Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք
Մենք բարձր ենք պահում Տիրոջ լույսը, երբ ամուր կառչում ենք մեր ուխտերից, և երբ աջակցում ենք մեր ապրող մարգարեին։
Այս համաժողովի բազմաթիվ վկայություններին ես ավելացնում եմ իմ առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, մեր Տերն ու Փրկիչը, մեր Հոր բոլոր զավակների Քավիչը: Իր Քավության միջոցով Հիսուս Քրիստոսը հնարավոր դարձրեց, որ արժանի լինելու դեպքում մենք կարողանանք վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ և լինել մեր ընտանիքների հետ հավիտյան:
Փրկիչը չի բացակայում մեր մահկանացու ճամփորդություններից: Վերջին երկու օրերի ընթացքում մենք լսել ենք, թե Նա ինչպես է խոսել Իր ընտրյալ առաջնորդների միջոցով, որպեսզի մենք կարողանանք ավելի մոտենալ Իրեն: Ամեն անգամ Իր մաքուր սիրով ու ողորմությամբ Նա աջակցում է մեզ, երբ մենք դիմակայում ենք կյանքի մարտահրավերներին։ Նեփին հայտարարել է․ «Իմ Աստվածն է եղել իմ ապավենը. նա իմ չարչարանքների միջով առաջնորդել է ինձ։ … Նա լցրել է ինձ իր սիրով»:
Այդ սերն ակնհայտ է, երբ մենք աջակցում ենք միմյանց Նրա աշխատանքում:
Գերագույն համաժողովի ժամանակ մենք հաստատում ենք մեր կենդանի մարգարեին և Առաջին Նախագահությանը, Տասներկու Առաքյալների Քվորումին, Բարձրագույն իշխանություններին և Եկեղեցու պաշտոնյաներին: Հաստատել նշանակում է` բարձրացնել մեկ այլ անձնավորության, մեր ուշադրությունը կենտրոնացնել նրանց վրա, հավատարիմ լինել նրանց վստահությանը, գործել ըստ նրանց խոսքերի։ Նրանք խոսում են Տիրոջ ոգեշնչումով, նրանք հասկանում են ընթացիկ խնդիրները, հասարակության բարոյական անկումը և Հոր ծրագիրը ձախողելու հակառակորդի ավելացող ջանքերը: Երբ բարձրացնում ենք մեր ձեռքը, մենք մեր աջակցությունն ենք առաջարկում ոչ միայն այդ պահին, այլև մեր առօրյա կյանքի ընթացքում։
Հաստատելը ներառում է բարձրացնել մեր ցցերի նախագահներին և եպիսկոպոսներին, քվորումների և կազմակերպությունների ղեկավարներին, ուսուցիչներին և անգամ ճամբարի ղեկավարներին՝ մեր ծխերում և ցցերում։ Մեր տանը մենք բարձրացնում ենք մեր կանանց և մեր ամուսիններին, երեխաներին, ծնողներին, բարեկամներին և հարևաններին։ Երբ մենք բարձրացնում ենք միմյանց, մենք ասում ենք․ «Ես ձեր կողքին եմ ոչ միայն ձեր «ընկած ձեռքերը» բարձրացնելու համար, այլև ձեզ մխիթարելու և ուժ հաղորդելու համար»։
Սուրբ գրություններում բարձրացնելու գաղափարը խոր արմատներ ունի։ Մորմոնի ջրերում Եկեղեցու նոր մկրտված անդամները պարտավորվեցին «կրելու մեկը մյուսի բեռը, որ դրանք թեթև լինեն, … մխիթարել[ու] նրանց, ովքեր կարիք ունեն մխիթարության, և կանգնելու որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում»։
Նեփիացիներին Հիսուսն ասել է․ «Բարձր պահեք ձեր լույսը, որպեսզի այն լույս տա աշխարհին։ Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»։ Մենք բարձր ենք պահում Տիրոջ լույսը, երբ ամուր կառչում ենք մեր ուխտերից, և երբ մենք աջակցում ենք մեր ապրող մարգարեին, մինչ նա հաղորդում է Աստծո խոսքը։
Տասներկու Առաքյալների Քվորումում ծառայելիս նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ասել է․ «Մարգարեներին հաստատելը անձնական հանձնառություն է, որ մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի սատար կանգնենք մարգարեական առաջնահերթություններին»:
Մարգարեին բարձր պահելը սուրբ գործ է։ Մենք հանգիստ չենք նստում մեր տեղում, այլ ակտիվորեն պաշտպանում ենք նրան, հետևում նրա խորհրդին, ուսուցանում նրա խոսքերը և աղոթում նրա համար:
Մորմոնի Գրքում Բենիամին թագավորը ժողովրդին ասաց․ «Ես ձեզ պես ենթակա եմ ամեն ձևի թուլությունների՝ ի մարմնո, և ի մտոք. սակայն ես ընտրվել եմ … և թույլատրվել, Տիրոջ ձեռքով, … և ես պահվել ու պահպանվել եմ նրա անզուգական զորությամբ՝ ծառայելու ձեզ ողջ զորությամբ, մտքով և ուժով, որը Տերը շնորհել է ինձ»:
Նմանապես, 100 տարեկանում նախագահ Նելսոնը պահվել և պահպանվել է Տիրոջ կողմից: Նախագահ Հարոլդ Բ. Լին՝ այն ժամանակ Առաջին Նախագահության անդամ, բերել է Մովսեսի օրինակը, որ կանգնած էր Ռափիդիմում բլրի գագաթին: «[Եկեղեցու նախագահի] ձեռքերը կարող են հոգնել»,- ասել է նա: «Դրանք երբեմն կարող են թեքվել և կախ ընկնել նրա ծանր պարտականությունների պատճառով, բայց երբ մենք բարձրացնենք նրա ձեռքերը, և երբ առաջնորդենք նրա ղեկավարության ներքո` նրա կողքին, դժոխքի դռները չեն իշխի ձեզ վրա և Իսրայելի վրա»։ Ձեր և մեր անվտանգությունը կախված է նրանից՝ արդյոք մենք հետևում ենք Տիրոջ կողմից իր եկեղեցում նշանակված նախագահողներին, թե՝ ոչ։ Նա գիտի, թե ում է ցանկանում նախագահ նշանակել այս եկեղեցու վրա, և նա երբևէ չի սխալվի»։
Նախագահ Նելսոնը հենվում է Տիրոջը ծառայելու տարիների փորձի վրա: Նրա հասունությունը, բազմաբնույթ փորձառությունը, իմաստությունը և հետևողականորեն շարունակվող հայտնությունը հատկապես կարևոր են մեր օրերի համար: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին պատրաստում է աշխարհը այն օրվա համար, երբ «երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը» (Եսայի 11.9): … Այս աշխատանքը լիազորված է աստվածային հայտարարությամբ, որն արվել է 200 տարի առաջ: Այն կազմված էր ընդամենը յոթ բառից․ «Սա է Իմ Սիրելի Որդին։ Լսիր Նրան» (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.17)»:
Նախագահ Նելսոնը նաև ասել է․ «Աշխարհի պատմության մեջ երբևէ չի եղել այնպիսի ժամանակ, երբ մեր Փրկչի մասին գիտելիքն ավելի կենսական և արդիական լինի մարդկային բոլոր հոգիների համար: Պատկերացրեք, թե որքան արագ կլուծվեին կործանարար հակամարտություններն ամբողջ աշխարհում և մեր կյանքում անհատապես, եթե բոլոր մարդիկ որոշեին հետևել Հիսուս Քրիստոսին և ուշադիր լսել Նրա ուսմունքները»:
Եղբայրներ և քույրեր, մենք պետք է ավելի շատ բարձրացնենք և ավելի քիչ տրտնջանք, ավելի շատ պահենք Տիրոջ խոսքը, Նրա ուղիները և Նրա մարգարեին, ով ասել է․ «Այսօրվա մեր ամենամեծ մարտահրավերներից մեկը Աստծո ճշմարտությունների և սատանայի կեղծիքների միջև տարբերակումն է: Ահա թե ինչու է Տերը նախազգուշացրել մեզ «միշտ աղոթել, որ կարողանանք ․․․ հաղթել սատանային և որ կարողանանք խույս տալ սատանայի ծառաների ձեռքից, որոնք նեցուկ են նրա գործին» [Վարդապետություն և Ուխտեր 10․5, շեշտադրումն ավելացված է]»։
Անցյալ ապրիլին ես և քույր Ռասբանդը պատիվ ունեցանք միանալու մեր սիրելի մարգարեին և քույր Նելսոնին Մանթիի (Յուտա) տաճարի վերանվիրագործման առիթով:
Նախագահ Նելսոնը զարմացրեց բոլորին, երբ մտավ սենյակ: Մեզանից շատ քչերը գիտեին, որ նա գալու էր: Նրա ներկայությամբ ես անմիջապես զգացի լույսն ու մարգարեական թիկնոցը, որը նա կրում էր: Ես միշտ կհիշեմ մարգարեին անձամբ տեսնող մարդկանց դեմքի ուրախության արտահայտությունը։
Վերանվիրագործման աղոթքում նախագահ Նելսոնը խնդրեց Տիրոջը, որ Իր սուրբ տունը, ըստ էության, բարձրացներ բոլորին, ովքեր մտան տաճար, «որ նրանք սուրբ օրհնություններ ստանան և մնան արժանավոր և հավատարիմ իրենց ուխտերին … որ սա լինի խաղաղության տուն, մխիթարության տուն և անձնական հայտնության տուն նրանց համար, ովքեր արժանիորեն ներս կմտնեն այս դռներից»:
Մենք բոլորս պետք է բարձրացվենք Տիրոջ կողմից խաղաղությամբ, մխիթարությամբ և առավելապես անձնական հայտնությամբ՝ աշխարհն ընդգրկող վախին, խավարին և մրցակցությանը դիմակայելու համար:
Ծառայությունից առաջ մենք նախագահի և քույր Նելսոնի հետ կանգնեցինք դրսում՝ արևի տակ դիտելու գեղեցիկ միջավայրը: Նախագահ Նելսոնի նախնիները խորապես կապված են այս տարածաշրջանի հետ: Նրա ութ նախապապերը հաստատվել են տաճարը շրջապատող հովիտներում, ինչպես և իմ մի քանի նախապապերը: Իմ նախապապ Էնդրյու Անդերսոնը ծառայել է վաղ շրջանի ռահվիրաների շինարարական խմբում, ովքեր աշխատել են 11 տարի՝ ավարտելու Մանթիի տաճարը, որը երրորդն էր Ռոքի լեռներում:
Երբ մենք կանգնած էինք նախագահ Նելսոնի հետ, հնարավորություն ունեցանք բարձրացնելու և աջակցելու Աստծո մարգարեին՝ տոնելու Տիրոջ սուրբ տան վերանվիրագործումը: Դա մի օր էր, որը ես երբեք չեմ մոռանա:
«Մենք տաճարներ ենք կառուցում Տիրոջը պատվելու համար»,- ասաց նախագահ Նելսոնն այդ սուրբ օրը: «Դրանք կառուցված են պաշտամունքի և ոչ թե ցուցադրության համար։ Մենք հավերժական նշանակության սուրբ ուխտեր ենք կապում այս սուրբ պատերի ներսում»: Մենք հավաքում ենք Իսրայելը։
Նախագահ Նելսոնը և նրանից առաջ եղած մարգարեները փայփայել են սուրբ տաճարները։ Այսօր ամբողջ աշխարհում մենք ունենք Տիրոջ 350 սուրբ տուն, որոնք գործում են, հայտարարված են կամ կառուցման փուլում են: Որպես մարգարե, 2018 թվականից նախագահ Նելսոնը հայտարարել է 168 տաճար:
Նա ասել է․ «Մեր ժամանակներում պետք է ստեղծվի բոլոր տնտեսությունների, բանալիների և զորությունների լրիվ, ամբողջական ու կատարյալ միասնությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 128.18): Այս սրբազան նպատակների համար սուրբ տաճարները հիմա գոյություն ունեն ողջ աշխարհում: Ես կրկին շեշտում եմ, որ այդ տաճարների շինարարությունը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում կատարած ձեր ծառայությունը՝ անշուշտ կարող է»։
«Փրկիչը և Նրա վարդապետությունը տաճարի հենց սիրտն են»,- ասում է նախագահը։ «Այն ամենը, ինչ սովորեցնում են տաճարում՝ ուսուցման և Հոգու միջոցով, մեծացնում է մեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին: Նրա կարևոր արարողությունները մեզ կապում են Իր հետ՝ քահանայության սուրբ ուխտերի միջոցով։ Այնուհետև, երբ մենք պահում ենք մեր ուխտերը, Նա մեզ օժտում է Իր բժշկող, ամրապնդող զորությամբ»:
Նախագահ Նելսոնն ասել է․ «Բոլորը, ովքեր երկրպագում են տաճարում, կունենան Աստծո զորությունը և հրեշտակները պիտի «պահպանեն նրանց» [Վարդապետություն և Ուխտեր 109․22]։ Որքանո՞վ է մեծանում ձեր վստահությունը, երբ գիտեք, որ որպես օժտում ստացած կին կամ տղամարդ, [կամ տաճար հաճախող երիտասարդներ], զինված Աստծո զորությամբ, ստիպված չեք լինի միայնակ դիմակայել կյանքին։ Ինչպե՞ս եք քաջություն ստանում այն գիտելիքից, որ հրեշտակները իսկապես կօգնեն ձեզ»։
Սուրբ գրություններում նկարագրվում է, թե ինչպես են հրեշտակները բարձրացնում մեզ, երբ Հիսուս Քրիստոսը խոնարհաբար ծնկի եկավ Գեթսեմանիի պարտեզում: Իր տառապանքով Նա իրագործեց անսահման Քավություն: «Այնտեղ,- նշել է նախագահ Նելսոնը,- տեղի ունեցավ մարդկության պատմության մեջ արձանագրված սիրո մեծագույն դրսևորումը: … Այնտեղ՝ Գեթսեմանիում, Տերը «տարավ բոլոր մարդկանց ցավը, որ բոլոր[ը] … կարողանան ապաշխարել ու գալ իր մոտ» [Վարդապետություն և Ուխտեր 18․11]»։
«Այս բաժակը հեռացրու ինձանից,- խնդրեց Հիսուս Քրիստոսը,- սակայն ոչ թե իմ, այլ քո կամքը թող լինի։
Եվ նրան երկնքից հրեշտակ երևաց ու զորացնում էր նրան»։
Այսօր մենք շրջապատված ենք հրեշտակներով։ Նախագահ Նելսոնն ասել է․ «[Տաճարում] դուք կսովորեք, թե ինչպես բաժանել երկնքի ու երկրի միջև եղած վարագույրը, ինչպես խնդրեք Աստծո հրեշտակներին, որ աջակցեն ձեզ»։
Հրեշտակները լույս են բերում։ Աստծո լույսը։ Իր նեփիացի առաքյալներին Հիսուսն ասաց․ «Ահա, ես եմ լույսը, որը դուք պետք է բարձր պահեք»: Երբ մենք հաստատում ենք մեր մարգարեին, մենք վկայում ենք, որ նա կանչված է մեր Փրկչի կողմից, ով «լույսն [է] … աշխարհի»։
Սիրելի նախագահ Նելսոն, Տիրոջ Եկեղեցու ամբողջ աշխարհի անդամների և ընկերների անունից թույլ տվեք ասել, որ մենք օրհնված ենք զգում բարձր պահելու ձեր ուսմունքները, բարձր պահելու քրիստոսանման ապրելու ձեր օրինակը և բարձր պահելու ձեր ջերմեռանդ վկայությունը մեր Տիրոջ և Փրկչի՝ մեր բոլորի Քավիչի մասին։
Ես բերում եմ իմ առաքելական վկայությունը, որ Հիսուս Քրիստոսն է «լույսն … աշխարհի»: Թող որ մենք բոլորս, որպես Նրա աշակերտներ, «բարձր պահենք» Նրա լույսը: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: