2010
Կրթության Մշտական Ֆոնդը ծաղկում է ինը տարի հետո
Ապրիլ 2010


Կրթության Մշտական Ֆոնդը ծաղկում է ինը տարի հետո

Տիսոն Քեմիջը, որը մանուկ հասակում հիվանդացել է պոլիոմելիտիով և որբացել, մեծացել է Նաիրոբիում, Քենիա, որտեղ նա երբեք չէր քնել ներքնակի վրա և օրեկան հազվադեպ էր երկու անգամ ճաշ կերել: Նա շարժվում էր միայն ձեռնափայտերի օգնությամբ:

Նա որոշեց հաճախել Քենիայի Ավգուստանա քոլեջը` սովորելու ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, բայց առանց ընտանիքի և առանց փողի նրա ծրագրերը անորոշ էին թվում:

Եղբայր Քեմիջը, որը Եկեղեցուն էր միացել մի քանի տարի առաջ, միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, հանդիպեց մի տարեց միսիոներական զույգի և պատմեց նրանց իր ցանկության մասին: Միսիոներները նրան ծանոթացրեցին Կրթության Մշտական Ֆոնդի (ԿՄՖ) հանձնաժողովի հետ: ԿՄՖ-ի վարկը օգնեց նրան ընդունվել համալսարան:

«Ես երկրի վրա ամենաբախտավոր մարդն եմ»,- հաճախ ասում էր Եղբայր Քեմիջը միսիոներներին:

Եղբայր Քեմիջը ծառայել է որպես Ավգուստանայի Համալսարանի ուսանողների նախագահ և իր ծխում ունի երկու կոչում:

Նախագահ Գորդոն Բ. Հինքլիի (1910-2008) ՄԿՖ-ի մասին առաջին անգամ հայտարարելուց ինը տարի անց, ծրագիրն ունի ավելի քան 38,000 մասնակիցներ 42 երկրներում: Չնայած տնտեսական համաշխարհային դժվարություններին, Կրթության Մշտական Ֆոնդը ողջ է և օգնում է Տիսոն Քեմիջի նման մարդկանց կրթություն ստանալ, խուսափել աղքատությունից և օգտակար լինել իրենց համայնքներին:

ԿՄՖ-ի ավելի քան 87 տոկոսը, ովքեր ավարտել են իրենց կրթությունը, ներկայումս աշխատում են:

Հաղթահարել մարտահրավերները

Չնայած ծրագրին չէր սպառնում տնտեսական անկումը, նրանք, ովքեր ղեկավարում են ծրագիրը, ասում են, որ այն ստիպված էր հաղթահարել որոշ մարտահրավերներ: Ամենամեծ մարտահրավերներից մեկը, որին դիմակայում է ծրագիրը, մասնակիցների թվաքանակի աճն է:

«Խոչընդոտները, որոնց մենք հանդիպեցինք և հաղթահարեցինք, սովորական խոչընդոտներ են, որոնք ուղեկցում են բուռն աճին և միջազգային ջանքերին», - ասաց Երեց Ջոն Կ. Կարմակը, Յոթանասունի պատվավոր անդամ և ֆոնդի գործադիր տնօրենը: Խոչընդոտներից մի քանիսը ներառում են այդ մասին ազդարարելը, պահանջներն ու մատչելիությունը հայտնի դարձնելն ու մասնակիցներին հաստատելը:

Ծրագիրը ղեկավարվում է Եկեղեցու վարչությունում՝ համեմատաբար փոքր կառավարող խմբի կողմից, ներառելով մի քանի աշխատողներ, միսիոներական զույգեր և տեղի կամավորներ: Այն ղեկավարվում է երկու պատվավոր Գերագույն Իշխանավորների՝ Երեց Կարմակի և Երեց Ռիչարդ Ի. Քուքի կողմից:

Լայնածավալ ծրագիրը ղեկավարելու համար ԿՄՖ-ի աշխատակազմն ու միսիոներներն աշխատում են Տարածքային Նախագահությունների հետ՝ ուսուցանելով տարածքի ղեկավարներին, որոնք իրենց հերթին աշխատում են տեղի ղեկավարների հետ՝ ուսուցանելով և աջակցելով տեղական ուսուցիչներին, աշխատակազմին, կամավորներին և մասնակիցներին:

«Դա այնպիսի մի առաջադեմ նախաձեռնություն էր և է»,- ասաց Ռեքս Ալլենը՝ ծրագրի ուսուցման և հաղորդակցության տնօրենը: «Դա նոր էր բոլոր մակարդակներում, այնպես որ հաղորդակցությունը և ուսուցանումը կարևոր էին»:

Ինչպե՞ս է այն գործում:

Ծրագիրը հնարավոր դարձավ հարյուր հազարավոր մարդկանց շնորհիվ, ովքեր ֆոնդին փող նվիրաբերեցին: Ողջ նվիրաբերված փողը գնում է աջակցելու մասնակիցներին:

Մասնակիցների համար գործընթացը սկսվում է նախապատրաստական փուլով, որը համակարգվում է կրոնի ինստիտուտի ծրագրի միջոցով, որում ներգրավված է անդամը: ՎՕՍ աշխատանքի ռեսուրսների կենտրոնների օգնությամբ, մասնակիցներն անցնում են “Planning for Success” (Ծրագրավորում հաջողության համար) դասընթացները և սեմինարներ կարիերայի վերաբերյալ, նախքան վարկի համար դիմումն օնլայն լրացնելը:

Երբ վարկը հաստատվում է, մասնակիցները շարունակում են իրենց կրթությունը՝ հասկանալով, որ իրենք կվճարեն իրենց պարտքը, որպեսզի ուրիշները ևս կարողանան օգտվել ֆոնդից: Մասնակիցներն իրենց վարկերի դիմաց ետ են վճարում ամեն տարի ավելի քան 2,5 միլիոն դոլլար:

Երեց Կարմակն ասել է, որ ծրագիրը հաջողությամբ է ընթանում ոչ միայն անդամների ֆինանսական մեծ աջակցության շնորհիվ, այլ նաև հրաշալի ղեկավարման շնորհիվ: «Կրթության Մշտական Ֆոնդի հայրը Գորդոն Բ. Հինքլին է,- ասաց նա, - Բայց Նախագահ [Թոմաս Ս.] Մոնսոնի աջակցությունն ու հետաքրքրությունը նույնքան մեծ է: [Նախագահ Մոնսոնը] եղել է այդ գործընթացի մեջ սկզբից ի վեր և ղեկավարում է այն մարգարեական ներըմբռնմամբ»:

Արդյունքները

2001թ. ապրիլի գերագույն համաժողովի ժամանակ Նախագահ Հինքլին, հայտարարելով ծրագրի մասին, ասաց. «Աշխատանքային լավ հմտություններով այս երիտասարդ տղամարդիկ և կանայք կարող են դուրս գալ այն աղքատությունից, որ նրանք և նրանցից առաջ եղած սերունդներն են ապրել: Նրանք ավելի լավ կապահովեն իրենց ընտանիքները: Նրանք կծառայեն Եկեղեցում և կաճեն կառավարման և պատասխանատվության մեջ: Նրանք ետ կվճարեն իրենց վարկերը, հնարավորություն տալով ուրիշներին օրհնվել, ինչպես իրենք են օրհնվել» («Կրթության Մշտական Ֆոնդ», Լիահոնա, հուլիս, 2001, 60; Ensign, May 2001, 51):

Ծրագրի ղեկավարները շարունակում են տեսնել Նախագահ Հինքլիի խոսքերի իրականացումը: Որոշ ԿՄՖ հաստատած երկրներում Եկեղեցու ներկա ղեկավարների 10-ից 15 տոկոսը ֆոնդի նախկին շահառուներից են:

«Սա մի դատարկ երազանք չէ»,- շարունակեց Նախագահ Հինքլին: Մենք ունենք ռեսուրսներ մեր հրաշալի և առատաձեռն ընկերների սիրալիրության և բարության շնորհիվ: Մենք ունենք կազմակերպություն: Մենք ունենք մարդկային ուժ և Տիրոջ նվիրյալ ծառաներ այն հաջողության հասցնելու համար: Այն ամբողջապես կամավորական ջանք է, որը Եկեղեցու համար իրականում ոչինչ չի արժենա: Մենք խոնարհաբար և երախտագիտությամբ աղոթում ենք, որ Աստված բարգավաճեցնի այս ջանքերը և որ այն բերի օրհնություններ, առատ և սքանչելի, հազարավորների գլխին, ճիշտ ինչպես նրան նախորդող կազմակերպությունը՝ Ներգաղթի Մշտական Ֆոնդը, բերեց անասելի օրհնություններ նրանց կյանքում, ովքեր ճաշակեցին դրա հնարավորություններից:

Ինը տարի անց ծրագիրը, որը հնարավոր դարձավ, ըստ Եղբայր Ալլենի, «հսկայական բարի կամքով և վիթխարի հավատքով», շարունակում է աճել:

Արժանի անդամները կարող են օրհնվել, …

ճաշակելով Կրթության Մշտական Ֆոնդի պտուղներից …

և ետ վճարելով, որպեսզի ուրիշները ևս կարողանան օգտվել:

Նկարները՝ Բրեդ Թիարի