Հարսանյաց զգեստը և Ծրագիրը
«Ամուսնությունն Աստծո կողմից է կարգված» (ՎևՈւ 49.15):
Լորին նստեց իր ավագ քրոջ մահճակալի վրա, մինչ Կարինը վերջացրեց հավաքել իր տաճարի պայուսակը: Կարինը այսօր ամուսնանում էր:
Լորին ոգևորված սպասում էր հարսանյաց ընդունելությանը այդ երեկո, բայց նաև տխուր էր: Նրա ավագ եղբայրը, որը ծառայել էր միսիայում, կարող էր Կարինի հետ մտնել տաճար: Նրա ծնողները նույնպես կարող էին: Բայց Լորին և նրա երկու փոքր եղբայրները չէին կարող ներս մտնել:
«Կուզենայի քեզ հետ տաճարում լինել», - ասաց Լորին:
Կարինը հայացքը պայուսակից բարձրացրեց: «Ես էլ, բայց դու լավ կզգաս քեզ նաև դրսում: Եվ մի օր ես քեզ հետ կգամ տաճար, երբ դու ամուսնանաս»:
Լորին այլևս տխուր չէր իրեն զգում, սակայն նա մտածում էր մեկ այլ բանի մասին: «Ինչպե՞ս դու հասկացար, որ ուզում ես ամուսնանալ Մեթի հետ», - հարցրեց նա:
Կարինը նստեց Լորիի կողքին: «Շատ տարիներ առաջ ես իմացա, որ Երկնային Հայրը ծրագիր ունի ինձ համար: Երբ ես հանդիպեցի Մեթին, հասկացա, որ մենք միասին կարող ենք իրականացնել այդ ծրագիրը»:
«Դուք ավարտեցի՞ք այդ ծրագիրը», - հարցրեց Լորին:
Կարինը գլխի շարժումով ասաց՝ ոչ: «Մեթը և ես ուզում ենք երեխաներ ունենալ, ավարտել մեր ուսումը և շատ ավելին»:
Լորին նայեց սքանչելի ճերմակ հարսանյաց զգեստին, որ կախված էր Կարինի պահարանի դռնից: «Քո զգեստը այնքան գեղեցիկ է», - ասաց նա:
Կարինը ժպտաց: «Դա ծրագրի մի մասն է», - ասաց նա: «Ես միշտ ուզում էի ամուսնանալ տաճարում, և իմ զգեստը պետք է համեստ լինի»:
Մի քանի ժամ անց Լորին նայում էր, ինչպես էին Կարինը և Մեթը դուրս գալիս տաճարից: Նրանց դեմքերը շողում էին:
Լորին վազեց դեպի Կարինը և ձեռքերով փաթաթվեց նրան:
Մի քանի շաբաթ անց Լորին փոստով նկար ստացավ: Նկարի վրա Կարինը և Մեթը կանգնած էին տաճարի դիմաց: Կարինը վերևում գրել էր. «Երկնային Հայրը քո համար ծրագիր ունի»:
Լորին նկարը պահեց իր զգեստապահարանում: Նա ինքն իրեն խոսք տվեց, որ մի օր կգնա տաճար և իր դեմքին կհայտնվի նույն փայլը, որը տեսավ իր քրոջ դեմքին: