2024
Բարի գալուստ ուրախության Եկեղեցի
Նոյեմբեր 2024


13:2

Բարի գալուստ ուրախության Եկեղեցի

Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող կյանքի և առաքելության շնորհիվ մենք կարող ենք և պետք է լինենք ամենաուրախ մարդիկ երկրի վրա:

1987 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին՝ մոտ 37 տարի առաջ, ես մկրտվեցի և դարձա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամ : Դա իսկապես հրաշալի օր էր իմ կյանքում և իմ հավերժական ճամփորդության մեջ, և ես խորապես շնորհակալ եմ ընկերներիս համար, որոնք պատրաստեցին ճանապարհը և բերեցին ինձ դեպի այդ նոր ծնունդի ջրերը:

Անկախ նրանից՝ ձեր մկրտությունը երեկ էր, թե տարիներ առաջ, հավաքվում եք Եկեղեցու մեծ շենքում, թե ծղոտե ծածկի տակ, հաղորդություն եք ստանում ի հիշատակ Փրկչի՝ թայերենով, թե սուահիլի լեզվով, ես ցանկանում եմ ասել ձեզ՝ բարի գալուստ ուրախության եկեղեցի։ Բարի գալուստ ուրախության եկեղեցի

Ուրախության Եկեղեցի

Իր յուրաքանչյուր զավակի համար նախատեսված մեր Երկնային Հոր սիրառատ ծրագրի և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկագնող կյանքի և առաքելության շնորհիվ մենք կարող ենք և պետք է լինենք ամենաուրախ մարդիկ երկրի վրա: Նույնիսկ, երբ կյանքի փոթորիկները հարվածում են մեզ այս անհանգիստ աշխարհում, մենք կարող ենք զարգացնել ուրախության և ներքին խաղաղության աճող ու մնայուն զգացում՝ Քրիստոսի հանդեպ մեր հույսի և երջանկության գեղեցիկ ծրագրում մեր սեփական տեղը հասկանալու շնորհիվ:

Տիրոջ գլխավոր առաքյալը՝ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը, Եկեղեցու նախագահ դառնալուց ի վեր գրեթե բոլոր ելույթներում խոսել է այն ուրախության մասին, որը գալիս է Հիսուս Քրիստոսի վրա կենտրոնացած կյանքից: Նա շատ հստակ ամփոփել է․ «Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: … Վերջին օրերի սրբերի համար Հիսուս Քրիստոսը ուրախություն է»:

Մենք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու անդամներ ենք։ Մենք ուրախության եկեղեցու անդամներ ենք: Եվ ոչ մի տեղ, որպես ժողովուրդ, մեր ուրախությունն այնքան ակնհայտ չէ, որքան Հանգստության օրը, երբ միասին հավաքվում ենք հաղորդության ժողովին՝ երկրպագելու ողջ ուրախության Աղբյուրին: Այստեղ մենք հավաքվում ենք մեր ծխի և ճյուղի ընտանիքների հետ՝ փառաբանելու Տիրոջ ընթրիքի հաղորդությունը, մեր ազատումը մեղքից ու մահից և Փրկչի զորավոր շնորհը: Այստեղ մենք գալիս ենք զգալու ուրախությունը, ապաստանը, ներումը, երախտագիտությունը և պատկանելությունը, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի միջոցով:

Արդյոք դուք զգո՞ւմ եք այդ ընդհանուր ուրախության ոգին։ Դա ա՞յն է, ինչ դուք բերում եք ձեզ հետ։ Միգուցե դուք կարծում եք, որ դա ձեզ հետ այնքան էլ կապ չունի, կամ գուցե դուք պարզապես սովոր եք նրան, թե ինչպես են գործերը միշտ ընթանում: Բայց մենք բոլորս, անկախ մեր տարիքից կամ կոչումից, կարող ենք նպաստել, որ մեր հաղորդության ժողովները լինեն ուրախությամբ լի, քրիստոսակենտրոն և հյուրընկալ՝ լցված ուրախ ակնածանքի ոգով:

Ուրախ ակնածանք

Ուրախ ակնածա՞նք: «Այդպես լինո՞ւմ է»,- գուցե հարցնեք։ Այո, լինում է: Մենք խորապես սիրում, պատվում և հարգում ենք մեր Աստծուն, և մեր ակնածանքը բխում է հոգուց, որն ուրախանում է Քրիստոսի առատ սիրով, ողորմությամբ և փրկությամբ: Տիրոջ հանդեպ այս ուրախ ակնածանքը պետք է լինի մեր սուրբ հաղորդության ժողովների բնութագիրը:

Այնուամենայնիվ, շատերի համար ակնածանքը միայն սա է նշանակում. ձեռքերը պինդ ծալել կրծքավանդակի շուրջը, գլուխը խոնարհել, աչքերը փակել և լուռ նստել՝ անորոշ ժամանակով։ Սա կարող է արդյունավետ ուսուցում լինել եռանդուն փոքր երեխաների համար, բայց քանի որ մենք աճում ենք և սովորում, եկեք ընդունենք, որ ակնածանքը շատ ավելին է: Արդյո՞ք մենք այսպիսին կլինեինք, եթե Փրկիչը մեզ հետ լիներ: Ոչ, քանի որ «[Նրա] առաջ ուրախությունների լիություն կա»:

Շատերիս համար մեր հաղորդության ծառայություններում այս փոխակերպումը սովորելու հարց է։

Հաճախե՞լ, թե՞ երկրպագել

Հանգստության օրը մենք չենք հավաքվում հաղորդության ժողովին պարզապես ներկա գտնվելու և ցուցակում դա նշելու համար: Մենք հավաքվում ենք երկրպագելու։ Այդ երկուսի միջև նշանակալի տարբերություն կա: Հաճախել նշանակում է ներկա գտնվել։ Սակայն երկրպագելը միտումնավոր փառաբանելն ու պաշտելն է մեր Աստծուն մի եղանակով, որը փոխակերպում է մեզ:

Բեմում և դահլիճում

Եթե մենք հավաքվում ենք ի հիշատակ Փրկչի և փրկագնման, որը Նա հնարավոր է դարձրել, մեր դեմքերը պետք է արտացոլեն մեր ուրախությունն ու երախտագիտությունը: Երեց Ֆ. Էնզիո Բուշեն մի անգամ պատմել է, որ երբ ինքը ճյուղի նախագահ էր ու բեմի վրա նստած էր, դահլիճից մի երիտասարդ տղա, նայելով իրեն, բարձրաձայն ասել է. «Այդ չար դեմքով մարդն ի՞նչ է անում այնտեղ»: Նրանք, ովքեր նստում են բեմի վրա՝ խոսնակները, ղեկավարները, երգչախմբի անդամները, և նրանք, ովքեր հավաքվում են դահլիճում, միմյանց են հաղորդում այս «բարի գալուստը ուրախության եկեղեցի»՝ իրենց դեմքերի արտահայտությունների միջոցով:

Օրհներգեր

Արդյո՞ք երգելիս մենք միասին փառաբանում ենք մեր Աստծուն և Թագավորին, անկախ մեր ձայնի որակից, պարզապես բառեր ենք մրմնջում, թե՞ ընդհանրապես չենք երգում: Սուրբգրային հատվածն ասում է, որ «արդարների երգն աղոթք է [Աստծո] համար», որով Նրա հոգին հրճվում է: Այնպես որ՝ եկեք երգենք։ Եվ փառաբանենք Նրան:

Ելույթներ և վկայություններ

Մեր ելույթներն ու վկայությունները պետք է կենտրոնացնենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի և Նրանց ավետարանով խոնարհ ապրելու պտուղների վրա, պտուղներ, որոնք «քաղցր [են] այն ամենից, ինչ քաղցր է»: Ապա մենք իսկապես «կսնվե[ն]ք … մինչև որ կհագենա[ն]ք, այնպես որ չե[ն]ք քաղցի, ոչ էլ … կծարավե[ն]ք», և մեր բեռները կթեթևանան՝ Որդու ուրախության միջոցով:

Հաղորդություն

Մեր ծառայությունների փառավոր առանցքը հենց հաղորդության օրհնությունն ու ընդունումն է, հացն ու ջուրը, որոնք ներկայացնում են մեր Տիրոջ քավող պարգևը և մեր հավաքվելու ողջ նպատակը: Սա «հոգևոր նորոգման սուրբ ժամանակ է», երբ մենք կրկին ականատես ենք լինում, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը և կրկին ուխտ կապել՝ միշտ հիշելու Փրկչին և պահելու Նրա պատվիրանները։

Կյանքի որոշ փուլերում հաղորդությանը մոտենալիս մենք գուցե սրտնեղած ու ծանրաբեռնված լինենք։ Այլ անգամներ գուցե գանք հոգսերից և անախորժություններից զերծ ու թեթևացած: Երբ ուշադիր լսում ենք հացի ու ջրի օրհնությունը և ճաշակում այդ սուրբ խորհրդանիշներից, մենք կարող ենք խորհել Փրկչի զոհաբերության, Գեթսեմանիում և խաչի վրա Նրա տառապանքների ու մեզ համար Նրա կրած վշտերի և ցավերի մասին: Դա կլինի այն, ինչը կթեթևացնի մեր հոգիները, երբ մենք կապակցենք մեր ու Նրա տառապանքները: Երբեմն էլ երախտապարտ ակնածանքով մենք կզարմանանք «ուժգին ու քաղցր» ուրախության վրա, որը Հիսուսի հիասքանչ պարգևը հնարավոր է դարձրել մեր կյանքում և մեր հավերժությունում: Մենք կուրախանանք այն ամենի համար, ինչը դեռ գալու է՝ մեր սիրելի Հոր և հարություն առած Փրկչի հետ մեր նվիրական վերամիավորման համար:

Մենք գուցե հակված ենք եղել ենթադրելու, որ հաղորդության նպատակը նստարանին նստելն է ու մտածելը այն ամենի մասին, ինչը սխալ ենք արել նախորդ շաբաթվա ընթացքում: Բայց եկեք գլխիվայր շրջենք այդ միտումը։ Լռության մեջ մենք կարող ենք խորհել այն բազմաթիվ ուղիների մասին, թե Տերն ինչպես է հետևողականորեն պարուրել մեզ Իր հրաշալի սիրով այդ շաբաթ: Մենք կարող ենք խորհել, թե ինչ է նշանակում «զգա[լ] ամեն օր ապաշխարելու ուրախությունը»: Մենք կարող ենք շնորհակալություն հայտնել այն ժամանակների համար, երբ Փրկիչը մտավ մեր պայքարների և հաղթանակների մեջ, և այն պահերի համար, երբ զգացինք Նրա շնորհը, ներողամտությունը և զորությունը, որոնք մեզ ուժ տվեցին հաղթահարելու մեր դժվարությունները և համբերությամբ ու նույնիսկ ուրախությամբ կրելու մեր բեռները:

Այո, մենք խորհում ենք մեր մեղքերի համար մեր Քավիչին հասցված տառապանքների ու անարդարությունների մասին, և դա սթափեցնող մտորում է: Բայց մենք երբեմն անշարժ կանգնած ենք մնում այնտեղ՝ այգում, խաչի մոտ, գերեզմանի ներսում: Մենք թերանում ենք առաջ շարժվել՝ դեպի գերեզմանի բացման ուրախությունը, մահվան պարտությունը և Քրիստոսի հաղթանակը այն ամենի հանդեպ, ինչը կարող է խանգարել մեզ խաղաղություն ձեռք բերել և վերադառնալ մեր երկնային տուն: Անկախ նրանից՝ մենք վշտի, թե երախտագիտության արցունքներ ենք թափում հաղորդության ժամանակ, թող դա զարմանք լինի այն հրաշալի բարի լուրի համար, որ Հայրը նվիրեց մեզ Իր Որդուն։

Փոքր երեխաների կամ հատուկ կարիքներով երեխաների ծնողներ

Այսպես, փոքր երեխաների կամ հատուկ կարիքներով երեխաների ծնողները հաղորդության ժամանակ հիմնականում խաղաղվելու և հանգիստ մտորելու ժամանակ չունեն: Բայց շաբաթվա ընթացքում փոքր պահեր կլինեն, երբ դուք ձեր օրինակով կարող եք ուսուցանել, թե ինչ է սերը, երախտիքը և ուրախությունը, որը զգում եք Փրկչի հանդեպ և Նրա կողմից, երբ մշտապես հոգ եք տանում Նրա փոքրիկ գառների համար: Այս գործում ոչ մի ջանք զուր չէ։ Աստված քաջ տեղյակ է ձեր մասին։

Ընտանեկան և ծխի/ճյուղի խորհուրդներ

Նույն կերպ տանը մենք կարող ենք սկսել ավելացնել մեր հույսերն ու ակնկալիքները եկեղեցում անցկացվելիք մեր ժամանակի վերաբերյալ: Ընտանեկան խորհուրդներում կարող ենք քննարկել, թե յուրաքանչյուրն ինչպես կարող է իմաստալից ուղիներով նպաստել, որ մարդիկ միանանուրախության եկեղեցուն։ Մենք կարող ենք ծրագրել և ակնկալել, որ ուրախ փորձառություններ կունենանք Եկեղեցում:

Ծխի խորհուրդը կարող է դիտարկել ու ստեղծել մեր հաղորդության ժամի համար ուրախ ակնածանքի մշակույթ՝ բացահայտելով գործնական քայլերն ու տեսողական հուշումները՝ օգնելու համար:

Ուրախություն

Ուրախությունը տարբեր է տարբեր մարդկանց համար։ Ոմանց համար դա ջերմ ողջույնն է դռնից ներս մտնելիս։ Մյուսների համար՝ նրբանկատորեն օգնելն է, որ մարդիկ իրենց հարմարավետ զգան՝ ժպիտով, նրանց կողքին նստելով, բարի ու բաց սրտով։ Նրանց համար, ովքեր իրենց անմասն ու անտեսված են զգում, այս ընդունելության ջերմությունը վճռորոշ կլինի: Ի վերջո, մենք կարող ենք հարցնել ինքներս մեզ, թե ըստ Փրկչի՝ ինչպիսին պետք է լինի մեր հաղորդության ժամը: Ինչպե՞ս Նա կցանկանար, որ Իր զավակներից յուրաքանչյուրին ողջունեին, ուշադիր լինեին, սնուցեին և սիրեին: Նա ի՞նչ կցանկանար, որ մենք զգայինք, երբ գալիս ենք նորոգվելու՝ Իրեն հիշելու և երկրպագելու միջոցով:

Եզրափակում

Իմ հավատքի ճամփորդության սկզբում ուրախությունը Հիսուս Քրիստոսում իմ առաջին մեծ հայտնագործությունն էր, և դա փոխեց իմ աշխարհը: Եթե դուք դեռ պետք է բացահայտեք այս ուրախությունը, սկսեք որոնել այն: Սա Փրկչի՝ խաղաղության, լույսի և ուրախության պարգևը ստանալու հրավեր է՝ վայելելու այն, զարմանալու և ուրախանալու դրանով ամեն Հանգստության օր:

Ամմոնը Մորմոնի Գրքում արտահայտում է իմ սրտի զգացմունքները՝ ասելով.

«Արդ, մի՞թե մենք պատճառ չունենք ցնծալու: Այո, ես ասում եմ ձեզ, այն ժամանակից ի վեր, երբ աշխարհը եղավ, երբեք չեն եղել մարդիկ, որ ցնծալու այնպիսի մեծ պատճառ ունենային, ինչպես մենք. այո, և իմ ուրախությունը վերածվել է մինչև իսկ պարծենկոտության՝ իմ Աստծով. քանզի նա ունի ողջ զորությունը, ողջ իմաստությունը և ողջ հասկացողությունը. նա ըմբռնում է բոլոր բաները, և նա ողորմած Էակ է, մինչև իսկ ի փրկություն նրանց, ովքեր կապաշխարեն ու կհավատան նրա անունին:

Արդ, եթե այս պարծենկոտություն է, միևնույն է, կպարծենամ ես. քանզի սա է իմ կյանքը և իմ լույսը, … իմ մեծ ուրախությունը և իմ մեծ գոհությունը»։

Բարի գալուստ ուրախության եկեղեցի։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․ «Ուրախությունը զորեղ է, իսկ ուրախության վրա կենտրոնանալը մեր կյանք է բերում Աստծո զորությունը: Ինչպես բոլոր բաներում, Հիսուս Քրիստոսը մեր լավագույն օրինակն է, «որ իր առաջին դրուած ուրախութեան փոխանակ խաչը հանձն առավ» [Եբրայեցիս 12.2]: Ինչ հրաշալի բան: Որպեսզի տաներ երկրի վրա երբևէ կրած ամենատանջալի փորձառությունը, մեր Փրկիչը կենտրոնացավ ուրախության վրա: Իսկ ո՞րն էր ուրախությունը, որը դրվել էր Նրա առաջ: Անշուշտ, այն ընդգրկում էր մեզ մաքրելու, բժշկելու և զորացնելու ուրախությունը, ուրախությունը` վճարելու բոլոր նրանց մեղքերի համար, ովքեր կապաշխարեն, ուրախությունը` իմ և քո տունդարձը հնարավոր դարձնելու համար, որպեսզի մաքուր և արժանի լինենք ապրելու մեր Երկնային Ծնողների ու ընտանիքների հետ: Եթե մենք կենտրոնանանք ուրախության վրա, ինչ էլ որ պատահի մեզ կամ նրանց, ում սիրում ենք, մենք համբերությամբ կարող ենք տանել այն ամենը, ինչը ներկայումս թվում է անհաղթահարելի, ցավոտ, վախեցնող, անարդար կամ պարզապես անհնար» («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Լիահոնա, նոյ․ 2016, 82-83)։

  2. Սաղմոս 16․11։

  3. F. Enzio Busche, “Lessons from the Lamb of God,” Religious Educator, vol. 9, no. 2 (2008), 3.

  4. Վարդապետություն և Ուխտեր 25․12:

  5. Տես Սաղմոս 100․1։

  6. Ալմա 32․42:

  7. Տես Ալմա 33․23։

  8. General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 29.2.1.1, Gospel Library.

  9. Տես Ռասսել Մ. Նելսոն, միսիայի ղեկավարության սեմինար, հունիս 2019, մեջբերված է Դեյլ Գ. Ռենլանդի ելույթում՝ «Անսասան նվիրվածություն առ Հիսուս Քրիստոս», Լիահոնա, նոյ․ 2019, 25։

  10. Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է. «Երբ դուք, որպես քահանա, ծնկի եք իջնում հաղորդության սեղանի մոտ և ասում աղոթքը, որը տրվել է հայտնությամբ, դուք բոլոր հավաքվածներին ուխտով կապում եք Տիրոջ հետ։ Արդյո՞ք դա փոքր բան է։ Դա շատ կարևոր և նշանակալի բան է» (“The Aaronic Priesthood—a Gift from God,” Ensign, May 1988, 46)։

    «Նրանք, ովքեր պատրաստում, օրհնում կամ բաժանում են հաղորդությունը, սպասավորում են այս արարողությունը Տիրոջ անունից: Յուրաքանչյուր ոք, ով կրում է քահանայություն, պետք է մոտենա այս հանձնարարությանը հանդիսավորությամբ և ակնածանքով: Նա պետք է լինի խնամված, մաքուր և համեստ հագնված։ Անձի տեսքը պետք է արտացոլի արարողության սրբազան բնույթը» (“Priesthood Ordinances and Blessings,” Family Guidebook, 22)։

  11. Ալմա 36․21:

  12. Ռասսել Մ. Նելսոն, «Հոգևոր լիցքի զորությունը», Լիահոնա, մայիս 2022, 98։

  13. Տես Մոսիա 24.13-15:

  14. Տես Հովհաննես 3.16–17։

  15. Ալմա 26․35-37։