2024
Ոչ շատ տարիների ընթացքում
Նոյեմբեր 2024


16:16

Ոչ շատ տարիների ընթացքում

Եթե մենք հավատարիմ և հնազանդ չլինենք, ապա կարող ենք Աստծո կողմից տրված բարգավաճելու օրհնությունը վերածել հպարտության անեծքի, որը շեղում և շփոթեցնում է մեզ:

Իմ սիրելի եղբայրներ և քույրեր, այսօր բեմին նստած, ես դիտել եմ, թե ինչպես է երեք անգամ լցվում այս համաժողովների կենտրոնը՝ առաջին անգամ COVID-ից հետո: Դուք Հիսուս Քրիստոսի նվիրված աշակերտներ եք, ովքեր ցանկանում են սովորել: Ես գովաբանում եմ ձեզ ձեր հավատարմության համար: Եվ ես սիրում եմ ձեզ:

Էզրա Թաֆտ Բենսոնը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ 1985 թ․ նոյեմբերից մինչև 1994 թ․ մայիսը։ Ես 33 տարեկան էի, երբ նախագահ Բենսոնը դարձավ Եկեղեցու նախագահը, և 42 տարեկան՝ երբ նա մահացավ: Նրա ուսմունքներն ու վկայությունը խոր և հզոր ազդեցություն են ունեցել ինձ վրա։

Նախագահ Բենսոնի ծառայության առանձնահատկություններից մեկը նրա ուշադրությունն էր Մորմոնի Գրքի նպատակի և կարևորության վրա: Նա շարունակ ընդգծել է, որ «Մորմոնի Գիրքը մեր կրոնի պորտաքարն է` մեր վկայության, մեր վարդապետության և մեր Տիրոջ ու Փրկչի մասին վկայության պորտաքարը»: Նա նաև հաճախ ընդգծում էր հպարտության մեղքի մասին ուսմունքներն ու նախազգուշացումները, որոնք գտնվում են Հիսուս Քրիստոսի մասին այս վերջին օրերի սուրբ գրությունում։

Նախագահ Բենսոնի ուսմունքներից մեկը մեծ ազդեցություն ունեցավ ինձ վրա և շարունակում է ազդել Մորմոնի Գրքի իմ ուսումնասիրության վրա: Նա ասել է.

«Մորմոնի Գիրքը … գրվել է մեր օրերի համար: Նեփիացիները երբեք չեն ունեցել այդ գիրքը, ոչ էլ լամանացիներն են ունեցել հին ժամանակներում: Այն նախատեսված է եղել մեզ համար: Մորմոնն այն գրել է նեփիացիների քաղաքակրթության մայրամուտին: Ոգեշնչվելով Աստծուց, ով տեսնում է ամեն ինչ սկզբից ի վեր, Մորմոնը կրճատեց դարերով գրված արձանագրությունները, ընտրելով այն պատմությունները, քարոզներն ու իրադարձությունները, որոնք կլինեին ամենաօգտակարը մեզ համար»:

Նախագահ Բենսոնը շարունակել է․ «Մորմոնի Գրքի գլխավոր հեղինակներից յուրաքանչուրը վկայել է, որ ինքը գրել է ապագա սերունդների համար: … Եթե նրանք տեսել են մեր օրերը և ընտրել այն, ինչն առավել մեծ արժեք կունենար մեզ համար, ապա ինչպե՞ս պետք է ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը։ Մենք պետք է շարունակ հարցնենք ինքներս մեզ. «Ինչո՞ւ Տերը ոգեշնչեց Մորմոնին ընդգրկել [այս հատվածն] իր հիշատակարանի մեջ։ Ես ի՞նչ դաս կարող եմ սովորել [այս հորդորից], որը կօգնի ինձ ապրել այս ժամանակաշրջանում»։

Նախագահ Բենսոնի հայտարարություններն օգնում են մեզ հասկանալ, որ Մորմոնի Գիրքը հիմնականում անցյալին նայող պատմական գրառում չէ: Ավելի շուտ, սուրբ գրությունների այս հատորը նայում է ապագային և պարունակում է կարևոր սկզբունքներ, նախազգուշացումներ և դասեր, որոնք նախատեսված են մեր օրերի հանգամանքների և մարտահրավերների համար: Այսպիսով, Մորմոնի Գիրքը մի գիրք է մեր ապագայի և այն ժամանակների մասին, որոնցում մենք ապրում ենք հիմա և դեռ կապրենք:

Ես աղոթում եմ Սուրբ Հոգու օգնության համար, մինչ կդիտարկենք մեզ համար համապատասխան դասեր Մորմոնի Գրքի Հելամանի գրքից:

Նեփիացիները և լամանացիները

Հելամանի և նրա որդիների հիշատակարանը նկարագրում է մի ժողովրդի, որը սպասում էր Հիսուս Քրիստոսի ծնունդին: Սուրբգրային արձանագրության մեջ պատմված կես դարը ընդգծում է լամանացիների դարձն ու արդարությունը, ինչպես նաև նեփիացիների ամբարշտությունը, ուրացությունը և պղծությունները:

Այս հնագույն արձանագրություններում նեփիացիների և լամանացիների միջև մի շարք համեմատությունները և հակադրությունները շատ ուսանելի են մեզ համար այսօր:

«Լամանացիները՝ նրանցից մեծ մասը, դարձել էին մի արդարակյաց ժողովուրդ, այնպես որ նրանց արդարությունը գերազանցում էր Նեփիացիներինը՝ հավատքում իրենց կայունության ու հաստատունության պատճառով:

[Եվ] կային Նեփիացիներից շատերը, ովքեր դարձել էին կարծրացած ու չապաշխարող, և ծայրահեղ ամբարիշտ, այնքան, որ նրանք մերժում էին Աստծո խոսքը և բոլոր քարոզչությունն ու մարգարեացումները, որոնք գալիս էին նրանց մեջ»:

«Եվ այսպես, մենք տեսնում ենք, որ Նեփիացիները սկսեցին անհավատության մեջ ընկնել, և աճել ամբարշտության ու պղծությունների մեջ, մինչդեռ Լամանացիները սկսեցին չափազանց աճել իրենց Աստծո գիտության մեջ. այո, նրանք սկսեցին պահել նրա կանոններն ու պատվիրանները և քայլել ճշմարտության և ուղղամտության մեջ:

Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ Տիրոջ Հոգին սկսեց ետ քաշվել Նեփիացիներից՝ իրենց սրտերի ամբարշտության ու կարծրության պատճառով:

Եվ այսպիսով, մենք տեսնում ենք, որ Տերը սկսեց դուրս թափել իր Հոգին Լամանացիների վրա՝ իր խոսքերին անառարկելիորեն և պատրաստակամորեն հավատալու պատճառով»:

Նեփիացիների կողմից ուրացության մեջ ընկնելու, թերևս, ամենաապշեցուցիչ և սթափեցնող կողմն այն փաստն է, որ «բոլոր այս անօրինությունները եկան նրանց վրա, ոչ շատ տարիների ընթացքում»:

Նեփիացիները հեռացան Աստծուց

Ինչպե՞ս կարող էր երբեմնի արդար ժողովուրդը կարծրանալ և ամբարիշտ դառնալ այդքան կարճ ժամանակահատվածում: Ինչպե՞ս կարող էին մարդիկ այդքան արագ մոռանալ Աստծուն, ով նրանց այդքան առատորեն օրհնել էր:

Հզոր և խորիմաստ ձևով Նեփիացիների բացասական օրինակը ուսանելի է մեզ համար այսօր:

«Հպարտություն[ը]… սկսեց մուտք գործել … մարդկանց սրտերը, ովքեր ձևացնում էին, թե պատկանում են Աստծո եկեղեցուն, … դա նրանց անչափ մեծ հարստությունների և երկրում նրանց բարգավաճման պատճառով էր»։

«[Նրանք] դրել [էին իրենց] սրտերը հարստությունների վրա և այս աշխարհի ունայն բաների վրա» «այն հպարտության պատճառով, որը [նրանք] … թույլ [էին] տվել մտնելու [իրենց] սրտերը, որը … չափազանց մեծ հարստությունների պատճառով բարձրամտացրել է [նրանց] այն բանից վեր, ինչը բարի է»:

Անցյալից եկող ձայները փոշու միջից այսօր աղերսում են մեզ սովորել այս հավիտենական դասը. բարեկեցությունը, ունեցվածքը և հեշտ ապրելակերպը հզոր խառնուրդ է, որ կարող է նույնիսկ արդարներին մղել խմելու հպարտության հոգևոր թույնը։

Երբ թույլ տանք, որ հպարտությունը մտնի մեր սրտերը, արդյունքում կարող ենք ծաղրել այն, ինչը սուրբ է, չհավատալ մարգարեության ոգուն ու հայտնության ոգուն, ոտքերի տակ կոխկրտել Աստծո պատվիրանները, ուրանալ Աստծո խոսքը, դուրս գցել, ծաղրել, զազրախոսել մարգարեների դեմ, մոռանալ Տիրոջը՝ մեր Աստծուն և «[չցանկանալ], որ Տերը՝ [մեր] Աստվածը, որը ստեղծել է [մեզ], կառավարի ու թագավորի [մեր] վրա»։

Հետևաբար, եթե մենք հավատարիմ և հնազանդ չլինենք, մենք կարող ենք Աստծո կողմից տրված բարգավաճելու օրհնությունը վերածել հպարտության անեծքի, որը շեղում և հեռացնում է մեզ հավերժական ճշմարտություններից և հոգևոր կարևոր առաջնահերթություններից: Մենք միշտ պետք է զգույշ լինենք հպարտությունից առաջացած և չափազանցված ինքնակարևորման զգացումից, սեփական ինքնաբավության սխալ գնահատումից և ուրիշներին ծառայելու փոխարեն մեր եսը փնտրելուց:

Երբ մենք հպարտորեն կենտրոնանում ենք ինքներս մեզ վրա, մենք նաև տառապում ենք հոգևոր կուրությամբ և կորցնում ենք շատ բան, մեծ մասը կամ գուցե այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր ներսում և շուրջը: Մենք չենք կարող նայել և կենտրոնանալ Հիսուս Քրիստոսի վրա՝ որպես «նշանակետ», եթե մենք միայն մեզ ենք տեսնում:

Նման հոգևոր կուրությունը նաև կարող է ստիպել մեզ դուրս գալ արդարության ճանապարհից, հեռանալ դեպի արգելված ուղիներ և կորչել: Եթե մենք կուրորեն «դարձել [ենք] դեպի [մեր] սեփական ճանապարհները» և հետևում ենք կործանարար շեղումներին, մենք հակվում ենք ապավինելու մեր սեփական ըմբռնողությանը, պարծենալու մեր սեփական ուժով, ապավինելու մեր սեփական իմաստությանը։

Սամուել Լամանացին հակիրճ ամփոփել է, թե ինչպես են նեփիացիները հեռացել Աստծուց. «Դուք փնտրել եք ձեր կյանքի բոլոր օրերում այն, ինչը դուք չէիք կարող ձեռք բերել. և դուք փնտրել եք երջանկություն անօրինություն անելու մեջ, մի բան, որը հակառակ է այն արդարության էությանը, որը մեր մեծ ու Հավերժական Գլխավորի մեջ է»։

Մարգարե Մորմոնը նկատել է․ «Ժողովրդի մեծ մասը [մնում էր] իրենց հպարտության և ամբարշտության մեջ, և փոքրագույն մասը՝ զգուշորեն [քայլում] Աստծո առաջ»:

Լամանացիները դարձան դեպի Աստված

Հելամանի գրքում լամանացիների աճող արդարությունը կտրուկ հակադրվում է նեփիացիների արագ հոգևոր անկմանը:

Լամանացիները դիմեցին Աստծուն և բերվեցին ճշմարտության իմացությանը՝ հավատալով սուրբ գրությունների և մարգարեների ուսմունքներին, հավատք գործադրելով առ Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարելով իրենց մեղքերը և զգալով սրտի հզոր փոփոխություն:

Ուստի, բոլոր նրանք, ովքեր եկել են սրան, դուք ինքներդ գիտեք, կայուն ու հաստատուն են հավատքում, և այն բանում, որի միջոցով իրենք դարձել են ազատ»:

«Եվ ես կկամենայի, որ դուք տեսնեք, որ [լամանացիների] մեծ մասն իրենց պարտականության ուղու վրա են, և նրանք քայլում են զգուշորեն Աստծո առջև և պահում-պահպանում են նրա պատվիրանները և նրա կանոններն ու նրա դատաստանները …

Եվ նրանք ձգտում են անխոնջ ջանասիրությամբ, որ կարողանան բերել իրենց եղբայրների մնացածին ճշմարտության իմացությանը»։

Արդյունքում «[Լամանացիների] արդարությունը գերազանցում էր Նեփիացիներինը՝ հավատքում իրենց կայունության ու հաստատունության պատճառով»:

Նախազգուշացում և խոստում

Մորոնին հայտարարել է․ «Ահա, Տերն ինձ ցույց է տվել մեծ և զարմանալի բաներ նրա վերաբերյալ, ինչ պետք է շուտով գա, այն օրը, երբ այս բաներն առաջ կգան ձեր մեջ:

Ահա, ես խոսում եմ ձեզ հետ, կարծես դուք ներկա լինեք, և սակայն դուք ներկա չեք։ Բայց ահա, Հիսուս Քրիստոսը ձեզ ցույց է տվել ինձ, և ես գիտեմ ձեր արարքները»:

Խնդրում եմ, հիշեք, որ Մորմոնի Գիրքը նայում է ապագային և պարունակում է կարևոր սկզբունքներ, նախազգուշացումներ և դասեր, որոնք նախատեսված են ինձ և ձեզ համար՝ մեր ներկայիս օրերի հանգամանքների և մարտահրավերների համար:

Ուրացությունը կարող է տեղի ունենալ երկու հիմնական մակարդակում՝ ինստիտուցիոնալ և անհատական: Ինստիտուցիոնալ մակարդակում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին չի կորչի ուրացության պատճառով կամ չի վերցվի երկրից:

Մարգարե Ջոզեֆ Սմիթը հայտարարել է․ «Ճշմարտության չափանիշը բարձրացվել է, ոչ մի անսուրբ ձեռք չի կարող կանգնեցնել այս աշխատանքի առաջընթացը. … Աստծո ճշմարտությունը առաջ կգնա համարձակորեն, ազնվորեն և անկախ, մինչև որ հասնի ամեն մայրացամաք, այցելի ամեն մի երկրամաս, սրբի ամեն մի երկիր և հնչի ամեն ականջում, մինչև որ Աստծո նպատակները կատարվեն և Մեծ Եհովան ասի՝ գործը կատարված է»:

Անհատական մակարդակում մեզանից յուրաքանչյուրը պետք է «զգուշա[նա]» հպարտությունից, չլինի թե [մենք] դառնանք ինչպես հին Նեփիացիները»։

Թույլ տվեք մի խորհուրդ տալ․ եթե ես կամ դուք ես հավատում ենք, որ մենք բավականաչափ ուժեղ և հաստատակամ ենք, որպեսզի խուսափենք հպարտության ամբարտավանությունից, ապա գուցե մենք արդեն տառապում ենք այս մահացու հոգևոր հիվանդությամբ: Պարզ ասած, եթե դուք կամ ես չենք հավատում, որ մենք կարող ենք տառապել հպարտությամբ, ապա մենք խոցելի ենք և հոգևոր վտանգի տակ: Ոչ շատ օրերի, շաբաթների, ամիսների կամ տարիների ընթացքում մենք կարող ենք կորցնել մեր հոգևոր անդրանիկությունն ավելի քիչ արժեքի համար, քան մի աման ոսպապուրն է:

Եթե, այնուամենայնիվ, ես կամ դուք հավատում ենք, որ մենք կարող ենք տառապել հպարտությամբ, ապա մենք հետևողականորեն կանենք փոքր և պարզ բաներ, որոնք կպաշտպանեն և կօգնեն մեզ դառնալ «ինչպես մի երեխա՝ ենթարկվող, հեզ, խոնարհ, համբերատար, սիրով լի, հոժար՝ ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա»։ «Օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ»։

Երբ մենք հետևենք նախագահ Բենսոնի խորհրդին և հարցնենք ինքներս մեզ, թե ինչու է Տերը ոգեշնչել Մորմոնին Հելամանի գրքի իր կրճատման մեջ ներառել այն պատմությունները, հորդորները և նախազգուշացումները, որոնք նա արել է, ես խոստանում եմ, որ մենք կպարզենք այս ուսմունքների կիրառելիությունը այսօր մեր իսկ կյանքի ու ընտանիքի հատուկ պայմանների դեպքում։ Երբ մենք ուսումնասիրենք և խորհենք այս ոգեշնչված արձանագրության շուրջ, մենք կօրհնվենք աչքերով, որոնք կտեսնեն, ականջներով, որոնք կլսեն, մտքով, որ կարողանա ըմբռնել և սրտով, որ կարողանա հասկանալ դասերը, որոնք մենք պետք է սովորենք, որ «զգուշա[նանք] հպարտությունից, որ չլինի թե [մենք] ընկնե[նք] գայթակղության մեջ»։

Ես ուրախությամբ վկայում եմ, որ Աստված` Հավիտենական Հայրը, մեր Հայրն է: Հիսուս Քրիստոսը Նրա Միածին և Սիրելի Որդին է: Նա մեր Փրկիչն է: Եվ ես վկայում եմ, որ եթե քայլենք Տիրոջ Հոգու հեզությամբ, մենք կխուսափենք և կհաղթահարենք հպարտությունը և խաղաղություն կունենանք Նրանում։ Այս ամենը ես վկայում եմ Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով, ամեն։