2024
«Սա է իմ Ավետարանը», «Սա է իմ Եկեղեցին»
Նոյեմբեր 2024


13:49

«Սա է իմ Ավետարանը», «Սա է իմ Եկեղեցին»

Սա Փրկչի ավետարանն է և սա Նրա Եկեղեցին է (տես 3 Նեփի 27․21, Մոսիա 26․22, 27․13)։ Այս երկուսի համադրությունը զորավոր է և փոխակերպող:

Դարեր շարունակ սև փոշին ամենահզոր մատչելի պայթուցիկն էր: Այն կարող էր արձակել թնդանոթային գնդակներ, բայց դա արդյունավետ չէր հանքարդյունաբերության և ճանապարհաշինական նախագծերի համար: Այն շատ թույլ էր ժայռը պայթեցնելու համար:

1846 թվականին իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն սինթեզեց նոր պայթուցիկ՝ նիտրոգլիցերինը: Այս յուղոտ հեղուկը առնվազն հազար անգամ ավելի հզոր էր, քան սև փոշին։ Այն կարող էր հեշտությամբ պայթեցնել ժայռը: Դժբախտաբար, նիտրոգլիցերինը անկայուն էր: Եթե գցում էին փոքր բարձրությունից, այն պայթում էր: Եթե շատ էր տաքանում՝ պայթում էր: Եթե շատ էր սառչում՝ պայթում էր: Նույնիսկ զով, մութ սենյակում դնելով և հանգիստ թողնելով, այն, ի վերջո, պայթում էր: Երկրների մեծ մասն արգելեցին դրա տեղափոխումը և շատերն էլ արգելեցին դրա արտադրությունը:

1860 թվականին Ալֆրեդ Նոբել անունով մի շվեդ գիտնական սկսեց փորձել կայունացնել նիտրոգլիցերինը: Յոթ տարվա փորձերից հետո նա հասավ իր նպատակին՝ ներծծեցնելով նիտրոգլիցերինը գրեթե անարժեք մի նյութի մեջ, որը հայտնի է որպես դիատոմային հող կամ կիզելգուր։ Կիզելգուրը ծակոտկեն ապար է, որը կարելի է մանրացնել՝ վերածելով փոշու: Երբ կիզելգուրը խառնում են նիտրոգլիցերինի հետ, այն ներծծում է նիտրոգլիցերինը և առաջացած մածուկից կարելի է ձևավորել «ձողեր»: Այս ձևով նիտրոգլիցերինը շատ ավելի կայուն էր: Այն ապահով կարելի էր պահեստավորել, փոխադրել և օգտագործել՝ առանց պայթուցիկ ուժը թուլացնելու: Նիտրոգլիցերինի և կիզելգուրի միացությունը Նոբելն անվանեց դինամիտ:

Դինամիտը փոխեց աշխարհը: Այն նաև Նոբելին հարուստ դարձրեց: Առանց կայունացուցիչի նիտրոգլիցերինը պարզապես խիստ վտանգավոր էր կոմերցիոն առումով արժեքավոր լինելու համար, ինչպես պարզել է Ասկանիո Սոբրերոն: Ինքնին կիզելգուրը, ինչպես նշեցի, արժեքավոր չէր: Սակայն երկու բաղադրիչների համադրության արդյունքում դինամիտը դարձավ փոխակերպվող և թանկարժեք:

Նմանապես, Հիսուս Քրիստոսի ավետարանի և Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համադրությունը հզոր և փոխակերպիչ օգուտներ է տալիս մեզ: Ավետարանը կատարյալ է, բայց աստվածայնորեն լիազորված եկեղեցուց պահանջվում է քարոզել այն, պահպանել նրա մաքրությունը և սպասավորել նրա սուրբ արարողությունները Փրկչի զորությամբ և իշխանությամբ։

Մտածեք Փրկչի ավետարանի և Նրա Եկեղեցու համադրության մասին, երբ այն հիմնադրվեց Մորմոնի Գրքի Ալմա մարգարեի կողմից: Եկեղեցին պատասխանատու էր չքարոզելու «ոչինչ, բացի ապաշխարությունից և հավատքից առ Տերը, որը [փրկագնելու] էր իր ժողովրդին»: Օգտագործելով Աստծո իշխանությունը Եկեղեցին պատասխանատու էր սպասավորել մկրտության արարողությունը «Տիրոջ անունով, որպես նրա հետ ուխտի մեջ [մտնելու] մի վկայություն … [ծառայելու] նրան և պահելու նրա պատվիրանները»: Մարդիկ, որոնք մկրտվում էին, իրենց վրա էին վերցնում Հիսուս Քրիստոսի անունը, միանում Նրա Եկեղեցուն, և նրանց խոստացվում էր մեծ զորություն՝ Հոգու դրսևորման միջոցով:

Մարդիկ հավաքվեցին Մորմոնի ջրերի մոտ՝ լսելու Ալմայի կողմից ավետարանի քարոզումը: Չնայած նրանք հիացած էին այդ ջրերով և շրջակա անտառներով, Տիրոջ Եկեղեցին տեղանք չէր, ոչ էլ շինություն, ոչ էլ այդպիսին է այժմ։ Եկեղեցին պարզապես սովորական մարդիկ են` Հիսուս Քրիստոսի աշակերտներ, հավաքված և կազմակերպված աստվածային կառուցվածքով, որն օգնում է Տիրոջը իրականացնել Իր նպատակները։ Եկեղեցին այն գործիքն է, որի միջոցով մենք սովորում ենք` Երկնային Հոր ծրագրում Հիսուս Քրիստոսի կենտրոնական դերի մասին: Եկեղեցին մարդկանց առաջարկում է արարողություններին մասնակցելու և Աստծո հետ հարատև ուխտեր կապելու հեղինակավոր եղանակ: Այդ ուխտերը պահելը մեզ մոտեցնում է Աստծուն, տալիս է մեզ հասանելիություն Նրա զորությանը, և փոխակերպում է մեզ, դարձնելով այնպիսին, ինչպիսին Նա է մտադիր դարձնել մեզ:

Ինչպես դինամիտը առանց նիտրոգլիցերինի անուշագրավ է, Փրկչի Եկեղեցին առանձնաահատուկ է միայն այն դեպքում, եթե այն կառուցված է Նրա ավետարանի վրա: Առանց Փրկչի ավետարանի և դրա արարողությունները սպասավորելու իշխանության, Եկեղեցին բացառիկ չէ։

Առանց կիզելգուրի կայունացնող հատկության՝ նիտրոգլիցերինը լիարժեք չէր որպես պայթուցիկ: Ինչպես ցույց է տվել պատմությունը, առանց Տիրոջ Եկեղեցու, Նրա ավետարանի ըմբռնումը մարդկության կողմից նույնպես անկայուն էր` հակված վարդապետական շեղումների և ենթակա կրոնների, մշակույթների և փիլիսոփայությունների ազդեցությանը: Այդ ազդեցությունների միաձուլումը դրսևորվել է յուրաքանչյուր տնտեսության մեջ` առաջնորդելով դեպի այս վերջինը: Չնայած ավետարանը ի սկզբանե բացահայտվել էր իր անաղարտությամբ, այդ ավետարանի մեկնաբանությունը և կիրառումը աստիճանաբար ձեռք բերեցին աստվածապաշտության մի ձև, որում բացակայում էր զորությունը, քանի որ աստվածայնորեն լիազորված հիմքը բացակայում էր:

Հիսուս Քրիստոսի Վեջին Օրերի Սրբերի Եկեղեցին ապահովում է հասանելիություն Աստծո զորությանը, որովհետև այն լիազորված է Նրա կողմից` ինչպես Քրիստոսի վարդապետությունը ուսուցանելու, այնպես էլ ավետարանի փրկող և վեհացնող արարողությունները մատուցելու համար: Փրկիչը փափագում է ներել մեր մեղքերը, օգնել մեզ հասնել Իր զորությանը և փոխակերպել մեզ: Նա տառապեց մեր մեղքերի համար և ուզում է ողորմել մեզ այն պատժից, որին մենք հակառակ դեպքում կարժանանայինք: Նա կամենում է, որ մենք սուրբ դառնանք և կատարելագործվենք Իրենում:

Հիսուս Քրիստոսը զորություն ունի անելու դա: Նա ուղղակի չի կարող համակրել մեր անկատարություններին և ողբալ մեղքի հետևանքով մեր հավերժական դատապարտությունը: Ոչ, Նա գնաց դրանից այն կողմ` անվերջորեն այն կողմ և վերականգնեց Իր Եկեղեցին` թույլատրելու հասանելիություն Իր զորությանը:

Ավետարանի հիմքը, որ Եկեղեցին է ուսուցանում, այն է, որ Հիսուս Քրիստոսը «մեր ցավերը վերցրեց և մեր վշտերը կրեց»: Նա «դրեց նրա վրա մեր բոլորի անօրենությունը»: Նա «հանձն առավ խաչը», «ջարդեց մահվան կապանքները», «բարձրացավ երկինք, և … նստեց Աստծո աջ կողմում` հայցելու Հորից ողորմածության իր իրավունքները»: Հիսուս Քրիստոսը արեց այդ ամենը, քանի որ Նա սիրում է Իր Հորը և Նա սիրում է մեզ։ Նա արդեն վճարել է այդ անսահման գինը և Նա «պահանջում է բոլոր նրանց, ովքեր հավատք ունեն առ նա [և] … բարեխոսում է» նրանց համար`այսինքն մեզ համար: Հիսուս Քրիստոսը ոչինչ ավելի չի ուզում մեզանից, բացի այն, որ ապաշխարենք և գանք դեպի Իրեն, որպեսզի Նա կարողանա արդարացնել և սրբագործել մեզ: Այդ ցանկությանը հասնելու մեջ Նա անզիջում է և անսասան:

Աստծո ուխտյալ զորության և Նրա ուխտյալ սիրո հասանելիությունը Նրա Եկեղեցու միջոցով է: Փրկչի ավետարանի և Նրա Եկեղեցու համադրությունը փոխակերպում է մեր կյանքը: Այն փոխակերպեց իմ մայրական կողմի պապիկին և տատիկին: Իմ պապը՝ Օսկար Անդերսոնը, աշխատել է Högmarsö նավաշինարանում՝ Ստոկհոլմի արշիպելագի մի կղզում: Նրա կինը՝ Ալբերտինան, և նրանց երեխաները ապրում էին Շվեդիայի հիմնական մասում։ Ամեն երկու շաբաթը մեկ` շաբաթ օրը, Օսկարը թիավարում էր իր նավը դեպի տուն, իսկ կիրակի երեկոյան նորից վերադառնում Högmarsö: Մի օր, երբ Högmarsö-յում էր, նա լսեց թե ինչպես էին ամերիկացի միսիոներները քարոզում Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Օսկարը զգաց, որ այն, ինչ լսում էր, մաքուր ճշմարտություն էր, և նա լցվեց անասելի ուրախությամբ:

Հաջորդ անգամ տուն վերադառնալով` Օսկարը հուզված պատմեց Ալբերտինային միսիոներների մասին: Նա բացատրեց, որ հավատացել էր՝ ինչ նրանք ուսուցանել էին։ Նա խնդրեց կնոջը կարդալ այն բրոշյուրները, որոնք նրանք տվել էին իրեն, և ասաց, որ չի կարծում, որ իրենց ապագա երեխաներից որևէ մեկը պետք է մկրտվի մանուկ հասակում: Ալբերտինան զայրացավ և գրքույկները նետեց աղբարկղը: Շատ բան չխոսեցին միմյանց հետ, իսկ կիրակի երեկոյան Օսկարը վերադարձավ աշխատանքի վայր:

Հենց որ նա գնաց, Ալբերտինան հետ վերցրեց գրքույկները: Նա խնամքով համեմատեց դրանց վարդապետությունը իր լավ մաշված Աստվածաշնչի ուսմունքների հետ: Նա ապշեց զգալով, որ այն ինչ ինքը կարդում էր ճիշտ էր: Հաջորդ անգամ, երբ Օսկարը տուն վերադարձավ, նա ջերմ ընդունելության արժանացավ, ինչպես և Մորմոնի Գիրքը, որը նա բերել էր իր հետ: Ալբերտինան անհամբեր կարդում էր՝ կրկին համեմատելով վարդապետությունը իր Աստվածաշնչի հետ։ Օսկարի նման նա ընդունեց մաքուր ճշմարտությունը և լցվեց անասելի ուրախությամբ:

Օսկարը, Ալբերտինան և նրանց երեխաները տեղափոխվեցին Högmarsö՝ մոտ լինելու Եկեղեցու այնտեղի մի քանի անդամների հետ: Մեկ շաբաթ անց, երբ Օսկարը և Ալբերտինան մկրտվեցին 1916 թվականին, Օսկարը կանչվեց Högmarsö-ի խմբի ղեկավար: Շատ նորադարձների նման Օսկարը և Ալբերտինան քննադատության ենթարկվեցին իրենց նոր հավատքի պատճառով: Տեղական ֆերմերները հրաժարվեցին նրանց կաթ վաճառել, ուստի Օսկարն ամեն օր թիավարում էր ֆյորդով, որպեսզի կաթ գներ ավելի հանդուրժող մի ֆերմերից։

Սակայն, հետագա տարիների ընթացքում Եկեղեցու անդամությունը Högmarsö-ում աճեց՝ մասամբ Ալբերտինայի հզոր վկայության և բուռն միսիոներական եռանդի շնորհիվ: Երբ խումբը դարձավ ճյուղ, Օսկարը կանչվեց որպես ճյուղի նախագահ:

Högmarsö ճյուղի անդամները հիանում էին այդ կղզիով։ Սա նրանց Մորմոնի ջրերն էին: Սա այն վայրն էր, որտեղ նրանք սկսեցին ճանաչել իրենց Քավիչին:

Տարիների ընթացքում, երբ նրանք պահեցին իրենց մկրտության ուխտը, Օսկարն ու Ալբերտինան փոխակերպվեցին Հիսուս Քրիստոսի զորությամբ: Նրանք փափագում էին ավելի շատ ուխտեր կապել և ստանալ իրենց տաճարային օրհնությունները: Որպեսզի ձեռք բերեին այդ օրհնությունները, նրանք մշտապես գաղթեցին Շվեդիայի իրենց տնից դեպի Սոլթ Լեյք Սիթի 1949 թվականին: Օսկարը ծառայեց որպես Högmarsö անդամների առաջնորդ 33 տարի:

Նիտրոգլիցերինի և Կիզելգուրի համադրումը արժեքավոր դարձրեց դինամիտը։ Հիսուս Քրիստոսի ավետարանի և Նրա Եկեղեցու համադրումը անգին է։ Օսկարը և Ալբերտինան լսեցին վերականգնված ավետարանը, որովհետև Աստծո մարգարեն կանչեց, նշանակեց և Շվեդիա ուղարկեց միսիոներների: Աստվածային լիազորությամբ միսիոներներն ուսուցանեցին Քրիստոսի վարդապետությունը և քահանայության իշխանությամբ մկրտեցին Օսկարին և Ալբերտինային: Որպես անդամներ՝ Օսկարը և Ալբերտինան շարունակեցին սովորել, զարգանալ և ծառայել ուրիշներին: Նրանք դարձան Վերջին Օրերի Սրբեր, որովհետև նրանք պահեցին իրենց կապած ուխտերը:

Փրկիչը հիշատակում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին` որպես «իմ Եկեղեցին», քանի որ Նա աստվածայնորեն լիազորել է Եկեղեցուն իրականացնել Իր նպատակները՝ քարոզելու Իր ավետարանը, առաջարկելով Իր արարողություններն ու ուխտերը և դրանով իսկ հնարավոր դարձնելով` Իր զորությամբ արդարացնելու և սրբագործելու մեզ։ Առանց Նրա Եկեղեցու չկա իշխանություն, չկա բացահայտված ճշմարտությունների քարոզչություն Նրա անունով, չկան արարողություններ կամ ուխտեր, չկա աստվածայնության զորության դրսևորում, ոչ մի փոխակերպում դեպի այն մարդը, ինչպիսին Աստված ցանկանում է, որ մենք դառնանք, և Իր զավակների համար նախատեսված Աստծո ծրագիրն ի չիք է դառնում: Եկեղեցին այս տնտեսության մեջ Նրա ծրագրի անբաժանելի մասն է:

Ես հրավիրում եմ լիովին նվիրվել Փրկչին, Նրա ավետարանին և Նրա Եկեղեցուն: Երբ անեք այդ, դուք կգտնեք, որ Փրկչի ավետարանի և Նրա Եկեղեցու համադրությունը զորություն է բերում ձեր կյանք: Այդ զորությունը շատ ավելի մեծ է, քան դինամիտը։ Այն կպայթեցնի ձեր ճանապարհի ժայռերը և կփոխակերպի ձեզ Աստծո արքայության ժառանգորդի: Եվ դուք «կլցվեք այդ ուրախությամբ, որն անասելի է և փառքով լեցուն»: Հիսուս Քրիստոսի անունով, ամեն:

Հղումներ

  1. Սև փոշին կալիումի նիտրատի (սելիտրայի), ծծմբի և փայտածուխի խառնուրդ է։ Այն դասակարգվում է որպես ցածր պայթուցիկ կամ ցածր արտադրողականության պայթուցիկ նյութ, քանի որ դրա տարրալուծման համեմատաբար դանդաղ արագությունը այրվում է ենթաձայնային արագությամբ: Բարձր ուժգնության պայթուցիկները կամ բարձր արտադրողականության պայթուցիկները ավելի շուտ պայթեցնում են, քան այրում՝ առաջացնելով գերձայնային հարվածային ալիք:

  2. Դինամիտի շնորհիվ եղավ «աննախադեպ աճ երկաթուղային թունելների, կոյուղու համակարգերի և մետրոների ստեղծման գործում ամբողջ աշխարհում, խոշոր ինժեներական նախագծերը, որոնք անհնարին կլիներ [իրականացնել] առանց դինամիտի վերահսկվող պայթյունների, [հնարավոր դարձան]: 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի գրեթե բոլոր խորհրդանշական ինժեներական հաղթանակները՝ Լոնդոնի մետրոն, Բրուքլինի կամուրջը, Տրանսմայրցամաքային երկաթուղին և Պանամայի ջրանցքը, մեծապես հիմնված էին նոր պայթուցիկի վրա» (Steven Johnson, The Infernal Machine: A True Story of Dynamite, Terror, and the Rise of the Modern Detective [2024], 24):

  3. Քանի որ նիտրոգլիցերինն ինքնին կոմերցիոն առումով կենսունակ չէր, Ասկանիո Սոբրերոն հարստացավ իր գյուտի շնորհիվ: Սակայն երբ 1873 թվականին Ալֆրեդ Նոբելը կառուցեց դինամիտի գործարան Ավիգյանայում (Իտալիա), Սոբրերոն նշանակվեց որպես լավ վարձատրվող խորհրդական՝ ի պատիվ իր կողմից նիտրոգլիցերինի հայտնաբերման: Սոբրերոն մնաց այդ պաշտոնում մինչև իր մահը`1888 թվականին: (See G. I. Brown, The Big Bang: A History of Explosives [1998], 106.)

  4. For the history of black powder, nitroglycerin, and dynamite, see Brown, The Big Bang, 1–121.

  5. Հիսուս Քրիստոսի ավետարանը հոմանիշ է Քրիստոսի վարդապետությանը:

  6. Տես Մոսիա 18.7, 20, 25․15, 22։

  7. Մոսիա 18.10:

  8. Տես 2 Նեփի 31.13:

  9. Տես Մոսիա 18.17, 25.18, 23, Ալմա 4.4–5, Հելաման 3.24–26, 3 Նեփի 28.18, 23:

  10. Sես 2 Նեփի 31․12-14, Մոսիա 18.10:

  11. Եկեղեցին բանալի է Երկնային Հոր զավակներին սրբազան ուխտեր մատուցելու համար: Այդ պատճառով է, որ տաճարներում օժտման ժամանակ անդամներն ուխտում են պահել նվիրաբերման օրենքը: Սա նշանակում է, որ նրանք «նվիրաբերում են իրենց ժամանակը, տաղանդները և այն ամենը, ինչով Տերն օրհնել է իրենց՝ երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցին կառուցելու համար» (Ընդհանուր ձեռնարկ` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Ելեղեցում ծառայելու համար, 27.2, Ավետարանի գրադարան):

  12. Տես Ռասսել Մ․ Նելսոն, «Հոգևոր գանձեր», Լիահոնա, նոյեմբեր 2019, 77։

  13. Տես Մոսիա 18.22, Մովսես 6.68, Սուրբ գրքերի ուղեցույց, “Աստծո որդիներ և դուստրեր», Ավետարանի գրադարան:

  14. Տես 3 Նեփի 27․13-21։

  15. Տես Հավատո հանգանակը 1.5:

  16. Տես Ռասսել Մ. Նելսոն, «Ցնծացեք քահանայության բանալիների պարգևով», Լիահոնա, մայիս 2024, 121, 3 Նեփի 27. 9–11։

  17. Փրկիչը «ոմանց տվեց առաքյալներ լինելու, ոմանց` մարգարեներ, և ոմանց` ավետարանիչներ, ոմանց` հովիվներ ու վարդապետներ», որպեսզի «մենք [կարողանանք] ամենքս հասնենք հավատի միության և Աստծո Որդու ճանաչողության, … որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են» (Եփեսացիներին 4.11, 13-14):

  18. Սինկրետիզմը տարբեր կրոնների, մշակույթների կամ մտքի դպրոցների միավորման տեխնիկական եզրույթ է:

  19. Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.19:

  20. Տես «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության Վերականգնումը. Երկհարյուրամյա հռչակագիր աշխարհին», Ավետարանի գրադարան։ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն այս հռչակագիրը ընթերցել է 190-րդ ամենամյա գերագույն համաժողովի իր ելույթի ժամանակ՝ 5 ապրիլի 2020 թ-ին, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա (տես «Լսեք Նրան», Լիահոնա, մայիս 2020, 91–92):

  21. Մեզ կարող է հասանելի լինել Աստծո զորությունը՝ երբ հավատք գործադրենք առ Հիսուս Քրիստոս, ապաշխարենք մեր մեղքերից և պահենք ուխտերը, որոնք կապում ենք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ այնպիսի արարողություններում, ինչպիսիք են՝ մկրտությունը, օժտումը և հաղորդությունը:

  22. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Արդարացում, արդարացնել», Ավետարանի գրադարան:

  23. Տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Սրբագործում», Ավետարանի գրադարան:

  24. Տես Մորոնի 10.32–33:

  25. Տես Եբրայեցիներին 4.15, տես նաև ծանոթագրությունա:

  26. Տես Վարդապետություն և Ուխտեր 19.15–18։

  27. Տես Եսայի 53․4-12։

  28. Եբրայեցիներին 12.2։

  29. Մոսիա 15:23:

  30. Մորոնի 7.27–28, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 45․3-5։

  31. Տես Մոսիա 18.30:

  32. See Inger Höglund and Caj-Aage Johansson, Steg i Tro: Jesu Kristi Kyrka av Sista Dagars Heliga i Sverige 1850–2000 (2000), 66–67.

  33. Վարդապետություն և Ուխտեր 115․4։

  34. Տես Վարդապետություն և Ուխտեր 84.19-21:

  35. Եթե ​​դուք ընդունեք այն, ինչ առաջարկում է Տիրոջ Եկեղեցին, դուք կատարելագործված կլինեք Քրիստոսում՝ նախքան Նրա Եկեղեցին կկատարելագործվի, եթե դա երբևէ լինի: Նրա նպատակը ձեզ կատարելագործելն է, ոչ թե Իր Եկեղեցին: Նրա նպատակը երբեք չի եղել, փոխաբերական իմաստով, կիզելգուրը վերածել ադամանդի. Նրա նպատակն է եղել զտել ձեզ մաքուր ոսկու մեջ, փրկել և վեհացնել ձեզ որպես Նրա հետ ժառանգորդ մեր Երկնային Հոր արքայությունում: Բայց դա պետք է դառնա նաև ձեր նպատակը: Դա ձեր ընտրությունն է։

  36. Հելաման 5.44։