Մահկանացու կյանքն արդյունավետ է
Չնայած մարտահրավերներին, վշտերին և դժվարություններին, որոնց մենք բոլորս բախվում ենք, մեր սիրառատ, իմաստուն և կատարյալ Երկնային Հայրն այնպես է նախագծել երջանկության ծրագիրը, որ մեզ վիճակված չէ ձախողվել:
Տարիներ շարունակ ես նշանակված էի իմ ծխի մի տարեց քրոջ տնային ուսուցիչ: Նրա կյանքը հեշտ չէր։ Նա ուներ տարբեր առողջական խնդիրներ և ցավեր ամբողջ կյանքի ընթացքում՝ մանկության ժամանակ խաղահրապարակում տեղի ունեցած պատահարի պատճառով: Ամուսնալուծվելով 32 տարեկանում՝ չորս փոքր երեխաների հետ, որոնց մասին պետք է հոգ տաներ և մեծացներ, նա նորից ամուսնացավ 50 տարեկանում: Նրա երկրորդ ամուսինը մահացավ, երբ նա 66 տարեկան էր, և այս քույրը ապրեց ևս 26 տարի որպես այրի։
Չնայած իր կյանքի դժվարություններին, նա մինչև վերջ հավատարիմ մնաց իր ուխտերին: Այս քույրը նվիրյալ ծագումնաբան էր, տաճար այցելող և ընտանեկան պատմություններ հավաքող ու գրող: Թեև նա շատ դժվար փորձություններ ուներ և, անկասկած, երբեմն տխրություն ու միայնակություն էր զգում, նա կենսուրախ էր և ուներ գթասիրտ ու հաճելի բնավորություն:
Նրա մահից ինը ամիս անց նրա որդիներից մեկը տաճարում նշանակալից փորձառություն ունեցավ: Նա Սուրբ Հոգու զորությամբ իմացավ, որ իր մայրն ուղերձ ուներ իր համար: Նա հաղորդակցվեց նրա հետ, բայց ոչ տեսիլքով կամ լսելի բառերով։ Հետևյալ հստակ ուղերձը որդու միտքը եկավ իր մոր կողմից. «Ես ուզում եմ, որ դու իմանաս, որ մահկանացու կյանքն արդյունավետ է, և ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես հիմա հասկանում եմ, թե ինչո՞ւ ամեն ինչ [իմ կյանքում] եղավ այնպես, ինչպես եղավ․ ամեն ինչ կարգին է»։
Այս ուղերձն ավելի նշանակալից է դառնում, երբ հաշվի ենք առնում նրա վիճակը և այն դժվարությունները, որոնք այս քույրը կրել և հաղթահարել էր:
Եղբայրներ և քույրեր, մահկանացու կյանքն արդյունավետ է։ Այն նախատեսված է արդյունավետ լինելու համար: Չնայած մարտահրավերներին, վշտերին և դժվարություններին, որոնց մենք բոլորս բախվում ենք, մեր սիրառատ, իմաստուն և կատարյալ Երկնային Հայրն այնպես է նախագծել երջանկության ծրագիրը, որ մեզ վիճակված չէ ձախողվել: Նրա ծրագիրը հնարավորություն է տալիս մեզ հաղթահարելու մեր թուլությունները։ Տերն ասել է. «Սա է իմ գործը և իմ փառքը` իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը»:
Այնուամենայնիվ, եթե մենք ուզում ենք լինել Տիրոջ «աշխատանքի և փառքի»՝ նույնիսկ «անմահության և հավերժական կյանքի» շահառուները, մենք պետք է ակնկալենք, որ մեզ կկրթեն և կուսուցանեն, և մենք կանցնենք զտողի կրակի միջով՝ երբեմն մինչև մեր կարողության վերջին սահմանները: Այս աշխարհի խնդիրներից, մարտահրավերներից և դժվարություններից լիովին խուսափելը կնշանակի շրջանցել այն գործընթացը, որն իսկապես անհրաժեշտ է մահկանացու կյանքի արդյունավետության համար:
Եվ այսպես, մենք չպետք է զարմանանք, երբ դժվար ժամանակներ են մեզ վրա հասնում։ Մենք կբախվենք իրավիճակների, որոնք փորձում են մեզ, և մարդկանց, որոնք մեզ հնարավորություն են տալիս իրական գթություն և համբերություն ցուցաբերել: Բայց մենք պետք է համբերենք մեր դժվարություններին և հիշենք, ինչպես Տերն է ասել.
«Եվ ով իմ գործի համար, իմ անվան համար, վայր է դնում իր կյանքը, նա կգտնի այն կրկին, այսինքն՝ կյանք հավերժական»:
«Հետևաբար, մի վախեցեք ձեր թշնամիներից [կամ ձեր խնդիրներից, մարտահրավերներից կամ այս կյանքի փորձություններից], քանզի ես որոշել եմ…, ասում է Տերը, որ ես կփորձեմ ձեզ բոլոր բաներում, թե արդյոք դուք կմնաք իմ ուխտի մեջ … որպեսզի դուք արժանի գտնվեք»:
Երբ մենք հուսահատված ենք, մտահոգ ենք մեր խնդիրներով կամ կարծում ենք, որ մեզ կյանքի դժվարություններից շատ է բաժին հասել, մենք կարող ենք հիշել, թե Տերն ինչ ասաց Իսրայելի զավակներին.
«Հիշիր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ինչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ»։
Ինչպես Լեքին ուսուցանեց իր որդուն՝ Հակոբին.
«Դու տարել ես չարչարանքներ և շատ վիշտ։ ․․․ Այնուամենայնիվ, ․․․ [Աստված] կնվիրագործի քո չարչարանքները քո օգտի համար։ ․․․ Ուստի, ես գիտեմ, որ դու փրկագնված ես քո Քավչի արդարության շնորհիվ»։
Քանի որ այս կյանքը փորձադաշտ է, և «մթին ամպերն են կուտակվում և հալածել են մեզ սպառնում», օգտակար է հիշել Մոսիա 23-ում գտնվող այս խորհուրդն ու խոստումը, որը վերաբերում է կյանքի մարտահրավերներին. «Սակայն ով որ իր վստահությունը դնում է նրա վրա, նույնը պիտի բարձրացվի վերջին օրը»:
Երբ պատանի էի, ես անձամբ զգացել եմ մեծ զգացմունքային ցավ և ամոթ, որն ուրիշի անարդար գործողությունների հետևանքն էր, որը երկար տարիներ ազդել է իմ ինքնագնահատականի և Տիրոջ առջև արժանի լինելու զգացողության վրա: Այնուամենայնիվ, ես բերում եմ անձնական վկայություն, որ Տերը կարող է մեզ զորացնել և աջակից լինել ցանկացած դժվարության մեջ, որը մենք կանչված ենք ունենալու այս աշխարհում մեր բնակության ընթացքում:
Մենք ծանոթ ենք Պողոսի փորձառությանը․
«Եվ որպեսզի [իմ ստացած] հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ»։
«Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի»։
Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի»։
Մենք չգիտենք, թե ինչն էր Պողոսի «մարմնի խայթը»։ Նա նախընտրեց չնկարագրել, թե դա ինչ էր՝ ֆիզիկական հիվանդություն, մտավոր կամ զգացմունքային թուլություն, թե՝ գայթակղություն։ Բայց մենք կարիք չունենք իմանալու այդ մանրամասնությունը, որպեսզի իմանանք, որ նա պայքարեց և աղաչեց Տիրոջն օգնության համար, և ի վերջո, Տիրոջ ուժն ու զորությունն օգնեցին նրան հաղթահարել այդ ամենը:
Ինչպես Պողոսը, Տիրոջ օգնությամբ ես, ի վերջո, ամրապնդվեցի զգացմունքային և հոգևոր առումներով, և վերջապես, շատ տարիներ անց հասկացա, որ ես միշտ եղել եմ ավետարանի օրհնություններին արժանի անձ և ունեմ մեծ արժեք: Փրկիչն օգնեց ինձ հաղթահարել իմ անարժանության զգացումը և սրտանց ներել վիրավորողին: Ես վերջապես հասկացա, որ Փրկչի Քավությունն անձնական պարգև էր ինձ համար, և իմ Երկնային Հայրը և Նրա Որդին կատարելապես սիրում են ինձ: Փրկչի Քավության շնորհիվ մահկանացու կյանքն արդյունավետ է:
Չնայած ես, ի վերջո, օրհնվեցի իմանալու, թե ինչպես Փրկիչը փրկեց ինձ և կանգնեց իմ կողքին այդ փորձառությունների ժամանակ, ես հստակ հասկանում եմ, որ իմ պատանեկության տարիների դժբախտ իրավիճակն իմ անձնական ճամփորդությունն ու փորձառությունն էր, և սա չի նշանակում, որ դրա լուծումը և վերջնական արդյունքը նույնն են նրանց համար, ովքեր տառապել և շարունակում են տառապել ուրիշների անարդար պահվածքից:
Ես ընդունում եմ, որ կյանքի լավ և վատ փորձառությունները կարող են մեզ կարևոր դասեր սովորեցնել: Հիմա ես գիտեմ և վկայում եմ, որ մահկանացու կյանքն արդյունավետ է: Հուսով եմ, որ իմ կյանքի լավ և վատ փորձառությունների ամփոփման արդյունքում՝ ես կարեկցում եմ ուրիշների արարքների անմեղ զոհերին և քաջալերում ճնշվածներին:
Հուսով եմ, որ իմ կյանքի լավ և վատ փորձառությունների ամփոփման արդյունքում՝ ես ավելի բարի եմ ուրիշների հանդեպ, վերաբերվում եմ մյուսներին այնպես, ինչպես Քրիստոսը, ավելի լավ եմ հասկանում մեղսավորին և ունեմ կատարյալ բարեվարքություն: Երբ մենք ապավինում ենք Փրկչի շնորհին և պահում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք ծառայել՝ որպես Փրկչի Քավության երկարատև ազդեցության օրինակ:
Ես բերում եմ վերջին օրինակը, որ մահկանացու կյանքն արդյունավետ է:
Իմ մայրն այս մահկանացու կյանքում հեշտ ճանապարհ չի ունեցել։ Նա ոչ մի գովեստի կամ աշխարհիկ պարգևների չի արժանացել և ավագ դպրոցից հետո կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել: Նա փոքր ժամանակ վարակվել էր պոլիոմիելիտով, ինչի հետևանքով ամբողջ կյանքում ձախ ոտքի շրջանում ցավ ու անհանգստություն էր զգացել: Չափահաս տարիքում նա շատ դժվար ու բարդ ֆիզիկական և ֆինանսական հանգամանքներում է եղել, բայց հավատարիմ է մնացել իր ուխտերին և սիրել Տիրոջը:
Երբ մայրս 55 տարեկան էր, իմ ավագ քույրը մահացավ՝ անմայր թողնելով ութ ամսական փոքրիկ աղջկան՝ իմ զարմուհուն: Տարբեր պատճառներով այնպես ստացվեց, որ հաջորդ 17 տարիների ընթացքում մայրս հիմնականում մեծացրեց իմ զարմուհուն՝ հաճախ շատ դժվար պայմաններում: Այնուամենայնիվ, չնայած այս փորձառություններին, նա ուրախությամբ և պատրաստակամորեն ծառայեց իր ընտանիքին, հարևաններին ու ծխի անդամներին և երկար տարիներ ծառայեց որպես տաճարային աշխատող: Իր կյանքի վերջին մի քանի տարիների ընթացքում մայրս տառապում էր դեմենցիայից, հաճախ շփոթված էր և սահմանափակված էր ծերանոցում: Ցավոք, նա մենակ էր, երբ անսպասելիորեն մահացավ:
Նրա մահից մի քանի ամիս անց ես մի երազ տեսա, որը երբեք չեմ մոռացել: Երազումս նստած էի Եկեղեցու վարչական շենքի իմ աշխատասենյակում: Մայրս մտավ գրասենյակ։ Ես գիտեի, որ նա եկել էր հոգևոր աշխարհից: Ես միշտ կհիշեմ, թե ինչ էի զգում։ Նա ոչինչ չասաց, բայց ճառագեց մի հոգևոր գեղեցկություն, որը ես նախկինում չէի տեսել, և որը դժվարանում եմ նկարագրել:
Նրա դեմքն ու էությունը իսկապես հիասքանչ էին: Ես հիշում եմ, որ նրան ասացի. «Մայրիկ, դու այնքան գեղեցիկ ես»՝ նկատի ունենալով նրա հոգևոր զորությունն ու գեղեցկությունը: Նա ճանաչեց ինձ՝ նորից առանց խոսելու: Ես զգացի նրա սերն իմ հանդեպ, և այն ժամանակ ես գիտեի, որ նա երջանիկ է և բժշկված իր աշխարհիկ հոգսերից ու մարտահրավերներից և անհամբեր սպասում է «փառահեղ հարության»: Ես գիտեմ, որ մայրիկիս համար մահկանացու կյանքն արդյունավետ էր, և որ այն արդյունավետ է նաև մեզ համար:
Աստծո գործը և փառքն է իրականացնել մարդու անմահությունն ու հավերժական կյանքը: Մահկանացու կյանքի փորձառությունները ճամփորդության մի մասն են, որը թույլ է տալիս մեզ աճել և առաջադիմել դեպի այդ անմահությունը և հավերժական կյանքը: Մենք այստեղ ենք ուղարկվել ոչ թե ձախողվելու, այլ հաջողության հասնելու՝ մեզ համար ստեղծված Աստծո ծրագրում:
Բենիամին թագավորն ուսուցանել է. «Եվ բացի դրանից, ես կցանկանայի, որ դուք խորհեք օրհնված և երջանիկ վիճակի վրա նրանց, ովքեր պահում են Աստծո պատվիրանները: Քանզի, ահա, նրանք օրհնված են բոլոր բաներում՝ և աշխարհիկ, և հոգևոր. և եթե նրանք հավատարիմ համբերում են մինչև վերջ, նրանք ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում»։ Այլ խոսքով ասած՝ մահկանացու կյանքն արդյունավետ է։
Ես վկայում եմ, որ երբ մենք ստանում ենք ավետարանի արարողությունները, ուխտեր ենք կապում Աստծո հետ և հետո պահում այդ ուխտերը, ապաշխարում ենք, ծառայում ուրիշներին և համբերում ենք մինչև վերջ, մենք նույնպես կարող ենք լիակատար վստահություն ունենալ Տիրոջ հանդեպ և հավաստիանալ, որ մահկանացու կյանքն արդյունավետ է: Ես վկայում եմ Հիսուս Քրիստոսի մասին, և որ մեր փառավոր ապագան մեր Երկնային Հոր հետ հնարավոր է դառնում Փրկչի շնորհով և Քավությամբ: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: