Նա հարգեց իմ խնդրանքը
Խուան Կառլոս Ֆալլաս Ագուերո, Սան Խոսե, Կոստա Ռիկա
Երբ ես 18 տարեկանում մկրտվեցի, ես գիտեի, որ Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելը դառնալու է իմ ապրելակերպը: Ես զգացի ավետարանի չափանիշներով ապրելու կարևորությունը և լրջությունը, և այդպես անելով ես բազմաթիվ միջոցներով օրհնվել եմ իմ կյանքում:
Ավետարանի մի սկզբունք իսկապես կարևոր է ինձ համար՝ դա Կիրակին պահելն է: Այն թույլ է տալիս ինձ կտրվել իմ առօրյա գործերից և իմ մտքերը կենտրոնացնել իմ Երկնային Հոր վրա:
Ես աշխատում եմ Կոստա Ռիկայի մի տուրիստական գործակալությունում: Այդ բնագավառում մարդկանց համար սովորական է կիրակի օրերին աշխատելը: Երբ ես աշխատանքի անցա, ես ներկայացա որպես Եկեղեցու անդամ: Ես խնդրեցի, որ կիրակի օրերին ազատ լինեմ, և ինձ թույլ տվեցին:
Իմ անսովոր խնդրանքի պատճառով, իմ գործընկերներն ու իմ ղեկավարը հետաքրքրվեցին իմ հավատով: Նրանք բազմաթիվ հարցեր ուղղեցին ինձ: Ժամանակի ընթացքում առիթներ եղան բացատրելու նրանց Վերջին Օրերի Սրբերի հավատքի վերաբերյալ որոշ մանրամասներ: Շատ դեպքերում ավետարանի վարդապետությունների մասին իմ բացատրությունները նրանց հարգանքին արժանացավ:
Մի օր իմ ղեկավարը հավաքեց մեր աշխատակազմին հայտարարություն կատարելու: «Անհրաժեշտ է, որ հաջորդ երկու հանգստյան օրերին դուք բոլորդ աշխատեք»,-ասաց նա: Սիրտս նվաղեց: Ես գիտեի, որ դա նշանակում էր՝ պետք է աշխատեմ կիրակի օրը:
Բայց այդ պահին իմ ղեկավարը շարունակեց. «Այսինքն՝ բոլորը, բացի Խուան Կառլոսից: Մենք գիտենք, որ ոչինչ չի կարող նրան ստիպել գալ աշխատանքի կիրակի օրը»:
Ես թեթևացած շունչ քաշեցի: Իմ ղեկավարը հարգեց իմ խնդրանքը: Իմ վարքի և աշխատանքային չափանիշները պահելու շնորհիվ ես վաստակել էի նրա հարգանքը: Արդյունքում նա ցանկացավ հարգել իմ հավատքը:
Ես գիտեմ, որ եթե մեր կյանքում ավետարանի չափանիշները դարձնում ենք առաջնահերթություն, ապա Տերը կօրհնի մեզ: