Ապրեք ձեր արտոնությունների համաձայն
Սովորեք, թե ինչպես քահանայության արարողությունները և ուխտի խոստումները թույլ կտան Աստծո զորությանը հոսել ձեր կյանք։
Վերջերս ամուսինս՝ Գրեգը, ախտորոշվեց մի հիվանդությամբ, որը պահանջում էր շտապ վիրահատություն և ամիսներ տևող քիմիաթերապիա։ Ինչպես ձեզանից շատերը, ովքեր հայտնվել են նման իրավիճակում, մենք անմիջապես սկսեցինք աղոթել երկնքի օգնության և Աստծո զորության համար: Գրեգի վիրահատությանը հաջորդող կիրակի օրը հաղորդությունը բերեցին մեր հիվանդասենյակ։
Այդ օրը միայն ես էի հաղորդություն վերցնում: Մի կտոր հաց։ Մի բաժակ ջուր։ Եկեղեցում իմ միտքը հաճախ կենտրոնանում է հաղորդության մատուցման գործընթացի վրա՝ պատրաստելը, օրհնելը և մատուցելը: Բայց այդ օրը ես խորհեցի Աստծո զորության պարգևի մասին, որը հասանելի էր հենց սուրբ արարողության միջոցով, և ուխտի խոստումի մասին, որը ես տալիս էի, երբ ուտում էի այդ մի կտոր հացը և խմում այդ մի բաժակ ջուրը: Սա մի ժամանակ էր, երբ ինձ երկնքից զորություն էր անհրաժեշտ: Սրտի մեծ ցավի, հյուծվածության և անորոշության մեջ ես խորհում էի այս պարգևի մասին, որը կտար ինձ հասանելիություն դեպի Նրա զորությունը, որն այդքան անհրաժեշտ էր ինձ: Հաղորդությունից ճաշակելը կամրապնդեր իմ ընկերակցությունը Տիրոջ Հոգու հետ, տալով ինձ հասանելիություն դեպի Աստծո զորության պարգևը, ներառյալ հրեշտակների սպասավորությունը և Փրկչի արտոնող զորությունը՝ հաղթահարելու այդ դժվարությունը:
Չեմ կարծում, որ նախկինում այսքան պարզ հասկանում էի, որ կարևորը միայն այն չէ, թե ով է պաշտոնավարում արարողությունը․ այն, ինչ արարողությունը և մեր ուխտի խոստումը բացահայտում են, նույնպես արժանի են մեր ուշադրությանը։ Քահանայության արարողությունները և ուխտի խոստումները թույլ են տալիս Աստծուն սրբացնել մեզ, այնուհետև հրաշքներ գործել մեր կյանքում: Բայց դա ինչպե՞ս է տեղի ունենում:
Նախ, որպեսզի արարողությունը դրսևորի Աստծո զորությունը մեր կյանքում, այն պետք է կատարվի Աստծո Որդու կողմից տրված իշխանությամբ: Մատուցման գործընթացը կարևոր է։ Հայրը Հիսուս Քրիստոսին վստահեց բանալիներն ու իշխանությունը՝ վերահսկելու Իր քահանայության արարողությունների մատուցումը: Նրա ղեկավարությամբ, Նրա քահանայության կարգի ներքո, Աստծո որդիները կարգվել են կանգնելու այնտեղ, որտեղ կկանգներ Աստծո Որդին։
Երկրորդ, մենք պարզապես ուխտի խոստումներ չենք տալիս, մենք պետք է պահենք դրանք: Ավետարանի շատ արարողություններում մենք սուրբ ուխտեր ենք կապում Աստծո հետ․ Նա խոստանում է օրհնել մեզ, եթե մենք պահենք այդ ուխտերը: Արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ քահանայության արարողությունների և ուխտի խոստումները պահելու համակցությամբ է, որ Աստծո զորությունը հասանելի է դառնում մեզ համար։
Այդ կեսօրին ես մտածում էի՝ արդյոք ես՝ Աստծո ուխտյալ դուստրս, լիովին հասկանում էի, թե ինչպես ստանալ Աստծո զորության պարգևը քահանայության արարողությունների միջոցով և արդյոք ես իսկապես գիտակցում էի, թե ինչպես է Աստծո զորությունը գործում իմ մեջ:
2019 թվականին մարգարեական հրավեր տրվեց Եկեղեցու կանանց, որն ուսուցանում էր մեզ, թե ինչպես Փրկչի զորությունը ներգրավել մեր կյանք: Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեզ հրավիրել է ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 25-ը, մի հայտնություն, որը տրվել էր Էմմա Սմիթին Հարմոնիում (Պենսիլվանիա): Այդ հրավերն ընդունելը փոխեց իմ կյանքը։
Անցյալ ամիս ես անսպասելի հնարավորություն ունեցա այցելելու Հարմոնի: Այնտեղ՝ թխկիների տակ, քահանայությունը վերականգնվեց Ջոզեֆ Սմիթին և Օլիվեր Քաուդերիին: Ջոզեֆի և Էմմայի տան շքամուտքը շատ մոտ է գտնվում այդ ծառերին: Այդ տան բուխարիի դիմաց պատուհան կա։ Այդ պատուհանի մոտ կանգնած ես խորհում էի, թե ինչ կարող էր մտածել Էմման՝ նայելով այդ ծառերին:
1830 թվականի հուլիսին Էմման 26 տարեկան էր․ նա շատ երիտասարդ էր։ Երեքուկես տարի էր անցել իր ամուսնությունից: Նա կորցրել էր իր առաջնեկին: Որդու փոքրիկ գերեզմանը գտնվում էր տնից մի փոքր ներքև: Մինչ կանգնած էի այդ պատուհանի մոտ, ինձ համար դժվար չէր կռահել, թե ինչի մասին էր խորհել Էմման։ Անշուշտ, նա անհանգստանում էր իրենց ֆինանսների, աճող հալածանքների համար, որոնք սպառնում էին իրենց անվտանգությանը, և իրենց ապագայի համար: Եվ այնուամենայնիվ, Աստծո գործն ամենուր էր նրա շուրջը: Արդյո՞ք նա նաև մտածում էր, թե որն էր իր տեղը Աստծո ծրագրում, իր նպատակը Նրա թագավորությունում և իր ներուժը Աստծո աչքում:
Կարծում եմ, որ մտածում էր։
Ճանապարհի մյուս կողմում Աստծո քահանայության իշխանության պարգևն ու բանալիները վերականգնվել էին երկրի վրա: Սա մի ժամանակ էր, երբ Էմմային երկնքից զորություն էր անհրաժեշտ: Ես պատկերացնում եմ, որ սրտի մեծ ցավի, հյուծվածության և անորոշության մեջ Էմման մտածում էր Աստծո քահանայության այս պարգևի մասին, որը կարող էր Նրանից բերել այն զորությունը, որն այդքան անհրաժեշտ էր Էմմային:
Բայց Էմման պարզապես չէր կանգնել այդ պատուհանի մոտ ու մտածում։
Մինչ Մարգարե Ջոզեֆին ուսուցանվում էր բանալիների, կոչումների, արարողությունների մասին և թե ինչպես սատարել քահանայության ծառայությանը, Տերն Ինքը, Իր մարգարեի միջոցով, հայտնություն տվեց Էմմային: Ոչ թե Նավուի Սփոփող միության նախագահ Էմմային, այլ 26-ամյա Էմմային էր տրվել այս հայտնությունը Հարմոնիում: Հայտնության միջոցով Էմման սովորելու էր ներքին սրբացման և ուխտյալ կապի մասին, որը կմեծացներ քահանայության այդ արարողությունների՝ իր կյանքում գործելու կարողությունը:
Նախ, Տերը հիշեցրեց Էմմային Իր ծրագրում նրա դերի մասին, ներառյալ, թե ով էր նա՝ Իր թագավորության դուստրերից մեկը: Նրան հրավիրեցին «քայլել առաքինության ճանապարհներով»․ մի ճանապարհ, որը ներառում էր արարողություններ, որոնք կբացեին Աստծո զորությունը, եթե Էմման պահեր իր ուխտերը:
Երկրորդ, իր խոր վշտի ժամանակաշրջանում Տերը նպատակ տվեց նրան։ Էմման ոչ թե առաջին շարքի նստատեղից պարզապես հետևում էր Վերականգնումին, այլ նա կատարվող աշխատանքի կարևոր մասնակից էր։ Նա պիտի ի սպաս դրվեր՝ «բացատրելու սուրբ գրքերը և հորդորելու եկեղեցին»։ Նրա ժամանակը պիտի «նվիրվ[եր] գրելուն և շատ սովորելուն»։ Էմմային տրվեց սուրբ դեր՝ օգնել սրբերին պատրաստվել երկրպագության. Տիրոջն ուղղված նրանց երգերը կընդունվեին որպես աղոթք և այն «կպատասխանվ[եր] օրհնությամբ նրանց գլխին»:
Եվ վերջում, Տերն ուրվագծեց ներքին սրբացման գործընթացը, որն Էմմային կպատրաստեր վեհացմանը: Տերը նրան բացատրեց․ «Եթե դա չանես, որտեղ որ ես եմ, դու չես կարող գալ»:
Եթե ուշադիր կարդանք բաժին 25-ը, մենք կհայտնաբերենք, որ տեղի է ունենում կարևոր առաջընթաց։ Էմման, թագավորության դուստր լինելուց, կդառնա «ընտրյալ տիկին», ի վերջո՝ թագուհի։ Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայության արարողությունները, զուգորդվելով ուխտի խոստումները պահելու հետ, կմեծացնեին նրա ընկերակցությունը Հոգու և հրեշտակների հետ՝ զորություն տալով նրան՝ առաջ շարժվելու կյանքում աստվածային առաջնորդությամբ: Իր աստվածային զորության միջոցով Աստված կբուժեր նրա սիրտը, կմեծացներ նրա ունակությունները և կվերափոխեր նրան, դարձնելով այնպիսին, ինչպիսին Նա գիտեր, որ Էմման կարող էր դառնալ: Եվ Մելքիսեդեկյան քահանայության արարողությունների միջոցով «աստվածայնության զորությունը [կբացահայտվեր]» նրա կյանքում, և Տերը կբացեր վարագույրը, որպեսզի նա կարողանար հասկացողություն ստանալ Իրենից: Ահա թե ինչպիսին է մեր ներսում գործող Աստծո զորությունը:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․
«Ամեն ինչ, որ տեղի է ունեցել [Հարմոնիում], խոր ազդեցություն ունի ձեր կյանքի վրա։ Քահանայության վերականգնումը, ինչպես նաև Էմմային տրված Տիրոջ խորհուրդը, կարող է առաջնորդել և օրհնել ձեզանից յուրաքանչյուրին: …
… Ձեր կյանքում Աստծո զորությունը ստանալու համար պահանջվում են նույն բաները, որոնք Տերը հրահանգել է Էմմային և [մեզանից] յուրաքանչյուրին»:
Կարևոր բաներ էին տեղի ունենում Հարմոնիի այդ պատուհանի երկու կողմերում, ներառյալ հայտնությունը, որը տրվել էր ընտրյալ տիկնոջը, որին Տերը կանչել էր. հայտնություն՝ ամրապնդելու, քաջալերելու և հրահանգելու Էմմա Սմիթին՝ Աստծո դստերը:
Երբ մեր թոռնուհի Իզաբելին անուն և օրհնություն տրվեց, նրա հայրն օրհնեց նրան քահանայության հասկացողությամբ. որ նա շարունակեր մեծանալ և սովորել այն օրհնության մասին, որը քահանայությունը կտար նրան իր կյանքում. և որ նրա հավատքը քահանայության հանդեպ աճեր այդ հասկացողության հետ միասին։
Հաճախ չի լինում, երբ փոքրիկ աղջիկը օրհնվում է հասկանալու քահանայությունը և սովորելու, թե քահանայության արարողություններն ու ուխտի խոստումները ինչպես կօգնեն իրեն ստանալու Աստծո զորությունը։ Բայց ես հիշեցի Էմմային և ինքս ինձ մտածեցի՝ ինչո՞ւ ոչ։ Այս փոքրիկ դուստրը ներուժ ունի դառնալու Նրա թագավորությունում ընտրյալ տիկին և, ի վերջո, թագուհի: Նրա քահանայության արարողությունների և ուխտի խոստումները պահելու շնորհիվ Աստծո զորությունը կգործի նրա մեջ և նրա միջոցով՝ օգնելու նրան հաղթահարել այն ամենը, ինչ կյանքում պատահում է, և դառնալ այնպիսի մի կին, ինչպիսին Աստված ակնկալում է: Սա այն է, ինչ ես ուզում եմ, որ թագավորության յուրաքանչյուր աղջիկ հասկանա:
«Ապրեք ձեր արտոնությունների համաձայն»։
Սովորեք, թե ինչպես քահանայության արարողությունները և ուխտի խոստումները թույլ կտան Աստծո զորությանը ավելի արդյունավետ հոսել ձեր կյանք՝ գործելով ձեր մեջ և ձեր միջոցով՝ զորացնելով ու զինելով ձեզ, որ հասնեք ձեր լիարժեք նպատակին ու ներուժին:
Ուշադիր ուսումնասիրեք և խորհեք Ահարոնյան և Մելքիսեդեկյան քահանայության արարողությունների, դրանցից յուրաքանչյուրի հետ կապված ուխտի խոստումների և Աստծո զորության շուրջ, որը մեզ հասու է այդ արարողությունների միջոցով:
Հիշեք, որ կարևորը միայն այն չէ, թե ով է պաշտոնավարում արարողությունը․ այն, ինչ արարողությունը և ձեր ուխտի խոստումը լուսաբանում է, նույնպես արժանի է ձեր ուշադրությանը։
Ամեն շաբաթ հացից և ջրից ճաշակելը հիշեցում է Նրա զորության մասին, որը գործում է ձեր մեջ՝ օգնելու ձեզ հաղթահարել կյանքի դժվարությունները: Սուրբ քահանայության հանդերձները, որ կրում ենք, առօրյա հիշեցում է Նրա զորության պարգևի մասին, որը գործում է ձեր մեջ՝ օգնելու ձեզ դառնալ այն մարդը, որը կարող եք դառնալ:
Աստծո զորության պարգևը հասանելի է բոլորիս։
Ամեն անգամ, երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը:
Ամեն անգամ, երբ մենք անցնում ենք տաճարի շեմը:
Սա Հանգստության օրվա կարևորագույն պահն է ինձ համար: Ահա թե ինչու եմ ես փայփայում իմ տաճարային երաշխավորագիրը։
«Նրա արարողություններում է բացահայտվում աստվածայնության զորությունը»:
Այս պարգևի մասին ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: