Քրիստոսի խոսքերը և Սուրբ Հոգին կառաջնորդեն մեզ դեպի ճշմարտությունը
Այս անհավանական ծրագրի իմացությունը կօգնի մեզ իմանալ, որ մենք Աստծո զավակներ ենք և մենք կարող ենք դառնալ Նրա նման։
Աստված մեր Երկնային Հայրն է։ Մենք Նրա հոգևոր զավակներն ենք և ստեղծվել ենք Իր պատկերով։ Հետևաբար, մեզանից յուրաքանչյուրը, որպես Աստծո զավակ, ունի Նրա նման դառնալու աստվածային ներուժ:
Նախքան այս երկիր գալը մենք ապրում էինք Նրա հետ՝ որպես հոգիներ: Երկնային Հայրը, որպես մեր հոգու ծնող, սիրում է մեզ, ցանկանում է լավագույնը մեզ համար, և պատրաստել է ծրագիր, որպեսզի մենք ստանանք Նրա մեծագույն օրհնությունները, որոնք են անմահությունը և հավերժական կյանքը: Ըստ ծրագրի, մեզ, որպես հոգեղեն զավակների, կամքի ազատություն կտրվի՝ Իր ծրագիրն ընտրելու համար: Երկիր գալով՝ մենք կհեռանանք Աստծո ներկայությունից, կմոռանանք մեր նախամահկանացու կյանքը, կստանանք մսից և ոսկորից մարմիններ, ձեռք կբերենք մեր սեփական փորձառությունը և հավատք կզարգացնենք: Մսից և ոսկորից մեր մարմիններով՝ որպես բնական մարդ, մենք կենթարկվենք գայթակղության, կդառնանք անմաքուր և հեռու Աստծուց և անկարող վերադառնալու Նրա սուրբ ներկայություն: Մեր հանդեպ ունեցած անսահման սիրո շնորհիվ, Երկնային Հայրն ուղարկեց Իր Անդրանիկ Որդուն՝ Հիսուս Քրիստոսին՝ լինելու մեր Փրկիչը։ Իր զոհաբերության՝ քավության միջոցով, Հիսուս Քրիստոսը մեզ համար հնարավոր դարձրեց փրկագնվելը մեր մեղքերից և հարություն առնելն ու հավերժական կյանք ձեռք բերելը։
Ես անչափ երախտապարտ եմ այս փառահեղ ճշմարտությունների համար, որոնք մենք անվանում ենք Հոր Փրկության ծրագիրը, Նրա ողորմության ծրագիրը կամ Նրա երջանկության մեծ ծրագիրը: Այս կարևոր ճշմարտությունները սովորելն ինձ օգնել է ճանաչել իմ իրական ինքնությունը և վեհացման ու հավերժական կյանքի այն մեծ օրհնությունները, որ Աստված պատրաստել է մեզ համար: Նեփի մարգարեն սովորեցրել է մեզ միջոցը․ «Ուստի, ․․․ սնվե՛ք Քրիստոսի խոսքերով. քանզի ահա, Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: Նա ավելացրել է. «Եթե դուք մտնեք այդ ճանապարհով և ստանաք Սուրբ Հոգին, այն ձեզ ցույց կտա բոլոր բաները, որ դուք պետք է անեք»։ Այսօր ես կցանկանայի կիսվել, թե ինչպես Քրիստոսի խոսքերը և Սուրբ Հոգին օգնեցին ինձ գտնել այս կարևոր, խաղաղություն տվող ճշմարտությունները իմ վաղ պատանեկության տարիներին:
Քրիստոսի խոսքերը կասեն ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք
Ճիշտ ինչպես Նեփին հայտարարեց 1 Նեփի գրքի առաջին հատվածում, ես նույնպես «ծնվել եմ լավ ծնողներից»: Ես մեծացել եմ Ճապոնիայի Նագանո քաղաքում, մի տանը, որտեղ ազնվությունը, աշխատասիրությունը և խոնարհությունը խստորեն խրախուսվում էին, և հին ավանդույթներին հետևելը ճշգրտորեն պահպանվում էր։ Հայրս շատ կրոնասեր մարդ էր։ Ես հետևում էի, թե ինչպես էր նա ամեն առավոտ և ամեն երեկո աղոթում սինտոյական և բուդդայական զոհասեղանների առաջ։ Չնայած ես գաղափար չունեի, թե ում էր նա աղոթում և ինչի համար էր աղոթում, ես հավատում էի, որ ինչ-որ անտեսանելի ուժ կամ Աստված «հզոր կլիներ փրկելու» կամ օգնելու մեզ, եթե մենք անկեղծորեն աղոթեինք:
Ինչպես մյուս դեռահասները, ես շատ դժվարություններ ունեցա: Ինձ մտատանջում էր այն հարցը, որ կյանքն անարդար էր և շատ վերելքներ և վայրէջքներ ուներ։ Ես ինձ մոլորված էի զգում՝ իմ կյանքում ուղղորդված չզգալու պատճառով։ Կյանքն այնքան անցողիկ էր թվում, քանի որ այն ավարտվելու էր իմ մահով։ Կյանքն առանց փրկության ծրագրի իմացության շփոթեցնող էր:
Ավագ դպրոցում անգլերեն սովորել սկսելուց շատ չանցած, մեր դպրոցի բոլոր աշակերտները ստացան Նոր Կտակարանի մի օրինակ: Չնայած նոր էինք սկսել անգլերենի ուսուցումը, ուսուցիչը մեզ ասաց, որ մենք պետք է անգլերեն սովորենք այն կարդալով: Ես բացեցի գիրքը, և սկսեցի զննել բովանդակությունը։ Նոր Կտակարանի խոսքերն ինձ համար չափազանց դժվար էին: Ճապոներեն բառերը հավասարապես դժվար էին: Այնուամենայնիվ, ինձ գրավեց հոգուն վերաբերող գաղափարների և հարցերի ցանկը, որ աստվածաշնչյան տեքստից անմիջապես առաջ ներառված էր այս «Գեդեոն Աստվածաշնչում»․ հարցեր միայնակ զգալու, վստահության պակասի, շփոթված լինելու, կյանքի փորձություններին առերեսվելու և այլնի մասին: Ցուցակի յուրաքանչյուր կետին հաջորդում էր Նոր Կտակարանի հատվածների և էջերի հղումը: Ինձ հատկապես հետաքրքրեց «Երբ հոգնած եք» հարցը: Այս հղումը ինձ ուղղորդեց բացելու Մատթեոս 11.28-30-ը, որտեղ Հիսուսն Իր աշակերտներին ասում է.
«Ինձ մո՛տ եկեք, բոլո՛ր հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես հանգիստ կտամ ձեզ։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք ու ինձանի՛ց սովորեք, որովհետև ես հեզ եմ ու սրտով խոնարհ, և ձեր հոգիներին հանգստություն կգտնեք,
որովհետև իմ լուծը քաղցր է, և իմ բեռը՝ թեթև»։
Իմ հիշելով սա առաջին անգամն էր, որ կարդում էի Հիսուս Քրիստոսի խոսքերը։ Թեև ես չհասկացա Նրա ասած բոլոր խոսքերը, բայց Նրա խոսքերը մխիթարեցին ինձ, բարձրացրին հոգիս և հույս տվեցին ինձ: Որքան շատ էի կարդում Նրա խոսքերը, այնքան ավելի շատ էի զգում, որ պետք է փորձեմ Նրա խոսքերի ուժը։ Նախկինում երբեք չէի զգացել այն, ինչ զգացի այդ օրը։ Ես զգացի, որ սիրված եմ: Այնպիսի զգացողություն ունեցա, որ Հիսուս Քրիստոսը մեկն է, ում ես ճանաչել եմ։
Մինչ ես շարունակեցի ուսումնասիրել, զգացի, կարծես Նա հենց ինձ հետ էր խոսում, երբ Նա ասում էր. «Երանի՜ նրանց, ովքեր քաղցած են և ծարավ արդարության, որովհետև նրանք կկշտանան»։:
Նրա խոսքերը լցրեցին սիրտս, չնայած այդ ժամանակ ես չէի կարողանում լավ նկարագրել իմ զգացմունքները: Թեև Հիսուս Քրիստոսն ապրել էր շատ դարեր առաջ, ինձ անծանոթ երկրում, ես մտածեցի, որ կարող եմ վստահել Նրա խոսքերին իմ ամբողջ սրտով: Ես հուսով էի, որ ապագայում մի օր կկարողանայի ավելին սովորել Հիսուս Քրիստոսի մասին։
Սուրբ Հոգին ցույց կտա ձեզ բոլոր բաները, որ դուք պետք է անեք
Այդ օրը եկավ միայն մի քանի տարի անց: Ես հանդիպեցի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու շատ նվիրված, երիտասարդ, լիաժամկետ միսիոներների։ Եվ շուտով ես հանդիպեցի բարի և զվարթ Վերջին Օրերի Սրբերի մի փոքր խմբի, որ ձգտում էին հետևել Հիսուս Քրիստոսին։ Չնայած որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի լիովին վստահեմ նրանց, ես հայտնաբերեցի վերականգնված ավետարանում այն, ինչ փափագում էի, երբ ուսումնասիրում էի Նոր Կտակարանը՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը և դրանցից բխող հույսն ու խաղաղությունը:
Հատկապես սուրբ փորձառություն էր, երբ միսիոներներն ինձ սովորեցրին աղոթել։ Ես սովորեցի, որ պետք է Աստծուն անունով դիմենք: Երբ աղոթում ենք, մենք պետք է ասենք մեր սրտից բխող խոսքեր, արտահայտենք մեր երախտագիտությունը և կիսվենք մեր հույսերով ու ցանկություններով: Երբ ասում ենք այն ամենն, ինչ ուզում ենք ասել, մենք ավարտում ենք աղոթքը՝ ասելով «Հիսուս Քրիստոսի անունով, ամեն»: Մենք այսպես ենք անում, որովհետև Հիսուսը պատվիրել է մեզ Իր անունով աղոթել։ Երկնային Հորը աղոթելն օգնեց ինձ հասկանալ, թե ով է Նա և որն է իմ կապը Իր հետ, որ ես Նրա սիրելի հոգևոր որդին եմ։ Ես սովորեցի, որ քանի որ Երկնային Հայրը ճանաչում և սիրում է ինձ, Նա կխոսի ինձ հետ անձամբ, յուրովի և այնպես, որ ես կհասկանամ Սուրբ Հոգու միջոցով:
Կար մի ժամանակ, երբ չէի կարողանում ճանաչել Սուրբ Հոգին։ Ես սխալ հասկացա՝ մտածելով, որ ինձ մնում է միայն հետևել աղոթքի քայլերին, և ինչ-որ ազդեցիկ բան տեղի կունենա։ Մի օր միսիոներների հետ դասի ժամանակ ես դուրս եկա դասից՝ ընդմիջման։ Ինձ դեռ շփոթեցնում էր այն հարցը, թե ինչ պետք է անեմ իմ կյանքում, եթե Հիսուս Քրիստոսի ավետարանն իսկապես ճշմարիտ է:
Երբ պատրաստվում էի վերադառնալ այն սենյակը, որտեղ սպասում էին միսիոներները, լսեցի միսիոներներից մեկի ձայնը։ Ես լսեցի իմ անունը։ Դուռը բացելու փոխարեն ես ականջ դրեցի դռան մյուս կողմում հնչող ձայնին։ Ես ապշած էի։ Նրանք պարզապես աղոթում էին Երկնային Հորը։ Նա, ով ասում էր աղոթքը, աղերսում էր Աստծուն, որ Աստված լսի իմ աղոթքը: Թեև նրա ճապոներենը վարժ չէր, լսելով նրա անկեղծ աղոթքը, իմ սիրտը փափկեց։ Ես մտածում էի, թե ինչու են նրանք այդքան շատ հոգ տանում իմ մասին: Հետո ես հասկացա, որ իմ համար ասված նրանց աղոթքը Երկնային Հոր և Փրկիչի սիրո արտացոլումն է իմ հանդեպ: Այդ սերն ինձ հույս ներշնչեց և դրանից հետո ես Աստծուն խնդրում էի հավատքով և անկեղծ միտումով: Երբ ես այդպես արեցի, ես ուրախ և խաղաղ զգացի, որ իսկապես Աստծո զավակ եմ, և որ ունեմ աստվածային ներուժ և ճակատագիր: Փրկության ծրագիրը խորը ընկղմվել է իմ սրտում:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է․ «Այն, թե ինչ եք մտածում ձեր … մասին, ազդում է ձեր երբևէ կայացրած … յուրաքանչյուր որոշման վրա»։ Դա այնքան ճշմարիտ է ինձ համար։ Մկրտվելով և Սուրբ Հոգու պարգևը ստանալու միջոցով՝ Փրկիչ Հիսուս Քրիստոսին հետևելու որոշումը օրհնել է իմ կյանքը ավելի, քան ես երբևէ կարող էի պատկերացնել: Երբ Աստծո հետ մկրտության ուխտի մեջ ենք մտնում, մենք խոստանում ենք, որ հոժար ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը, պահել Աստծո պատվիրանները և ծառայել Նրան մեր կյանքի մնացած ժամանակահատվածում: Մեր Երկնային Հայրը Իր հերթին խոստանում է մեզ, որ մենք կարող ենք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ՝ շարունակական առաջնորդություն Սուրբ Հոգուց:
Ես հրավիրում եմ ձեզ հավատալ ուղերձին, որը Նեփին է մեզ ուսուցանել, որ Հիսուս Քրիստոսի խոսքերը և Սուրբ Հոգին ձեզ ցույց կտան «բոլոր բաները, որ դուք պետք է անեք»: Բոլոր բաները։ Սա անհավանական պարգև է Աստծուց։
Եղբայրներ և քույրեր, ես երախտապարտ եմ մեր Երկնային Հոր փրկության ծրագրի համար։ Քանի որ Նա սիրում է մեզ, Իր Միածին Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով Նա պատրաստել է Իր ներկայություն վերադառնալու ճանապարհը։ Այս անհավանական ծրագրի իմացությունը կօգնի մեզ իմանալ, որ մենք Աստծո զավակներ ենք և մենք կարող ենք դառնալ Նրա նման։ Ես երախտապարտ եմ այս կարևոր ճշմարտության համար: Ես իմ վկայությունն եմ բերում, որ Հիսուս Քրիստոսի խոսքերը և Սուրբ Հոգին կառաջնորդեն մեզ ունենալու հավերժական կյանք։ Ես գիտեմ, որ այս բաները ճշմարիտ են: Հիսուս Քրիստոսի սրբազան անունով, ամեն։