Ինչին ենք մենք հավատում
Նա հարություն առավ
Որտեղ էլ ես ճամփորդում եմ, փորձում եմ այցելել քաղաքային գերեզմանոց: Դա խորհրդածության ժամանակ է՝ կյանքի իմաստի և մահվան անխուսափելիության մասին խորհելու ժամանակ: Յուտայի Սանտա Կլառա քաղաքի փոքր գերեզմանոցում ես հիշում եմ գերակշռող շվեյցարական անունները, որոնք զարդարում էին խունացած գերեզմանաքարերը: Նրանցից շատերը, թողնելով իրենց տունն ու ընտանիքը անխռով Շվեյցարիայում, ի պատասխան «Եկեք Սիոն» կանչին համայնքներ հաստատեցին, որտեղ այժմ «հանգչում են խաղաղությամբ»: Նրանք համբերությամբ տարան գարնանային ջրհեղեղներ, ամառային երաշտներ, խղճուկ բերքահավաք և հյուծող աշխատանք: Նրանք թողեցին զոհաբերության ժառանգություն:
Ամենամեծ գերեզմանոցները, որոնք հիմնականում ամենաքնքուշ զգացումներն են առաջացնում, մեծարվում են որպես նրանց շիրիմները, ովքեր կրելով իրենց երկրի զինվորական հագուստը, մահացել են պատերազմի ժամանակ կռվի դաշտում: Դրանք արտացոլում են խորտակված երազանքներ, չիրականացած հույսեր, վշտահար սրտեր և պատերազմի սուր գերանդիով հնձված կյանքեր:
Ֆրանսիայի և Բելգիայի սպիտակ փոքր խաչերով պատված ակրերով տարածքները ընդգծում են Առաջին Համաշխարհայինի սոսկալի կորուստները: Գարնանը այստեղ հողագործները հողը մշակելիս մի տեղ սաղավարտ են գտնում, մեկ ուրիշ տեղ հրացան, որոնք սոսկալի հիշեցումներ են միլիոնավոր մարդկանց, ովքեր իրենց արյունով ցողեցին այդ հողը:
Մահ՝ կյանքի մի նոր գլուխ
Տարիներ առաջ ես կանգնած էի մի երիտասարդի մահճակալի մոտ, որը մաքառում էր կյանքի և մահվան միջև, նա երկու երեխաների հայր էր: Նա իմ ձեռքն առավ իր ձեռքերի մեջ, նայեց իմ աչքերին և աղերսալից ասաց. «Եպիկոպոս, ես գիտեմ, որ մահանում եմ: Ասացեք ինձ, երբ մահանամ, ի՞նչ տեղի կունենա իմ հոգու հետ»:
Ես աղոթեցի երկնային առաջնորդություն խնդրելով: Իմ ուշադրությունը գրավեց մահճակալի կողքի սեղանին դրված Մորմոնի Գիրքը: Ես սկսեցի բարձրաձայն կարդալ:
«Այժմ, հոգու վիճակի վերաբերյալ մահվան և հարության միջև … բոլոր մարդկանց հոգիները, հենց որ նրանք հեռանում են այս մահկանացու մարմնից … տարվում են տուն՝ այն Աստծո մոտ, որը նրանց կյանք էր տվել:
… Նրանց հոգիները, ովքեր արդար են, ընդունվում են երջանկության մի վիճակի մեջ, որը կոչվում է դրախտ՝ հանգստության մի վիճակ, խաղաղության մի վիճակ, որտեղ նրանք պիտի հանգստանան բոլոր իրենց տագնապներից և բոլոր մտահոգություններից, և վշտից» (Ալմա 40.11–12):
Իմ երիտասարդ ընկերը փակեց իր աչքերը, անկեղծ շնորհակալություն հայտնեց և հանդարտ քնով հեռացավ դեպի այն դրախտը, որի մասին մենք խոսեցինք:
Հաղթանակ գերեզմանի հանդեպ
Ղուկասը, որը բժիշկ էր, նկարագրում է, թե ինչ տեղի ունեցավ երկու Մարիամների հետ, երբ նրանք մոտեցան պարտեզի գերեզմանին:
«Եվ քարը գերեզմանիցը հեռու թավալած գտան: …
…Երբոր ներս մտան, Տեր Հիսուսի մարմինը չգտան:
…Երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսավոր հանդերձներով:
Եվ … նորանց ասեցին. Ի՞նչ եք կենդանին մեռելների մեջ որոնում:
Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկաս ԻԴ.2–6):
Սա բոլոր Քրիստոնյաներին ուղղված շեփորի կանչ է: Հարության իրականությունը բոլորին աներևակայելի խաղաղություն է պարգևում: Այն սփոփում է նրանց, ում սիրելիները հանգչում են Ֆլանդերյան դաշտերում, ծովի հատակում կամ փոքր Սանտա Կլառայում: Դա տիեզերական ճշմարտություն է:
Որպես Նրա աշակերտներից ամենափոքրը, ես հայտարարում եմ իմ անձնական վկայությունը, որ մահը պարտություն է կրել, գերեզմանի հանդեպ հաղթանակ է տարվել: Թող որ խոսքերը սրբացվեն Նրա կողմից, ով դրանք իրական գիտելիք դարձրեց բոլորի համար: Հիշեք դրանք: Փայփայեք դրանք: Պատվեք դրանք: Նա հարություն առավ
-
Ես եկել եմ երկիր սովորելու, ապրելու, զարգանալու դեպի կատարելություն տանող մեր հավերժական ճանապարհին:
-
Ոմանք կարճատև կյանք են ունենում երկրի վրա, մինչդեռ մյուսները երկար են ապրում: Կարևորը ոչ թե այն է, թե որքան ենք ապրում, այլ ինչպիսի կյանքով ենք ապրում:
-
Այնուհետև գալիս է մահը և կյանքի մի նոր գլուխ է բացվում:
-
Այդ նոր գլուխը տանում է դեպի հարության փառահեղ օրը, երբ հոգին և մարմինը կմիավորվեն, որպեսզի այլևս չբաժանվեն:
“He Is Risen-ից,” Liahona, Apr. 2003, 2–7.