Քամին երբեք չդադարեց փչել
Մենք կարող ենք օգնել ուրիշներին առաջադիմել՝ ստանալու Աստծո օրհնությունները:
2015 թվականին Բրազիլիայի Պերնամբուկո նահանգում Ջ․ Ռուբեն Քլարկ իրավաբանական ընկերության 62 անդամներ համագործակցեցին նահանգի դատախազության հետ՝ չորս տարբեր ծերանոցներում բնակիչների իրավական խնդիրներն ուսումնասիրելու գործում: Մի շաբաթ օր, հինգ ժամվա ընթացքում այս փաստաբանները հարցազրույց անցկացրեցին ավելի քան 200 բնակչի հետ՝ մեկ առ մեկ, որոնցից յուրաքանչյուրը մոռացվել և անտեսվել էր հասարակության կողմից:
Այս հարցազրույցների ընթացքում նրանք բացահայտեցին մի քանի հանցագործություններ, որոնք կատարվել էին տարեց բնակիչների դեմ, ինչպիսիք են լքումը, վատ վերաբերմունքը և ֆինանսական միջոցների յուրացումը։ Այս իրավաբանական խմբի առանցքային նպատակներից է աղքատի և կարիքավորի մասին հոգալը։ Ընդամենը երկու ամիս անց դատախազը հաջողությամբ մեղադրանք ներկայացրեց պատասխանատու կողմերին:
Նրանց օգնությունը Բենիամին թագավորի ուսմունքի կատարյալ օրինակ է, որ «երբ դուք ձեր մերձավորների ծառայության մեջ եք, դուք սոսկ ձեր Աստծո ծառայության մեջ եք»:
Մի բնակիչ, ումից անվճար ծառայության նախագծի շրջանակում ես անձամբ էի հարցազրույց վերցրել, 93-ամյա մի բարեսիրտ կին էր, անունը՝ Լուսիա։ Շնորհակալ լինելով մեր ծառայության համար՝ նա կատակով բացականչեց. «Ամուսնացի՛ր ինձ հետ»:
Զարմացած պատասխանեցի. «Նայի՛ր այն կողմ, այն գեղեցիկ երիտասարդ կնոջը։ Նա իմ կինն է և նահանգի դատախազը»։
Նա արագ արձագանքեց. «Հետո՞ ինչ։ Նա երիտասարդ է, գեղեցիկ և հեշտությամբ կարող է նորից ամուսնանալ: Այն ամենը, ինչ ես ունեմ, դու ես»:
Հրաշալի բնակիչների բոլոր խնդիրները չլուծվեցին այդ օրը: Նրանք, անկասկած, շարունակում էին ժամանակ առ ժամանակ դժվարություններ կրել, ինչպես հարեդացիները, երբ նավակներով դժվարությամբ դեպի խոստացված երկիր էին ուղևորվում, երբեմն էլ «թաղվ[ում էին] ծովի խորքերում, ալիքների լեռների պատճառով, որոնք փլուզվում էին նրանց վրա»:
Բայց այդ շաբաթ օրը ծերանոցների բնակիչները գիտեին, որ անկախ իրենց երկրային անտեսվածությունից, իրենք անձամբ ճանաչված են սիրառատ Երկնային Հոր կողմից, Մեկի, ով պատասխանում է նույնիսկ ամենապարզ աղոթքներին:
Վարդապետների Վարդապետը ստիպեց, որ «կատաղի քամին» փչի հարեդացիներին դեպի խոստացված օրհնությունները: Նմանապես, մենք կարող ենք որոշել, որ ծառայենք Տիրոջ ձեռքերում որպես քամու խոնարհ ալիք: Ճիշտ այնպես, ինչպես «քամին երբեք չդադարեց փչել» հարեդացիներին դեպի խոստացված երկիր, մենք կարող ենք օգնել ուրիշներին առաջադիմել իրենց ճանապարհին՝ ստանալու Աստծո օրհնությունները:
Մի քանի տարի առաջ, երբ Քրիսը՝ իմ թանկագին կինը, և ես հարցազրույց էինք անցնում որպես եպիսկոպոս իմ կոչման համար, մեր ցցի նախագահը խնդրեց ինձ աղոթքով խորհեմ մարդկանց մասին՝ որպես խորհրդականներ երաշխավորելու համար: Իմ երաշխավորած մարդկանց անունները լսելուց հետո նա ասաց, որ պետք է մի քանի բան իմանամ եղբայրներից մեկի մասին:
Առաջին, այս եղբայրը չէր կարողանում կարդալ: Երկրորդ, նա չուներ մեքենա, որը կարող էր օգտագործել անդամներին այցելելու համար: Երրորդ, նա միշտ արևային ակնոց էր կրում եկեղեցում: Չնայած նախագահի անկեղծ մտահոգությանը, ես ուժգին զգացի, որ պետք է նրան առաջարկեմ որպես իմ խորհրդական, և ցցի նախագահն աջակցեց ինձ։
Կիրակի օրը ես և իմ խորհրդականները հաստատվեցինք հաղորդության ժողովին։ Անդամները փոքր ինչ անակնկալի էին եկել։ Այս թանկագին եղբայրը դանդաղ բարձրացավ բեմի վրա, որտեղ գլխավերևի լույսերը վառ արտացոլվում էին նրա արևային ակնոցների վրա։
Երբ նստեց իմ կողքին, ես հարցրի նրան․ «Եղբա՛յր, տեսողության հետ խնդիր ունե՞ս»:
«Ո՛չ»,- ասաց նա։
«Այդ դեպքում ինչո՞ւ ես եկեղեցում արևային ակնոց կրում»,- հարցրի ես։ «Իմ ընկեր, անդամները պետք է տեսնեն քո աչքերը, և դու նույնպես պետք է կարողանաս նրանց ավելի լավ տեսնել»:
Այդ պահին նա հանեց իր արևային ակնոցները և այլևս երբեք չդրեց դրանք եկեղեցում:
Այս սիրելի եղբայրը ծառայեց իմ կողքին մինչև եպիսկոպոսից իմ հետ կանչվելը։ Այսօր, նա շարունակում է հավատարմորեն ծառայել Եկեղեցում և Տեր Հիսուս Քրիստոսին նվիրվածության և պարտավորվածության օրինակ է ։ Եվ այնուամենայնիվ, տարիներ առաջ նա արևային ակնոց կրող մի անհայտ մարդ էր, ով, ըստ էության, մոռացության էր մատնված ժողովարանի նստարաններին։ Հաճախ ես մտածում եմ․ «Մեր շրջապատում այսօր քանի՞ հավատարիմ եղբայրներ և քույրեր են նստած, որ մոռացված են»։
Անկախ նրանից՝ մենք քաջ հայտնի ենք, թե մոռացված, փորձություններ անխուսափելիորեն կլինեն յուրաքանչյուրիս կյանքում: Երբ դառնում ենք դեպի Փրկիչը, Նա կարող է «նվիրագործել [մեր] չարչարանքները [մեր] օգտի համար» և օգնել մեզ արձագանքել մեր փորձություններին այնպես, որ հեշտացնենք մեր հոգևոր առաջընթացը: Լինեն ծերանոցի բնակիչներ, սխալ դատված Եկեղեցու անդամ, թե մեկ ուրիշը, մենք կարող ենք լինել «քամին, [որը] երբեք չդադարեց փչել»՝ բերելով հույս և առաջնորդելով ուրիշներին դեպի ուխտի ուղին:
Մեր սիրելի մարգարեն, նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը, երիտասարդներին ոգևորող և ոգեշնչող հրավեր է արել․ «Ես վճռականորեն վերահաստատում եմ, որ Տերը խնդրել է յուրաքանչյուր արժանավոր, ընդունակ երիտասարդ տղամարդու պատրաստվել և ծառայել միսիայում: Վերջին Օրերի Սրբերի երիտասարդ տղաների համար միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է: … Երիտասարդ և ընդունակ քույրե՛ր, ձեզ համար միսիան նույնպես հզոր, բայց կամավոր հնարավորություն է»:
Ամեն օր հազարավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք պատասխանում են Տիրոջ մարգարեական կոչին՝ ծառայելով որպես միսիոներներ։ Դուք հիասքանչ եք, և ինչպես նախագահ Նելսոնն է ասել, դուք «ավելի մեծ ազդեցություն ունեք աշխարհի վրա, քան որևէ նախորդ սերունդ»: Իհարկե, դա չի նշանակում, որ դուք կլինեք ձեր իսկ լավագույն տարբերակը այն պահին, երբ ոտք դնեք միսիոներների ուսուցման կենտրոն:
Փոխարենը, դուք կարող եք զգալ Նեփիի պես՝ «առաջնորդված Հոգու կողմից՝ նախապես չիմանալով բաները, որոնք [դուք] պետք է անեք: Այնուամենայնիվ [դուք] առաջ գնացիք»:
Գուցե անապահով եք զգում, ինչպես Երեմիան զգաց և կուզեք ասել՝ «ահա ես խոսել չգիտեմ, որովհետև ես մանուկ եմ»:
Դուք գուցե նույնիսկ տեսնեք ձեր անձնական թերությունները և ցանկանաք աղաղակել Մովսեսի պես. «Ո՜վ, Տե՛ր իմ, ես ի սկզբանե ճարտարախոս չեմ․ … այլ ես ծանրախոս և ծանրալեզու եմ»:
Եթե ձեզանից որևէ մեկը, սիրելի և զորավոր երիտասարդ տղամարդիկ և կանայք, հենց հիմա այսպիսի միտք ունի, հիշեք, որ Տերը պատասխանել է. «Մի՛ ասա. «Ես մանուկ եմ», այլ ում մոտ որ քեզ ուղարկեմ, կգնաս»։ Եվ Նա խոստանում է. «Իսկ հիմա գնա. ես քո բերանի հետ կլինեմ և քեզ կսովորեցնեմ, ինչ որ պետք է խոսես»:
Ձեր վերափոխումը բնականից դեպի հոգևոր անձը տեղի կունենա «տող առ տող, ցուցում առ ցուցում», երբ դուք ջանասիրաբար ձգտեք ծառայել Հիսուս Քրիստոսին միսիայի վայրում ամենօրյա ապաշխարության, հավատքի, ճշգրիտ հնազանդության և քրտնաջան աշխատանքի միջոցով` «անընդհատ գտնելու, սովորեցնելու ապաշխարությունը և մկրտելու նորադարձներին»:
Թեև դուք անվանապիտակ եք կրում, երբեմն կարող եք ձեզ չճանաչված կամ մոռացված զգալ: Ինչևէ, դուք պետք է իմանաք, որ դուք կատարյալ Երկնային Հայր ունեք, ով ճանաչում է ձեզ անհատապես, և Փրկիչ, ով սիրում է ձեզ։ Դուք կունենաք միսիայի ղեկավարներ, որոնք, չնայած իրենց անկատարությանը, ձեզ կծառայեն որպես «քամին, [որը] երբեք չդադարեց փչել»՝ առաջնորդելով ձեզ ձեր անձնական դարձի ճանապարհին:
«Կաթ ու մեղր բխող երկրում» դուք կծառայեք ձեր միսիան, հոգեպես կվերածնվեք և ամբողջ կյանքում կդառնաք Հիսուս Քրիստոսի աշակերտները, մոտենալով Նրան: Դուք կիմանաք, որ մոռացված չեք։
Թեև ոմանք սփոփանքի համար կարող են սպասել «երկար ժամանակ», քանի որ նրանք «ոչ ոք չունեն», ով կարող է օգնել, բայց Տեր Հիսուս Քրիստոսը մեզ սովորեցրել է, որ ոչ ոք երբևէ մոռացված չէ Նրա կողմից: Ի հակադրություն դրա, Նա կատարյալ օրինակ էր՝ մեկին փնտրելու, Իր մահկանացու ծառայության յուրաքանչյուր պահի:
Մեզանից յուրաքանչյուրը, և մեզ շրջապատողները, բախվում ենք մեր սեփական հակադրության փոթորիկներին և փորձությունների ալիքներին, որոնք ամեն օր սուզում են մեզ: Բայց «քամին [չի] դադարի փչել խոստացված երկրի ուղղությամբ․ … և այսպես [մենք քշված կլինենք] քամուց»:
Մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել այս քամու մի մասը՝ նույն քամին, որն օրհնեց հարեդացիներին իրենց ճանապարհորդության ընթացքում և նույն քամին, որը մեր օգնությամբ կօրհնի չճանաչվածին և մոռացվածին՝ հասնելու իրենց խոստացված երկիրը:
Ես վկայում եմ, որ Հիսուս Քրիստոսը Հոր մոտ մեր Բարեխոսն է։ Նա ապրող Աստված է և գործում է որպես ուժեղ քամի, որը միշտ կառաջնորդի մեզ ուխտի ուղով։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: