Կատյա. Եկեղեցում մեծանալով, ես չեմ ճանաչել շատ երիտասարդ ամուրի քահանայություն կրողների, սակայն միշտ հույս ունեի, որ Տերը ինձ կօգնի գտնել արժանի երիտասարդի, որի հետ կամուսնանամ: Ես չգիտեի, թե երբ և ինչպես մենք կհանդիպենք, սակայն վստահում էի Տիրոջը և Նրա խոստումներին:

Միսիայից հետո, ինձ կանչեցին օգնելու երիտասարդների համաժողովի կազմակերպչական աշխատանքում: Երբ համաժողովի ժամանակ տեսա Վիտալիին, անմիջապես նրա հետ ծանոթանալու ցանկություն ունեցա: Համաժողովին մենք միասին երեք հրաշալի և անմոռանալի օրեր անցկացրեցինք:

Ես հոգուս խորքում հուշում զգացի, որ Վիտալին այն մարդն էր, որի հետ պետք է ամուսնանայի: Անշուշտ, ամեն ոք չէ, որ այսպիսի զգացում կունենա ժամադրության սկզբնական փուլում: Ինչպե՞ս ենք իմանում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում: Իմ միսիայում ես սովորեցի ճանաչել Հոգին և առանց կասկածի հետևել Նրա ուղղորդությանը: Այնպես որ, երբ ինձ հուշվեց, որ պետք է ծանոթանամ Վիտալիի հետ, ես որոշեցի հետևել դրան:

Ես գիտեմ, որ Հոգին կառաջնորդի մեզ բոլորիս, եթե մենք փնտրենք Նրա ընկերակցությունը: Կարևոր է, որ մենք մեր ճանապարհը չհամեմատենք մյուսների ճանապարհի հետ, Հոգին մեզ բոլորին չի առաջնորդում ճիշտ նույն ձևով, սակայն եթե մենք հետևենք Հոգուն, կարող ենք վստահ լինել, որ մեր ընտրած ուղին ճիշտ է մեզ համար:

Խոչընդոտները հաղթահարելը

Վիտալի. Այդ երեք օրերի ընթացքում ես հասկացա, որ գտել եմ հատուկ մեկին: Ես հիասթափություն ապրեցի, երբ համաժողովից հետո Կատյան և ես պետք է բաժանվեինք: Բարեբախտաբար հաջորդ ամիս երիտասարդ ամուրիների համաժողով կար: Ես սկսեցի անհամբեր սպասել այդ օրվան:

Այդ համաժողովը հրաշալի անցավ, ինչպեսև հույս ունեի: Կատյան և ես շատ ժամանակ անցկացրեցինք միասին՝ իսկապես միմյանց ճանաչելու համար: Երբ այդ համաժողովն ավարտվեց, մենք հեռախոսահամարներ փոխանակեցինք և վերդարձանք մեր քաղաքները:

Հաջորդող շաբաթների ընթացքում մենք հիմնականում շփվում էինք հեռախոսով և տեքստային հաղորդագրություններով: (Կարծում եմ, մեկ ամսից պակաս ժամանակահատվածում ես սովորեցի իմ բջջային հեռախոսով տեքստեր հավաքել ավելի արագ, քան շատերը սովորում են համակարգչով տպել:)

Կատյան ապրում էր Եկատերինբուրգում, որը գնացքով 11 ժամ հեռավորության վրա է գտնվում իմ քաղաքից՝ Օմսկից, Սիբիր: Այնուամենայնիվ, մենք շատ էինք ցանկանում կրկին տեսնել միմյանց: Մենք սկսեցինք կանոնավոր ձևով միմյանց այցելել հանգստյան օրերին: Մի անգամ ես էի նրան այցելում հանգստյան օրերին, մյուս անգամ, մի քանի շաբաթ անց, նա էր այցելում ինձ: Երբ ես այցելում էի Կատյային, մնում էի մեր ընդհանուր ծանոթների մոտ նրա քաղաքում, իսկ երբ նա էր այցելում ինձ, նա էր մնում իմ քաղաքում մեր ընդհանուր ծանոթների տանը: Մեր այդ այցելությունների ժամանակ մենք հաճախ էինք ժամանակ անցկացնում եկեղեցու մեր այդ ընկերների հետ:

Կատյա. Տասնմեկ ժամը կարող է երկար ճանփորդություն թվալ, սակայն Ռուսաստանի համար, դա իսկապես կարճ ճանապարհ է: Հեռավորության պատճառով մեր ժամադրություններն այդքան հաճախակի չէին լինում, որքան կցանկանայինք: Մենք կարողանում էինք հանդիպել մի քանի շաբաթը մեկ, և միասին երկու-երեք օր անցկացնել, մինչև մեզանից մեկը կմեկներ տուն: Հաճախ զգում էինք, որ մեզ ավելի շատ ժամանակ է պետք, և բաժանվելը միշտ դժվար էր: Եվ քանի որ մենք այդքան ջանքեր էինք գործադրում միմյանց տեսնելու համար, մենք գնահատում էինք միասին անցկացրած ամեն րոպեն: Երբ մեր հարաբերությունը ավելի խորացավ, մենք սկսեցինք անհամբեր սպասել այն ժամանակվան, երբ այլևս չպետք է միմյանց ցտեսություն ասեինք:

Մեր ժամադրությունները շատ հետաքրքիր էին և բազմազան՝ մենք հեծանիվ էինք քշում և ձի վարում, այցելում էինք թանգարաններ, սուրբ գրություններ էինք կարդում, ուտելիք էինք պատրաստում, զբոսայգի էինք գնում (մենք նույնիսկ պարել ենք մի զբոսայգում), և մանկատուն ենք գնացել, ծառայելով և խաղալով երեխաների հետ:

Ամեն անգամ հանդիպելիս մենք ինչ-որ նոր բան էինք անում և ուրախ ժամանակ էինք անցկացնում: Ես գնահատում եմ, թե որքան հնարամտորեն էր Վիտալին մեր ժամադրությունները կազմակերպում: Միջոցառումները, որ նա ծրագրում էր, օգնում էին մեզ իսկապես ճանաչել միմյանց:

Վիտալի. Քանի որ ես ուսանող էի, չէի կարողանում շատ զվարճալի բաներ թույլ տալ: Իմ գումարի մեծ մասը ես ծախսում էի Կատյային տեսնելու համար ճամփորդելու և հեռախոսային վճարները կատարելու վրա: Սակայն սահմանափակ բյուջե ունենալը չէր նշանակում, որ մեր ժամադրությունները պետք է անհետաքրքիր և անարդյունավետ լինեին: Իրականում մեր ամենալավ ժամադրություններից շատերը անգամ մի կոպեկ չարժեին:

Հնարավոր է, անմտություն թվա, սակայն ես ցանկանում էի տեսնել, թե ինչպես է Կատյան իրեն զգում երեխաների մեջ, և մենք գնացինք մանկատուն: Մեր ժամադրություններով մենք փորձում էինք իսկապես միմյանց մասին որքան հնարավոր է շատ բան իմանալ:

Տիրոջ եղանակով ապրելը

Վիտալի. Ռուսաստանում, ինչպես նաև շատ այլ վայրերում, մարդկանց մոտ ընդունված է, որ նախքան ամուսնանալը համատեղ կյանքով ապրեն: Կատյային առաջարկություն անելուց հետո, իմ ընկերներից ոմանք հարցրեցին, թե ինչպես կարող եմ ամուսնանալ նրա հետ, եթե նախորոք չգիտեմ, արդյոք ֆիզիկապես համատեղելի ենք մենք: Նրանք պատճառաբանում էին, ինչպեսև շատերը համոզում էին Կատյային, որ նրա հետ երկար ժամանակ ապրելու միջոցով միայն կարող եմ իմանալ, որ նա իսկապես հարմար է ինձ համար:

Ես ասում էի նրանց, որ մարդուն ճանաչելու համար կարիք չկա ապրել նրա հետ: Ես նաև փորձում էի ընկերներիս համար հասկանալի ձևով բացատրել, որ ես աղոթել եմ և պատասխան ստացել, որ պետք է ամուսնանամ Կատյայի հետ: Իմ որոշման մասին աղոթելուց հետո ես ոչ մի վախ չունեի ամուսնական կյանքի հանդեպ: Ես ոգևորվել էի և կարծես մի ամբողջ նոր կյանք էր բացվում իմ առաջ: Ոչ ոք երբեք չի ընդդիմացել կամ քննադատել ինձ այդ դիրքորոշումն ընդունելու համար: Իրականում, նրանք աջակցում էին ինձ իմ որոշման մեջ:

Կատյա. Երբ Վիտալին առաջարկություն արեց, ծնողներս փորձում էին ինձ ետ պահել ամուսնությունից: Նրանք մտածում էին, որ դեռևս շատ վաղ է նշանվելու համար, և ես պետք է աշխատեի ավելի լավ ճանաչել Վիտալիին: Իմ աշխատանքային ղեկավարն ասաց ինձ նույնը և ավելացրեց. «Դուք պետք է միասին ապրեք, նախքան նման որոշում կայացնելը»:

Ես տխրում եմ, երբ մարդիկ այդպես են մտածում ամուսնության և ընտանիքի մասին: Իմ կարծիքով, նրանք չեն հասկանում, թե որքան երջանիկ զույգեր կարող են լինել տաճարում ամուսնանալու և կնքվելու արդյունքում: Այն մեծ սերն ու երջանկությունը, որ Վիտալին և ես զգում էինք մեր ամուսնության ժամանակ, անգամ ավելի ուժգին էր այն գիտելիքի շնորհիվ, որ մենք կնքվում ենք հավերժության համար:

Վիտալի. Կատյան և ես ամուսնացանք Օմսկում 2006թ. փետրվարի 25-ին: (Ինչպեսև շատ երկրներում, Ռուսաստանի օրենքներով տաճարային կնքումից առաջ պարտադիր է քաղաքացիական ամուսնությունը:) Հաջորդ առավոտյան մենք ճանապարհ ընկանք Շվեդիայի Ստոկհոլմ Տաճար: Մենք Օմսկից օդանավ նստեցինք և երեք ժամում հասանք Մոսկվա, որտեղ մնացինք օրվա մնացած մասը: Ապա գիշերը նստեցինք Սանկտ Պետերբուրգ գնացող գնացքը: Այնտեղից մյուս Վերջին Օրերի Սրբերի հետ ավտոբուս նստեցինք և ութ ժամում հասանք Հելսինկի, Ֆինլանդիա: Մեր ճամփորդության վերջին մասն էր դեպի Ստոկհոլմ 11-ժամյա նավարկությունը:

Վերջապես մենք հասանք տաճար:

Ոմանց համար նման երկար ճամփորդությունը կարող է դժվար թվալ, սակայն Եվրոպայով ճամփորդությունը մեր մեղրամիսը հրաշալի դարձրեց:

Մեր կնքման օրը՝ 2006թ. մարտի 1-ը, հրաշալի օր էր, խաղաղության և հավաստիացման օր: Ես գիտեի, որ մարդը, որի ձեռքը ես բռնել էի, նա էր, ում հետ պետք է հավերժություն անցնեի: Միայն այս միտքը ինձ մեծ ուրախությամբ և Երկնային Հոր հանդեպ երախտագիտությամբ էր լցնում, որը ինձ էր վստահել Իր դստերը որպես իմ կին: Ես ավելի քան երբևէ մոտ էի զգում Նրան:

Փնտրելով Քրիստոսանման հատկանիշներ

Կատյա. Այժմ Վիտալին և ես ունենք փոքրիկ դստրիկ: Նա հրաշալի է: Ես ցանկանում եմ, որ նա մի օր տաճարում ամուսնանա, և մենք կարող ենք նրան լավագույնս աջակցել՝ սիրող ամուսիններ և ծնողներ լինելով:

Հուսով եմ, որ նա կկարողանա Քրիստոսանման հատկանիշներ ունեցող արժանի քահանայություն կրող գտնել: Նման հատկանիշներ Վիտալիի մեջ տեսնելը օգնեց ինձ նրա հետ ամուսնանալու որոշում կայացնել:

Ի՞նչը գրավեց ինձ Վիտալիի մեջ: Իհարկե, նա գեղեցիկ է և խելացի, և նա գիտի ինչպես սիրաշահել կնոջը: Սակայն դրանք հիմնական չափանիշները չեն: Նա ունի, ինչպես ես եմ անվանում, «Քրիստոսի աշակերտի աչքեր»: Ես լույս էի տեսնում նրա մեջ: Նա արդարակյաց քահանայության կրող է:

Վիտալի. Իհարկե, հրաշալի է, երբ ամուսնանում ես քեզ համար գրավիչ անձնավորության հետ: Սակայն երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է միայն ֆիզիկական հատկանիշների վրա, մենք անխուսափելիորեն կորցնում ենք կարևոր գծերը՝ անհատականությունը, հոգևոր մակարդակը և այլ գծերը, որոնք իսկապես կարևոր են հարատև ամուսնության համար:

Ես գիտակցում եմ, որ հնարավոր է որոշ երիտասարդ ամուրիների համար դժվար լինի Եկեղեցում ամուսին գտնել, քանի որ իրենց տարածքում պարզապես Վերջին Օրերի շատ Սրբեր չկան: Ես կարեկցում եմ նրանց: Այնուամենայնիվ, ես գիտեմ՝ ինչպիսին էլ լինեն մեր հանգամանքները, եթե մենք անենք մեր մասը և պատրաստվենք տաճարային կնքմանը, Երկնային Հայրը կարող է ճանապարհ բացել:

Ձախում՝ Շմակովները 2006թ. իրենց կնքման օրը: Դեպի Շվեդիայի Ստոկհոլմ Տաճար ճամփորդությունը տևեց մոտ 30 ժամ:

Աջում՝ Այսօր Շմակովներն ունեն փոքրիկ դստրիկ: Կատյան ասում է. «Ես ցանկանում եմ, որ նա մի օր ամուսնանա տաճարում»:

Ընտանեկան լուսանկարները տրամադրվել են Շմակովների կողմից