2024
Աստծո որդիներ և դուստրեր
Նոյեմբեր 2024


9:58

Աստծո որդիներ և դուստրեր

Մենք իսկապես հավատում ենք, որ մենք բոլորս բառացիորեն Աստծո զավակներն ենք, և դրա շնորհիվ մենք Նրան նմանվելու ներուժ ունենք:

Այսօր ես կցանկանայի անդրադառնալ ավետարանի ամենաուրախ, փառահեղ և հզոր ճշմարտություններից մեկին, որ հայտնել է Աստված: Միևնույն ժամանակ, զավեշտալի է, որ մեզ հաճախ են քննադատել հենց այդ պատճառով։ Մի քանի տարի առաջ իմ ունեցած փորձառությունը խորացրեց իմ երախտագիտությունը ավետարանի այս ճշմարտության հանդեպ։

Ես՝ որպես Եկեղեցու ներկայացուցիչ, մի անգամ հրավիրված էի կրոնական համաժողովի, որտեղ հայտարարվեց, որ այդ պահից սկսած նրանք վավեր են ճանաչելու բոլոր մկրտությունները, որոնք կատարվել են գրեթե բոլոր մյուս քրիստոնեական եկեղեցիներում, եթե արարողությունը կատարվել է ջրով և Հոր և Որդու և Սուրբ Հոգու անունով: Այնուհետև բացատրեցին, որ այս քաղաքականությունը չի տարածվում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից կատարված մկրտությունների վրա:

Համաժողովից հետո այդ հայտարարության պատասխանատուի հետ ավելի հանգամանալից զրուցեցինք այդ բացառության պատճառների մասին։ Մենք հրաշալի և խորաթափանց զրույց ունեցանք։

Կարճ ասած, նա ինձ բացատրեց, որ բացառությունը հիմնականում Աստվածագլխի մասին մեր որոշակի համոզմունքների պատճառով է, որը քրիստոնեական մյուս ուղղությունները անվանում են Երրորդություն: Ես երախտագիտություն հայտնեցի նրան, որ ժամանակ հատկացրեց ինձ բացատրելու իր համոզմունքները և իր եկեղեցու քաղաքականությունը: Մեր զրույցի վերջում մենք գրկախառնվեցինք, ապա հրաժեշտ տվեցինք միմյանց։

Ավելի ուշ, խորհելով մեր զրույցի մասին, այս ղեկավարի նկատառումն այն մասին, որ Վերջին Օրերի Սրբերը չեն հասկանում նրա այսպես կոչած «Երրորդության առեղծվածը», մնաց իմ մտքում։ Ի՞նչ էր նա ակնարկում։ Դա կապված էր նրա հետ, թե մենք ինչպես ենք հասկանում Աստծո էությունը։ Մենք հավատում ենք, որ Հայր Աստված «վեհացում ձեռք բերած մարդ է»՝ ունի փառավոր «մսից ու ոսկորից մարմին, այնպես շոշափելի, ինչպես մարդունը. [և] Որդին՝ նույնպես»։ Այսպիսով, ամեն անգամ, երբ մենք խոսում ենք Աստծո էության մասին, ինչ-որ ձևով, ինչ-որ կերպ խոսում ենք նաև մեր սեփական էության մասին:

Եվ սա ճշմարիտ է ոչ միայն այն պատճառով, որ մենք բոլորս ստեղծվել ենք «[Նրա] պատկերով ու [Նրա] նմանությամբ», այլ նաև այն պատճառով, որ, ինչպես արձանագրել է Սաղմոսերգուն, Աստված ասել է. «Դուք աստվածներ եք, և բոլորդ՝ Բարձրյալի որդիներ»: Սա մեզ համար թանկ վարդապետություն է, որն այժմ արդիական է Վերականգնման շնորհիվ: Ամփոփելով, դա ոչ ավել, ոչ պակաս է նրանից, ինչ ուսուցանում են մեր միսիոներները որպես առաջին դաս, առաջին պարբերություն, առաջին տող. «Աստված մեր Երկնային Հայրն է, և մենք Նրա զավակներն ենք»։

Այժմ, դուք կարող եք ասել․ «Բայց շատերն են հավատում, որ մենք Աստծո զավակներն ենք»: Այո, դա ճիշտ է, բայց նրանց ըմբռնումը կարող է մի փոքր տարբերվել դրա խորքային իմաստից, որը մենք հաստատում ենք: Վերջին Օրերի Սրբերի համար այս ուսմունքը փոխաբերական չէ: Ավելի շուտ, մենք իսկապես հավատում ենք, որ բոլոր մարդիկ բառացիորեն Աստծո զավակներն են: Նա «[մեր] հոգիների [Հայրն է]» , և այդ պատճառով մենք Նրան նմանվելու ներուժ ունենք, ինչը ոմանց համար անհասկանալի է:

Ավելի քան 200 տարի է անցել այն պահից, երբ Առաջին Տեսիլքը բացեց Վերականգնման դռները: Այդ ժամանակ երիտասարդ Ջոզեֆ Սմիթը առաջնորդություն խնդրեց երկնքից՝ իմանալու համար, թե որ եկեղեցուն միանա: Այդ օրը ստացած հայտնության միջոցով, և նրան տրված հետագա հայտնությունների շնորհիվ, Մարգարե Ջոզեֆը գիտելիք ստացավ Աստծո էության և Նրա հետ մեր հարաբերությունների մասին՝ որպես Նրա զավակներ:

Դրա շնորհիվ մենք ավելի ստույգ գիտենք, որ մեր Երկնային Հայրն ուսուցանել է այս թանկ վարդապետությունը հենց ամենասկզբից: Թույլ տվեք մեջբերել սուրբ գրություններից առնվազն երկու պատմություն՝ դա ցույց տալու համար:

Դուք կհիշեք Մովսեսին տրված Աստծո հրահանգները, որոնք գրված են Թանկագին Մարգարիտում:

Մենք կարդում ենք, որ «Աստված խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. Ահա, ես եմ Ամենազոր Տեր Աստվածը, և Անվերջ է իմ անունը»։ Այլ կերպ ասած, Մովսես, Ես ուզում եմ, որ դու իմանաս, թե ով եմ Ես։ Ապա Նա ավելացրել է․ «Եվ ահա, դու իմ որդին ես»։ Ավելի ուշ Նա ասել է․ «Եվ ես աշխատանք ունեմ քեզ համար Մովսես, որդիս, և դու իմ Միածնի նմանությամբ ես»։ Եվ ապա վերջում Նա այսպես է ավարտում․ «Եվ արդ, ահա, այս մի բանը ես ցույց եմ տալիս քեզ, Մովսես, իմ որդի»։

Ըստ երևույթին, Աստված որոշել էր ուսուցանել Մովսեսին առնվազն մեկ դաս. «Դու իմ զավակն ես», որը Նա կրկնեց առնվազն երեք անգամ: Նա նույնիսկ չկարողացավ նշել Մովսեսի անունը, առանց անմիջապես ավելացնելու, որ նա Իր որդին է:

Այնուամենայնիվ, երբ Մովսեսը մենակ մնաց, նա իրեն թույլ էր զգում, քանի որ այլևս Աստծո ներկայության մեջ չէր: Հենց այդ պահին սատանան եկավ՝ նրան գայթակղելու։ Կարո՞ղ եք այստեղ տեսնել օրինաչափություն: Առաջին բանը, որ նա ասաց, հետևյալն էր. «Մովսես, մարդու որդի, երկրպագիր ինձ»։

Այս պարագայում իրեն երկրպագելու սատանայի պահանջը միայն շեղում էր։ Մովսեսի համար թուլության այդ պահին զգալի գայթակղություն կլիներ շփոթվելն ու հավատալը, որ նա միայն «մարդու որդի» էր, այլ ոչ թե՝ Աստծո զավակ:

«Եվ եղավ այնպես, որ Մովսեսը նայեց սատանայի վրա և ասաց. Ո՞վ ես դու: Քանզի ահա, ես Աստծո որդի եմ, նրա Միածնի նմանությամբ»։ Բարեբախտաբար, Մովսեսը չէր շփոթվել և թույլ չէր տվել իրեն շեղել։ Նա սովորել էր դասը՝ թե ով էր ինքն իրականում։

Հաջորդ պատմությունը Մատթեոս 4-ում է։ Մասնագետները վերնագրել են այն «Հիսուսի երեք գայթակղությունները», կարծես թե Տերը միայն երեք անգամ է գայթակղվել, ինչը, իհարկե, այդպես չէ:

Այս գայթակղությունների իմաստն ու բնույթը բացատրելու համար հարյուրավոր լիտրեր թանաք է օգտագործվել։ Ինչպես գիտենք, գլուխը սկսվում է մեկնաբանությամբ, որ Հիսուսը գնաց անապատ և «Նա քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահելուց հետո քաղց զգաց»։

Սատանայի առաջին գայթակղությունը առաջին հայացքից կապված էր միայն Տիրոջ ֆիզիկական կարիքները բավարարելու հետ: «Ասա, որ այս քարերը հաց դառնան»,- այս մարտահրավերով դիմեց նա Փրկչին։

Երկրորդ գայթակղությունը կարծես թե կապ ուներ Աստծուն փորձելու հետ. «Քեզ ցած նետիր, որովհետև գրված է. «Իր հրեշտակներին քեզ համար պիտի պատվիրի»:

Վերջում, սատանայի երրորդ գայթակղությունը վերաբերում էր աշխարհի նկրտումներին ու փառքին: Երբ Հիսուսին ցույց տրվեց «աշխարհի բոլոր թագավորությունները, … [սատանան] նրան ասաց. «Այս ամենը քեզ կտամ, եթե առջևս ընկնելով երկրպագես ինձ»։

Իրականում, սատանայի վերջին գայթակղությունը կարող էր քիչ կապ ունենալ այդ երեք հատուկ սադրանքների հետ, և ավելի շատ կապ ունենալ Հիսուս Քրիստոսին գայթակղելու հետ՝ կասկածի տակ դնել Իր աստվածային էությունը։ Առնվազն երկու անգամ գայթակղությանը նախորդել է սատանայի վիճարկող մեղադրանքը՝ «եթե Աստծո Որդին ես», եթե դու իսկապես հավատում ես դրան, ապա արա այս կամ այն:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ տեղի ունեցավ անմիջապես այն բանից առաջ, երբ Հիսուսը գնաց անապատ՝ ծոմ պահելու և աղոթելու․ մենք գտնում ենք Քրիստոսի մկրտության պատմությունը։ Եվ երբ Նա դուրս եկավ ջրից, «երկնքից ձայն լսվեց, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։

Տեսնո՞ւմ եք կապը: Կարո՞ղ ենք օրինաչափություն գտնել այստեղ:

Զարմանալի չէ, որ ամեն անգամ, երբ մեզ սովորեցնում են մեր աստվածային էության և ճակատագրի մասին, ողջ արդարության հակառակորդը գայթակղում է մեզ կասկածի տակ դնել դրանք:

Մեր որոշումներում ինչը կփոխվեր, եթե մենք իսկապես իմանայինք, թե ով ենք մենք իրականում:

Մենք ապրում ենք մարտահրավերներով լի աշխարհում, որտեղ պատվավոր մարդիկ ձգտում են առնվազն ընդգծել մեր մարդկային արժանապատվությունը, մինչդեռ մենք պատկանում ենք մի եկեղեցու և ընդունում ենք մի ավետարան, որը բարձրացնում է մեր տեսլականը և հրավիրում մեզ դեպի աստվածայինը:

Հիսուսի պատվիրանը՝ «կատարյալ եղեք, ինչպես որ [մեր] երկնավոր Հայրն է կատարյալ», Նրա բարձր ակնկալիքների և մեր հավերժական հնարավորությունների հստակ արտացոլումն է: Այժմ, այս բաներից և ոչ մեկը տեղի չի ունենա մեկ գիշերում: Նախագահ Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերով, դա տեղի կունենա «ի վերջո»: Բայց խոստումն այն է, որ եթե մենք «[գանք] Քրիստոսի մոտ», մենք «[կկատարելագործվենք] նրանում»: Դա պահանջում է մեծ աշխատանք․ ոչ թե ցանկացած աշխատանք, այլ աստվածային աշխատանք: Նրա գործը։

Այժմ, բարի լուրն այն է, որ հենց մեր Երկնային Հայրն է ասել. «Քանզի ահա, սա է իմ գործը և իմ փառքը՝ իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ «սելեստիալ մտածելակերպ ունենալու» հրավերը հրաշալի հիշեցում է մեր աստվածային էության, ծագման և հնարավոր նպատակակետի մասին: Մենք կարող ենք ձեռք բերել «սելեստիալը» միայն Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության միջոցով:

Թերևս սա է պատճառը, որ սատանան այդ նույն գայթակղությամբ գայթակղում էր Հիսուսին Նրա երկրային ծառայության սկզբից մինչև վերջ: Մատթեոսն արձանագրել է, որ մինչ Հիսուսը գամված էր խաչին, «անցորդները հայհոյում էին նրան, … ասում. … եթե Աստծու Որդին ես, իջիր խաչից»: Փառք Աստծուն, որ Նա չլսեց, այլ փոխարենը մեզ հնարավորություն տվեց ստանալ սելեստիալ բոլոր օրհնությունները:

Եկեք միշտ հիշենք․ մեր երջանկության համար մեծ գին է վճարվել։

Պողոս առաքյալի հետ միասին ես վկայում եմ, որ «նույն ինքը Հոգին վկայում է մեր հոգուն, որ մենք Աստծու որդիներ ենք։ Եվ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե նրա չարչարանքներին կցորդ ենք, փառքին էլ հաղորդակից լինենք»։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: